Իսրայելը հայտնել է, որ եթե այսօր պաղեստինցի գրոհայինները չդադարեցնեն իսրայելական տարածքների հրետակոծությունը, ապա ռազմական գործողությունները կընդլայնվեն։ Այդ մասին հաղորդում է իսրայելական բանակի ռադիոն։
Ռադիոալիքին տված հարցազրույցում ֆինանսների նախարար Յուվալ Ստեյնիցն ասել է, որ որոշումը կընդունվի առաջիկա ժամերին։ Նրա խոսքով՝ ընտրություն պետք է կատարվի հակամարտության դադարեցման կամ սրման միջև։ Եթե պաղեստինցիները դադարեցնեն կրակը, ինչպես նաև զենքի ներմուծումը, ապա Իսրայելը կհամաձայնի կրակի դադարեցման շուրջ։ Հակառակ դեպքում իրական հավանականություն կա, որ Իսրայելը գործի կդնի իր ցամաքային զորքերը՝ միաժամանակ շարունակելով հարվածները Գազայի հատվածի օբյեկտների վրա։