ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչքա՞ն ենք մենք շեղվել ճշմարիտ ուղուց. Նաիրի Հոխիկյան

Ինչքա՞ն ենք մենք շեղվել ճշմարիտ ուղուց. Նաիրի Հոխիկյան
20.10.2022 | 07:30

Շատերի մոտ գուցե տպավորություն ստեղծվի, թե խոսքը Տիրոջ ճշմարիտ ուղու մասին է, մինչդեռ հայրենիքին անմնացորդ ծառայելու ուղին պակաս կարևոր չէ։ Կարդացեք Նժդեհ։
Մինչև 2020 թվականը, ընդհանուր առմամբ, մարդիկ պատկերացնում էին մեկ ուղի, և դա ճշմարիտ էր։ Մարդիկ չգիտեին, որ դա սատանայի ու հայրենադավության ուղին է, ու մարդիկ մեղավոր չէին դրա համար։


2020-ից հետո շատ-շատերի համար ամեն ինչ պարզ դարձավ։ Ոմանք հրաժարվեցին նախկին մոլորություններից և նույնիսկ իրենց մեջ ուժ գտան խոստովանելու սխալները, անգամ պայքարի դուրս եկան թշնամու հետ գործարքի գնացած դավաճան իշխանության դեմ։
Բայց շատերը գերադասեցին մտնել ստվերի տակ, մեկուսանալ, դառնալ կրավորական ու դրա անունը դնել' միայն հայրենիքին ծառայել առանց քաղաքականության։


Իհարկե, կան մարդիկ, որոնք հրապարակային չեն խոսում, բայց անձայն աշխատում են՝ օգնելով պայքարի առաջամարտիկներին։ Նրանց ես չեմ մեղադրում։ Դա էլ է պայքարի ձև։
Իսկ իրականում բոլոր այն մարդիկ, որոնք լավ հասկանում են, թե ինչ է կատարվել Հայաստանի հետ, թե երկրի նկատմամբ ինչ աստիճանի դավաճանություն է եղել, ու դրա հետ միաժամանակ մտել են հարմարավետ անկյուն, զբաղվում են միայն մասնագիտական գործունեությամբ կամ, լավագույն դեպքում, բարեգործությամբ' արդարանալով, թե այդ կերպ են պայքարում հայրենիքի համար, իրականում ընդամենը վախկոտներ և պատասխանատվությունից փախչողներ են։


Հայաստանը ազատ անկումով գնում է դեպի կործանում։ Եվս մի քանի շաբաթ կամ ամիս, և մի ստորագրությամբ մենք կարող ենք այլեւս չունենալ հայրենիքի մի հատված, կարող ենք զրկվել Սյունիքի նկատմամբ լիակատար վերահսկողությունից' դրան տալով «հայկական խաչմերուկ» գեղեցիկ փաթեթավորում։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի բերած աղետները, իրենց ամբողջ շքեղությամբ, դեռևս առջևում են։
Եվ այս պարագայում որևէ այլ աշխատանք կամ բարեգործություն գրոշի արժեք չունի, եթե դու դևին թողնում ես ամրոցի վրա։ Դա ընդամենը ինքնախաբեություն է, կներեք, բայց՝ ինքնաբավարարում։


1915-ից առաջ Գրիգոր Զոհրապը տեսնում էր, թե ինչպես են թուրքերը կոտորում հայ բնակչությանը, տեսնում էր հայկական ֆիդայական ինքնապաշտպանական շարժումը, բայց գերադասեց հայրենիքի համար պայքարել կենցաղի մասին ստեղծագործություններով ու միաժամանակ թուրքական մեջլիսի պատգամավոր լինելով։ Զոհրապը ոչ մի կերպ չկանգնեց հայկական պայքարի կողքին։ Ավելին, նույն Զոհրապը երեկոները թղթախաղով էր զբաղվում Թալեաթ փաշայի հետ' գերադասելով զրուցել ավելի բարձր արժեքների ու աշխարհաքաղաքական առևտրի մասին և անտեսելով ինչ-որ ազգային հարցեր։ Դե, ինքը բարձրարժեք մարդ էր, ի՞նչ ազգայինի մասին կարող էր խոսք լինել։ Դա կեղծ կատեգորիա էր։
Արդյունքում՝ 1915-ին թուրքերը, նույն Թալեաթի հրահանգով, ձերբակալեցին նաև Գրիգոր Զոհրապին ու տարագրության ճանապարհին դաժանաբար ջարդեցին նրա գլուխը' ուղեղը շաղ տալով։


Այ սա է սպասվում նաև մերօրյա չեզոք հայրենասերներին։
Դուք, որ լավ գիտեք դավաճանության աստիճանը, բայց մտածում եք, թե Նիկոլ Փաշինյանին չնեղացնելու համար ավելի լավ է անկյունում խելոք ձեր գործով զբաղվեք' մեկը երգ գրի, մյուսը աղքատներին օգնի, մեկ ուրիշը անվճար դասընթացներ անի, երրորդն էլ ուղղակի բարություն քարոզի, իրականում ծառայություն եք մատուցում մերօրյա Թալեաթին։ Կուզեք՝ նրա անունը դրեք Ռեջեփ Էրդողան, կուզեք' Ալիև, նույնիսկ՝ Նիկոլ Փաշինյան։ Գումարելիների տեղերը փոխելիս՝ գումարը չի փոխվում։
Բայց միշտ հիշեք՝ դուք շեղվել եք ճշմարիտ ուղուց։ Շեղվել եք հայրենիքի և Աստծո ճշմարիտ ուղուց։


Քանի դեռ Հայաստանում ղեկավարում են մարդիկ, որոնք թշնամու ազդեցության գործակալ են և մեր հայրենիքի գալիքը տեսնում են տարածքներ հանձնելու, Արցախից հրաժարվելու, թուրքի հետ եղբայրություն անելու, անվտանգային համակարգերը ոչնչացնելու, ազգային, հոգևոր ու բարոյական արժեքները պղծելու մեջ, մենք ապագա չենք ունենալու։
Ինչքան էլ դուք չեզոք հայրենասեր լինեք, ձեր երեխաների գալիքը ոչնչացված է լինելու ձեր իսկ ձեռքով, իսկ վաղը հենց ձեր գլուխն են ջարդելու թուրքերը և առաջինը ձեր ուղեղներն են շաղ տալու, քանի որ պայքարող հայրենասերները երբեք չեզոք և իներտ չեն լինում։ Նրանք գերադասում են զոհվել արժանապատվորեն, բայց պահել հայրենիքը։

Դիտվել է՝ 10782

Մեկնաբանություններ