ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՍԻՐԵ՛Ք ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՄԵՋ, ՈՉ ԹԵ ՁԵԶ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՍԻՐԵ՛Ք ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՄԵՋ, ՈՉ ԹԵ ՁԵԶ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
20.11.2009 | 00:00

Սոցիալ-դեմոկրատ-հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ներսում նախկին ժառանգական Վարդան Խաչատրյանի շուրջ ծավալվող ոդիսականը գնալով ավելի է նմանվում դետեկտիվ կինոնկարի։
Սկզբում, «Ժառանգությունից» հեռացվելուց գրեթե անմիջապես հետո, Վարդան Խաչատրյանը հմուտ թռիչքով դարձավ հնչակյան։ Նույնիսկ կարծիքներ էին շրջանառվում, որ, արդեն իբրև անկախ պատգամավոր, նա ներկայացնելու է ՍԴՀԿ տեսակետները հայոց բազմաչարչար խորհրդարանում։ Սակայն ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և կուսակցության վարչությունում նրա համախոհները (ըստ լուրերի` Հայ ազգային կոնգրեսի որոշ փորձառու գործիչների դրդմամբ) Վարդան Խաչատրյանի` ՍԴՀԿ-ում հայտնվելը գնահատեցին իբրև իշխանության իրականացրած «ականապատում»։ Այսինքն` իբր «Ժառանգության» դաշտից ականազերծված իշխանական ականն այժմ ներդրվում է ՍԴՀԿ-ում` նպատակ ունենալով փլուզել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` հնչակյան կուսակցությունը նրա կազմից դուրս բերելու ճանապարհով։ Նույնիսկ խոսակցություններ կային, թե ՀԱԿ-ը հատուկ «ականազերծող» խումբ է ստեղծել Վարդան Խաչատրյանին վնասազերծելու նպատակով։ «Ականազերծման» փորձը Լյուդմիլա Սարգսյանն ու իր կողմնակիցներն իրականացրին` հենվելով ՍԴՀԿ կանոնադրության այն կետի վրա, թե մի կուսակցությունից հեռացած անձը հնչակյան կարող է դառնալ միայն նախորդ կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելուց մեկ տարի հետո։ Եվ քանի որ Վարդան Խաչատրյանի ժառանգական անցյալից այդքան ժամանակ չէր անցել, ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության վարչության որոշմամբ, Վարդան Խաչատրյանը հեռացվեց հնչակյան կուսակցությունից և այդ մասին մամուլում տրվեց պաշտոնական պարզաբանում։
Հետագա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ դա ներկուսակցական դետեկտիվի միայն առաջին սերիան էր։ Պարզվեց, որ Վարդան Խաչատրյանը չափազանց անգնահատելի քաղաքական գործիչ է, գրեթե Կարլ Մարքս, և հնչակյան կուսակցությունը ոչ մի կերպ առանց նրա չի կարող յոլա գնալ։ Անցած շաբաթ ՍԴՀԿ վարչության մեկ այլ անդամ, ըստ տարածված լուրերի, Լյուդմիլա Սարգսյանի հիմնական ներկուսակցական ախոյանը` ոչ անհայտ Վահան Շիրխանյանը, մամուլի ասուլիսում Վարդան Խաչատրյանին նստեցրեց իր կողքին ու հայտարարեց, որ նա ՍԴՀԿ-ից հեռացված չէ ու շարունակում է մնալ կուսակցության վարչության քաղաքական դիվանի անդամ։ ՍԴՀԿ մամուլի քարտուղարն էլ հայտարարություն տարածեց, թե Վարդան Խաչատրյանի անդամության հարցը քննարկման առարկա է Բեյրութում նստող և Սեդրակ Աճեմյանի ղեկավարած ՍԴՀԿ կենտրոնական վարչությունում, որը, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, համախմբում է 22 երկրներում գործող հնչակյան կառույցներին։ Եվ կա ակնկալիք, որ կենտրոնական վարչությունը կբեկանի հայաստանյան կառույցի որոշումը։ Լյուդմիլա Սարգսյանն էլ չխուսափեց հայտարարելուց, որ իրենք Վարդան Խաչատրյանի ձեռքը կրակն են ընկել, դռնից հանում են, լուսամուտից է մտնում և հակառակը։ Այսպես ասած, Տրոցկին ու Շտիրլիցը մեկ դեմքով։
Ամենազավեշտալին այն է, որ այս ամբողջ մարազմի շուրջ լուրջ քաղաքականություն կառուցելու փորձեր են արվում։ Մինչդեռ ամենաիսկական խայտառակություն է, երբ մի կուսակցության երկու թևերի միջև պայքարի առանցքում հայտնվում է նախկինում այդ կուսակցության հետ որևէ կապ չունեցած, մեկ այլ կուսակցության ցուցակով խորհրդարանի պատգամավոր դարձած անձը։ Նման մարազմատիկ իրավիճակ հնարավոր է միայն վերջնականապես դեգրադացված քաղաքական համակարգում ու կազմակերպությունում։ Պարզապես զավեշտական են պնդումները, թե Վահան Շիրխանյանի ու Լյուդմիլա Սարգսյանի միջև այլևս ակնհայտ դարձած պայքարն իշխանությունների հրահրածն է և ՀԱԿ-ը պառակտելու նպատակ ունի։ Սա ուղղակի անեկդոտ է, որովհետև ՍԴՀԿ-ն ընդդիմադիր կոնգրեսի կազմում բացարձակապես այն կշիռն ունեցող ուժը չէ, որ անգամ նրա դուրս գալը ՀԱԿ-ից ազդեր Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության, քաղաքական ծրագրերի կամ վարկանիշի վրա։ Այլ բան է, եթե խոսքը վերաբերեր ՀՀՇ-ին, «Հանրապետություն» կուսակցությանը կամ ՀԺԿ-ին, քանզի հենց այս ուժերն են իրականում կազմում արմատական ընդդիմադիր դաշինքի առանցքը։ Այս կուսակցություններից որևէ մեկի դուրս գալը ՀԱԿ-ից իսկապես իշխանության համար կլիներ լուրջ մարտավարական հաղթանակ։
Իսկ ՍԴՀԿ-ն ավելի քան համեստ ներուժ ունեցող կազմակերպություն է, և եթե անգամ սփյուռքում նստող նրա ատենապետ Սեդրակ Աճեմյանն իսկապես ցանկանում է, որ իր կուսակցության հայաստանյան ստորաբաժանումն ընդդիմությունից դառնա իշխանամետ, ապա դա բացարձակապես որևէ կորուստ չէ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ոչ էլ ձեռքբերում իշխանությունների համար։ ՀԱԿ-ից ՍԴՀԿ-ի դուրս գալը Տեր-Պետրոսյանի համար կլինի փոքրիկ տհաճություն, բայց ոչ երբեք էական կորուստ։ Ի վերջո, ո՞վ էր Հայաստանում ճանաչում հնչակյաններին կամ նրանց ատենապետին մինչև այն պահը, երբ այս կուսակցությունը նախագահական ընտրություններում չպաշտպանեց Տեր-Պետրոսյանին ու այդպիսով չհայտնվեց նրա կողքին։ Հաստատապես շատ քչերը։ Հետևաբար, ՍԴՀԿ-ին էր պետք Տեր-Պետրոսյանի կողքին գտնվելով` արժևորել իր գոյությունը քաղաքական դաշտում, ո՛չ թե հակառակը։ Թեպետ, մյուս կողմից էլ, քանի՞ կոպեկ արժե այն կուսակցությունը, որի գոյությունն իմաստավորված է միայն որոշակի ճանաչում ունեցող գործչի կողքին գտնվելով։ Մանավանդ, երբ այդ գործիչը ո՛չ այդ կուսակցության առաջնորդն է, ո՛չ էլ գոնե նրա շարքային անդամը։ Մի պահ պատկերացնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշի ՀԱԿ-ը լուծարել ու հայտարարի, թե իր ավանդական ու միակ քաղաքական հենարանը ՀՀՇ-ն է, մյուսները եղել են կարճ ճանապարհի ուղեկիցներ, ինքը շնորհակալ է նրանց, բայց հիմա ամեն մեկը գնալու է իր ճանապարհով։ Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ում ընդգրկված մնացած կուսակցությունների հետ` բացառությամբ ՀԺԿ-ի ու «Հանրապետության»։ Այդ կազմակերպությունները փաստացի կդադարեն գոյություն ունենալուց և ուրիշ ոչինչ։
Ըստ այդմ, ՍԴՀԿ-ում իշխանական դավադրության հետքեր որոնելը բացարձակապես անլուրջ է, թեպետ տեսականորեն ցանկացած ընդդիմադիր կազմակերպության ներքին ճգնաժամը ձեռնտու է յուրաքանչյուր իշխանության։ Բայց այստեղ ակնհայտորեն ավելի շուտ պայքար է ընթանում ՍԴՀԿ բարձրագոչ անունը կրող, բայց իրականում ո՛չ սփյուռքում, ո՛չ էլ Հայաստանում լուրջ ուժ չհանդիսացող կերակրատաշտը բաժանելու շուրջ։ Դա է, թերևս, պրոբլեմը, թե ո՛վ է տնօրինելու Սեդրակ Աճեմյանի ձեռամբ սփյուռքից հայաստանյան կառույցին հատկացվող միջոցները։ Համաձայնեք, դժվար է պատկերացնել, որ Լյուդմիլա Սարգսյանի ու Վահան Շիրխանյանի միջև բանավեճը կարող է ընթանալ սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքների զարգացման վերաբերյալ։ Ո՛չ Լյուդմիլա Սարգսյանն է Ռոզա Լյուքսեմբուրգ, ո՛չ էլ Շիրխանյանը` Կաուցկի։ ՈՒստի զարմանալի չէ, որ երկուսն էլ շատ լոյալ են նույն Սեդրակ Աճեմյանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է վերամբարձ բառակապակցություններին` 22 երկրներում հնչակյան կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, որոնց ձևավորած կենտրոնական վարչությունը պետք է որոշի Վարդան Խաչատրյանի հետագա քաղաքական ճակատագիրը, ապա սա պարզապես մարազմի երկրորդ սերիան է, բայց Խաչատրյանն ինքը պիտի թույլ չտար, որ բանը հասներ այսպիսի զավեշտի։ Սփյուռքը փոքր-ինչ ճանաչող, առավել ևս գիտակ որևէ մեկն անվերապահորեն կհաստատի, որ ՍԴՀԿ-ն որևէ հայաշատ գաղթօջախում չունի լուրջ կշիռ։ Սփյուռքում ամենազանգվածային ու հզոր կազմակերպությունը ՀՅԴ-ն է, դա ընդունում են նույնիսկ նրա ընդդիմախոսները։ Ռամկավարներն ավանդաբար որոշակի կշիռ ու ազդեցություն ունեին առանձին գաղթօջախներում` Եգիպտոսում, Անգլիայում, Շվեյցարիայում, Կանադայում, ԱՄՆ-ի արևելյան մասում, մասամբ` Լիբանանում։ Իսկ հնչակյանները սփյուռքահայ որոշ համայնքներում ունեն միայն փոքր խմբակներ։ Երբ Հայաստանի անկախությունից անմիջապես հետո ՍԴՀԿ-ն սկսեց վերահաստատվել հայրենիքում, այդպես էլ չկարողացավ ո՛չ հանգուցյալ Եղիա Նաճարյանի օրոք, ո՛չ էլ նրանից հետո որևէ լուրջ դեր խաղալ երկրի ներքին կյանքում և իր գոյությունը դրսևորեց այս կամ այն խոշոր կուսակցության թևի տակ ստեղծված դաշինքներին մասնակցելով։ Ինչպես, օրինակ, 1995-ի խորհրդարանական ընտրություններում, երբ ՍԴՀԿ-ն հայտնվեց «Հանրապետություն» միավորման մեջ ու միայն այդ պատճառով երկու պատգամավոր ունեցավ խորհրդարանում։ Որևէ այլ լուրջ գործունեությամբ այս կազմակերպությունը հայաստանյան կյանքում աչքի չի ընկել, միաժամանակ անպակաս են եղել հենց այս բնույթի ներքին խմորումներն ու պառակտումները։
Այսօր էլ հայ հանրությունն ականատես է պարզապես մանրախնդիր ներկուսակցական գզվռտոցի, երբ, Ստանիսլավսկու հայտնի սկզբունքը վերաձևակերպելով, մարդիկ շարունակում են սիրել իրենց քաղաքականության մեջ, բայց ո՛չ երբեք` քաղաքականությունն իրենց մեջ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ