Փաշինյանն ու Ալիևը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ «խմբագրել» են հայտարարությունը. Փաշինյանը ճանաչել է Բաքվի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ, հետևաբար նաև Լաչինի միջանցքի նկատմամբ, իսկ Ալիևը փակել է միջանցքը։
Եռակողմ հայտարարության երկու կողմերը (Երևանն ու Բաքուն) դե ֆակտո հետ են վերցրել իրենց ստորագրությունները նոյեմբերի 9-ի փաստաթղթից, և Արայիկ Հարությունյանը չի կարող դա չիմանալ / չհասկանալ։
Այսօր Լաչինի միջանցքում Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներ չկան միայն ՄԵԿ պատճառով՝ Պրահայի համաձայնությունը ԴԵՌ ստորագրված չէ, սակայն, հաշվի առնելով մայիսին սպասվող Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով վաշինգտոնյան հանդիպումը, կարելի է ենթադրել, որ այդ «հարցը շուտով կլուծվի»։
Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով ոչնչացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իսկ Արցախի ժողովրդին դատապարտել:
Մեր ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը ապահովել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի կատարումը, բայց առաջին հերթին պետք է մեր ժողովրդին անկեղծորեն ասի, որ Նիկոլ Փաշինյանն ինքը դուրս է եկել այս համաձայնագրից։
Սակայն փաստն այն է, որ նույնիսկ Արցախի հանձնումը Հայաստանին չի երաշխավորում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ինչի մասին Փաշինյանը բազմիցս խոսել է հենց այս տարի (2 ասուլիս, շփում Գերմանիայի հայ համայնքի հետ, հաշվետվություն ԱԺ-ին):
Կրկին պետք է ասվի, որ քանի պաշտոնական Երևանը չի փոխել իր մոտեցումները Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ իրավիճակն այսպիսին է լինելու։ Իսկ քանի որ Փաշինյանը միանշանակ չի վերանայի իր մոտեցումները այս հարցում, ուստի պետք է վերանայվի իր պաշտոնավարման հնարավորությունը վարչապետի պաշտոնում։
Ես դեռ չեմ կարողանում ընտելանալ այն մտքին, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պետք է նման բաների մասին խոսեմ:
Ցեղասպանությունը չի կարող լինել մեր ազգային ընտրությունը։
Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ