Ռուսաստանում Սորոսի, սորոսականների ու մյուս գլոբալիստական ուժերի գործերը, որոնք մինչ սահմանադրական փոփոխություններն էլ վատ էին ՌԴ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ավելի վատացան` հաշվի առնելով մոտ ապագայում այդ փոփոխություններից բխող և իրենց պլանները տապալող հետևանքները:
Հիշյալ ուժերի գործերը միաժամանակ վատ են նաև Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թեև մի բարի պտուղ չէ, բայց գլոբալիստական ուժերի ներկայացուցիչը չէ, նրանց բոլոր ցանկությունները կամ պահանջները չէ, որ կատարում է, որոշ դեպքերում նույնիսկ հակառակ կերպ է վարվում, հակադրվում նրանց: Հակասություններն ակնհայտ են, և դրանցով են բացատրվում ԱՄՆ-ում Թրամփի դեմ ողջ քարոզարշավը և մնացած գործողությունները, որոնք տևական ժամանակ ծավալվում են և ավելին են, քան սոսկ նախընտրական պայքարը:
Գլոբալիստական ուժերն ինչ-որ առումով փակուղային վիճակում են հայտնվել, պայքարը նրանց համար վերածվել է գրեթե կենաց-մահու պայքարի: Նշված ուժերին արդեն պարզ է, որ Ռուսաստանի 2024 թ. նախագահական ընտրություններում դարձյալ Պուտինն է ընտրվելու, և եթե ԱՄՆ-ում 2020 թ. նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում էլ Թրամփն ընտրվի, կարելի է համարել, որ գլոբալիստական ուժերի պարտությունը գրեթե երաշխավորված է: Նկատի ունենանք, որ խոսքը ոչ թե սովորական պետությունների, այլ գերտերություն ԱՄՆ-ի և աշխարհի երեք հզորագույն պետություններից մեկի` Ռուսաստանի ղեկավարների մասին է (Չինաստանի ղեկավարն ու բարձրագույն ղեկավարությունը նույնպես գլոբալիստական ուժերինը չեն):
Ահա, վերը ներկայացված իրավիճակում է, որ գլոբալիստական ուժերը որոշել են տապալել Պուտինին, նրա իշխանությունը, ծնկի բերել, խամաճիկ պետության վերածել կամ կործանել Ռուսաստանը: Դրա համար բավական է ընդամենը նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակում (ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ) գտնվող, դրանից առաջ Սիրիայում պատերազմի և Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով տնտեսապես արդեն իսկ որոշ չափով թուլացած Ռուսաստանը ներքաշել Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատերազմի մեջ:
Հայաստանի կործանումը կանխելու կամ Անդրկովկասում իր քիչ թե շատ հուսալի միակ հենակետը և դաշնակցին, նրա հետ միասին ողջ Անդրկովկասը չկորցնելու, Ադրբեջանի և Թուրքիայի հզորացում, միացում, իր համար նույնպես մեծ վտանգ ներկայացնող պանթուրքական ծրագրի իրագործում թույլ չտալու համար, ինչպես նաև քրիստոնեական արժեհամակարգային, բարոյական մղումներով Ռուսաստանը հարկադրված կլինի ներքաշվելու այդ պատերազմում, եթե Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնությունից բացի, ուղղակի ռազմական միջամտությամբ հանդես գա` հարվածելով Հայաստանի և Արցախի տարածքներում որոշակի թիրախների կամ ռազմական ներխուժում իրականացնի:
Իսկ ի՞նչ է նշանակում պատերազմի մեջ ներքաշվել, ի՞նչ կնստի այդ հարկադրական քայլը ՌԴ-ի վրա: Հասկանալի է, որ Ռուսաստանը ռազմական և այլ առումներով Թուրքիայից ավելի հզոր պետություն լինելով, Հայաստանի և Արցախի հետ Թուրքիային և Ադրբեջանին, ի վերջո, պարտության կմատնի, սակայն այդ պատերազմն անհետևանք չի լինի նաև Ռուսաստանի համար, ավելի ճիշտ, հետևանքները կարող են լինել շատ ծանր:
Պատերազմի յուրաքանչյուր օրն ահռելի ծախս կպահանջի Ռուսաստանից (ցանկացած պատերազմող երկրի համար պատերազմն, ընդհանրապես, թանկ հաճույք է), եթե նույնիսկ Ռուսաստանն այդ օրվա ընթացքում չկորցնի ոչ մի ինքնաթիռ, ուղղաթիռ, ԱԹՍ, տանկ, զրահամեքենա, հրթիռային կայանք կամ հրանոթ: Մինչդեռ երբ խոսքը զորքի թվակազմի և զինվածության առումով աշխարհի լավագույն բանակներից մեկի` Թուրքիայի բանակի դեմ պատերազմելու մասին է, այդ, ինչպես նաև մարդկային մեծաթիվ կորուստները կլինեն ուղղակի անխուսափելի:
Դժվար չէ պատկերացնել, թե դրանից հետո ինչ իրավիճակ կառաջանա Ռուսաստանում, այնտեղ Պուտինի և նրա իշխանության դեմ ռուս բնակչության թեկուզ մի մասի կողմից դժգոհության, բողոքի և ապստամբության ինչ ալիք կարող է բարձրանալ, հատկապես, Ռուսաստանում տեղեկատվական, քարոզչական լուրջ կարողությունների տիրապետող սորոսական և այլ ուժերի (թուրք-հրեական լոբբի, մասոններ) ուղղորդմամբ, երբ այստեղից ինքնաթիռները ցինկապատ դագաղներով Ռուսաստան կտեղափոխեն հայերիս համար զոհված ռուսաստանցի զինծառայողների դիակները, և, զուգահեռաբար, ՌԴ-ում կվատանա սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը պատերազմի պահանջած ահռելի ծախսերի պատճառով: Եթե վերոնշյալին գումարենք նաև այն, որ Ռուսաստանում գտնվող ադրբեջանական համայնքը և ՌԴ քաղաքացիներ հանդիսացող մեծաթիվ մուսուլմանների մի մասն այդ ընթացքում ձեռքերը ծալած չեն նստի, պատկերը թերևս կամբողջանա:
Ի դեպ, ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերն այդպիսի սցենար էին նախատեսել նաև 2016 թվականին` Ալիևին հրահանգելով կամ նրանից պահանջելով սկսել ապրիլյան պատերազմը, սակայն այն պահից, երբ իրական սպառնալիք առաջացավ, որ սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունները կվերածվեն լայնամասշտաբ պատերազմի, Ռուսաստանին հաջողվեց երկու կողմերի ներկայացուցիչներին Մոսկվա կանչելով, նրանց պարտադրել զինադադար:
Թյուր տեղեկացվածության, մոլորության հետևանք է այն կարծիքը, թե Ռուսաստանը երբեք Թուրքիայի դեմ չի պատերազմի, քանի որ այդ դեպքում ՆԱՏՕ-ի պայմանագրով ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ այլ պետություններ նույնպես կներքաշվեն տվյալ պատերազմում, բանը կհասնի Երրորդ համաշխարհայինի և մարդկային ողջ քաղաքակրթության կործանման: ՆԱՏՕ-ի պայմանագիրը չի գործի Թուրքիայի նախահարձակ լինելու դեպքում, մանավանդ, որ պատերազմն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Երրորդ համաշխարհայինի չվերածելու հրամայականով ո՛չ Ռուսաստանը կհարվածի Թուրքիայի տարածքում գտնվող թիրախներին, ո՛չ էլ Թուրքիան` ՌԴ տարածքում գտնվող թիրախներին:
Կարող է նաև հարց առաջանալ, թե Թուրքիայի նախագահը հո հիմա՞ր չէ, որ աչքի առաջ ունենալով Ռուսաստանի հետ անմիջական բախումը, հայ-ադրբեջանական պատերազմում ուղղակի ռազմական միջամտությամբ հանդես գա: Իհարկե հիմար չէ: Բայց եթե Էրդողանը, Թուրքիայի պաշտպանության նախարարը և պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ներկայացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ գլոբալիստական ուժերի ներկայացուցիչներից են կամ նրանց կամակատարները, ապա վերջինի պարագայում, թեկուզ չուզենալով հանդերձ, հարկադրաբար կգնան վերոնշյալ քայլին: Հիշենք այս հոդվածաշարի սկզբում մեջբերված Միջին Արևելքի և Կովկասի հիմնահարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի խոսքը, որը, կարծում ենք, հենց գլոբալիստական ուժերը նկատի ունենալով է ասել. «Ինչ-որ ուժեր ճնշում են գործադրում Ալիևի վրա, ինչին դիմադրել ոչ ոք չի կարող…»:
Մանավանդ որ, ինչպես նշեցինք, Ռուսաստանը և Թուրքիան հասկանալի պատճառով միմյանց տարածքներում գտնվող թիրախներին չեն հարվածի, պատերազմը կծավալվի Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում` այս պետությունների տարածքը վերածելով մի նոր Սիրիայի, Թուրքիայի բնակավայրերը, ռազմավարական օբյեկտները և այլն չեն ոչնչանա: Տակն ի՞նչ մնաց` մարդկային, ֆինանսական, նյութատեխնիկական կորուստները… Թուրքիայի համար դա հոգ չէ, այս պետությունը պատմության ընթացքում քանիցս ապացուցել է, որ զինվորները նաև զոհվելու համար են, իսկ մնացյալ կորուստները, որոնք կունենա, շռայլորեն կփոխհատուցվեն ԱՄՆ-ի և Արևմուտքի նրա դաշնակիցների կողմից:
Կասկածից դուրս է, որ Ռուսաստանը գիտակցում է իր դեմ նյութվող վերոնշյալ դավադրությունը և հնարավոր ամեն ինչ անում է իրադարձությունների նման վտանգավոր զարգացում թույլ չտալու համար:
«Մենք շատ անհանգստացած ենք կատարվածի կապակցությամբ,- հուլիսի 16-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։- Արտաքին գործերի նախարարությունը (Ռուսաստան) հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որում մենք կոչ ենք արել կողմերին անհապաղ հրադադար հաստատել ու սկսել բանակցությունները՝ այդ դեպքերի կրկնությունը կանխելու համար: Դժբախտաբար, առճակատումը սահմանին, այսպես ասենք, շարունակվում է. այս գիշեր տեղի ունեցավ ռազմական բախումների հերթական բռնկումը»:
ՌԴ փոխարտգործնախարի հավաստմամբ, Ռուսաստանն արյունահեղությանը վերջ տալու համար գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ինչպես արտաքին գործերի նախարարների, այնպես էլ երկու երկրների գլխավոր շտաբների պետերի հետ շփումներում:
Անդրեյ Ռուդենկոյի հավաստմամբ, Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ և կդրսևորի ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միայն կարգավորի ներկայիս սահմանային բախումը, այլև որ` իր համար եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ընդհանրապես բարելավվեն: Ըստ նրա, Ռուսաստանն այդպիսի հնարավորություններ ունի, և մի քանի անգամ դրանցից օգտվել է, այդ թվում՝ 2016 թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների բռնկման ժամանակ: Փոխարտգործնախարարը վստահություն է հայտնել, որ իրենց բոլոր հնարավորությունները կգործարկվեն:
«Իրավիճակի վտանգը կայանում է նրանում, որ այն կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա»,- ասել է Ռուդենկոն և հավելել, որ տարածաշրջանն իսկապես բավականին պայթյունավտանգ է, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է չկարգավորված:
ԱԳ փոխնախարարի խոսքով` այդ կապակցությամբ, իհարկե, մեծանում է միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների դերը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:
«Ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում, իհարկե, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի ներգրավվածությամբ,- ասել է Անդրեյ Ռուդենկոն:- Հուսով ենք, ջանքերը որոշակի արդյունքների կբերեն: Հիմա գլխավորը` դադարեցնել արյունահեղությունը սահմանին և ավելի ակտիվորեն զբաղվել հիմնական հարցերի կարգավորմամբ, ակտիվացնել Մինսկի խմբի և համանախագահների ջանքերը: Վստահ եմ, որ նրանք կզբաղվեն դրանով, այս պրոցեսի առաջխաղացման պլաններն արդեն նախանշվել են»:
Նշելով, որ հիմա ամբողջ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է հնարավորինս արագ դադարեցնել այն, ինչ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել վերջին օրերին, փոխնախարարն ասել է. «Այս կապակցությամբ անչափ կարևոր է այն պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք նաև Մինսկի խմբի անդամ են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խումբը շատ ավելի մեծ թվով պետությունների է միավորում, քան միայն երեք համանախագահողներն են: Այն երկրները, որոնք շրջապատում են, որոնք սահմանակից են այդ տարածաշրջանին, պետք է դրսևորեն առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն և զսպվածություն, այդ թվում՝ հրապարակային հռետորաբանության մեջ»:
Պարոն Ռուդենկոն ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիան, որը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և շատ թափանցիկ ակնարկել այդ մասին: Ստեղծված իրավիճակից անհանգստացած է նաև անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օրերս քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանային իրադրությունը:
«Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների, ներառյալ` Ադրբեջանի և Հայաստանի հետ, գլխավորապես այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրացման լույսի ներքո,- «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դրանից հետո, հուլիսի 27-ին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում քննարկելով Անդրկովկասում առկա վիճակը, կարևորել է լարվածության աճը խթանող ցանկացած գործողության անթույլատրելիությունը: Չնայած դրան, նախատեսված զորավարժություններին մասնակցող թուրք զինվորականները և Թուրքիայի զրահատեխնիկան հուլիսի 27-ին մտել են Նախիջևան:
Թուրքիայի ՊՆ հրապարակած տեսանյութի համաձայն, Նախիջևանի Սադարակի շրջանում, Արաքսի վրա գտնվող «Հույս» կամրջին տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական դրոշների փոխանակում: Այլ տեղեկությունների համաձայն, հանդիսավոր արարողության ժամանակ Թուրքիան երկինք է բարձրացրել կործանիչներ: Թուրքիայի վերոնշյալ քայլն, անշուշտ, տարածաշրջանում լարվածության աճը խթանող գործողություն է, և այն հենց այդպես են ընկալում և՛ Հայաստանի շարքային քաղաքացիները, և՛ ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը: Թերևս պատահական չէ, որ Թուրքիայի հիշյալ գործողությանն արձագանքելով, վերջին օրերին Հայաստանում ևս կործանիչներն օդ բարձրացվեցին, դրանք սուրում էին նաև Երևանի երկնքում:
Ահա այս իրավիճակում «ՀՀ Ազգային ժողով» կոչվածի իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, թե «Թուրքիան չի միանա Ադրբեջանին` Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում»: Բնականաբար, հարց է առաջանում` ախր ի՞նչ գիտեք… Թուրքիան չի միանա Ադրբեջանին, եթե այն Հայաստանի և Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծի, այդ պարագայում մեզ թույլ կտա՞, որ հակագրոհով հասնենք մինչև Գանձակ ու Բաքու, թույլ կտա՞, որ Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրենք… Սա՞ է իշխող խմբակցության ղեկավարի քաղաքական հասունության և աշխարհաքաղաքական իմացության մակարդակը… Այսպիսի դեպքերում կանգնում ես հայտնի երկվության առջև` խնդա՞լ թե՞ լալ…
ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանը որոշել է հեգնել և «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը .
«Ճանաչեցի՞ք։ Լիլիթ Մակու՞նցն է։ Ձեզ միայն թվում է։ Սա մեր հպարտությունն է, սուպերգործակալը՝ Մարդ-սարդը (ճպսՏՉպՍ տՈցՍ), Մարդ-կրետը (ճպսՏՉպՍ ՏրՈ), Մարդ-թիթեռը (ճպսՏՉպՍ-ՎՏՑօսպՍ), Մարդ-մրջյունը (ճպսՏՉպՍ-ՎցՐՈՉպռ) և վերջապես Անտեսանելի մարդը (ճպսՏՉպՍ-վպՉՌՊՌՎՍՈ) նույն դեմքում!!! Նա կարողացել է էս վերջին 3-4 օրը թափանցել թուրքական պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ, ուսումնասիրել և լուսանկարել է քարտեզներն ու գործողությունների պլանները, այնուհետև ինքնաներդրվել է Էրդողանի ու Չավուշօղլուի ականջներում ու ուղեղներում, թուրքական կառավարական կապի լարերում ու «պարզել» է ամեն ինչ։
Կարող ենք հիմա հանգիստ լինել՝ ինքը սաղ իմանումա!!!!
Հ.Գ. Զգույշ եղեք, փաստորեն ոչ միայն բոլորն են իրա մեջ, այլև ինքը բոլորի մեջ ազատ ներսուդուրս կարա անի»:
Ավելորդ չենք համարում հիշեցնել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի՝ հրամանատարներին և զինվորներին ուղղված հրապարակային մարտական կոչի գլխավոր ուղերձը. «Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:
Հնարավո՞ր է, որ գլոբալիստական ուժերը հրաժարվեն Ալիևին պատերազմի մղելու իրենց մտադրությունից: Հնարավոր է, եթե նկատի ունենան, որ նման քայլից հետո իրենք ևս անպատիժ չեն մնա: Միաժամանակ, վերջին տեղեկությունների համաձայն, Թրամփը նախընտրական լավ վիճակում չէ, գլոբալիստները` հանձին ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատական թեկնածու Ջոզեֆ (Ջո) Բայդենի, առաջիկայում հաղթելու, ԱՄՆ-ի ղեկն ամբողջապես իրենց ձեռը վերցնելու հնարավորություն են տեսել, ինչը նրանց կարող է Ռուսաստանի հետ հետագա դիմակայության ընթացքում Պուտինի իշխանության հարցերն այլ կերպ լուծելու հույս տալ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ