ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԺՊԻՏԻՆ Է ՊԵՏՔ ԽԱԲՎԵԼ, Ո՛Չ ՆՐԱ ԿՆՈՋ ՊԱՏՐԱՍՏԱԾ ՃԱՇԵՐԻՆ ՈՒ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ»

«Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԺՊԻՏԻՆ Է ՊԵՏՔ ԽԱԲՎԵԼ, Ո՛Չ ՆՐԱ ԿՆՈՋ ՊԱՏՐԱՍՏԱԾ ՃԱՇԵՐԻՆ ՈՒ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ»
05.02.2010 | 00:00

Հայ-թուրքական սահմանի բացումը որևէ լավ բան չի խոստանում ո՛չ հայաստանաբնակ հայերին, ո՛չ արցախահայությանն ու սփյուռքահայությանը, քանզի դուռ-դրկիցային դարերով փորձված էթնիկ կենսափորձն է հուշում` «թուրքի չվանին լվացք փռել չի լինի»։ «Լավ բանը» գլուխը քարը (էդ ե՞րբ ենք թուրքի խերը տեսել, որ հիմա տեսնենք), այս անգամ «է՛լ բեթարը» կարող է չոքել դռներիս, եթե կուլ տանք նաբաթի պես քաղցրացրած խայծն ու, առանց փայտը ձեռքներիցս գցելու... Հասկացաք։ Շատ էլ ժամանակ չի պահանջվի համոզվելու համար, որ հերթական անգամ հայտնվել ենք ներքին ու արտաքին քաղաքական անցանկալի գործընթացների, տնտեսական ու էթնոմշակութային, ինչպես ընդունված է ասել, լրջագույն մարտահրավերների կիզակետում։
Սա է հայ կոմունիստների «տեսլականը»` հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից ու սահմանի բացումից հետո Հայաստանի, Արցախի ու համայն հայության «գլխին գալիքի» մասին։ Երեկ այդ «տեսլականն» ու կոմունիստների դիրքորոշումը «Իրավունք de facto» ակումբում ներկայացրեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ։
«Կնքված արձանագրությունները չեն համապատասխանում հայ-թուրքական հարաբերությունների դարավոր պատմությանը և չեն բխում հայ ժողովրդի շահերից։ Այս արձանագրություններով մենք թուրքերին բարձրացնում ենք անմեղության պատվանդանին, ինչին նրանք երբեք արժանի չեն եղել։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ճիշտ էր, երբ ասում էր, թե թուրքը մնում է թուրք, և նրա ոչ մի խոսքին հավատալ չի կարելի։ Այնպես որ, ո՛չ Թուրքիայի նախագահի ժպիտներին է պետք խաբվել, ո՛չ էլ նրա կնոջ պատրաստած ճաշերին ու հյուրասիրությանը։ Բացի այդ, ստորագրված արձանագրությունների «պոչը» Միացյալ Նահանգների նախագահ Օբամայի «տակ» է, ով ընտրվելուց առաջ ամերիկահայությանը խոստացել էր ապրիլի 24-ին արտասանել «ցեղասպանություն» բառը, ընտրվելուց հետո ապրիլի 22-ին հապշտապ այցելեց Թուրքիա, համապատասխան բանակցություններից հետո վերադարձավ, բնականաբար, չպահեց իր խոստումը, փոխարենն ապրիլի 24-ի նախօրեին չարաբաստիկ արձանագրությունները նախաստորագրվեցին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի ամենագործուն միջնորդությամբ։ Այժմ, երբ արձանագրությունները վավերացման փուլում են, դրված է արդեն այս երեք գերտերությունների ղեկավարների հեղինակության և անձնական պատասխանատվության հարցը։ Մանավանդ Միացյալ Նահանգների համար, որն այսօր աշխարհի միակ պետությունն է, որ պատերազմ է վարում Իրաքում ու Աֆղանստանում, սպառնում է Իրանին, այսինքն, շարունակում է մնալ երկրագնդի ամենառազմատենչ գերտերությունը»։
Շարունակելով յուրովի հիմնավորվել հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ լինելու Հայկոմկուսի դիրքորոշումը` Ռուբեն Թովմասյանը «տեղափոխվեց» Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ և լրագրողներին ուղղեց իր հարցը. «Իսկ ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այդքան շահագրգռված հայ-թուրքական սահմանի բացմամբ, և ինչո՞ւ է Հայկոմկուսը դրան դեմ»։ «Որովհետև,- պատասխանեց ինքն իր հարցին,- Թուրքիայում նստած է ՆԱՏՕ-ն, որի զորքերի առաջ ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Հայաստան, որովհետև Վրաստանը ևս ՆԱՏՕ-ի դեֆակտո անդամ է արդեն, հարցականի տակ է Ադրբեջանի կողմնորոշման խնդիրը, որովհետև Իրանը կոշտ դիրքորոշում ունի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, և հայ-թուրքական սահմանի բացումից հետո ՆԱՏՕ-ի զորքերի համար ուղիղ ճանապարհ է բացվում նաև դեպի Իրան»։
Փաստորեն, հայ-թուրքական տանդեմի կայացման երդվյալ ընդդիմախոսը լինելով հանդերձ, հայ կոմունիստների ռուբենթովմասյանական թևը աչքով-աչք չունի այն քաղաքական ուժերի հետ, որոնք նույն դիրքորոշումն ունեն այս հարցում։ Այսինքն, «չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ, կան հավերժական շահեր» «աքսիոմը» մեր պարագայում ապացուցման կարիք ունի դեռ և քննություն չի բռնելու այնքան ժամանակ, քանի դեռ կենսունակ է «այստեղով թուրքն է անցել» հակոտնյա «մոդուլը»։
Ինչո՞ւ ՀԿԿ-ն չի միանում «14-ի ձևաչափ» կոչվող այն ուժերին, որոնք, գոնե առերևույթ, մեկտեղվել են Հայ հեղափոխական դաշնակցության շուրջը։
«Որովհետև կեղծ ընդդիմադիրներ են դրանք, իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եղել և մնում է արմատական ընդդիմություն, թեթևսոլիկի նման այսօր այս հրապարակում չի կանգնում, վաղը` մյուս հրապարակում, այսօր մի բան չի ասում, վաղը` մեկ այլ բան, Եվրախորհուրդ էլ «ժեկ»-ից տեղեկանք չի տանում, թե ընդդիմադիր է»։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը հեգնանքի մի չափաբաժին էլ ԵԽԽՎ-ին բաժին հանեց։
«ԵԽԽՎ-ն էլ են իջեցրել «ժեկ»-ի մակարդակին»,- ասաց։
Ովքե՞ր են իջեցրել` չասաց։
Երևի դաշնակցությանը նկատի ուներ։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ