ՈՒսուցիչների մի մասն այդպես էլ չի հրաժարվում վերադասին շողոքորթելու քստմնելի երևույթից
24.04.2020 | 00:45
Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում է աշխատում ուսուցիչը, որ հանուն Նիկոլ Փաշինյանի պատրաստ է մորթելու բոլոր-բոլորին: Աշոտ Հոխիկյանը, որ պատասխանատու է մեր երեխաների կրթության ու դաստիարակության համար, այն կուռ համոզմանն է, որ պետք է սրախողխող անել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին նա Facebook-ի իր էջում է գրել: Այն, որ ուսուցիչներն այս կամ այն կերպ միշտ էլ ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, կուռքեր են ունեցել ու երկրպագել վերադասին, նորություն չէ: Բայց որ դասարան մտնող «մանկավարժը» հանուն իր կուռքի պատրաստ է մարդասպանություն անելու, դա իրոք նոնսենս է: Խոսքը, իհարկե, ոչ բոլոր ուսուցիչների մասին է: Պարկեշտ, առաքինի, աշխատանքի արժեքն իմացող, իրապես արժանապատիվ ու հայրենասեր ուսուցիչների պակաս երբևէ չենք ունեցել ու չենք ունենա, պարզապես պետք է բացահայտել կավիճն ու գրիչը թրին ստորադասող, հոգին սատանային ծախելու պատրաստ բոլոր «վարժապետներին» ու րոպե առաջ դպրոցից դուրս շպրտել նրանց: Ամիսներ առաջ, երբ ուսումնասիրում էի, թե ովքեր ինչ մեկնաբանություն են թողնում վարչապետի՝ ընկերոջ ծնունդին ուղղաթիռով գնալու լուրի տակ, ցավ ի սիրտ հայտնաբերեցի, որ ոչ միայն մասնագիտական, այլև անձնական որակներիս մասին տեսակետ էր հայտնել նաև այն ուսուցիչը, ում ոտնահարված իրավունքների համար իրենից առավել էի պայքարում: Խոսքն Ավշարի դպրոցի ուսուցիչներից մեկի մասին է, որ անեծք ու լուտանք էր թափել «իր վարչապետին բան ասած» լրագրողի հասցեին: Այն լրագրողի, որ շաբաթներ շարունակ բարձրաձայնել ու գրել էր ուսուցչական մի ամբողջ կոլեկտիվի խնդրի մասին: Այդ ամենի համար չեմ զղջում, մասնագիտական իմ պարտքն եմ կատարել, ցավում եմ սակայն, որ այսօր մորթելու ցանկություն ունեցող և ավշարցի տիկնոջ նման անսկզբունքային մարդիկ են դպրոց մտնում: Ցավում եմ նաև, որ բոլոր իշխանություններին հավատարմության երդում տալով՝ ուսուցիչների մի մասն այդպես էլ չի հրաժարվում վերադասին շողոքորթելու քստմնելի երևույթից:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ