ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ»

«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ»
29.01.2010 | 00:00

Երեկ «Իրավունք de facto» ակումբում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հանգամանորեն անդրադարձավ ՍԴ-ի որոշմանը հաջորդած զարգացումներին, Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, Ռոբերտ Քոչարյանի իրանյան այցին։ Սակայն ամեն ինչ հերթով։
«Մեր պաշտոնյաներից որևէ մեկը Թուրքիայի ղեկավարության ուշադրությունը չհրավիրեց այն փաստի վրա, որ ՍԴ-ի որոշումը վերջնական է, վճիռը ենթակա չէ փոփոխության... Մինչդեռ Թուրքիան իր պահանջներով կասկածի տակ է դնում ՍԴ-ի որոշումը, նրա անկախությունը։ Սա Հայաստանի ղեկավարությանը նետված լուրջ մարտահրավեր է։ Պիտի ապացուցեն, որ դատական համակարգն իշխանության կամակատարը չէ, իր որոշումներում առաջնորդվում է իրավական մոտեցումներով, ոչ թե քաղաքական նկատառումներով։ Ոչ մեկն այս տեսանկյունից հարցին չմոտեցավ, ընդհակառակը։ Մեզանում ստեղծվել է հինգերորդ շարասյուն, որը փորձում է Թուրքիայի մոտեցումն արդարացնել, հիմնավորել»,- ասաց քաղաքագետը` նման գործիչների շարքում առանձնացնելով Արտաշես Գեղամյանին, Հրայր Կարապետյանին։ Վերջիններիս արտահայտած տեսակետները քաղաքագետների միության նախագահին հիմք են տալիս ասելու, որ «եթե որոշումը զուտ իրավական դաշտում չի կայացվել, իրավաբանական մտքի արգասիք չէ, չի բխում գործող սահմանադրության նորմերից, նշանակում է, որ այդ որոշումը թելադրված է եղել իշխանությունների կողմից ու քաղաքական որոշման արդյունք է, որը կարող է վերանայվել հենց քաղաքական իշխանության ջանքերով»։ «Շատ վտանգավոր մեկնաբանություններ են տրվում, որոնք կասկածի տակ են առնում մեզանում քաղաքացիական ինստիտուտների կայացածությունը»,- եզրահանգեց ակումբի հյուրը։
Անդրադառնալով Սոչիի հանդիպմանը` Հմայակ Հովհաննիսյանն ընդգծեց. «Ղարաբաղի հարցը թևակոխել է շատ պատասխանատու փուլ։ Պրեամբուլան, որ համաձայնեցված է, ըստ էության, այն շրջանակային համաձայնագրի ձևակերպումն է, որի մասին վերջին ամիսներին այդքան խոսվում էր։ Եթե այդ նախաբանում կա այնպիսի թեզ, որ ԼՂՀ-ն պետք է լիիրավ իրավունքով մասնակցի բանակցային գործընթացին, ուրեմն սա լուրջ ձեռքբերում կարելի է համարել»։ Սակայն ակումբի հյուրը լիովին անհեթեթ է համարում, որ միևնույն հարթության մեջ կարող են դիտարկվել տարածքային ամբողջականության սկզբունքն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ «Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի սրբություն սրբոցն է, որի հիման վրա հիմնադրվել, ձևավորվել են շատ պետություններ։ ՄԱԿ-ի կանոնադրությունում չեք գտնի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին որևէ հիշատակում»,- պնդեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի` Իրան կատարած այցին, քաղաքագետների միության նախագահը նախ հայտարարեց, որ չի կարծում, թե Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունի, հետո էլ հավելեց. «Իրանի հետ բացեիբաց շփումների միջոցով սեփական ճանապարհը դեպի ակտիվ քաղաքականություն հարթելը նպաստավոր չէ։ Ռոբերտ Քոչարյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ, սա չի կարող չիմանալ։ Այդ այցելությունը չի ապացուցում, որ նա վերադառնալու մտադրություն ունի։ Այդ այցը ցույց է տալիս, որ Հայաստանը, գիտակցելով, թե հնարավոր է` հայ-թուրքական սահմանի բացումը երկարաձգվի, փորձում է զարկ տալ հայ-իրանական հարաբերություններին` սա դիտելով որպես Ղարաբաղի հարցում ճնշումների չեզոքացման միջոց։ Իսկ այդ ճնշումները կան, քանի որ նախագահներին երկու շաբաթ ժամկետ է տրված սեփական մոտեցումները ձևակերպելու համար։ Սա Իրանի հետ Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունների մասին մեսիջ է Արևմուտքին»։ Իսկ անձամբ Քոչարյանի ներգրավվածությունն այդ գործընթացում Հմայակ Հովհաննիսյանը բացատրում է անկախ Ղարաբաղի առաջին նախագահը լինելու հանգամանքով։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ