Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱՄՆ-ը քաղաքավարական ժե՞ստ է անում Ադրբեջանին

ԱՄՆ-ը քաղաքավարական ժե՞ստ է անում Ադրբեջանին
04.04.2024 | 06:55

Բլինքենը զանգահարել է Ալիևին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումից առաջ: Տարաբնույթ և հակասական ենթադրություններ կարելի է անել այս կապակցությամբ: Մի՞թե աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին գերատեսչության ղեկավարը այնքան է արժևորում Ադրբեջանի կշիռը տարածաշրջանում, որ ամեն դեպքում քաղաքավարական ժեստ է անում Արևմուտքի հուսալի գործընկերոջ հանդեպ: Կարելի՞ է արդյոք այս զանգը մեկնաբանել որպես հերթական ուղերձը Բաքվին, որ՝ ինչ էլ լինի, ձեր շահերը չեն ոտնահարվի: Եթե մի երեք օր առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ Բլինքենը զանգահարելու է Ալիևին եռակողմ հանդիպումից առաջ, ես դա կհամարեի անհավանական և անգրագետ կանխատեսում: Բայց արի ու տես, որ ամեն ինչ հնարավոր է: Եթե մի կողմ թողնենք մեր ավանդական հայկական վատատեսական զգացումները, մեծ տերությունների կողմից հայ ժողովրդի հանդեպ անարդար վերաբերմունքի մասին 250 տարի ձգվող պատմությունը և փորձենք գնահատել այս իրադարձությունը սթափ քաղաքագիտական մոտեցմամբ, պետք է արձանագրենք հետևյալ իրողությունը:

Ներկա միջազգային հարաբերությունների համակարգում մեծ տերություններ-ուժային կենտրոնները այլևս չունեն այն գործիքակազմն ու լծակները, որ կարողանան ցանկացած պահի փոքր պետություններին հարկադրաբար պարտադրել կատարելու այն, ինչ իրենք են ակնկալում: Չկա այլևս երկբևեռ կամ միաբևեռ աշխարհակարգը: Մի կողմի ճնշմանը կարելի է հակառակվել և դիմադրել՝ նրա հակառակորդ բևեռի հետ մերձենալով, դաշնակցելով և համագործակցելով: Բլինքենը լավ հասկանում է, որ ՀՀ քաղաքական ղեկավարության հետ մերձենալը մեծ ռիսկեր է պարունակում Արևմուտքի համար: Դա, ամենայն հավանականությամբ, կնպաստի ՌԴ-Ադրբեջան մերձեցմանը, որն ինքնին նշանակում է նաև հակաարևմտյան տրամադրությունների ուժեղացում Բաքվում և Անկարայում: Ալիևն արդեն մի քանի անգամ նշել է Արևմուտքի կողմնակալ դիրքորոշման վնասակարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, հատկապես նշելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Պատահական չէր, որ թուրք-ադրբեջանական կողմին հանգստացնելու համար հայտարարվեց նաև, որ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը տնտեսական օժանդակության հարցերի քննարկում է լինելու, որը կրկին հանգստացնող ուղերձ էր դեպի Բաքու: Զարմանալի է, որ հայ քաղաքական մտքի ռահվիրաները, այս պարզ և ակնհայտ իրողությունները չնկատելով, մեծ սպասումներ են ակնկալում ապրիլի 5-ից: Նույնիսկ խոսվում է հայ ժողովրդի պատմության մեծ դրական բեկման մասին: Աստված տա՝ այդպես լինի, մեծ բավականությամբ և ոգևորությամբ կընդունենք այդ բախտորոշ շրջադարձն ու մեր սխալը: Կապրենք, կտեսնենք, իսկ մինչ այդ, 24-ժամյա ռեժիմով կրեմլյան ուղերձները գուժում են արևմտյան միջամտության կործանարար հետևանքները Հայաստանի համար: Ուժ և կարողություն մեզ փորձանքներից խուսափելու համար:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ