ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱԳՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է «պատերազմը» հայկական պատմամշակութային ժառանգության դեմ

ԱԳՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է «պատերազմը» հայկական պատմամշակութային ժառանգության դեմ
20.11.2020 | 14:20

Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են «իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ, հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը:


«Խստորեն դատապարտելի է նաև Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է: Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ զինված ագրեսիայի արդյունքում Արցախի տարածքի զգալի մասը, որտեղ տեղակայված են հայկական ժառանգության բազմաթիվ մշակութային հուշարձաններ, հայտնվել է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ։ Մայիլյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «համացանցում շրջանառվում են տեսագրություններ և լուսանկարներ, որտեղ երևում են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատերին ադրբեջաներեն գրություններ»։ «Քանդվել են եկեղեցու կոմպոզիցիոն մասը կազմող քանդակներ, վնասվել են անմիջապես եկեղեցում գտնվող արտեֆակտեր։ Ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարված են հասցրել եկեղեցու վրա։ Հարձակման արդյունքում լուրջ վնասներ են հասցվել եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել են լրագրողներ, որոնք եկեղեցում էին` առաջին հարվածի հետևանքները փաստագրելու նպատակով», - նշված է նամակում:

Մայիլյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ