38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երեխաները ներում են ...

Երեխաները ներում են ...
14.09.2024 | 11:13

Նշանավոր փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն մեկը մյուսի հետևից որբանոց է հանձնել իր հինգ երեխաներին։ Նրա կողակցուհին ծննդաբերում էր, իսկ հետո նրանք երեխաներին տանում էին մանկատուն։ Ռուսոն գրել է, որ ցանկանում է, որպեսզի իր երեխաները գյուղացիներ դառնան։ Առողջ աշխատանք, մաքուր օդ, հասարակ սնունդ, ներդաշնակություն բնության հետ ...

Սակայն արդյունքում, փոքրիկները պարզապես մահացան որբանոցում։ 18-րդ դարում պայմաններն այնտեղ սարսափելի էին։

Բայց Ռուսոն այդ մասին չէր մտածում։ Նա տրակտատ էր գրել երեխաների ճիշտ դաստիարակության մասին, որը նրան մեծ մանկավարժի ու լուսավորչի հռչակ բերեց։

Անգլիացի բանաստեղծ լորդ Ջորջ Բայրոնը իր ապօրինածին, չորսամյա դստերը` Ալեգրային, հանձնել էր վանքին։ Նա սկզբում երեխային խլել էր նրա մորից, բայց հետո փոքրիկը ձանձրացրել էր բանաստեղծին. «Նա ջորու պես համառ է և էշի պես շատակեր», - ահա այսպիսի բանաստեղծական ոճով էր նա բնութագրել իր երեխային։ Աղջնակը խանգարում էր նրան։ Բայրոնն ապրում էր դղյակում և դժվար է պատկերացնել, թե ինչպես էր դղյակում չորսամյա երեխան կարողանում նրան խագարել ...

Վանքում աղջնակը սկսեց նվաղել ու հյուծվել։

«Նա գունատ էր, նրբիկ ու լռակյաց», - այդպես էին աղջնակին հիշում։ Միանձնուհիների մասնակցությամբ Ալեգրան նամակ էր գրել հորը։ Ավելի ճիշտ, միանձնուհիներն իրենք էին` խղճահարությունից դրդված, աղջնակի անունից նամակ գրել, խնդրելով, որ այցի գա ...

Սակայն Բայրոնն ասում էր, որ Ալեգրան պարզապես հույս ունի նվերներ ստանալու և նրան այցելելու կարիք չկա։

Հինգ տարեկանում աղջնակը մահացավ օտար մարդկանց շրջապատում։

Բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան նույնպես իր երեխաներին սովի տարիներին հանձնել էր որբանոց։ Նա երեխաներին հրամայել էր, որպեսզի հանկարծ ոչ մեկին չասեն, որ ինքն իրենց մայրն է։ Իբր իրենք որբեր են։

Որբանոցում կրտսեր դուստրը` Իրինան, մահացավ սովից ու հիվանդությունից։

Այնտեղ երեխաների կյանքի պայմանները բանաստեղծուհին անձամբ իր աչքերով էր տեսել, երբ կնքամոր անվան տակ այցելել էր նրանց։ Ավագ դստերը նա հետո հետ էր վերցրել այնտեղից։ Բայց կրտսերը մահացել էր օտար մարդկանց շրջապատում։ Այդ մասին մանրամասնորեն կարելի է իմանալ, կարդալով «Իրոչկա Էֆրոնի մահը»։

Դստեր թաղմանը Ցվետաևան չգնաց, բայց գրել էր մի շատ տխուր բանաստեղծություն` իր ապրումների մասին։ Իհարկե, շատ դժվար էր երկու երեխաների հետ ապրելը Մոսկվայում գտնվող առանձին բնակարանում, հրաժարվելով ծառայությունից։ Եվ իհարկե բանաստեղծություններ գրելն էր շատ դժվար, չէ որ երեխաները մեծ ուշադրություն ու սնունդ են պահանջում։ Ցվետաևան նույնպես հիշատակել էր իր երկու տարեկան դստեր «շատակերության» մասին ... Հավանաբար մեր նախատատերը իրենց երեխաներին որբանոց չէին հանձնում, որովհետև աշխատում էին և բանաստեղծություններ չէին գրում։ Կարծես թե նրանք թեթև ու անհոգ կյանքով էին ապրում, քան Ցվետաևան, կամ Բայրոնը, կամ Ռուսոն ...

Կարելի է գրել հոգեցունց տողեր սիրո և հոգու մասին, բայց ապրել ու գործել այլ կերպ։ Եվ դեռ շատ տարիներ մարդիկ կհիանան հանճարեղ բանաստեղծություններով ու փիլիսոփայական տրակտատներով, չկռահելով անգամ, որ այդ հրաշալի ստեղծագործությունների ստեղծման ժամանակ, ինչ-որ տեղ սովից կամ էլ կարոտից մահանում էր հեղինակի լքված երեխան։ Լալիս էր միայնության մեջ կամ պարզապես լուռ պառկած էր` դեմքը շրջած դեպի պատը, երբ հասկացել էր, որ ոչ մեկն էլ չի գալու իրեն մխիթարելու ...

Բայց այ, այդ հանճարեղ մարդիկ իրենք իրենց շատ էին խղճում։ Իրենց ապրումները իրենք շատ լավ էին հասկանում։ Ու անկեղծորեն տարակուսանքի մեջ էին հայտնվում, թե ինչու՞ են իրենց այսքան տառապանքներ բաժին հասել։ Ինչի՞ համար, ո՞ր մեղքի համար ...

Չնայած իրականում, ոչ մի հատուկ տառապանք էլ գոյություն չուներ, ոչ սով, ոչ ծեծ, ոչ լիակատար կախվածություն ուրիշներից ...

Ռուսոն բողոքելով գրում էր իր մասին. «Միայնակ, հիվանդ և բոլորից լքված` իմ անկողնում, ես կարող եմ մեռնել աղքատության մեջ, ցրտից ու սովից, ու ոչ ոք չի անհանգստանա իմ մասին»…

Սակայն ցրտից ու սովից Ռուսոյին փրկեցին բազմաթիվ բարերարները։ Նրա մասին անհանգստանում էին և ընկերները, և հենց այն մայրը, որ տվել էր իր երեխաներին։

Սրանք այն հանճարեղ մարդիկ են, որոնք իրենցից հետո թողել են հանճարեղ ստեղծագործություններ, որոնք սովորեցնում են ողջամտություն, բարություն և այն, ինչն հավիտենական է։ Իսկ նրանց երեխաների ճակատագրերը շատ քչերին են հայտնի, բայց հարկավոր է այդ մասին իմանալ։ Եվ պետք է հիշել - երեխան ամբողջությամբ կախման մեջ է ծնողից։ Նրան դավաճանելը հեշտ է։ Նա չի կարող ոչ բողոքել, ոչ ապստամբել, ոչ վրեժխնդիր լինել, ոչ հանդիմանել։ Նա մինչև վերջին օրը հույս է փայփայելու, որ գալու են ու իրեն փրկելու են, որ իրեն հետ են տանելու ...

Բանաստեղծ Շելլին Բայրոնի դղյակի մոտ, ծովի վրա տեսել էր փոքրիկ Ալեգրայի պայծառ կերպարանքը։ Նա ժպտում էր։ Նա ամեն ինչ ներել էր։ Երեխաները ներում են ...

Աննա ԿԻՐՅԱՆՈՎԱ

Թարգմանությունը` Խորեն ԿԱՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ