Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Վատ չէր լինի, որ կառավարությունը Շուռնուխի վիճակին ծանոթանար ոչ թե տեղական իշխանությունների հաշվետվություններից, այլ երբեմն շփոթվեր ու գյուղ գար»

«Վատ չէր լինի, որ կառավարությունը Շուռնուխի վիճակին ծանոթանար ոչ թե տեղական իշխանությունների հաշվետվություններից, այլ երբեմն շփոթվեր ու գյուղ գար»
06.11.2018 | 00:52

Սահմանամերձ Շուռնուխ համայնքը Հայաստանի ամենափոքր համայնքներից է, որտեղ բնակվում է 46 տնտեսություն 130 բնակչով: Սյունյաց սարերի բարձունքներում ծվարած այս գյուղում թեև ամեն մեկն ապրում է իր հոգսաշատ կյանքով, այնուհանդերձ պատրաստ է օգնելու կողքինին, անգամ այդ կողմերում «մոլորված» զբոսաշրջիկին ու անծանոթ մեկին: Օրվա ցանկացած ժամի կարող ես թակել շուռնուխցու դուռը, հրելով բացել այն ու ներս մտնել: Ով էլ լինես, քեզ կընդունի ժպիտով, պատրաստ հյուրասիրելու ունեցած լավագույնը: Զրուցասեր է, աշխատասեր, պատվախնդիր, երեխաների ապագան ուզում է տեսնել գյուղում՝ լավ պայմաններում, ուստի իշխանություններից ակնկալվող պահանջներում հաստատակամ է, թեև ուզածն ի՞նչ է՝ մի կարգին ճանապարհ, տրանսպորտ, աշխատատեղ, մի լավ դպրոց ու մանկապարտեզ, մի քիչ գյուղտեխնիկա: Հա, վատ չէր լինի, որ կառավարությունը Շուռնուխի վիճակին ծանոթանար ոչ թե տեղական իշխանությունների հաշվետվություններից, այլ երբեմն շփոթվեր ու գյուղ գար, ոչինչ, որ իրենց սեփական կամ ծառայողական թանկարժեք մեքենաների անվադողերը մի թեթև կվնասվեին հազար տարի բարեկարգում չտեսած ճամփաներից: Այ, այն ժամանակ կիմանային շուռնուխցու «ղադրը»:

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԴԱՐԴԸ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿԻՄԱՆԱ


Շուռնուխը գտնվում է մարզկենտրոն Կապանից 37, իսկ Գորիսից 28 կիլոմետր հեռավորության վրա: Այն Սյունիքի մարզի նոր բնակավայրերից է, հիմնադրվել է 1930 թվականին։ Շուռնուխը և համայնքի մյուս բնակավայրերը (Աղբուլաղ, Վանանդ և Ձորակ) մինչև 1988 թվականը բնակեցված են եղել ադրբեջանցիներով։ Նրանց արտագաղթից հետո Շուռնուխը վերաբնակեցվել է հիմնականում արցախյան հերոսամարտի ազատամարտիկներով, նաև Ադրբեջանից բռնագաղթածներով և տարածաշրջանի մյուս բնակավայրերից, անգամ Վանաձորից ու Գյումրիից տեղափոխվածներով։


Շուռնուխը Գորիս վարչական կենտրոնի կազմում ընդգրկված բնակավայրերից է, այստեղ դեռ պահպանվել են արցախյան պատերազմի ժամանակ հրետակոծված շենք ու շինությունները:
Շուռնուխի վարչական ղեկավար ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ զրուցում ենք գյուղի խնդիրներից: 14 տարի շարունակ լինելով համայնքի ղեկավար, փոքր բյուջեով փորձել է լուծել Շուռնուխի խնդիրները, արել է այնքան, որքան կարողացել է: Ցանկանում էր, որ Շուռնուխը միավորվեր մի մեծ գյուղի, բայց ոչ քաղաքի կազմում, ինչքան չլինի, գյուղացին գյուղացու դարդը կհասկանա:
«Շուռնուխում այնքան էլ շահագրգռված չեն հողագործությամբ զբաղվելու հարցում: Ասեմ ինչու: Գյուղացին հողի հարկ չի տալիս, քանի որ մեր գյուղի հողերը սեփականաշնորհված չեն, էդ գործարքից, չգիտեմ ում մեղքով, դուրս ենք մնացել: Ժամանակին դրանով չեն զբաղվել: Գյուղացիների մշակած հողերը համայնքի սեփականությունն են, հողի սեփականության որևէ փաստաթուղթ չունի շուռնուխցին, էլ ի՞նչ սրտով աշխատի էդ հողի վրա»,- ասում է Հակոբ Արշակյանը:


Մշակովի հողամասից ստացած կարտոֆիլը, լոբին, ընկույզն ու միրգը, մսամթերքն ու կաթնեղենը փոխանակելով՝ շուռնուխցին հոգում է օրվա ծախսերը: Օրնիբուն աշխատելը տղամարդիկ նախընտրում են արտագնա աշխատանքից, ժամանակին երիտասարդներից շատերը մեկնել են տարբեր վայրեր, բայց վերջին շրջանում ընդամենը 1-2 ընտանիք է մեկնել Ռուսաստան: Գյուղում մանկապարտեզի տարիքի 6 երեխա կա, 22 դպրոցահասակներ հաճախում են գյուղի ոչ այնքան բարեկարգ դպրոց, ուսուցիչները գալիս են Գորիսից ու Կապանից: Համայնքի վարչական ղեկավարը, գյուղում ծնելությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին խրախուսելու նպատակով, մտադիր է գյուղապետարանի հին ու խարխուլ շենքը վերանորոգել և հատկացնել երիտասարդ ընտանիքներին: Նա համոզված է, որ Գորիսի վարչական կենտրոնը կընդառաջի այդ հարցում: Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ հողագործությունը զարգացնելու համար գյուղացուն գյուղտեխիկա է պետք, ինչը գյուղում առհասարակ բացակայում է: Սակայն Գորիսի համայնքի ղեկավարն ասել է, թե Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող 17 մլն դրամ արժողությամբ ծրագրի շուրջ կա պայմանավորվածություն, որով ձեռք է բերվելու գյուղտեխնիկայի հավաքածու, միաժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին հանձնարարվել է տրամադրել ևս 3 մլն 350 հազար դրամ, իսկ մինչ այդ գյուղտեխնիկայի անհրաժեշտության դեպքում դիմում են Գորիսին ու Կապանին, սակայն նրանք գյուղտեխնիկա տրամադրում են այն ժամանակ, երբ գործերն ավարտած են լինում և գյուղտեխնիկայի անհրաժեշտություն չի լինում արդեն: Թերևս սա է պատճառը, որ շուռնուխցիներն այնքան էլ շահագրգռված չեն հողագործությամբ զբաղվելով:


Շուռնուխի միայն 70 %-ն է ապահովված խմելու ջրով, մի ամբողջ թաղամաս զրկված է ջրից: Գյուղը գազաֆիկացված չէ, թեև գլխավոր գազատարն անցնում է գյուղից 2 կմ հեռավորությամբ: Ձմեռը յոթ սարի հետևում չէ, ուստի շուռնուխցու հոգսերի թիվն ավելանում է ևս մեկով: Անտառամերձ տարածքում գտնվելը դեռևս փրկություն չէ:
Հակոբ Արշակյանի փոխանցմամբ՝ հայտնի չէ, թե գյուղում գազաֆիկացումը երբ կիրականացվի, քանի որ մեծ ֆինանսների հետ է կապված, բաժանորդները քիչ են, իսկ ծախսը` շատ: Համենայն դեպս, այդպես են պատճառաբանել իշխանությունները: Ներկայումս բնակչությունը անտառի հույսին է, թեև կառավարության որոշմամբ գյուղացուն անվճար տրվում է 8 խմ թափուկ, բայց այդքանը բավական չէ Սյունիքի սարերում 5-6 ամիս տևող ձմռանը ցրտից չսառչելու համար, պետք է թաց փայտ լինի, որ հետը վառվի: «Խարխուլ ու խոնավ տները շատ են, 24 ժամ պիտի վառես, որ տունդ տաքացնես, դրա համար շատերը գնում են անտառ թափուկ հավաքելու, բայց անտառտնտեսությունն արգելում է»,- ասում է նա:


Հայաստանում տիրող քաղաքական նոր իրավիճակի մասին շուռնուխցիները տեղեկանում են հեռուստացույցից ու համացանցից, ցույցերի չեն մասնակցել, միտք էլ չեն ունեցել: Հարցին՝ նախո՞րդ իշխանություններն էին լավ, թե՞ նոր, Հակոբ Արշակյանը պատասխանեց.
«Ես հանրապետական կուսակցության անդամ եմ ու դեռ շարունակում եմ պաշտոնավարել: Ցույցերին չենք մասնակցել, միտինգ չենք արել, գյուղում ոչ էլ տրամադրված եղել են, որ գնան: Դեռ արդյունք չենք տեսել, բայց չեմ էլ ասում, թե նախկին իշխանություններին դրել էինք գլխներիս, ման էինք ածում: Չեմ ասում, թե հինը մնար, բայց նորն էլ իր մոտեցումները պիտի ցույց տա, որ մենք էլ ոգևորվենք: Այնուամենայնիվ, ուզում ենք լավ լինի, գյուղացին լավ ապրի: Հետո պահը հասունացել էր, Նիկոլի փոխարեն մի ուրիշն էլ դուրս գար, պիտի հետևից գնային: Ակնկալիքներ կան նոր իշխանությունից, հավատում ենք, հավատավոր ենք»:

«ՁԵՌԻՑՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԱԼԻՍ Ա, ԻՆՉԻ՞ ՊԱՐԱՊ ՆՍՏԵՄ, ԱՄՈԹ ՉԻ՞»


41-ամյա ՎԱՐՎԱՌԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ իր տան բակում խանութ ունի, լուցկուց մինչև խոհանոցային ամանեղեն հերթով-կարգով դասավորված են պահարաններում, վաճառասեղանին դրված «պարտքերի տետրը» բնակիչների սոցիալական վիճակի խոսուն վկան է:


«Ամեն անգամ ինքս ինձ ու բնակիչներին խոստանում եմ, որ էլ ապառիկով մթերք չեմ տալու, բայց որ գալիս հաց են ուզում, մոռանում եմ խոստմանս մասին: Եթե մերժեմ, գիշերը չեմ քնի: Ամուսինս անտառտնտեսությունում է աշխատում, մի երևելի աշխատավարձ չի ստանում, ես էլ որոշեցի բակի մի անկյունում խանութ բացել, օգնել ամուսնուս: Չեմ դժգոհում, գիտեմ, որ երեխեքս սոված չեն մնում, ինչ որ ուզում են, խանութում կա»,- պատմում է 41-ամյա կինը:
Վարվառան ծնվել-մեծացել է բազմանդամ ընտանիքում, 5 երեխաներից ամենամեծն էր ու բազմազբաղ մորն օգնում էր փոքրերին խնամելով: Այսօր նա ինքը 5 երեխայի մայր և 4 թոռան տատ է, մեծ աղջիկը՝ 25, ամենափոքրը՝ նույնպես աղջիկ, 2 տարեկան է: Գյուղում մանկապարտեզ չկա, որ փոքրին ուղարկի ու ինքն էլ հանգիստ զբաղվի իր գործով: Որդին սովորում է ավարտական դասարանում, միաժամանակ պարապմունքի համար գնում է Կապան, սակայն տրանսպորտ չկա: «Ի՞նչ անեմ, հո չի՞ մնալու էնտեղ, ստիպված պետք ա տաքսիով գնա-գա, էդքան գումար որտեղի՞ց: Պարապմունքի համար 25 հազար դրամ եմ տալիս: Անցյալ տարի տրանսպորտի համար դիմեցինք քաղաքապետին, խոստացավ տրամադրել մեր գյուղին, ժամանակ անցավ, էլի բարձրաձայնեցինք, բայց լուծում չկա»,- ասում է Վարվառան:


Շուռնուխում հաճախակի են դարձել զբոսաշրջիկների այցելությունները: Ժրաջան Վարվառան վարչական ղեկավարին առաջարկել է իր տնամերձում գտնվող թոնրատանը զբոսաշրջիկների համար հյուրասիրություն կազմակերպել՝ տնական լավաշով, պանրով, խաշիլով, կաթնամթերքով ու միրգ-բանջարեղենով: Ե՛վ կհյուրասիրի, և՛ կվաճառի: Իսկ հետո տան մի հատվածում կստեղծի հյուրատուն՝ բոլոր պայմաններով: «Գուցե ձմռանը զբոսաշրջիկներ չգան, եթե գային էլ, գազի փոխարեն փայտով կտաքացվեին սենյակները, լողանալու հարցն էլ կլուծվեր, բայց ձմռանը զբոսաշրջիկն ի՞նչ է կորցրել Շուռնուխում, որ գա: Ամառ-աշունն էլի հասկանալի է»:


Վարվառայի և մյուս շուռնուխցիների երազանքը նույնն է՝ սահմանամերձ գյուղերի հանդեպ ոչ թե ուշադրության կրկնապատկում, ինչպես սիրում են հայտարարել իշխանությունները, այլ տեսանելի ուշադրություն ու հոգատարություն, որպեսզի շուռնուխցի երեխան իր ապագան տեսնի գյուղում, տան տղամարդը աշխատանք չփնտրի դրսում, իսկ գյուղ բերող ճանապարհները չվնասեն ո՛չ պաշտոնյաների, ո՛չ Շուռնուխ մտնող տրանսպորտային միջոցների անվադողերը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ