Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի հարցն իշխանության օրակարգից դուրս չի եկել, «Իրատեսի» հետ զրույցում վստահեցրեց մերձիշխանական մեր զրուցակիցը` ընդգծելով, որ վարչապետ Փաշինյանն ու նրա թիմակիցները սպասում են պատերազմի ավարտին, որ ոչ միայն Թորոսյանի, այլ նաև մի քանի այլ պաշտոնյաների պաշտոնանկության հարցով զբաղվեն:
«Բոլորս ենք տեսնում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է: Պատերազմի թեժ օրերին առողջապահական համակարգի ներկայացուցիչները չգիտեն՝ վիրավոր զինվորների բուժսպասարկմա՞մբ, թե՞ կորոնավիրուսով վարակված հիվանդներով զբաղվեն: Իշխանության ներկայացուցիչներն օրերս ծանր խոսակցություն են ունեցել, քննարկել ինչպես Թորոսյանի, այնպես էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Եթե չլիներ պատերազմը, ապա երկուսն էլ պաշտոններին հրաժեշտ տված կլինեին,- ասաց նա՝ հիշեցնելով,- մինչև պատերազմը Թորոսյանը երկարատև արձակուրդի մեկնեց՝ հետ չգալու տրամադրվածությամբ: Բայց պատերազմը խախտեց պլանները, ու Թորոսյանի հրաժարականի հարցն առժամանակ հետաձգվեց»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նախարար Թորոսյանի թիմակիցները հասկանում են՝ համավարակի դեմ պայքարը տապալելու թիվ մեկ պատասխանատուն ոչ թե դիմակ չկրող քաղաքացին է, այլ առողջապահական ոլորտի թիվ մեկ պատասխանատուն: Նա նաև սրտնեղեց նախարարի «կորած լինելու» հանգամանքից. «Մեկ-մեկ հիվանդանոցներ է այցելում, տեսակցում վիրավոր զինվորներին, բայց հարցերը այդպիսով հո չե՞ն լուծվում: Բոլոր այն հիվանդանոցները, որ կորոնավիրուսի բաժանմունքները փակել էին, նորից վերաբացել են, ու դա արդեն ցուցիչ է: Հետևաբար՝ պատերազմի ավարտից հետո նրա հրաժարականի հարցը, պարտադիր, նորից մեր օրակարգում է լինելու»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ