Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձև:
Այսինքն՝ բանաձև այն մասին, թե արդյոք
Հայաստանին կարո՞ղ են դիտարկել որպես հնարավոր թեկնածու:
Խոսքը՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածուի հնարավորությունը դիտարկելու մասին է, անդամակցության մասին խոսք, առավել ևս բանաձև չկա:
Նման իրավիճակում է Թուրքիան՝ դեռևս 90-ականներից:
Տանում-բերում, առ այսօր որոշում չեն կայացնում, Էրդողանն էլ ԵՄ-ին միշտ դա է հիցեցնում ու կատաղում:
Նույն բանն էլ Վրաստանի հետ է կատարվել, սակայն ի տարբերություն Թուրքիայի, գոնե հնարավոր թեկնածությունը վերջերս վաստակել են:
Թե երբ Վրաստանը կլինի ԵՄ-ի լիիրավ անդամ՝ Աստված գիտի:
Գուցե և դառնա, տասնյակ տարիներ անց:
Եթե իհարկե բավարարի ԵՄ պահանջները:
ՈՒկրիանայի մասին՝ առհասարակ կլռեմ. նրանք այս տարիների ընթացքում «մտան» թե՛ ԵՄ, թե՛ ՆԱՏՕ…
Այնպես որ, պետք չէ ոգևորվել ու ցայտնոտի մեջ ընկնել:
Փոխարենը համբերատար սպասենք, տեսնենք, թե քանի՞ տարի կպահանջվի, որ դառնանք ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու թեկնածու:
Իսկ եթե լուրջ, ապա սա հերթական անվճար քաղցրաբլիթն է մեզ, մանավանդ, երբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարը խիստ մշուշոտ է, եթե չասենք՝ անիրական:
Էլ չեմ ասում, թե որն է լինելու դրա գինը:
ՈՒղղակի հերթական անվճար (գուցե և փոխհատուցված) քաղցրաբլիթն է, որն Հայաստանում դառնում է հասարակական-քաղաքական էյֆորիայի խթանման տեղեկատվա-քարոզչական հոյակապ առիթ:
Ամեն դեպքում, թող ընդունեն նման բանաձև:
Այդ առումով որևէ վատ բան չեմ տեսնում:
ՈՒղղակի հիշեցնեմ, որ նույն այդ Եվրամիությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, տասնյակ հայանպաստ բանաձևեր է ընդունել, որոնցից և ոչ մեկը կյանքի չի կոչվել:
Միաժամանակ՝ վերջինիս որոշումների ու բանաձևերի վրա թքած է ունեցել Ալիևը:
Էլ չեմ խոսում երկակի ստանդարտներից, երբ օրեր առաջ՝ Եվրամիությունն Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառելու մասին երկու բանաձև ընդունեց, իսկ երկու օր անց՝ Ալիևի մատ թափ տալուց անմիջապես հետո վստահեցրեց, որ Ադրբեջանը ԵՄ-ի լավագույն ու վստահելի գործընկերն է:
Այնպես որ ազնիվ չէ, պարոնա՛յք, եվրախորհրդարանականներ:
Ախր, պարզից էլ պարզ է, որ այս պատեհ պահին Հայաստանը ձեզ պետք է Ռուսաստանի դեմ օգտագործելու համար։
Վստահ եմ՝ հակված չեք հաստատելու, որ Հայաստանը Եվրոպական ընտանիքի մաս է, առավել ևս՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ