ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էմիրաթցիների բարձրագույն կրթությունը հիմնականում անվճար է

Էմիրաթցիների բարձրագույն կրթությունը հիմնականում անվճար է
02.06.2017 | 08:01

ԱՄԷ-ում վերջին տարիներին բազմաթիվ արտերկրյա համալսարաններ են գործում: Ամենահեղինակավորներից մեկը 2006-ին հիմնադրված Աբու Դաբիի երկլեզու (անգլերեն, ֆրանսերեն) Փարիզ-Սորբոն համալսարանն է: Երեք տարի ժամանակավոր շենքում գործելուց հետո այն 2009-ին տեղափոխվել է նորակառույց Ռիմ Այլնդի նոր շենք, որը, կարծես, Սորբոնի համալսարանի կրկնօրինակը լինի: Կրթական գործընթացի համար բարենպաստ և ժամանակակից պայմաններով ապահովված համալսարանում ութ հարյուրից ավելի ուսանող է սովորում: Բազմազգ համալսարանին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել նրանց պաշտոնական կայք՝ www.sorbonne.ae:


Իսկ իմ զրուցակիցը Փարիզ-Սորբոն համալսարանի անգլերենի դասախոս ՆԻՆԱ ՍԱՆՈՍՅԱՆՆ է: Նա նաև դասավանդել է Ալ Էին քաղաքի Էմիրեյթս համալսարանում: Տարբեր համալսարաններում աշխատելու փորձառությունը կօգնի նրան համեմատություն կատարելու այս համալսարաների միջև՝ կապված ուսանողների, կրթական ծրագրերի հետ: Տիկին Նինան առաջին հերթին ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքի վրա. «Էմիրաթյան համալսարանն ամենահին համալսարաններից է, իսկ Սորբոնը վերջին տասը տարիներին գոյություն ունի: Էմիրաթյան համալսարանի աշակերտների մեծամասնությունը էմիրաթցիներ են, որոնք եկել են տարբեր էմիրություններից: Օտարերկրացիների թիվը շատ քիչ է: Իսկ Փարիզ-Սորբոն համալսարանում կան Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Եվրոպայից, արաբական երկրներից, ԱՄԷ-ից եկած ուսանողներ: ՈՒսանողությունը տարբեր է, մշակույթը, որ նրանք բերում են իրենց հետ, ևս տարբեր է, քանի որ տարբեր նախապատմությամբ են եկել»: ԱՄԷ-ի տարբեր համալսարաններում մեծաքանակ համալսարանների գործունեությունը խոսում է այն մասին, որ երկիրը փորձում է ոլորտում գոյություն ունեցող բացը մեծ արագությամբ լրացնել. «Ներկայումս շատ մեծ արժեք ունի ուսումը Արաբական Էմիրություններում: Տասը տարի է անցել կրթական բարեփոխումներից, նորություններ են բերվել, ուստի բարձրագույն կրթության մակարդակն ավելի է բարձրացել վերջին տարիներին: Շատ մեծ աշխատանք է տարվում կառավարության կողմից, որպեսզի կարողանան ժողովրդին բարձրագույն ուսում տալ»: Իմ այն հարցին, թե բարձրագույն կրթությունը թանկ է երկրում, տիկին Սանոսյանը պատասխանեց. «Օտարերկրացու համար ուսումն ԱՄԷ-ում էժան չէ: Տեղացիների համար հիմնականում անվճար է, քանի որ կառավարությունը տալիս է իրենց այս հնարավորությունը, և իրենք էլ գնահատում են: Փարիզ-Սորբոն համալսարանը դրսից եկողի համար էժան չէ»: Տարեկան հազարավոր դիպլոմավորված մասնագետներ են ավարտում համալսարանները, որոնք պատրաստ են դասավանդելու, գիտելիքներ փոխանցելու և փորձ կուտակելու, նրանցից շատերի հայացքն ուղղվում է արագ զարգացող ԱՄԷ: Արդյոք ԱՄԷ-ում հե՞շտ է դասախոսի աշխատանք գտնելը: Տիկին Սանոսյանն ասաց. «Մեր համալսարանում աշխատանքի ընդունվելու համար պետք է PhD դիպլոմ ունենաս (սա դասախոսելու արտոնություն է տալիս): Շատ կան դասախոսներ, որոնք ապրում են Աբու Դաբիում և աշխատում այստեղ, ունենք նաև այցելու դասախոսներ (երկու շաբաթով): Անգլերենի դասախոսների համար ավելի հեշտ է գործ գտնելը, իսկ մյուսները երբեմն կարողանում են, երբեմն՝ ոչ»: Նինա Սանոսյանը պատմեց, որ երբ պետք է իր զավակները բարձրագույն կրթություն ստանային, նրանց ընտրած մասնագիտություններով ֆակուլտետներ դեռ չէին բացվել այստեղ: Բացի դրանից, նրանք հայտնի և հասկանալի պատճառներով կրթությունը շարունակել են Կանադայում:


Սանոսյանների ընտանիքը քսան տարուց ավելի ապրել է ԱՄԷ-ում, տեսել է երկրում հայ համայնքին առնչվող փոփոխությունները. «Երբ մենք եկանք, օտար համալսարաններ չկային, տեղական համալսարաններ էին, առևտրի կենտրոններ չկային: Այսօր երկիրը շատ է առաջ գնացել, նաև՝ ուսման տեսանկյունից: Իրականում բախտավոր ենք, որ այստեղ գալու առիթ ենք ունեցել, զավակներս էլ շատ ուրախ են, որ առիթ են ունեցել այլ վայրում մեծանալու, տարբեր մշակույթի կրող մարդկանց հետ ծանոթանալու: Մինչև հիմա էլ իրենց բարեկամությունը, ընկերությունը պահում են աշխարհի տարբեր անկյուններից եկած մարդկանց հետ: Փառք Աստծո, աշխատանք ունեցանք, աշխատեցինք, բոլորովին նոր վայրեր տեսանք»: Ինչպես նախորդ զրուցակիցներս, նա ևս կարևորեց հայ համայնքի հետ հարաբերությունները. «ՈՒր գնում ենք, ուզում ենք միշտ հայության մեջ լինել: Շատ ուրախ ենք, որ երբ այստեղ եկանք քսաներեք տարի առաջ, մեկ-երկու հոգու էինք ծանոթ, մի քանի տարի անց արդեն գաղութի մեծ մասին ճանաչում էինք»: Նինա Սանոսյանը վերհիշեց այն տարիները, երբ համայնքը սեփական եկեղեցի չուներ, պատարագները մատուցվում էին այլ եկեղեցիներում: Նրա խոսքով՝ համայնքին վերաբերող կարևորագույն փոփոխությունը Սրբոց Նահատակաց եկեղեցու հիմնադրումն է:


Ի դեպ, հունիսին Նինա Սանոսյանը հրաժեշտ կտա Փարիզ-Սորբոն համալսարանին և Աբու Դաբիին, կմիանա ընտանիքին, որը հաստատվել է Կանադայում: Նա այս տեղափոխությանը բնական է վերաբերվում, քանի որ յուրաքանչյուր օտարերկրացի գիտի՝ մի օր պետք է լքի երկիրը. «Ես կառաջարկեմ գալ մինչև հինգ տարի ժամանակով և վերադառնալ»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ