ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գաղափար Հայրենիքի մասին

Գաղափար Հայրենիքի մասին
26.04.2024 | 16:57

Մարդկային յուրաքանչյուր էթնոս, բնականոն կյանքով ապրելու և գոյատևելու համար, որպես նախապայման, առաջին հերթին պետք է ունենա իր ազատ և անկախ Հայրենիքը: Ժողովրդի պատմական ապրելատարածքն է Հայրենիքը: Բայց ամեն մի ապրելատարածք՝ դեռ Հայրենիք չէ: Դարերի ընթացքում է հողը դառնում հայրենիք, երբ այն պատվում է ժողովրդի պատմամշակութային, ազգագրական, ճարտարապետական հուշարձաններով, նախնիների գերեզմաններով, երբ այն սրբագործվում է թշնամիների դեմ մղած պատերազմներում տարած հաղթանակներով և լեգենդար հերոսների թափած արյունով, երբ ձևավորվում են ազգային բնավորության գծերը, ազգային նկարագիրը, ավանդույթները, բարքերը, տարազը, լեզվական առանձնահատկությունները և ազգային ինքնագիտակցությունը, երբ այդ հողը ժողովրդի պատմական հիշողության մեջ է մտնում ժողովրդական բանահյուսության, առասպելներով, էպոսներով, երգերով ու հեքիաթներով, հարազատանում հոգեպես, երբ ժողովուրդը դառնում է հոգևոր ամբողջություն, երբ «Հող» հասկացությունը վերածվում է «Տուն» հասկացության, իսկ «Տուն» հասկացությունն էլ՝ «Երկիր» ու «Հայրենիք» հասկացությունների, և մտնում է էթնոսի արյան ու գենի մեջ` որպես նրա գոյատևման հիմնական պայման:

«Ժողովուրդը և հողը պատկանում են միմյանց, ամեն մի տարածք և հողակտոր դեռ հայրենիք չեն, Հայրենիքը պատմական հող է, բնօրրան է: Տարածքն ու Հայրենիքը դարերի ընթացքում ունենում են ներգործուն փոխազդեցություն:

Հողը Հայրենիք է դառնում, երբ այն վերածվում է պատմական հուշերի ու պատկերների շտեմարանի, ուր ապրում են տվյալ ժողովրդի իմաստունները, սրբերն ու հերոսները, սրբագործվում են լեռներն ու ձորերը: Այս ամենը Հայրենիքը դարձնում են միակը և անկրկնելին» (Էնթընի Դ. Սմիթ - Ազգային ինքնություն. Նևադա-1991, էջ 9):

«Հողին հաղորդակից լինելն ավելի է որոշում էթնիկ ինքնությունը, քան բնակությունն այնտեղ: Դա մեր պատկանելիությունն է: Հաճախ դա սուրբ հող է, մեր նախնիների, մեր իմաստունների և արքաների, բանաստեղծների ու քարոզիչների հողը, որը դրանով իսկ դառնում է մերը: Մենք պատկանում ենք նրան, ինչպես որ նա է պատկանում մեզ: Հայրենիքի սրբավայրերը ազգության ներկայացուցիչներին ձգում են դեպի իրենց, թեև նրանք ապրում են հեռվում և նրանց բաժանումը հայրենիքից եղել է երկարատև:

Այսպիսով ազգությունը կարող է գոյատևել, մինչև իսկ, երբ հարկադիր բաժանումը հայրենիքից եղել է երկարատև:

Մեծ մասամբ այդպես է Սփյուռքի հրեական և հայկական համայնքների կարոտախտը»,- գրում է Էնթընի Դ. Սմիթը:

Հեղինակը թվարկում է նաև ազգային ինքնության էթնիկ հիմքի վեց հիմնական տարրեր.

1. Ընդհանուր հատուկ անուն:

2. Առասպելի առկայություն՝ ընդհանուր նախնի ունենալու մասին:

3. Միասնական պատմական հիշողություններ:

4. Միասնական մշակույթի առկայություն (հնարավոր է որոշ զատորոշիչ տարրի առկայություն):

5. Միասնական, ընդհանուր հայրենիքի զգացողություն:

6. Համերաշխության զգացում՝ բնակչության որոշակի խմբերի համար:

Ապրելատարածքը հայրենիք է դառնում, ազգային դիմագիծ է ստանում ազգային մշակույթով:

Հայրենիք գաղափարը սկսում է ձևավորվել այն ժամանակահատվածից, երբ վաչկատուն ցեղերն անցնում են նստակյաց կյանքի և հարազատանում այն ապրելատարածքին, որը հետագայում աստիճանաբար նրանց գիտակցության մեջ ձևավորվում է որպես Հայրենիք:

Այն ապրելատարածքը, որ կոչվում է Հայրենիք, պետք է լինի ազատ և անկախ: Անկախ Հայրենիքը այն հզոր գործոնն է , որն ապահովում է ժողովրդի գոյապահպանման ու զարգացման հնարավորությունը: Առանց հայրենիքի ազգ չկա: Ժողովուրդների գոյապահպանման հիմնական պայմանը անկախ Հայրենիքի առկայությունն է: Այդ է պատճառը, որ բոլոր ժողովուրդներն էլ ազատագրական պայքարի դժվարին ճանապարհ են անցնում, մեծամեծ զոհեր են տալիս ազատ ու անկախ Հայրենիք ունենալու համար: Ահա թե ինչու բոլոր ժողովուրդների ազգային գաղափարախոսությունների հիմքում ազգի գաղափարի հետ ընկած է նաև ամբողջական Հայրենիքի գաղափարը:

Հայրենիքի գաղափարը կյանքի կոչվելուց հետո, մտնելով էթնոսի գենի մեջ, ժողովրդի պատմական ճակատագրում դառնում է հզոր գործոն: Հայրենիքի գաղափարը մտնում է ժողովրդի ինքնապահպանման բնազդի մեխանիզմի մեջ և որպես այդպիսին

այլընտրանք չունի: Ժողովուրդը ղեկավարվում է «Հայրենիքի հրամայականով»: Հայրենիքը ժողովրդի համար դառնում է սրբություն:

Հայրենիքը, որպես պատմական հասկացություն, ամբողջական է: Եթե ժողովուրդների հայրենիքները պատմության բերումով, կիսվում են մասերի՝ երկու Գերմանիա, երկու Եմեն, երկու Կորեա, երկու Հայաստան և այլն, ապա այդ բոլորովին չի նշանակում, թե նշված ժողովուրդների միասնական, մեկ ամբողջական հայրենիքը վերածվում է երկուսի:

Արևելյան Հայաստանի մի մասի վրա ձևավորված Հայաստանի Հանրապետությունը հայոց հայրենիքի մի փոքր մասն է, տարածքային առումով՝ շուրջ մեկ տասներորդ մասը: Այն հռչակելով հայոց միակ հայրենիք, մենք դրանով փոխակերպում ենք հայոց հայրենիքի գաղափարը, հրաժարվում ենք պահանջատիրությունից և փորձում սփյուռքահայությանը ապացուցել, որ հայությունն ունի մեկ հայրենիք՝ Արևելյան Հայաստանի մի մասի վրա կազմավորված Հայաստանի Հանրապետությունը: (Նույնն էլ՝ Արևելյան Հայաստանում ձևավորված երկու հայկական պետականությունների՝ ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության դեպքում)։

Այդ մոտեցումը մշակվել է Խորհրդային իշխանության տարիներին և ելել է այն հիմնադրույթից, որ հայկական հարցը լուծված է, հայերը հողային պահանջներ, կորցրած հայրենիք չունեն: Նման մոտեցումը հակապատմական է և հակաազգային: Ժողովրդի պատմական ապրելատարածքի յուրաքանչյուր անկյուններից և ոչ մեկը չի կարող հայրենիք անվանվել, այլ՝ նա մասն է «Հայրենիք» ընդհանուր պատմական հասկացության:

Նժդեհը Հայաստանի հանրապետությանը (հետագայում՝ ՀՍՍՀ) հենց այդպես էլ անվանում էր՝ «Հայրենի անկյուն»:

Հայրենիքի պահպանման հիմնական գործոնը հայրենասիրությունն է, որի գաղափարը դարերի ընթացքում հարստանում և սերնդից սերունդ է փոխանցվում պատմական հիշողության միջոցով:

Ժողովրդի բոլոր սերունդների հայրենասիրության դրսեվորումների լավագույն ավանդույթները պատմագիտությունն ամփոփում է Հայրենիքի գաղափարի մեջ:

- «Հաճախ նացիոնալիզմը շփոթում են պատրիոտիզմի՝ հայրենասիրության հետ, սակայն նրանց միջև գոյություն ունի էական տարբերություն. Նացիոնալիզմը [1] դա ժողովրդի, ազգի նկատմամբ անսահման սերն է և անձնազոհության պատրաստակամությունը, իսկ պատրիոտիզմը նույնպիսի սեր և անձնազոհության պատրաստակամությունն է հայրենիքի նկատմամբ: Նացիոնալիզմը ավելի շուտ

հոգեմարդաբանական հասկացություն է, իսկ հայրենասիրությունը՝ պատմաաշխարհագրական», - գրում է ռուս գիտնական Պ. Կովալևսկին:

([1] Նացիոնալիզմը հաճախ շփոթվում են շովինիզմի հետ: Նացիոնալիզմը դա ազգայնականությունն է, իսկ շովինիզմը`ազգայնամոլությունը: Նացիոնալիզմը ազգի ինքնապահպանման բնազդի արտահայտման ձևն է: Ազգին սպառնացող վտանգի դեմ ինքնապահպանման բնազդի մեխանիզմը առաջ է քաշում նացիոնալիզմը: Այն ոչ թե հարձակողական, այլ ինքնապաշտպանական զենք է: Իսկ շովինիզմը դա մեծապետական, այլ էթնոսի նկատմամբ արհեստական գերազանցության, ագրեսիվ «հարձակողական» դրսևորում է: «Ա. Ե.» )

Նացիոնալիզմը ազգասիրությունն է, պատրիոտիզմը՝ հայրենասիրությունը: Այնքան են սերտաճել այս հասկացությունները, որ պատմա-քաղաքական գրականության մեջ շատ հաճախ նույնացվում են:

- «Անկյունաքարային ներքին հիմքերից մեկը, որի վրա հենվում է պետության ուժը, ամրությունը և կենսունակությունը, հզոր հենարաններից մեկը, որը պահպանում է նրա ամբողջականությունը և բարեկեցությունը, - այդ ժողովրդի սերն է իր հայրենիքի նկատմամբ, ժողովրդական հայրենասիրությունը», - գրում է Կովալևսկին:

Ժամանակակից ռուս գիտնականներ Խ. Բոկովը և Ս. Ալեքսեևը ևս Հայրենիքի և հայրենասիրության մասին ունեն նույն մոտեցումները: Նրանք գրում են. «Հայրենասիրական գիտակցությունը - այդ սեփական պատմական կեցության ինքնագիտակցությունն է, պատմության մեջ սեփական ժողովրդի տեղի իմաստավորումն ու զարգացումը: Պատրիոտիզմը Հայրենիքի նկատմամբ ունեցած արժեքների համակարգն է: Հայրենիքը, ինչպես հարազատ մորը, ընտրել չի կարելի»:

Նույն գիտնականները, քննարկելով ազգային զգացումների հիմնախնդիրը, գրում են. «Ազգային զգացումների ամենաուժեղ արտահայտությունը Հայրենասիրությունն է, սեփական ժողովրդի մեծարման ձգտումը, նրանց պաշտպանությունը հնարավոր բոլոր ուժերով և բոլոր միջոցներով»:

Հարազատ հողը, հայրենական մշակույթը, մայրենի լեզուն, սեփական պատմությունը - ահա այն բոլորը, որոնք սնում են իսկական հայրենասիրությունը, եզրակացնում են ռուս գիտնականները:

Հայրենիքը և հայրենասիրությունը ժողովրդի գոյապահպանման հիմնական պայմանն են:

Ահա թե ինչու հայրենասիրության քարոզչությունը, ժողովրդին հայրենասիրության ոգով դաստիարակելը հանդիսանում են ազգային գաղափարախոսության հիմնախնդիրներից մեկը:

Առանց հայրենասիրության Հայրենիք գոյություն ունենալ չի կարող, հայրենիք պահել հնարավոր չէ: Հայրենիքը ժողովրդի բոլոր սերունդների դարավոր, հերոսական պայքարի արդյունքն է: Առանց անձնազոհության, առանց արյունի ոչ մի ժողովուրդ Հայրենիք ունենալ չի կարող: Հայրենիքի համար զոհվելը հերոսություն է: Հերոսների արյունով ներծծված հայրենի հողը քաջերի նոր սերունդներ է կյանքի կոչում: Ժողովուրդն աճում է, Հայրենիքը՝ ոչ:

Ահա թե ինչու Հայրենիքի գաղափարի քարոզչությունը մշտապես պետք է գտնվի ամեն մի ժողովրդի պետականության, ազգային, հասարակական – քաղաքական մտքի, զինվորական դաստիարակության, ազգային կազմակերպությունների ուշադրության և հոգատարության կենտրոնում:

Այդ չափազանց կարևոր խնդիրը գործնականում իրագործելու համար յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա իր իսկական ազգային դպրոցը, ազգային կրթական համակարգը:

- «Հայրենիքի գոյատևման միակ միջոցը,- գրում է Ժյուլ Միշլեն, - այդ բոլորին այնպիսի ներդաշնակ կրթություն տալն է, որը երեխաների սրտում ստեղծում է Հայրենիքի կերպարը: Փրկության ուրիշ ուղի չկա»։ Այս անվիճելի մտքից հետո նա ավելացնում է. «Ի վերջո, Հայրենիքի մասին ավելի ակնառու, ամբողջական և կուռ պատկերացում երեխաները պետք է ստանան դպրոցում, իսկական ազգային դպրոցում»: Հեղինակը նկատի ունի հանրակրթական դպրոցը:

Հայրենիքը առաջին հերթին դավանանանք է, երկրորդ հերթին՝ լեգենդ: Հայրենիքը Աստծո նախակերպարն է.

«Թող մարդը մանկուց սովորի հանձին հայրենիքի տեսնել Աստծո կերպարը», «Հայրենիքը պատահական հրաշք չէ, այլ անանց հրաշք, բնության ու պատմության հրաշք»,- գրում է Ժյուլ Միշեն:

Անգլիացի մանկավարժը, անգլիական դպրոցներն այցելած նախարար Գիզոյին ասել է. «Ես ձգտում եմ երեխաների հոգին լիցքավորել երկաթով»: Հայրենիքի գաղափարի հետ միասին Անգլիայի ազգային դպրոցում երեխային տալիս էին Հայրենիքը պաշտպանելու հաստատակամություն, որը համարվում էր մանկավարժների հիմնական խնդիրներից մեկը: Այսպես են ստեղծվել ուժեղ պետությունները և ուժեղ ժողովուրդները. նրանք ունեցել են ազգային կրթական համակարգ, որը կոփել է ուժեղ ազգային հոգի, ուժեղ Ազգային բնավորություն: Միշլեն Հայրենիքի գոյատևման ու զարգացման համար անհրաժեշտ է համարում «ուսումնասիրել նրա անցյալը, թափանցել նրա ազգային ոգու մեջ»: Հեղինակի այս թեզը հիմնադրույթային է: Յուրաքանչյուր ժողովուրդ, եթե ցանկանում է գոյատևել և առաջ գնալ, առաջին հերթին պետք է հենվի իր անցյալի պատմության վրա, գործի նրանից բխած և արդի պատմության թելադրանքից ելնող ծրագրերով: Այսօրվա և ապագայի ազգային խնդիրների արմատները շատ դեպքերում գտնվում են անցյալի բազմածալք պատմության ակունքներում: Նրանք, ովքեր փորձում են ժխտել անցյալի պատմությունը կամ էլ խեղաթյուրել, դատապարտված են անհաջողության:

Այդ առումով չափազանց հետաքրքիր է ճապոնացիների կրթական համակարգը, որի հիմքում ընկած են ազգային գաղափարախոսությունից բխող հետևյալ երեք ռազմավարական սկզբունքները:

1. Կրթության համակարգի օգտագործումը՝ հարուստ պետության և ուժեղ բանակ ստեղծելու համար:

2. Ազգայնական աշխարհայացքի ձևավորում, որը նախատեսում է յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունը պետության ճակատագրի համար:

3. Ազգի միասնության ապահովում, որպես կարևորագույն գործոն պետության վերընթացի գործում՝ դեպի վեհություն: Ճապոնիայում մեծ ուշադրություն է դարձվում մանկավարժական կադրերի պատրաստման գործին, ելակետ ընդունելով այն դրույթը, որ.

ա) Ճապոնական ազգի ձևավորումը կախված է մանկավարժի անձնական գծերից:

բ) Մանկավարժական դպրոցները վճռորոշ են ոչ միայն կրթական համակարգի ծաղկման կամ անկման գործում, այլև հանդիսանում են պետության ուժի և հարստության հիմքը: Ճապոնական դպրոցում ժամաքանակի առյուծի բաժինը տրվում է դպրոցականների «կամքի ձևավորմանը», որն այդ երկրում համարվում է «մարդու առանցքային որակ»: «Կամքի ձևավորումն» ապահովում է դպրոցականի «ինքնությունը»՝ իր առջև նպատակ դնելու, որոշում ընդունելու և այն իրականացնելու գործում: Ելնելով ազգային գաղափարախոսությունից, Ճապոնիայում կրթական համակարգը համարվում է Ազգային անվտանգության հայեցակարգի առանցքային հիմնադրույթ:

Ժողովրդի պատմական ճակատագրում անցյալի պատմության նշանակության մասին անվիճելի գնահատական է տվել Հովհաննես Թումանյանը. «Անցյալի պատմությունը մի լուսավոր լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա՝ իր ճամփեն անմոլոր գնալու համար» :

Քննարկվող խնդիրը անհրաժեշտ ենք համարում ամփոփել Թոմաս Կառլեյլի հետևյալ տեսակետով.

- «Ապագայի կանխագուշակումը, ներկայի ղեկավարումը այդքան անհնարին չէր լինի, եթե անցյալին չվերաբերվեինք այդքան սրբապղծորեն-հիմար, եթե նրան այդպես չմերժեինք և, որ ավելի վատ է, չխեղաթյուրեինք»:

Այդպիսին է Հայրենիքի՝ բնության ու պատմության այդ հրաշքի գոյատևման միակ ուղին:

Հայրենիքի գաղափարը ժողովրդի գիտակցության մեջ է մտնում, միս ու արյուն է դառնում կրթական համակարգի միջոցով, ամբողջ երկրում ազգային, հայրենասիրական մթնոլորտ ստեղծելու միջոցով։ Այդ պատճառով էլ կրթական համակարգը պետք է սրբությամբ պահպանել և հեռու պահել ապազգային ուժերից:

Այդ բոլորից մենք հանգում ենք պատմության փորձով հաստատված այն եզրակացությունը, որ ամեն մի ժողովրդի հաղթության, պարտության և ընդհանրապես գոյատևման հարցը որոշվում է ոչ այնքան ռազմի դաշտում, որքան ազգային դպրոցում, ազգային կրթական համակարգում:

Հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում: Հայրենիքի կորուստը վաղեմություն չունի: Հայրենիքին համահավասար փոխարժեքներ գոյություն չունեն:

Հայրենիքը պատկանում է ամբողջ ժողովրդին՝ անցած դարերի բոլոր մեռածներից մինչև ապագայում ծնվելիք բոլոր սերունդները: Այդ պատճառով էլ ժողովրդի ոչ մի սերունդ, ոչ մի գործիչ իրավունք չունի թեկուզ մի թիզ հող նվիրաբերելու, հանձնելու, զիջելու այլ ժողովուրդների կամ էլ հրաժարվելու կորցրած հայրենիքի տարածքներից: Ազգային գաղափարախոսությունը նման քայլը որակում է որպես ազգային դավաճանություն:

90-ականների կեսին տարածում է գտել «Հող՝ խաղաղության դիմաց» կարգախոսը, որով մեծ տերությունները Իսրայելին հարկադրում են հանուն խաղաղության հրաժարվել իր տարածքի որոշ մասերից, որոնք ազատագրվել էին տարիներ առաջ: Հրեա ժողովուրդը անընդունելի համարեց այդ կարգախոսը: Իսրայելի վարչապետ Ռաբինի սպանությունը, համաժողովրդական քվեարկությամբ Նաթանյահուի իշխանության գլուխ գալը ցույց տվեցին, որ դարեր շարունակ պատմական Հայրենիք վերադառնալու համար պայքարած, պատերազմներից հոգնած, բայց անկախություն ձեռք բերած հրեա ժողովուրդը մերժում է «Հող՝ խաղաղության դիմաց» կարգախոսը:

Նմանատիպ իրավիճակ առաջացել էր նաև մեր հանրապետությունում՝ 90-ականների 2-րդ հնգամյակում: Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, չդիմանալով մեծ տերությունների ճնշումներին, որով նրանք պարտադրում էին Ադրբեջանին զիջել Արցախը և ազատագրված շրջանները, գրեց էությամբ պարտվողական «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածը: Ազգային ուժերը, Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ստանալով սոցիալապես ծանր վիճակի մեջ գտնվող, բայց անզիջում վճռականությամբ տրամադրված հայ ժողովրդի աջակցությունը, հարկադրեցին հրաժարական տալ թույլ և պարտվողական նախագահին ու իր վարչակազմին:

Պատմությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայրենիքի հարցում զիջումներ չեն արվում: Հայրենիքը սուրբ է ու հավերժական: Ահա, թե ինչու Հայրենիքի գաղափարը ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից է:

***

Հատված «Պատմական հայրենիքը և նրա ճանաչման նշանակությունը հայ զինվորականի ազգային-պետական մտածելակերպի ձևավորման գործում» աշխատությունից։

2001թ.

Հեղինակ՝

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ