Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հրանտ Մաթևոսյանը հոկտեմբերի 27-ի դեպքերի համար ասում էր՝ այս սյուժեն մենք ենք գրել»

«Հրանտ Մաթևոսյանը հոկտեմբերի 27-ի դեպքերի համար ասում էր՝ այս սյուժեն մենք ենք գրել»
14.11.2008 | 00:00

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 90 ՏՈԿՈՍԸ ԲԱԺԱԿԱՃԱՌ ԷՐ»
«Իմ քննադատությունից վիրավորվածները ոչ թե իմ թշնամիներն են, այլ պարզապես մոլորվածներ»,- ասում է ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ։ Երիտասարդ գրաքննադատն աչքի է ընկնում համարձակ խոսքով և գրչով։ Աշխատում է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Դասախոսում է։ 2006-ից ղեկավարում է գրողների միության երիտասարդական բաժանմունքը, 2007-ին լույս է տեսել առաջին գիրքը՝ «Գրառումներ ընթացքից»։ Նա այսօր «Իրավունքը de facto»-ի հյուրն է։
-Պատմեք մի փոքր բաժանմունքի աշխատանքների մասին։

-Տարին մեկ անգամ կազմակերպվում է խորհրդաժողով Ծաղկաձորում, ունենում ենք հյուրեր սփյուռքից, Ջավախքից, Արցախից։ Երիտասարդ գրողների հետ հանդիպումներից, քննարկումներից առավել ես կարևորում եմ պարզ մարդկային հարաբերությունները։ Բայց ամենակարևոր առաքելությունը, որ ունի բաժանմունքը, վատ գրողներին վանելն է գրականությունից։
-Ինչպիսի՞ն է հարաբերությունը հին ու նոր սերունդների գրողների միջև։
-Կարծում եմ՝ այդ հարաբերություններում պետք է կարևորել անհատականության գործոնը։ Պետք չէ հակադրել հին ու նոր սերունդ հասկացությունները։ Կան հին սերնդի գրողներ, որ անելիք չունեն մեր ժամանակի մեջ, և մենք նրանց հետ չենք հարաբերվում։ Վնասաբեր է նույնիսկ։ Վարդան Վանատուր, Թաթուլ Բոլորչյան, էլի շատերը։ Եվ կան ավագ սերնդի գրողներ, որ շատ ասելիք և անելիք ունեն։ Օրինակ, Գուրգեն Խանջյանը, Հովհաննես Գրիգորյանը, Հակոբ Մովսեսն ու էլի մի քանիսը։ Նրանք և՛ մեր ժամանակի մեջ են, և՛ իրենց, քայլում են սերունդներին համընթաց։ Այնպես որ հարաբերական է հին և նոր ասվածը։
-Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները երիտասարդ գրողների միջև։
-Եթե գրական ընթացքը խաղաղ լինի, բոլորն ընկերներ լինեն, այդ ընթացքը տապալվելու է։ Ես ուրախ եմ, որ կան քննարկումներ, հակասություններ, բախումներ, իհարկե, եթե այդ ամենը չի հասնում անձնական թշնամության մակարդակի։ Թեև դրանից էլ չենք խուսափում։ Դա էլ, կարծես, գրական կյանքի օրինաչափություններից մեկն է։
-Տաղանդն ինչպե՞ս է ընդունվում։
-Դժվարությամբ։ Եթե գրողները մեծ ու վեհ բաների մասին են գրում, դա չի նշանակում, որ նրանց մոտ ամեն ինչ նորմալ է, զերծ են չարությունից, նախանձից, ուրիշի ոտքի տակը փորելուց։ Մարդը եսակենտրոն էակ է, բայց ավելի եսասեր, նախանձ զանգված, քան գրողներն են, չեմ տեսել։ Դա նորմալ է։ Գրողական նախանձը ես հանգիստ եմ ընդունում։
-Ասում են՝ գրականագետները գրողներին վերաբերվում են այնպես, ինչպես հանգուցյալներին. կամ լավն են ասում նրանց մասին, կամ` ոչինչ։ Մանավանդ անտեսված են անկախության շրջանի գրողները։ Այդպե՞ս է։
-Թյուր պատկերացում է, ընդհանրացված է վատ օրինակի վրա։ Ճիշտ է, անկախության շրջանի գրախոսությունների 90 տոկոսը բաժակաճառ էր, բայց տասը տոկոսն անաչառ գրաքննադատություն է, տեսականորեն հիմնավորված։ Դատողությունները պետք է հենվեն հենց այդ տասը տոկոսի վրա, որովհետև դրանք են մնայունը։ Գրական ընթացքը երբեք չի կայանա առանց գրաքննադատության։ Գրողն իր տեղը ճշտում է քննադատության շնորհիվ։ Պարտադիր չէ, որ հոդված լինի, լռությունն էլ է վերաբերմունք։
-Լա՞վ, թե՞ վատ։
-Նայած՝ որ գրողի հանդեպ և ինչ իրավիճակում։ Հենրիկ Էդոյանը գրել է՝ որքան կատարյալ է բանաստեղծությունը, այնքան անողոք է ընթերցողը։ Կա գրողների մի խումբ, որ միմյանց գործերն են գրախոսում, այսինքն՝ գովաբանում՝ պարտք տալու պես։ Ես մի հոդվածի վրա կարող եմ աշխատել յոթ ամիս։ Գրում եմ, երբ ասելիք կա, և երբ նյութը լիովին ուսումնասիրված է։
-Դժվար չէ՞ օբյեկտիվ լինել, երբ գրում ես ընկերներիդ մասին։
-Ընկերներին խաբելն ավելի վնասակար է։ Երբեմն որդեգրում եմ չխոսելու կեցվածքը, որպեսզի վատ բան չասեմ։ Բայց որ հանիրավի գովեմ, նման բան երբեք չեք կարող մատնանշել։ Գրականագիտությունը պետք է ծառայի գրականությանն ու բարձր արժեքներին։
-Եթե ժամանակը ցույց տա, որ մի գրողի հարցում սխալվել եք...
-Բացառված չէ։ Ես միշտ շեշտում եմ, որ կենդանի գրական պրոցեսում ոչ ոք, հատկապես գրաքննադատները, ապահովագրված չէ սխալներից։ Գրաքննադատի դերը ոչ այնքան չսխալվելու, որքան մի ճիշտ բան ասելու մեջ է։ Նիկոլ Աղբալյանն առաջինը նկատեց Ավետիք Իսահակյանին, Լևոն Շանթին։ Գուցե նրա շատ հոդվածներ արժեք չունեն, բայց հիշվում է միայն այն, որ նա հայտնաբերել է երկու գրողի։ Մեր խնդիրն այս գրական ընթացքը ճիշտ ներկայացնելն է։ Ես հաճախ ուսանողներիս ասում եմ. «Չե՞ք ուզում իմանալ՝ ոնց է ձեր ժամանակը դառնում գրականություն, չէ՞ որ այդ գրականության մեջ նաև դուք կաք»։
-Երիտասարդ գրողներից ո՞ւմ գործերը խորհուրդ կտայիք կարդալ։
-Հրաչյա Սարիբեկյան, Մհեր Բեյլերյան, էլի շատեր։ Չառանձնացնելու համար խորհուրդ կտայի գոնե գրական մամուլ կարդալ։ Չկարդալու պրոբլեմներից մեկն այն է, որ մարդը խանդոտ է իր ժամանակակցի հանդեպ, քանի որ եթե լավ ես գրում, ուրեմն՝ անմահանալու հայտ ես ներկայացնում։
-Որպես գրականագետ, ի՞նչ եք ուզում ապագայից։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Երազում եմ՝ այնքան լավ գրականություն ստեղծվի, որ ես ոչինչ չանեմ, պարզապես կարդամ։
-Ձեր հաջողության գաղտնիքը կամ՝ կարո՞ղ եք ասել՝ ինչո՞վ է առանձնանում Ձեր քննադատությունը։
-Իմ հոդվածները շահեկան են, որովհետև կա ինֆորմացիայի առատություն։ Ես կարդում եմ և տեղյակ եմ գրական ընթացքին։ Իմ նպատակներից է հնացած բառաձևերի, տերմինների որոշակի թարմացումը։ Գիտեմ, որ հիմա դա ընկալվում է որպես խրթնաբանություն, ձևամոլություն, բայց նկատեմ, որ նաև դա է ձգում ընթերցողներին։ Թարմությունը, ոչ շաբլոն վերաբերմունքը գրավում են։ Իմ հաջողությունը սկզբունքայնության, տողեր շռայլելու մեջ է նաև։
-Ի՞նչը տանել չեք կարողանում գրականության մեջ։
-Բթությունը, անտաղանդությունը, մանավանդ, երբ անտաղանդ մարդը հավակնոտ է լինում։
-Միահավասարություն, արժեքների վերափոխում. այս ամենն իր արտահայտությունն է գտել նաև գրականության մեջ և հաճախ ընկալվում է որպես նորարարություն։ Ձեր կարծիքը։
-Մարդը սրբազան վախ ու հավատ ունի գրի նկատմամբ։ Երբ մեղադրում ես գռեհիկ, բաց գրվածքների համար, մտածում են՝ հնաոճ ես։ Դրանով չես զարմացնի, բայց վատ բաներին սկսում են հավատալ, երբ անցնում է գրականության միջով։ Գոյություն ունի գրի տաբու։ Գրականությունն իրականություն է դառնում։ Հրանտ Մաթևոսյանը հոկտեմբերի 27-ի դեպքերի համար ասում էր՝ այս սյուժեն մենք ենք գրել։ Վատ, մաղձոտ գրականությունը, ի վերջո, ժողովրդի կյանքի սյուժեն է ձևավորում։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 7190

Մեկնաբանություններ