Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Լավատեսական քաղպարապմունք (կառուցողական հեղաշրջումից առաջ)

Լավատեսական քաղպարապմունք (կառուցողական հեղաշրջումից առաջ)
11.12.2015 | 00:25

Դո՛ւք, մեծ հայրերի ընկած զավակներ,
Դո՛ւք, ո՜վ ստրուկներ մոլի կրքերի,
Դո՛ւք, ո՜վ զեխության խղճալի հյուրեր,
Որ շվայտ կյանքին դարձել եք գերի։
«Չարամիտներին»,
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵՐ ԳԻՆԻՆ ՔԱՑԱԽ ԴԱՌՆՈՒՄ
(ֆելիետոնն այգաբացին)
Ֆելիետոնն սկսում եմ կիրակի օրը։ Շուտով կբացվեն ընտրատեղամասերի դռները, և հայ ժողովուրդը հերթական անգամ իր բախտն ու ապագան ի պահ կտա քվեատուփերին։ ՈՒ ամենևին կարևոր էլ չէ, Աժդահակի գագաթին Ոչ-ականնե՞րն են խրոխտ խնջույքի նստելու, թե՞ Արագածի շուրջը Այո-ականների շուրջպարն է դղրդալու։ (Մենք, վստահաբար, ոտնիգլուխ չենք փոխվելու)։ 2017-ին միահեծան նախագա՞հն է կառավարելու, թե խորհրդարան-վարչապետ «երկխոսությունը»՝ գալիք նախագահի տրտում հայացքի տակ։ Առհասարակ երկրորդական խնդիր է. ԲՀԿ-ն կփոխադրվի սոցիալիզմի դաշտերը, ու Ծառուկյանը ոտնիգլուխ կարմիր հագած կառաջնորդի՞ հայ աշխատավորների հարյուրհազարանոց բազմությունը դեպի Բաղրամյան պողոտա, թե՞ անգամ եթե «Ժառանգությունը» ղեկավարի հանրածանոթ Առաքելը Մովսիսյան։ Քանզի մեր անապակ-խնկոսկի գինին յոթ օր անց քացախում է կրակե հնոցներում հունցված անդրջրհեղեղյան մեր կարասներում, չհասցնելով մաճառ դառնալ։
Ոչ, ես բնավ վատատես չեմ, և, չզարմանաք, դեռ հույսերով լեցուն սպասում եմ, որ մի պայծառ առավոտ կղողանջեն հայոց եկեղեցիների բոլոր զանգերը, և մեր փոքր ու մեծ, դիմադիր և ընդդիմադիր, իշխան և իշխանիկ, կառավարիչ և կառավարվող տիարք և տիկնայք դարձի կգան, յոթ անգամ ծնկաչոք (ընդ որում՝ հետադարձ ընթացքով), կպտտվեն Հանրապետության հրապարակում և շարք-շարք կմոտենան Կենտրոնական բանկի դռանը։ Կմոտենան, պատիվ կբռնեն ու երկրից, ազգից, հայոց պատմությունից յուրացրածը կվերադարձնեն պետությանը։ Ընդ որում, յուրաքանչյուրը պիտի իր կամքով կատարի այս երկրաշեն ապաշխարությունը, առանց պարտադրման և ահաբեկման։ Թե չէ եթե քաղաքացու մեր տեսակը չի փոխվելու և մեր այոյաոչական «վոժդ-վոժդուհիները» շարունակելու են երկիրը «շփոթել» տոհմական տնամերձի հետ, Արցախի ազատագրումն էլ, նաև Հայաստանի անկախացումը դարձնելով գերշահույթներ ապահովող խաղադրույք։ Հակառակ դեպքում մեզ մնում է հայտարարել վերջնագրային հանրաքվեն և որոշել, թե այդ ո՞ր կայսրությանն ենք ցանկանում մերձենալ վարձակալ-վասակի կարգավիճակով՝ Ռուսիո ուղղափառ կայսրությա՞նը, Իրանի բազմադարյա տիրակալությա՞նը, թե՞ ԱՄՆ-ին, Չինաստանին կամ էլ գուցե թե Բուրկինա Ֆասոյին։ Այսինքն, զոհասեղան պիտի բարձրանա մեր անկախության շիկավարս պատանին։ Եվ այս պահին Արագածի լանջերից ու Աժդահակի լեռնանցքներից քուլա-քուլա իջնող մառախուղն է ամպ կապում Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և, անշուշտ, Կառավարական տան գլխավերևում։ Եվ կորստաբեր կարկուտ կտեղա ամիսներ շարունակ։ Կամ, ինչու չէ, կենսաբեր անձրևը կանաչագեղ մարգագետիններ կհյուսի և ծիածան կկապի։ Ամեն բան մեր ձեռքերում է, և այսօր պիտի, ի վերջո, որոշվի՝ մենք սրարշավ մի նժո՞ւյգ ենք, թե՞ հնազանդ գրաստների մի գորշ նախիր, այլ կերպ ասած՝ մենք զինվո՞ր ենք ու շինարա՞ր, թե՞ պարզապես բարեգործական անկելանոցի լլկված մի բորոտ։
Ե՞րբ ենք մարելու մեր պարտքը մեր անկախ պետականության հանդեպ։ Եվ ե՞րբ է մեր կարասներից կտրվելու քացախի գարշահոտը։

ԲՈՐՈՏՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԸ
(կեսօրյա պամֆլետ՝ կեսարյան հատմամբ)
Ե՞րբ ենք մարելու մեր պարտքը մեր չքնաղ-անկախ պետականության հանդեպ։ Եվ ե՞րբ է մեր կարասներից կտրվելու քացախի գարշահոտը...
Կեսօր է, ձմեռ, անամպ երկինք է, սակայն ամպամած են ընտրական տեղամասերը, զի եթե բորոտը երկընտրանք չունի, շինարարը լուրջ խնդիր պիտի լուծի. գնա՞լ (արտագաղթել), թե՞ մնալ (ապրել-չգոյատևել)։ Այսպիսով ի՞նչ անել և ո՞ւմ ձեռամբ, որ գայլերը (բորոտները, ասել է՝ բորենու գլխով և մամոնտի մարմնով այս նորհայկական էակները) կուշտ լինեն օրնիբուն, և որ շինարարները յուրյանց գործն առաջ տանեն։ Ի՞նչ անել։ Շարակարգում եմ, խնդրելով համակ ուշադրություն (հատկապես օվալաձևում)։

ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԺԱՄԸ
ա) Քաղաքականություն
Քաղաքականությունը պոռնկություն է։ Ո՛չ։ Պարզապես ոմն տկարամիտ ժամանակին սա դարձրել է նշանաբան և անթիվ-անհամար երկրներում այս որոմով է վարակել բազում այրերի և տիկնանց։ Քաղաքականությունը երկրաշեն գործունեություն է, և այսօր-վաղը ՀՀ-ում պիտի անհապաղ ձևավորվի քաղաքական-երկրաշինարարների դասը։ Նախ նրանք պետք է իսպառ ձերբազատվեն իրենց նախկին, գունեղ-տխեղծ, զրնգուն-վայնասուն և այլ մեղքերից։
Իշխանական մեր զորագնդերում կա՞ն քաղաքական մտածողություն կրող և վեհանձնության պատրաստ այրեր և տիկնայք՝ հարկավ այո։ Պարզապես հենց որ անկախացանք, քաղաքական հայրենամետ ու ազնիվ գործընթացներն ակամա լքեցին երկրի սահմանները։ Այնինչ Հայաստանի քաղաքական ներկապնակն ամենագունեղն էր ողջ ԱՊՀ տարածքում։ Հուշեմ-հիշեք՝ հանրապետությունում ձևավորվեց ժամանակի ազգային պահանջատիրության քաղաքական վերնատունը հանձին «Ղարաբաղ» կոմիտեի, ուր առնվազն երեք փայլուն ուղեղներ կային՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը։ Սփյուռքից ժամանեցին ավանդական քաղկառույցները, այնքա՜ն երկար սպասված հայրենիքում։ Խորհրդային կալանատներից՝ հանուն ազատ-անկախ-միացյալ Հայաստանի սեփական ջահելությունը կալանավորած կոհորտան, ուր փայլուն անուններ կային՝ Պարույր Հայրիկյան, Աշոտ Նավասարդյան, Ռազմիկ Զոհրաբյան... Բայց և այնպես քաղաքականությունը գրեթե անտես ու գրեթե իսկույն շրջադարձվեց՝ վերածվելով շահութաբեր առևտրի, հանուն գահի և աթոռի։ Հիմա ո՞վ կհանդգնի պնդել, թե քաղաքականությունը հնագույն մասնագիտությանը համարժեք բան է։

բ) Բյուրոկրատիա
Հիմնանորոգման կարիք ունի։ Զի այն հակա է, հակապետական է, հակաքաղաքական է, հակահանրային է, և, վերջապես հակամարդկային է։ Հայկական բյուրոկրատիայի վերին կույտն անգամ տարրական համակրանք չունի քաղաքական բոսի հանդեպ, ումից կախված է ոտնիգլուխ և ում ողորմածությամբ սնվում է օրնիբուն։ Ընդ որում, սնվում է, չի հագենում, հոշոտում է վարկային սերուցքը, մսխում է կենսաթոշակների թերմացքը, լիանում է, վայելում է, հիանում է ինքնաբավ, բայց և այնպես, շանսատակ չի լինում։ Զորօրինակ ես (հուսամ դուք էլ) դեռ չեմ հանդիպել կամրջից վար նետվելու փորձ կատարող բարձրաստիճան պետծառայողի։ Այնինչ արժեր։ Զի կեր կդառնային բնաշխարհի զեռուններին և գեթ մի օգտակար գործ կկատարեին։ Ի դեպ, չնայած նրան, որ քաղգործիչներն են բյուրոկրատների հովանավորները, վերջիններս էապես գերազանցում են իրենց ստնտուներին։ Տեսեք, անգամ ամենափորձառյալ քաղաքական գայլը հանրորեն ստելիս կաս-կարմիր է կտրում, փորձում է կոծկել խնդիրը և հենց տեղում (այսինքն՝ խորհրդարանական ամբիոնի առաջ, կամ էլ մամլո սրահում՝ լրագրողներից խուսանավելիս), կորցնում է անձնական քաշի 13 տոկոսը։ Բյուրոկրատ-պետծառայողն ուղղակի ըմբոշխնում է սուտը, կլանում է կեղծիքը, վերջում էլ այս ամենը համալրում է թալանի խյուսով։ Տե՜ր իմ երկնավոր, մի՞թե սրանց համար չկա դատաստան այս հողագնդում։ Որքա՜ն լրբենիորեն հնարագետ պիտի լինի բանական (արդյոք բանակա՞ն) արարածը, որ աղետալի արտագաղթի և ալիքվող աղքատության պայմաններում պետբյուջեի միջոցներից 240 հազար դրամ է հատկացնում և ձեռք է բերում 1 աթոռ, այն էլ տեղադրում է դատարանի միջանցքում։ Քանի՜-քանի աթոռներ են տեղադրվել հայոց դատաիրավական սուլթանության միջանցքներում, որպես երևելի պատիվ դատական ատյանների դռները մաշող հասարակության նստուկներին։

գ) Օլիգարխիա
Բյուրոկրատիայի վայրագ տեսակն է։ Ենթակա է անհապաղ թլպատման։ Այսքանը։

Մուստաֆա Քեմալը հզոր Թուրքիա ստեղծելու նպատակով ունեզրկում էր բոլոր ոչ թուրքերին, այսինքն՝ կայսրության իրական հողատերերին և հարստություն ստեղծողներին։ Ի մասնավորի (ինչպես նշված է մեր թերթի նախորդ համարներից մեկում)՝ 1924-ի հունվարի 24-ին «Դեղագործների մասին» օրենքով դեղատուն բացելու իրավունքը վերապահվում է բացառապես կարա և ակ կոյունլու վաչկատունների հետնորդներին։ Եվ հազարավոր ձեռներեց հայ և հույն դեղագործներ, սնանկացման արհավիրքն աչքերի առաջ, արտագաղթեցին։ Նման շատ այլ թուրքակենտրոն օրենքներ ընդունվեցին, հայությունը արդեն ենթարկվում էր տնտեսաքաղաքական ցեղասպանդի։ Եվ մի՞թե կա մեկը, ով խեղճ է և համարձակություն կունենա պնդելու, թե հենց քաղաքատնտեսական դավադիր քաղաքականության պատճառով չէ, որ անկախ պետականության պայմաններում երկրում փոթորկվում է արտագաղթը։ Մի խոսքով, ճիշտ ժամանակն է, որ ազգովին մարենք մեր պարտքերը մեր անկախ պետականության հանդեպ։ Եվ, ի դեպ, ցանկալի կլիներ, որ ՀՀ իշխանակառավարական և ընդդիմադիր-ազգապետափրկչական առաջադեմ քարոզիչներն իրենց հերթին լինեին գերսկզբունքային և ներկայացնեին իրենց պահանջները հողագործներին, մանկավարժներին, գիտնականներին, կենսաթոշակառուներին, ստեղծագործող մտավորականությանը, վերջիններիս հարող թափառաշրջիկներին և պահանջեին իրենց հետ ուս ուսի պետություն կառուցել, երկիր կերտել, ի վերջո, անկախությունը չքերթել։ Գուցե մեր պետական տան հողմածեծ պատերից ներս կատարվող գլխիվայր խառնակություններում նաև մե՞նք ենք մեղավոր։

ԼԻԱՌԱՏ ՄՈԼԻ ԿՐՔԵՐ
(սարկազմով հունցված իրիկնահաց)
Որքա՜ն շատ են չարամիտները մեր օրերում, գուցե թե նրանք ազնվագույն նպատակներով են չարացել, զի չեն հաղթահարում մոլի կրքերը, վերքեր ավելացնելով երկրի երեսին ու սեփական ճակատագրին։
Թումանյա՜ն։ Իմաստուն այր, պայծառ պոետ, արդյո՞ք երբևէ անցել է ծիածանաշող մտքովդ, որ անկախ պետականությունը պատուհասել է հայրենիքդ։
Գուցե, ենթադրում եմ, սա քավության նախանշան է և մենք պիտի դեռ շա՜տ ապաշխարենք, մենք, որ Անին ենք լքել, մենք, որ Կիլիկիա տաճար-պետությունը ոգեշնչված կերտեցինք, այնուհետև ոչ պակաս ավյունով այն խորտակեցինք։
Այնուամենայնիվ վերընթերցենք «Շունն ու կատուն», վերապրենք «Կիկոսի մահը», փառավորվենք «Տերն ու ծառայի» խորհրդով և զմայլվենք մեր առկախ անկախությամբ։ Այնուամենայնիվ պետություն ենք։ Այսուհանդերձ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 28870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ