«Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…»
17.04.2020 | 01:53
«Բժշկական համալսարանի հիմնադիրները և գիտական գիրքերու առաջին հեղինակները նորեն հայեր եղած են: Թուրք թատրոնը իր գոյությունը հայերուն կպարտի: Գերման հեղինակավոր գիտնական մը պատմագիտական իր մեկ գրքին մեջ երբոր կվերլուծե Թուրքիո մեջ ապրող տարրերը, հայերու մասին գովեստով կխոսի և թուրքը ավելի մոտիկ կգտնե հայ տարրին հետ ու կավելացնե. «Այս ժողովուրդը միջավայրին հարմարվելու մասնավոր հատկություն մը ունի, և դժվար է շատ անգամ հայը թուրքեն զանազանել»: Ահա ասանկ ուշիմ և ընդունակ ազգի մը հետ միասին կապրինք որ մինչև հիմա ալ ամեն ազգի մեջ տիրապետող է:
Երբոր այս խոսքերը կարտասաներ նախագահը, իր դեմքին վրա որոշ դառնություն մը կար, և կարծես ձայնը կոկորդին մեջ պիտի խեղդվեր: Բայց ինչ որ ըլլա այս վայրկյանիս աչքիս ավելի բարձրացավ այս թուրք մտավորականը որ թուրք ազգի փառաբանության սահմանված շենքի մը բեմեն պատմական տվյալներով ճշմարտությունը կխոսեր և չէր քաշվեր ըսելու թե մինչև այսօր հայերը շատ մը ճյուղերու մեջ տիրապետող են:
Ով գիտե Կոմիտաս վարդապետ ներքին ինչ հուզումներ ունեցավ, լսելով գնահատանքի խոսքերը իր ազգին ուղղյալ որուն մեջ ինքն ալ պատվաբեր բաժին մը ուներ:
Նախագահին բացման խոսքերեն հետո դաշնակին առջևն անցավ Կոմիտաս վարդապետ և խորհրդավոր լռության մեջ սկսավ երգել:
Ամենուն ուշադրությունը վարդապետին վրա էր, բոլորը հափշտակված մտիկ կընեին:
Առաջին երգը՝ «Կռունկը» երբոր լմնցավ, խելահեղ ծափահարություններ իրարու հաջորդեցին. առինքնող մագնիսական հոսանք մը լեցուց սրահը որ հոգիե հոգի կթափանցեր. հանդիսականները իրարու միջև հիացման ակնարկներ կփոխանցեին: Մանավանդ «Հով արեք սարեր ջան» և «Կալի երգը» այնքան հիանալի էին որ «մաշալլահ, Աստված չար աչքե պահե» թուրքերեն բացագանչությունները օդը կթնդացնեին:
Հայ երգը և հայ երգիչը իրենց փառքի գագաթնակետին վրա էին: Կոմիտասի ամեն մեկ երգը կարծես աստվածային երաժշտություն մըն էր որ երկինքեն կու գար և գարնանային անույշ զեփյուռի մը նման հոգիները կվերանորոգեր: Երգերու ամբողջ տևողության ոգևորությունը աննկարագրելի էր: Վարդապետը անգամ մը ևս ցույց տված էր թե հայը իր մշակույթով և երգով պիտի ապրի և պետք է ապրի»:
ՈՒշադրություն դարձրեցի՞ք՝ Աբդուլ-Մեջիդի կողքին նստած էր հրեշը՝ ներքին գործերի նախարար Թալեաթը: Նա առաջին անգամ չէր տեսնում Կոմիտասին: 1913 թ. աշնանը ամփոփվեց մեկ տարի տևած միջոցառումների շարքը՝ նվիրված գրերի գյուտի 1500-ամյակին և հայ տպագրության 400-ամյակին, որին անմիջական մասնակցություն ունեցավ Կոմիտասը: Հոկտեմբերի 14-ին նշվեց Թարգմանչաց տոնը, Մայր եկեղեցում կայացավ պատարագ, որի ժամանակ երգեց դպրաց դասը՝ Կոմիտասի ղեկավարությամբ: Մեկ ժամ անց եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր տոնակատարություն՝ բազմաթիվ հրավիրյալ հյուրերի ներկայությամբ, որի ժամանակ ելույթ ունեցավ ու հայ ժողովրդի հասցեին գովեստի խոսքեր շռայլեց Թալեաթը:
Հաջորդ օրվա տոնակատարությանը մասնակցեց Ջեմալը՝ ցեղասպանության կազմակերպիչներից ևս մեկը:
Երկուսի կողմից էլ պարզ ու խորամանկ երեսպաշտություն էր, նրանք արդեն մտմտում էին հայությանը բնաջնջելու հրեշավոր ծրագիրը:
Այժմ անդրադառնամ Հալիդե Էդիբին:
Ես երբեք կռիվ չեմ տվել ու չեմ տալիս ոչ ևս պատմական անձանց հետ. ի՞նչ իմաստ ունի տարիների հեռվից բանավիճել մեկի հետ, ով պատասխանելու ի վիճակի չէ: Բայց հանըմի պարագան ուրիշ է, նրան հարկ է անդրադառնալ, որովհետև տիկնոջ արտահայտած մտքերը ներկայիս Թուրքիայի ղեկավարության ժխտողական քաղաքականության հիմնաքարերն են:
1926 թ. Հալիդե Էդիբը Նյու Յորքում անգլերեն թարգմանությամբ հրատարակեց իր «Հուշեր» գիրքը, որի 370-374 էջերը վերաբերում էին Կոմիտասին: Հիմա մեջ կբերեմ այդ էջերը, բայց կանեմ հատվածաբար՝ վերլուծելով ամեն մի զեղծարարություն:
«Թուրքական օջախի՛՛ բեմը և սրահը այդ տարիներին (1913-1914) բաց էին դասախոսությունների, թատերախաղերի և նվագահանդեսների համար, որոնք նախատեսված էին բարձրացնելու հասարակության ընդհանուր ճաշակը: Այստեղ էր, որ առաջին անգամ սկիզբ դրվեց խառն ունկնդրության սովորությանը: Այն ժամանակ, շնորհիվ Օջախի երիտասարդների խոհուն և հիրավի կատարյալ կենցաղավարության, այս նախաձեռնությունը խոսակցության կամ քննադատության տեղիք չտվեց: Այդ նույն սրահում էր, որ ես ճառ արտասանեցի բազմաթիվ այլազգի ունկնդիրների առջև: Մեկ տարվա ընթացքում այս բանը միանգամայն բնական երևույթի վերածվեց, և ես զանազան հրապարակային դասախոսություններ ունեցա թե Օջախի ներսում, թե դրսում:
Այդ սրահում էր, որ ծանոթացա Կոմիտաս վարդապետի՝ հայ քահանայի, երաժշտի ու կոմպոզիտորի հետ: Նա մեկն էր այն համբավավոր երաժիշտներից, դերասաններից ու դասախոսներից, որոնց Օջախը հրավիրում էր իր ամենշաբաթյա հանդիպումներին: (Օջախում ամենշաբաթյա հանդիպումների ծրագրի շուրջ կարծիքները տարբեր էին: Ոմանք ուզում էին, որ միայն թուրքականին առնչվող բաներ լինեն, իսկ մյուսները պնդում էին, թե ավելի լայն ազդեցություն կգործեր այլ ազգերի գեղագիտությանն ու մշակույթին ծանոթանալը: Այն ժամանակ հաղթեց վերջին տեսակետը):
Կոմիտասը մեծ հռչակ էր ձեռք բերել անատոլյան երգերով և հին Գրիգորյան տաղերի երաժշտությամբ, որ Կ. Պոլսում և Անատոլիայում ժողովել էր տարիների համբերատար աշխատանքով: Նա հայ երիտասարդների մի երգչախումբ էր կազմել և հայոց շրջանում մեծ առաջնորդ էր համարվում»:
Հայ ժողովրդական երգերը դարձրել է «անատոլիական երգեր»: Կոմիտասը երբեք Կ. Պոլսում և Անատոլիայում երգեր չի ժողովել, իսկ «անատոլիական»՝ Արևմտյան Հայաստանի երգերը բերում էին նրա ընկերներն ու բարեկամները:
«Երբ նա երևաց իր քահանայական սև ու երկար վերակուով, թուխ դեմքով, որ միամիտ պարզությամբ նման էր անատոլեցու դեմքի, գորովանքով լեցուն աչքերով և վճիտ երգերի կարոտալի ձայնով, ես զգացի, որ նա Անատոլիայի բանահյուսության ու երաժշտության մարմնացումն է:
Մեղեդիները նրանցից էին, որ հաճախ երգում էին մեր քեմախցի և էրզրումցի սպասավորները: Նա պարզապես հայերենի էր վերածել բառերը: Բայց որևէ կարևորություն չտվեցի լեզվին, ես միայն զգացի Անատոլիայի մենավոր տափաստաններից եկող այդ քնքույշ ու թախծագին մեղեդու ներքին իմաստը»:
Չի ասում Քեմախի և Էրզրումի հայկական երգերը ու դիտավորյալ գործածում է «Անատոլիա» եզրը՝ խույս տալով Արևմտյան Հայաստան եզրույթից:
«Այդ օրվանից մեր ծանոթությունը շարունակվեց: Կոմիտասը հաճախ էր գալիս իմ տուն ու երգում: Նա շարունակում էր գալ նույնիսկ հայերի ու թուրքերի փոխադարձ ջարդից հետո: Մենք երկուսս էլ տառապում էինք այս վիճակի մեջ, բայց մեզնից ոչ մեկը չէր հիշեցնում այդ մասին: Մեհմեդ Էմին և Յահյա Քեմալ բեյերը՝ երկուսն էլ խոշոր բանաստեղծներ, մարդկային տեսակետից ըմբռնում էին ազգայնականությունը, հետաքրքրվում նրա անձով ու գալիս էին լսելու: Յուսուֆ Աքչուրան էլ էր գալիս՝ մղված իր երաժշտասիրությունից, բայց հայտարարում էր, որ Կոմիտասը մեծ վնաս է պատճառել թուրքին, գողանալով նրա մշակույթը՝ երաժշտության ու երգերի տեսքով»:
Ժամանակակիցներից ոչ ոք Էդիբի անունը չի հիշատակել, Կոմիտասն, ինչ է, գաղտագողի՞ էր հաճախակի այցելում հանըմին:
«՛Փոխադարձ ջարդ»: Էրդողանը նու՞յն բանը չի ասում. 2019 թ. ապրիլին թուրքական արխիվներին նվիրված գիտաժողովի շրջանակում, հանդես գալով ելույթով, նա, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարեց, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակների ու նրանց աջակիցների աքսորումն ամենատրամաբանական վարքագիծն է եղել»:
Գրող ու բանաստեղծ Մեհմեդ Էմինը (1869-1944) 1907-ից հարել էր երիտթուրքերին: Հանրապետության հռչակումից հետո բազմիցս ընտրվել է Մեծ ազգային ժողովի պատգամավոր: Հ. Սիրունին նրա բանաստեղծություններից մի քանիսը թարգմանել է հայերեն ու տպագրել «Ազատամարտ» թերթում և Ռ. Զարդարյանի կազմած «Մեղրագետ» տարեգրքում: Էմինը քանիցս այցելել է Կոմիտասի տուն, խնդրելով երաժշտություն գրել իր մի քանի բանաստեղծությունների համար:
Բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ ու դիվանագետ Յահյա Քեմալը (1884-1958) հանդես էր եկել սուլթան Աբդուլ Համիդի վարչակարգի դեմ, ուսանել էր Սորբոնի համալսարանում ու Փարիզի հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում: Հանրապետության հռչակումից հետո բազմիցս ընտրվել է խորհրդարանի պատգամավոր: Եղել է Թուրքիայի դեսպանը Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Պակիստանում: Նրա պոեզիան և արձակը ներշնչված էին թուրքական երաժշտությամբ, ու գլխավոր միտքն այն էր, որ թուրք ազգը ձևավորվել է երկրի կենտրոնական մասի թուրքերի քրտինքից և արցունքներից:
Կոմիտասի ձերբակալումից անմիջապես հետո կուտինացի Կարո ՈՒշագլյանը զանգահարում է Համդուլլահ Սուբհիին. սա տեղում չի լինում, հեռախոսի մոտ են կանչում Մեհմեդ Էմինին: ՈՒշագլյանն ասում է եղելությունը և խնդրում միջամտել: Թուրք բանաստեղծը, որ վարդապետի արվեստի սիրահարներից էր, պատասխանում է.
-Էֆենդի, ասիկա կառավարական գործ է, չենք կրնար որևէ միջամտություն կատարել, չեմ կարծեր որ ծանր պարագայ մը կենայ, թերևս ազատ կ՛արձակեն,- ու հեռախոսն անջատում է:
Երբ Կոմիտասն աքսորից վերադառնում է, ՈՒշագլյանն այս մասին պատմում է նրան: Միայն մեկ բառ է ասում.
-Անօրէննե՜ր…
Յուսուֆ Աքչուրային, նույն ինքը Յուսուֆ Հասանովիչ Ակչուրինին (1876-1935) «Թուրքական օջախում» պատկանում էր առաջին ջութակի դերակատարումը: Սա ծնվել էր Վլադիմիր ՈՒլյանով-Լենինի հարազատ Սիմբիրսկում, և եթե Լենինին վերապահված էր ամբողջ աշխարհը իրար խառնել, հռչակվել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ, ձեռի հետ էլ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ոտնակոխ անել հայ ժողովրդի ազգային շահը, ապա թաթար գրող, հրատարակիչ, լրագրող, պատմաբան Ակչուրինին վիճակված էր դառնալ թուրքական ազգայնամոլության գլխավոր գաղափարախոսը, ներկայիս թուրքական ժխտողականության «հայրը»:
Հարուստ հոր մահից հետո մայրը նրան տարել էր Ստամբուլ, ուր ավարտել էր ռազմական ուսումնարան: Մեղադրվել էր Աբդուլ Համիդի դեմ դավադրություն կազմակերպելու համար, աքսորվել, ապա փախել Փարիզ, որտեղ 1899-ից սկսած հանդես էր եկել որպես թուրքական ազգայնականության ջատագով: 1903 թ. վերադարձել էր Կազան, դասավանդել պատմություն, խմբագրել «Կազան Մուխբիրե» թերթը: 1904-ին գրել էր «Քաղաքականության երեք տեսակները» աշխատությունը, որով թուրքերին կոչ էր անում հրաժարվել բազմէթնիկ Օսմանյան կայսրությունից և անցում կատարել թուրքական ազգայնականության ու համաթրքության:
Երիտթուրքերի հեղափոխությունից հետո 1908-ին վերադարձել էր Թուրքիա, հրատարակել «Թյուրք Յուրդու» («Թուրքական տուն») ամսագիրը, քաղաքականության պատմություն դասավանդել Ստամբուլի համալսարանում: Առաջին աշխարահամարտի ժամանակ համագործակցել է Կենտրոնական տերությունների՝ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ: 1920-ական թթ. եռանդորեն լծվել է Թուրքիայի Հանրապետության կայացմանը, ընտրվել մեջլիսի պատգամավոր, եղել մշակույթի ու քաղաքականության հարցերով Մուստաֆա Քեմալի խորհրդականը: 1931 թ. հիմնել ու ղեկավարել է Թուրքական պատմագիտական ընկերությունը:
Այո, այո, այն նույն ընկերությունը, ուր ամեն անգամ թուրքական բարձրագույն ղեկավարությունը մեզ՝ հայերիս, «հրավիրում» է քննարկելու Հայոց ցեղասպանության լինել-չլինելու խնդիրը: Խնդիր, որի ժխտման սկզբունքներն ինքը՝ Աքչուրան էր սահմանել:
Ապացու՞յց. 2018 թ. Էրդողանը Բուենոս Այրեսում հայտարարեց. «Ցեղասպանության հարցը եկեք թողնենք պատմաբաններին: Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել: Մենք պատրաստ ենք ամեն տեսակ քննարկումների»:
Իսկ Կոմիտասին մշակութային գող անվանելն էլ ուներ հեռագնա նպատակներ: Այսօր մենք տեսնում ենք, թե թուրքերն ու ադրբեջանցիները ինչպես են ոչնչացնում հայկական պատմամշակութային հուշարձանները, հնարավոր-անհնար ձևերով յուրացնում հայության մշակութային արժեքները՝ սեփական ինքնությանը արժեք հաղորդելու համար: Եվ այդ մշակութային նվաճողական արշավանքն էլ սկսվեց Կոմիտասից:
«Կոմիտասը քյոթահիացի էր և սերում էր շատ աղքատ ծնողներից: Նրանք հայերեն չգիտեին, և Կոմիտասն այն սովորեց հետագայում. իր ծնողները, հավանաբար, թրքական ծագում ունեին, այն թուրքերի, որոնք հարել էին Գրիգորյան եկեղեցուն: Բյուզանդական արքաները թուրք ցեղերին հրավիրել էին պատվար կազմելու սարակինոսների արշավանքների դեմ, ու թեև սրանք հիմնականում տեղավորված էին հարավային սահմաններին, բայց ոմանք հնարավոր է տեղափոխվել են այլ վայրեր:
Կոմիտասի ձայնին ուշադրություն դարձրին Քյոթահիայի հայկական եկեղեցու պետերը, և նա շատ կանուխ ուղարկվեց Հռոմ՝ երաժշտական կրթություն ստանալու, ինչպես նաև քահանա ձեռնադրվելու: Նա հայ ազգայնական էր, անկախ ծագման թրքական կամ հայկական լինելուց, բայց խառնվածքով ու սրտով իսկ և իսկ անատոլացի թուրք էր, թերևս՝ անգիտակից: Նրա երաժշտական երակը ժառանգական էր: Հիշում եմ նրա բառերը, որոնք ինձ բացահայտեցին ասվածի իմաստը: Նա ասաց. «Ծնողքէս ժառանգեցի զոյգ մը կարմիր կօշիկ և երգ մը: Կօշիկները հօրմէս էին, բայց երգը մօրմէս էր. ան հորինեց երաժշտութիւնը և շինեց բառերը: Եղածը պարզ երգ մըն էր երկու ճերմակ աղավնիներու մասին, զուտ անատոլեան գաւառաբարբառով. մինչև այսօր Անատոլուի կիներն են, որ երգ կը հորինեն և ժողովրդային բանահյուսութիւն կը շինեն: Երգը կ՛երթայ բերնէ բերան, և լավագոյնը բնականաբար կ՛ապրի»:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ