Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Անջնջելի հետք ողջ աշխարհում

Անջնջելի հետք ողջ աշխարհում
20.12.2023 | 14:12

Ես ուզում եմ դիմել մեր՝ Հայաստանի բժիշկներին.

սիրելի բժիշկներ, ձեզանից քանի՞սն են ճանաչում այս մարդուն։

Անկեղծ, ես կերազեի, եթե այս մարդու ժառանգներից մնացած լինեին՝ ավելի մանրամասն կարողանայինք խոսել, բայց եղածներն են լռում, էլ ուր մնաց․․․

Զենքն ու զինամթերքը և ըստ այդմ՝ ռազմական գործը, ամեն երկրի անհատական պաշտպանության խնդիրն է։ Ես չեմ կենտրոնանում մեր այն հայրենակիցների վրա, ովքեր զարգացրել են օտար երկրների ռազմաարդյունաբերությունը, բայց, ինչը որ վերաբերում է համամարդկայինին, ես կարող եմ բաց ճակատով ասել՝ հայերն այս հարցում իրապես անջնջելի հետք են թողել ողջ աշխարհով:

Այսպես․

1870 թ-ին օգոստոսի 25-ին թուրքիայի Կեսարիայում ծնվեց Ղասաբյան ընտանիքի չորրորդ որդին:

Հետագայում Ղասաբյանների երեք ավագ որդիներն էլ դարձան Զմյուռնիայում հայտնի ոսկերիչներ։ Իսկ ամենակրտսեր որդուն հետաքրքրում էր գիտությունը:

Տղան նախ սովորում է նախակրթարանում, հետո հաճախում է ամերիկյան միսիոներական դպրոց։ 1893թ-ին քսաներեքամյա երիտասարդը մեկնում է Լոնդոն՝ ուսումը շարունակելու։ Հենց Լոնդոնում ուսանելու տարիներին նա սկսում է հետաքրքրվել բժշկությամբ և լուսանկարչությամբ։

Լոնդոնում ուսումն ավարտելուց հետո երիտասարդ բժիշկը մեկնում է ԱՄՆ և հաստատվում Ֆիլադելֆիայում, որտեղ էլ ընդունվում և ավարտում է Ֆիլադելֆիայի բժշկական բարձրագույն քոլեջը։ 1898 թ. կրտսեր Ղասաբյանն ավարտում է արդեն համալսարանի վիրաբուժական բաժինն ու որպես ռազմական բժիշկ մասնակցում իսպանա-ամերիկյան պատերազմին։ Ռազմաճակատի հոսպիտալներում էլ հենց Ղասաբյանը սկսում է հետաքրքվել ռենտգենային ճառագայթներով, որոնք արդեն հայտնաբերել էր գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը։ Զբաղվելով լուսանկարչությամբ և ռենտգենյան ճառագայթներով՝ Ղասաբյանը 1890 թ-ին գրում է «Ռենտգենը որպես գրգռիչ» դասագիրքը։

1903-1910 թթ-ին Ղասաբյանների կրտսեր որդին՝ դոկտոր Միհրան Ղասաբյանը, սկսում է աշխատել Ֆիլադելֆիայի հիվանդանոցում՝ որպես ռենտգենաբան, միաժամանակ նա էլեկտրաբուժություն է դասավանդում բժշկավիրաբուժական քոլեջում։ Դոկտոր Ղասաբյանը մշակել է ռենտգենյան ճառագայթներով չարորակ ուռուցքների բուժման հիմնախնդիրները վեր հանելու մեխանիզմը։ Այդ մասին նա հատուկ աշխատություն է գրել, որն ԱՄՆ-ի բժշկական ուսումնական հաստատություններում օգտագործվել է որպես դասագիրք։ Աշխատելով ռենտգենյան ճառագայթների հետ և գիտակցելով դրա վտանգը, Ղասաբյանն այնուամենայնիվ շարունակում է ուսումնասիրությունները, նույնիսկ այն ժամանակ, երբ վնասվում է ձեռքի մաշկը։ Միհրան Ղասաբյանն է հենց առաջին աշխատությունների հեղինակն այն մասին, որ ռենտգենյան ճառագայթները մարդու հյուսվածքներում բացասական քիմիական ռեակցիաներ են առաջացնում։

Նրա աշխատանքն այնքան կարևոր էր, որ հայտնի «The New York Times»-ը 1910 թ-ի հուլիսի 11-ին անդրադարձավ նրա առողջական ծանր վիճակին։ Պարբերականը նրան անվանեց «ԱՄՆ-ի առաջատար ռենտգենոլոգ» և «ռադիոլոգիայի նահատակ»։ Նրա աշխատանքը համարվում է ճառագայթման վաղ ուսումնասիրության մեջ ամենակարևորներից մեկը, իսկ Նոբելյան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենն այն համարել է անգնահատելի։ Միհրան Ղասաբյանն ինքը կարող էր մի օր Նոբելյան մրցանակ ստանալ իր աշխատանքի համար, եթե ողջ լիներ, քանի որ մրցանակը հետմահու չի շնորհվում:

Միայն մահվանից մեկ տարի առաջ՝ արդեն 39 տարեկանում, դոկտոր Ղասաբյանն ամուսնացավ Վիրջինիա Կիրակոսյանի հետ՝ նույնպես Կոստանդնուպոլսից։

Բժշկական վիրաբուժության քոլեջում աշխատանքի տարիներին դոկտոր Ղասաբյանն իր աշխատանքի առաջին երկու տարիներին մոտ 800 ռենտգեն լուսանկարներ է անում։ Իսկ ռենտգենյան լաբորատորիայում աշխատելու տարիներին նա ստեղծում է կրծքավանդակի ռենտգեն դիրքորոշիչը, որը ցույց է տալիս մարդու մարմնի կողերի կորությունը։ Մինչ այդ ռենտգենյան պատկերները դրանք հարթ էին ցույց տալիս։ Սրտի ռենտգեն պատկերներ ստանալու համար Ղասաբյանը հիվանդներին ներարկում էր բիսմուտի նիտրատ։

1907 թ-ին Ղասաբյանի գրած «Էլեկտրաթերապիա և ռենտգենյան ճառագայթներ» դասագիրքը մինչ օրս օգտագործվում է ամերիկյան բժշկական դպրոցներում։ Այդ դասագիրքը համարվում է ճառագայթային թերապիային վերաբերող առաջին աշխատությունը։

Դոկտոր Միհրան Ղասաբյանը մահանում է 1910 թ-ի հուլիսի 14-ին Ֆիլադելֆիայում՝ ռենտգենյան ճառագայթներից ստացած անդառնալի վնասի արդյունքում։ Նա ընդամենը քառասուն տարեկան էր:

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ բժշկության մեջ ռենտգենյան ճառագայթների կիրառման առաջամարտիկ, ամերիկյան ռենտգենյան ընկերության փոխնախագահ, դարասկզբի առաջատար ռենտգենաբաններից՝ դոկտոր Միհրան Ղասաբյանը և նրա ձեռքերը՝ արդեն կյանքի վերջին օրերին՝ հանուն համամարդկայինի ճառագայթված:

Դիտվել է՝ 5304

Մեկնաբանություններ