«Համերգային միջոցառումները տեղափոխելու առիթ չենք ունեցել, բացառությամբ Իվո Պոգորելիչի համերգի»
12.05.2020 | 00:57
«Երևանյան հեռանկարներ» 21-րդ երաժշտական փառատոնը պետք է մեկնարկեր մայիսի 12-ին՝ լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչի ելույթով: Հասկանալի պատճառներով բացման համերգը հետաձգվեց: Չկայացավ նաև Բարսեղ Թումանյանին նվիրված հոբելյանական համերգը, որ տեղի էր ունենալու մարտի 30-ին՝ օպերային թատրոնի հետ համագործակցությամբ:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն տարի իրենց գարունները շատ ավելի հագեցած էին, անցյալ տարի չորս մեծ միջոցառում են կազմակերպել: Բարեբախտաբար, այս տարի հագեցած են աշնանային ծրագրերը, և համերգային միջոցառումները տեղափոխելու առիթ չեն ունեցել, բացառությամբ Իվո Պոգորելիչի համերգի, որը տեղափոխվել է սեպտեմբեր: Այսպիսով, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին նշանակված բոլոր համերգներն ուժի մեջ են:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ արտիստները խուսափեն հյուրախաղերից, Սոնա Հովհաննիսյանը պատասխանեց, որ խնդիրներ կարող են ունենալ կազմակերպիչները, բայց ոչ` արտիստները. «Շփման մեջ ենք նամակագրությամբ, հեռախոսային զրույցներով, նրանց համար ծանր է հանդիսատեսի հետ շփման այս երկարատև ընդհատումը, և օր առաջ ուզում են սկսել համերգային գործունեությունը: Ինչ վերաբերում է Իվո Պոգորելիչի համերգին, դաշնակահարի մենեջերի հետ այսօր ենք խոսել, ու վերջինս ասել է, որ ամեն ինչ կախված է ավիաուղիների թռիչքները վերսկսելու քաղաքականությունից: Նախարարության հետ կապվել ենք, պարզել, որ քննարկվում է սեպտեմբերին դահլիճները բացելու հարցը: Կարծում եմ` համերգները ուժի մեջ կլինեն, արտիստներն էլ կգան, ու փառատոնը կկայանա»:
«Երևանյան հեռանկարները» մեկնարկելու է մեքսիկացի աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլյասոնի այցով Երևան, ով ֆրանսիացի հռչակավոր տավղահար Քսավիե դը Մեստրի նվագակցությամբ կներկայացնի «Լատինական սերենադներ» ծրագիրը:
Սեպտմբերի 18-19-ին Երևանում և Գյումրիում նախատեսվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` հայկական ծագումով հանրահայտ դիրիժոր Պիտեր ՈՒնջյանի ղեկավարությամբ:
Այս օրերին «Երևանյան հեռանկարները» փորձել է սատարել երաժշտասեր հանրությանը առցանց հարթակում: Ապրիլի 24-ին Սոնա Հովհաննիսյանը հարցազրույց է ունեցել մեր օրերի մեծագույն դաշնակահար, հայ ժողովրդի բարեկամ Եվգենի Կիսինի հետ, որը հասանելի էր «Հեռանկարների» ֆեյսբուքյան էջում: Հեռարձակել են նաև փառատոնի տարբեր տարիների լավագույն համերգները՝ երաժշտասերներին հնարավորություն ընձեռելով լսելու Վիեննայի ֆիլհարմոնիկի Երևանում կայացած համերգը, Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգը: Այս տարի երաժշտական աշխարհը ցավալի կորուստ կրեց` կյանքից հեռացավ Քշիշտոֆ Պենդերեցկին: Իբրև հիշատակի տուրք՝ «Հեռանկարների» ֆեյսբուքյան էջում ներկայացվեց փառատոնի՝ տարբեր տարիներին կազմակերպած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» շարքի համերգների ընտրանին:
Նշենք, որ փառատոնը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կշարունակեն 11 անգամ Գրեմմի մրցանակի արժանացած «Էմերսոն» լարային քառյակը, սոպրանո Էլինա Գարանչան, դաշնակահար սըր Անդրաշ Շիֆը և այլ մեծանուն երաժիշտներ։ Տեղի կունենա նաև 2000-ին հիմնադրված փառատոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ