Լսել էի, որ նա մեծ ազդեցություն ունի մեծամեծերի վրա, ուստի երբ հանդիպեցի հրապարակի տոնածառը հավաքող բանվորներին հրահանգներ տալիս՝ մի քանի հարց ուղղեցի.
- Ինչու՞ են մեր ղեկավարները խուսափում կարևոր տեղեր գնալուց:
- Ի՞նչը նկատի ունես:
- Օրինակ, ինչու՞ պաշտպանության նախարարը չի գնում Մինսկ՝ իր կոլեգաների հավաքին մասնակցելու:
- Որովհետև նա սպարապետ է ու պատմաբան ու իմ խորհրդով չի կրկնում իր նախորդների սխալները:
- Ի՞նչ սխալներ:
- Հիշու՞մ ես՝ ինչ եղավ, երբ Վասակ սպարապետը գնաց Պարսկաստան:
- Ի՞նչ եղավ:
- Նրան մորթազերծ արեցին մեջը ահագին խոտ լցրեցին ու դրեցին մի տեղ, որ բոլորը տեսնեն:
- ՈՒրեմն սրան չես թողնում գնա, որ մեջը խոտ չլցնե՞ն:
- Պատմության դասերը կարևոր են:
- Դու նկատի ունես 7-րդ դասարանի՞ պատմությունը:
- Բոլոր դասարանների:
- Լավ, իսկ ինչու՞ գերագույնը չգնաց Բիշքեկ:
- Որովհետև, երբ Պապ թագավորը գնաց Տարսոն, նրա առաջ ահագին կեր ու գինի դրեցին, հետո հետևից թուրը կոխեցին...
- Ճիշտ որ, սարսափելի դասեր են, բա հիմա՞ ում ես խորհուրդ տալիս:
- Քաղաքապետին:
- Ի՞նչ խորհուրդ ես տալիս:
- Հիշու՞մ ես, երբ Ձախորդ Փանոսը գնաց ծառ կտրելու՝ ինչպես ծառը տապալվեց, լղճեց սայլն ու եզներին, իսկ ինքը հազիվ փրկվեց:
- Կարծես թե հիշում եմ այդպիսի բան:
- Ահա ես նրան խորհուրդ եմ տալիս, որ անձամբ չգնա ծառ կտրելու, այլ միայն եզներին ուղարկի:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ