Արցախում աղետ է:
Էթնիկ զտման, ցեղասպանության ականատեսն ենք:
Պատերազմը շարունակվում է:
Հայաստանում քաոս է:
Բողոքի ալիքն օրեցօր աճում է, ներքաղաքական ճգնաժամը ժամ առ ժամ հասունանում:
«Փրկիչների» շքերթ է:
Իրական առաջնորդ չկա:
Ինքնաբուխ հավաքները ինչ-ինչ բախտախնդիրների կողմից այլ բովանդակություն են ստանում, վերածվում վտանգավոր բռնկման:
Մայրաքաղաքում ամենուրեք իրականացվում են
անհնազանդության ակցիաներ, արդյունքում՝ փողոցները պարալիզացվում են, կաթվածահար անելով մայրաքաղաքի ողջ երթևեկությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել «Համազգային զորաշարժի» կոչով:
Վերջինս իր զորակցութունը հայտնելով Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին՝ հորդորում է համայն հայությանը ոտքի կանգնել, միավորվել, ընդվզել:
Միաժամանակ նա հոգևոր, քաղաքական, պետական ղեկավարների հանդիպումներ է առաջարկում, որտեղ կքննարկվեն Արցախի ու Հայաստանի առաջ ծառացած մի շարք խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերվող հրատապ հարցեր:
Ողջունում եմ:
Այս համատեքստում ակամա առաջանում է տրամաբանական հարց.
Այս օրհասական պահին որտե՞ղ է Վեհափառ Հայրապետ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ինչու՞ առ այսօր Մայր Աթոռը հանդես չի եկել որևէ կոչով ու հորդորով:
Ձայն բարբառո անապատի:
Մայր Աթոռը լռում է:
ՈՒ՞ր է մեր հոգևոր առաջնորդն իր իր ազդեցիկ խոսքով, առաջարկներով հանդերձ:
Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ, միգուցե պետք է հիշեցնե՞լ Ձեզ, թե ինչ առաքելություն է ստանձնել Հայոց եկեղեցին նման արհավիրքների ժամանակ, թե որն է Հայ առաքելական եկեղեցու տեղն ու դերը մարդկանց և պետության կյանքում, հայ ժողովրդի ազգային ինքնության և հայապահպանության գործում:
Ավելին՝ որ պետականության բացակայության կամ անարխիայի պայմաններում հենց Հայ առաքելական եկեղեցին է ստանձնել ազգապահպանության գործը։
Հարգելի՛ Վեհափառ, պատմական համատեքստում Հայ առաքելական եկեղեցին ինքնին մշտապես դրսևորվել է որպես քաղաքական կառույց և եղել է քաղաքական գործընթացների մշտական մասնակիցը։
ՈՒստի դժվար է պատկերացնել երկրի քաղաքական կամ հանրային կյանքը առանց եկեղեցու վճռորոշ դերակատարության:
Չե՞ք կարծում, որ ժամանակն է հանդես գալ կոչով:
Չե՞ք կարծում, որ հապաղում եք, ստեղծում ամորֆի ու անտարբերի տպավորություն՝ այդկերպ վարկաբեկելով և հեղինակազրկելով Մայր Աթոռը:
Առանց այն էլ որոշակի վտանգավոր անվստահություն է ձևավորվել հայ եղեկեցու շուրջ:
Չէ՞ որ մենք նվիրյալ հայրեր՝ Խրիմյան Հայրիկ, Վազգեն 1-ին ենք ունեցել:
Չե՞ք կարծում, որ հայաստանյան 11, Հայաստանի տարածքից դուրս գործող և ձեզ ենթակա 6, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն 15 թեմերով հանդերձ անելիքներ ունեք:
Չե՞ք կարծում, որ պետք է հանդես գաք համատեղ հայտարարությամբ և առաջարկներով:
Վեհափա՛ռ, կոչով հանդես գալու կոչ եմ անում:
Պառակտվածություն, ներքին թշնամություն ու անկառավարելի անտագոնիզմ է ձևավորվում, ավելի շուտ՝ գեներացվում, քաղաքացիական բախումներ հրահրվում:
Այդ ամենը մտահոգվելու լուրջ առիթ է տալիս:
Հայ հասարակության մոտ ողբերգությունը նույն կերպ չի ընկալվում ու արտահայտվում:
Ժողովրդի նյարդերը տեղի են տալիս, էմոցիաները գործողությունների տեսքով վտանգավոր դրսևորումներ են ստանում:
Վեհափա՛ռ, իսկ Արցախից պետք է «վախենալ» այն օրը, երբ անտուն, անօթևան 120 հազար մեր հայրենակիցները՝ վհատված, վիրավորված, գուցե և զինված կմտնեն Երևան:
Մանավանդ, երբ գործող իշխանությունները բացեիբաց հայտարարում են, թե «Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ» և որ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»:
Կարծում եմ, որ ինչպես ես, այդպես էլ Դուք միանշանակ հակադարձելով կպնդեք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նման չէ որևէ այլ կոնֆլիկտի, և առհասարակ՝ խիստ սխալ է համադրել այն որևէ կոնֆլիկտի հետ:
Փաստ է, որ Ադրբեջանը չի կարող երաշխավորել Արցախի հայ բնակչության ֆիզիկական գոյությունը:
Նույնիսկ, եթե երաշխավորի, ապա այն կարող ենք համարել սին ու սուտ խոստումներ:
Միջազգային հանրությունը ևս ի զորու չէ ապահովել արցախահայերի անվտանգությունը, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում:
Աներկբա է՝ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու գլխին կախված է գոյաբանական վտանգը:
Վեհափա՛ռ, մենք չենք կարող թույլ տալ հայ ժողովրդի գլխին նոր ցեղասպանություն:
Մենք չենք կարող հաշտվել ու համակերպվել այն մտքի հետ, որ կրկին գաղթական ենք, անհայրենիք, իսկ Հայաստանը՝ որբատուն:
Վեհափա՛ռ հայրապետ, արհավիրքից հետո վերահաս վտանգների բարձրաձայնում է սա:
Ողբերգության շրջափուլը հաղթահարելու հրամայականն է:
Գործե՛լ է պետք:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ