Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:
Առաջին. «Հայելի» ակումբում նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանի` ստորև ներկայացվող հայտարարություններով:
Ըստ պարոն Հակոբյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում իր ծառայության ժամանակ կազմված զինված ուժերի կատարելագործման պլանը, որը ներառում է նաև ԶՈՒ օպտիմալացումը, հետագայում, ՀՀ պաշտպանության նոր նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի պաշտոնավարման ընթացքում ենթարկվել է փոփոխության հակառակ ուղղությամբ, այսինքն` Զինված ուժերի ղեկավար կազմը, հատկապես օպերատիվ օղակի (թուղթ գրողները, որոշումներ կայացնողները, կարգադրություն պատրաստողները, ապահովում իրականացնողները) կառույցները կրճատելու և մարտավարական օղակում ավելացնելու փոխարեն, որտեղ մարդիկ անհրաժեշտ են կռվելու համար, արվել է ճիշտ հակառակը` մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակն ավելացվել:
«Ես փաստեր կբերեմ, որոնք անհերքելի են,- հիշյալ ասուլիսի ընթացքում ասել է Մովսես Հակոբյանը:- Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության կառույցը համարյա կրկնապատկվել է` անձնակազմի թվաքանակը 95 տոկոսով ավելացել է բարեփոխման ընթացքում: Հրամանը (նկատի ունի վերոնշյալ փոփոխության հրամանը.- Ա.Հ.) շատ վատ հրաման է, համարը` 0038: Դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատել են 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը` իր հրետանիով, իր կապի միջոցներով, իր ամեն ինչով, բացի զինվորներից, որովհետև մեր զինվորների քանակը քիչ է և չի բավարարում»:
Մովսես Հակոբյանի հավաստմամբ, այդ զորամասերը պատերազմի ժամանակ պետք է լրահամալրվեին, ներդաշնակվեին, ծառայեին այն որոշակի նպատակներին, ինչի համար նախատեսված էին:
«Դրանից զատ, բոլոր պաշտպանական շրջաններում (Արցախին է դա վերաբերում), որտեղ պետք է ձևավորվեին ևս մեկական գումարտակներ, կրճատվել են,- նույն ասուլիսում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը:- Դրանից ներքև սկզբում մեկական վաշտեր են կրճատվել, այնուհետև իմ պնդմամբ վեր են ածել դասակների` մի-մի դասակ են կրճատել բոլոր վաշտերում, և այսպես շարունակ, որը բերել է պատերազմի այսօրվա իրավիճակին»:
Նույն ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը տեղեկացրել է նաև, որ պատերազմի ժամանակ մեր ջոկերը, որոնք եղել են 11 հոգուց բաղկացած, կրճատել, վերածել են 9 զինծառայողից բաղկացած ջոկերի:
Նկատի ունենալով Մովսես Հակոբյանի վերոնշյալ հայտարարությունները, պետք է արձանագրել, որ պետական դավաճանությունը կատարվել կամ դրսևորվել է ոչ միայն պատերազմի ընթացքում և ավարտին, այլև նախապատրաստվել է վաղօրոք, դեռ մինչև պատերազմը, ընդ որում, շատ լավ գիտակցելով հանդերձ, որ Արցախն ու Հայաստանը թշնամու կողմից ցանկացած պահի կարող են ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի մեկ այլ հայտարարության համաձայն, մեր զորահամալրումը, զորահավաքը չի կատարվել (ասուլիսի բանախոսը, ինչպես նրա հետագա խոսքից է բխում, նկատի է ունեցել զորահամալրման անբավարար տոկոսը), դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարությունը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը:
«Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետության լրահամալրման (չշփոթել զորահամալրման հետ, լրահամալրումը զորամասերի թափուր պաշտոնների համալրումն է.- Ա. Հ.) պլանն իրականացվել է 78 տոկոսով, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 52 տոկոսով,- նույն ասուլիսում ասել է Մովսես Հակոբյանը:- դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում, ես ասում եմ 5-րդ օրն է այդպես եղել»:
Գեներալ-գնդապետի տեղեկացմամբ, երկրորդ միջոցառման` զորահամալրման տոկոսն ավելի ցածր է եղել:
«Եվ այստեղ ևս մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը»,- դարձյալ նույն ասուլիսում հայտարարել է Մովսես Հակոբյանը և հավելել, որ զինվորականներն օբյեկտիվ բնույթի սխալներից բացի, թույլ են տվել նաև սուբյեկտիվ բնույթի սխալներ, ու մանրամասնել, թե ինչ նկատի ունի:
Ընդգծեմ, որ զորահամալրումը կամ զորահավաքը կատարվել է խիստ մասնակի և Արցախի ու Հայաստանի պատշաճ պաշտպանությունը կազմակերպելու համար խիստ անբավարար, ավելին` կատարվել է ձևականորեն` հերթապահ ցուցանիշներ ունենալու և հետագայում հնարավոր մեղադրանքներից ապահովագրվելու, պաշտպանվելու համար (մոտավորապես այսպիսի հակադարձմամբ` ո՞վ է ասում, թե զորահավաք չենք իրականացրել, իրականացրել ենք, ահա թվերը, փաստերը):
Հիշենք, որ դավաճան Նիկոլ Փաշինյանը ու նրա վարչախումբը ժամանակին ճիշտ նույն կերպ, այսինքն` խիստ մասնակի, անբավարար ու ձևական միջոցառումներով տապալեցին ՀՀ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման, իսկ հետագայում նաև տարածման դեմ պայքարը, որի հետևանքներն այսօր ուղղակի ահավոր են; Իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումների անբավարար ու ձևական բնույթի վերաբերյալ տողերիս հեղինակն ամիսներ առաջ հայտարարել է հրապարակայնորեն, օրինակ, մարդիկ առանց շնչադիմակների մտնում էին ու մինչև այսօր էլ մտնում են խանութներ, երթևեկում հասարակական տրանսպորտով, իսկ Նիկոլի ոստիկանությունը (այսուհետ ոչ թե ՀՀ, այլ Նիկոլի ոստիկանություն), անշուշտ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի եթե չասեմ հանձնարարությամբ, ապա գիտությամբ ու համաձայնությամբ, տուգանում էր ու տուգանում է նրանց սոսկ չնչին մասին` դարձյալ ընդամենը հերթապահ ցուցանիշներ ունենալու և վարակի տարածման դեմ պայքարի երևութականություն ստեղծելու նպատակով:
Երկրորդ. «Соловьев LIVE-Смерш»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում «Wargonzo» նախագծի հիմնադիր, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի այն հայտարարությամբ, որ Հայաստանի ԶՈՒ լրացուցիչ, լիակազմ մեկ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր:
«Արցախում պատերազմին Հայաստանի բանակը մասնակցել է բացառապես միջնորդավորված,- ասել է Սեմյոն Պեգովը:- Եղել են ռազմական մասնագետներ, որոնք խորհրդատվություն են կատարել, Արցախի պաշտպանության բանակի և Հայաստանի բանակի միջև փոխգործակցությունը շատ սերտ էր, բայց ես չեմ տեսել, որ, օրինակ, Հայաստանի բանակի որևէ կորպուս առաջ շարժվեր և փակեր ճակատի ինչ-որ հատված։ Ես տեսել եմ աշխարհազորայինների, նրանք տեղի բնակիչներն էին, որոնք զենք էին վերցնում և ուղղակի պաշտպանում իրենց տները, և ես տեսել եմ Արցախի Պաշտպանության բանակը։ Բացարձակապես ակնհայտ է, որ եթե ևս մեկ մարտունակ կորպուսի աջակցություն լիներ, ապա այն կկարողանար շատ բացեր փակել»:
Այսպիսով, ըստ Պեգովի, չնայած նրան, որ Հայաստանի ԶՈՒ լրացուցիչ, լիակազմ մեկ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր, պատերազմին Հայաստանի բանակը, ըստ էության, չի մասնակցել: Եզրակացությունը, որը բխում է «Wargonzo» նախագծի հիմնադրի նշված հայտարարությունից, հետևյալն է. Հայաստանի բանակն Արցախը, արցախցիներին և ԱՀ պաշտպանության բանակը, նույնիսկ Ադրբեջանի զինված ուժերին Թուրքիայի բանակի անմիջական և էական աջակցության պայմաններում, փաստորեն թողել է թշնամու դեմ միայնակ, այսինքն` ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի գլխավորությամբ դավաճանել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու Հայաստանի Հանրապետության դերին ու կարգավիճակին:
Երրորդ. Շուշիի հանձնման առնչությամբ Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում Սեմյոն Պեգովի այն հայտարարությամբ, որ «Դա ավելի շատ քաղաքական որոշում էր, քանի որ համաձայնագրի ստորագրման պահին Շուշիում եղել են Արցախի ՊԲ ստորաբաժանումները»։
«Ես չեմ պնդի, որ քաղաքն ամբողջությամբ եղել է Արցախի ՊԲ-ի վերահսկողության տակ, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը ևս այնտեղ են եղել, բայց քաղաքի համար մարտեր են ընթացել ստորագրման պահին,- նույն տեսակամրջի ընթացքում ասել է «Wargonzo» նախագծի հիմնադիրը:- Շուշիում եղել են Արցախի բանակի զինվորները, ինչը նշանակում է, որ քաղաքն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ չէր»:
«Որպես իրավիճակը ներսից տեսած մարդ, կարող եմ ասել՝ վստահ եմ, որ հնարավոր էր շարունակել պայքարը Շուշիի համար,- հավաստել է Պեգովը:- Անգամ հայտնի հայտարարության հրապարակումից հետո Շուշիում շարունակում էին մնալ Արցախի ՊԲ-ի որոշակի ստորաբաժանումներ, որոնք և՛ մարտեր էին վարում, և՛ պատրաստ էին պաշտպանելու քաղաքը այն խմբավորումներից, որոնք այնտեղ հայտնվել էին «Դժոխքի ձորով»»:
Ռազմական լրագրողը հավելել է, որ «Դժոխքի ձորի» հետ կապված մտահղացումն աշխատում էր, և հայկական ուժերը կարողանում էին վերահսկել այդ ճանապարհով առաջ շարժվել փորձող ադրբեջանական ուժերի տեղաշարժը:
«Շուշին իսկապես բավականին երկար էին պահում,- պատմել է «Wargonzo» նախագծի հեղինակը:- Երբ Ադրբեջանը 40 կմ ձգվող նեղ կիրճով իր ստորաբաժանումներն էր փորձում առաջ տանել, հրետանին աշխատում էր նրանց ուղղությամբ, հետախուզությունը ևս վերահսկողության տակ էր պահում այդ գործընթացը: Չգիտես ինչու ինչ-որ պահի կա՛մ հրաման էր տրվել, կա՛մ տեսադաշտից բաց էին թողել իրավիճակը, գուցե երբ քաղաք կարողացել էին մտնել որոշ խմբեր, սակայն ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել: Ինձ համար դա մեծ հարց է, և բարդ է ասել, թե ում մեղավորությամբ է դա տեղի ունեցել»:
Հիշյալ տեսակամրջի ընթացքում, անդրադառնալով արցախյան պատերազմի արդյունքներին, Շուշիում տեղի ունեցածին, Պեգովն ասել է.
«Գիտեմ, վստահ եմ, ապացույցներ ունեմ, որ նույնիսկ համաձայնագրի (համատեղ հայտարարության.- Ա.Հ.) կնքման պահին, Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ, որին այդքան պատրաստվում էին պաշտոնական Բաքուն և Ալիևը, հայտարարությունները, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», իրականությանը չեն համապատասխանում: Սա բացարձակ ճշմարտություն է: Շուշիում գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները»:
«Wargonzo»-ի հեղինակը հավելել է, որ, իր տվյալներով, խոսքը քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մինչև 400 հոգու մասին է, որոնք անգամ նոյեմբերի 9-ի գիշերը պատրաստ են եղել առաջ շարժվելու և գրոհելու: Պեգովի խոսքով՝ առավոտյան 5-ի սահմաններում հարյուրավոր զինծառայողներ պատրաստվել են օգնության հասնելու Շուշիում գտնվողներին՝ քաղաքը ադրբեջանական խմբերից ազատելու համար, սակայն ժամը 5-ին նրանք արդեն նահանջի հրաման են ստացել ու շուտով իմացել են համատեղ հայտարարության մասին:
«Շուշիում մարտեր են ընթացել, ամսի 6-ին մենք հայտնվել էինք գրոհի կիզակետում, այնտեղից դուրս է մղվել 20 հոգուց կազմված խմբավորումը, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հատուկ ջոկատայիններից կազմված»,- ասել է Պեգովը և հավելել, որ ամսի 7-ի առավոտյան 6 դիպուկահարի է հաջողվել ներթափանցել Շուշի, որոնց դեմ նույնպես համապատասխան պայքար է մղվել, նրանց մի մասը վերացվել է:
«Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի կողմից Շուշիի մուտքի մոտ արդեն ադրբեջանական ուժեր եղել են, մարտերը շարունակվել են, ադրբեջանցի զինվորականներին շարունակել են վերացնել,- պատմել է մարտերին ականատես ռազմական լրագրողը:- Այնուամենայնիվ, առանձին խմբերի հաջողվել է ներխուժել Շուշի: Սակայն այն հայտարարությունները, որ Շուշին գրավվել է, իրականությանը չեն համապատասխանում: Արցախի պաշտպանության բանակի զինվորները քաղաքից դուրս են եկել միայն ռուս խաղաղապահների գալով»:
Չորրորդ. 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությամբ, որ պատերազմի օրերին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացել է պաշտպանել Շուշին, ինչին Փաշինյանը համաձայնել է, պայմանավորվել են, բայց Բալասանյանին թույլ չեն տվել դա անել:
«Հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Երևանում հանդիպել էր Փաշինյանի հետ, այդ հանդիպումը բոլորի համար տարօրինակ էր, որովհետև Բալասանյանը այն անձանցից է, որը շատ խիստ քննադատում է Նիկոլ Փաշինյանին»,- հիշյալ հաղորդաշարի եթերում ասել է Վանեցյանը և հավելել, որ հենց այդ հանդիպումից հետո Վիտալի Բալասանյանը հանդես եկավ մարտակոչով՝ զինակից ընկերներին կոչ անելով գալ Արցախ ու միանալ պայքարին։
«Վիտալի Բալասանյանը Փաշինյանին հարցրել է՝ ո՞րն է ամենածանր ուղղությունը, որն ունենք ռազմաճակատում, Փաշինյանը ասել է՝ Շուշին,- Բալասանյան-Փաշինյան հանդիպումից մանրամասներ ներկայացնելով, տեղեկացրել է Վանեցյանը:- Բալասանյանն ասել է՝ հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը և, եթե ես չհաջողեմ, դա առիթ է, որ հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունը, Շուշին ընկավ, կհռչակեք ինձ դավաճան, Փաշինյանը համաձայնվել է և Բալասանյանին ասել է՝ գնացեք և անցեք Շուշիի պաշտպանությանը»:
Սակայն, ինչպես ընդգծել է Արթուր Վանեցյանը, Արցախում Բալասանյանին թույլ չեն տվել միանալ Շուշիի պաշտպանությանը։
«Բալասանյանը մինչև վերջին օրը այդպես էլ չանցավ Շուշիի պաշտպանությանը, նրան Արցախում ասացին, որ նման ցուցում մենք չենք ստացել,- ասել է Վանեցյանը:- Հարց է առաջանում՝ ինչու՞ չթույլատրեցին Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը»։
Նկատի ունենանք, որ 7 շրջաններից բացի, նաև Շուշին հանձնելու առնչությամբ Փաշինյանը վերջերս ստելով, կրկին փորձել է մեղքը բարդել նախորդների վրա, որոնք իբր քննարկել են Շուշին հանձնելու հարցը։ Սակայն դրանից անմիջապես հետո նույնիսկ ՀՀ արտգործնախարարությունը հստակ հայտարարեց, որ Շուշիի հարցն օրակարգում երբեք չի եղել։
Հինգերորդ. Փաշինյանը մի քանի անգամ հրաժարվել է ստորագրելուց շատ ավելի մեղմ պայմանագրեր, որոնց դեպքում չէինք կորցնի Շուշին, ավելին` Մեղրիով միջանցք չէինք տա հայոց մի նոր ցեղասպանություն փափագող ու ծրագրող մեր թշնամիներին` Թուրքիային և Ադրբեջանին, ճանապա՛րհ, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանում երկաթուղային, միգուցե նաև ավտոմոբիլային ուղիղ կապ հաստատելու Նախիջևանի ու Նախիջևանով՝ Թուրքիայի հետ, առավել հզորանալու և նախապատրաստվելու մի նոր պատերազմի: Ադրբեջանի հետ այն պայմանագրերում կամ համաձայնագրերում, որոնց ստորագրումից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը ժամանակին հրաժարվել է, ոչինչ նշված չի եղել Տավուշի մարզի մի քանի գյուղեր հանձնելու մասին, որոնք կորցրինք:
«Նիկոլը սպասել է, որ վիճակը մաքսիմալ ծանրանա, հետո միայն թուղթ ստորագրի,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Անի Կարապետյանը:- Այսինքն, չի եղել դիվանագիտական ու ռազմական սխալ կամ թերացում, եղել է պետական դավաճանություն»:
Հենց այս հետևությունն է, որ ակնկալվում է ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից: Նրանցից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ