Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե արհեստական խթանիչներով, այլ բնականորեն

Տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե արհեստական խթանիչներով, այլ բնականորեն
17.10.2008 | 00:00

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԱՍԵՐԸ
Համաշխարհային տնտեսությունն ընկղմվում է խոր ճգնաժամի մեջ, ու չնայած զարգացած երկրների ջանքերին, դա կարող է երկար տևել: Ճգնաժամի դասերի մասին սովորաբար խոսվում է ճգնաժամը հաղթահարելուց հետո: Այնուամենայնիվ, նկատվում են որոշ օրինաչափություններ, որոնց արժե անդրադառնալ: Կարիք կա նաև դիտարկել ճգնաժամի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա այսօր և տեսանելի հեռանկարում: Նախ՝ ներկայիս ճգնաժամի գոյություն ունեցող բնական և արհեստական կամ, այլ խոսքով ասած, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին:
Մոտ մեկ տասնամյակ տևած տնտեսական վերելքից հետո իրաքյան պատերազմի սկզբում՝ 2003-ին նկատվեցին լճացման և ճգնաժամի առաջին նախանշանները, որոնք հիմնականում պայմանավորված էին ռազմական ծախսերի կտրուկ ավելացմամբ, տնտեսության իրական հատվածի զարգացման տեմպերի կրճատմամբ և արտաքին առևտրի բացասական սալդոյի աճով: Այս միտումները շարունակվեցին նաև հետագա տարիներին, սակայն պետության միջամտությունը հանգեցրեց նրան, որ իր բնական ընթացքով վերելքից դեպի լճացում, հետո` դեպի ճգնաժամ թևակոխելու փոխարեն, արհեստական ազդակներով սկսվեց «տնտեսական վերակենդանացումը», որն արտահայտվեց «էժան դոլարի» քաղաքականությամբ ամերիկյան տնտեսության մրցունակության բարձրացման փորձերում: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ, ԱՄՆ-ի ազգային արժույթ լինելուց բացի, դոլարը նաև միջազգային արժույթ է, և համաշխարհային տնտեսության ցանկացած ցնցում կարող է լրջորեն անդրադառնալ դրա փոխարժեքի վրա, իսկ ԱՄՆ-ի տնտեսության և արժութային համակարգի հետ կապված ցանկացած էական փոփոխություն փոխազդում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրացված երկրներին:
Մյուս կողմից` կարևոր է նկատել, որ նույն ժամանակահատվածում շարունակվում էր ԱՄՆ դոլարի և Եվրամիության միասնական նոր շրջանառվող արժույթի` եվրոյի միջև սուր մրցակցությունը: Այս պայմաններում եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի արհեստական իջեցումն ունեցավ երկակի էֆեկտ: Նախ, իջան դոլարով արտահայտված ապրանքների և ծառայությունների գները, ինչն ավելացրեց դրանց նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկը, հետևաբար նաև` արտահանման ծավալներն ԱՄՆ-ից, որն էլ զգալիորեն բարելավեց ԱՄՆ-ի արտաքին առևտրային հաշվեկշիռը: Դրա հետևանքով բարձրացան եվրոյով արտահայտված Եվրամիության անդամ երկրների ապրանքների և ծառայությունների գները, ինչը զգալի վնաս հասցրեց Եվրամիության անդամ երկրների արտաքին առևտրին՝ կրճատելով արտադրության ծավալները և ավելացնելով գործազրկության մակարդակը:
Այս ամենին զուգահեռ, տնտեսության արտաքին խթանիչները հանգեցրին նրան, որ ավելի սրընթաց տեմպեր հաղորդելով տնտեսության զարգացմանը, գրեթե անխուսափելի դարձրին տնտեսության նույնքան սրընթաց անկումը: Սովորաբար պետության դերն այս փուլում դրսևորվում է տնտեսության աճի տեմպերի հնարավոր դանդաղեցմանն ուղղված վարկային տոկոսադրույքների բարձրացման և ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների իջեցման և նման այլ քայլերով` նպատակ ունենալով հնարավորինս մեղմել նաև վերելքին հաջորդող լճացման և ճգնաժամի արագությունն ու դրանց վնասները:
Հակառակ վերը նշված տրամաբանության, պետությունը սկսեց ոչ թե զսպել սղաճը, այլ, դոլարի նոր զանգված շրջանառության մեջ մտցնելով, նպաստեց դոլարի հետագա արժեզրկմանը` այդ արժույթի տնտեսապես չարդարացված առաջարկի չափերով: Դոլարի մեծ զանգվածները հիպոթեքային և այլ վարկերի տեսքով բանկերը տվեցին դրանց կարիքն ունեցողներին` գրեթե անարգել: Արդյունքում, վարձով ապրող ամերիկաբնակների մի զգալի մասն այսօր արդեն ապրում է պարտքով, դրանով իսկ սնանկացնելով ֆինանսական մի շարք հաստատություններ: Իսկ երբ մոտեցան մարման ժամկետները, պարզվեց, որ խախտվել է վարկի կարևորագույն սկզբունքներից մեկը` վերադարձելիությունը, և տնտեսությունը բորսաներում իր վրա զգաց առաջին ծանր հարվածները: Գործընթացն այսօր վերահսկողությունից դուրս է գտնվում, և, չնայած ԱՄՆ-ի իշխանությունների հաստատած 700 մլրդ դոլար արժողությամբ «Փրկության ծրագրին» և քննարկման փուլում գտնվող՝ դեմոկրատների առաջարկած 150 մլրդ դոլար արժողությամբ լրացուցիչ միջոցառումների փաթեթին, ԱՄՆ-ի տնտեսության առողջացման սցենարները, մեր համոզմամբ, խիստ վտանգված են: Դրանք կարող են ընդհանրապես ոչ մի արդյունքի չբերել նաև այն պատճառով, որ ծրագրվում է տնտեսությունը հանել ճգնաժամից ոչ թե բնական, այլ արհեստական գործոնների և խթանիչների հաշվին:
Այս ամենի պատճառով դանդաղեցին ոչ միայն ԱՄՆ-ի, այլև համաշխարհային տնտեսության աճի տեմպերը: Եթե 2007 թ. գրանցվել էր մոտ 5% տնտեսական աճ, ապա 2008 թ. ավարտին հնարավոր է ոչ միայն 4%, այլև դրանից շատ ավելի ցածր ցուցանիշ:
Ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա առայժմ չեն կարող զգալի լինել միանգամից մի քանի պատճառներով: Նախ, չնայած օրենսդրական և նորմատիվային անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը, առայժմ Հայաստանում չի ձևավորվել և չի գործում արժեթղթերի շուկան: Ֆինանսական շուկան հիմնականում ներկայացված է բանկերի և ապահովագրական ընկերությունների տեսքով: Մյուս բաղադրիչները կայացման փուլում են: Այս ամենը Հայաստանին թույլ չի տալիս լիարժեք ինտեգրացվելու միջազգային ֆինանսական շուկային և իր վրա կրելու դրա դրական կամ բացասական ազդեցությունները տնտեսության զարգացման տարբեր փուլերում: Երկրորդ, հանրապետության տնտեսությունն այսօր վերականգնման և կառուցվածքի ձևավորման գործընթացների մեջ է և, բնականաբար, չի կարող ունենալ ակնկալվող մրցունակության մակարդակն ու ինտեգրացվել համաշխարհային շուկային: Երրորդ, սպասվող ազդեցությունները կարող են լինել միջնորդված. ներմուծվող ապրանքների գների տատանումների տեսքով, հիպոթեքային շուկայում կատարվող օտարերկրյա ներդրումների կրճատման առումով, բանկային համակարգում կանոնադրական կապիտալի օտարերկրյա մասնաբաժինների կրած ազդեցություններով և վերը նշվածից ածանցյալ այլ գործոններով:
Ճգնաժամի առաջին դասը, թերևս, այն է, որ տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե արհեստական խթանիչներով, այլ բնականորեն, ասել է թե` ՀՆԱ-ի առանցքը կազմող տնտեսությունների բնականոն զարգացման հաշվին և ո՛չ ֆինանսական շուկայի իրական հատվածից կտրված ինքնուրույն զարգացումներով:
Երկրորդ. պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները կարող են դրական ներգործություն ունենալ միայն կարճ ժամանակահատվածում, ավելի երկար պետական միջամտությունը կարող է հանգեցնել տնտեսական և ֆինանսական ծանր հետևանքների:
Երրորդ. ինչպես դա ակնհայտ դարձավ մեկ տասնամյակ առաջ Արգենտինայում տեղ գտած ֆինանսական ճգնաժամից, ֆինանսական վերնախավը պետք է փորձի սպասարկել ոչ այնքան քաղաքական վերնախավի շահերը, որքան ծառայի տնտեսության իրական հատվածի իրական զարգացմանը, մասնավորապես՝ սերտորեն համագործակցելով արդյունաբերական վերնախավի հետ և ճանապարհ հարթի փոքր բիզնեսի աշխուժացման համար:
Չորրորդ. համաշխարհային ճգնաժամի կործանարար հետևանքներից խուսափելու նպատակով Հայաստանը պետք է նպատակ դնի վերացնելու տնտեսական կախվածությունը մեկ-երկու երկրից և փորձի բազմազանեցնել իր թե՛ առևտրատնտեսական կապերը, թե՛ արտաքին ներդրումների աղբյուրները:
Հինգերորդ. Հայաստանը պետք է հնարավորինս կրճատի ներկայիս կախվածությունը ներմուծումից (ներմուծման ծավալները երեք և ավելի անգամ գերազանցում են արտահանման ծավալները): Սա թույլ կտա կրճատել կախվածությունը համաշխարհային շուկայի պարտադրող ցնցումներից:
Վեցերորդ. համաշխարհային ճգնաժամի ներկա փուլում պետք է ձգտել առավելագույն օգուտներ քաղել ապրանքների և ծառայությունների այն գներից, որոնք առավել նպաստավոր են երկրի տնտեսության համար:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 9555

Մեկնաբանություններ