Աստծո պայծառ երկնքի տակ այս բառերը ում՝ ինչ, ինձ հիշեցնում են ընդամենը 7 համարով թերթը, որ 1988-ի դեկտեմբերին Սպիտակում լույս է տեսել Այդին Մորիկյանի խմբագրությամբ ու սպառվել ակնթարթում, պատմել է ոչ թե ավերի ու դժբախտության, այլ փրկության ու փրկված մարդկանց մասին: 1988-ին: Սպիտակում: Դեկտեմբերին: Հույսի ու լույսի մասին: Սիրով ու սիրելով:
Այս հոկտեմբերին մենք դարձել ենք համաշխարհային ազգ ու համաշխարհային գործոն՝ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, ազգովի ձիավորվել ենք՝ ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր պահանջում ու մանրամասն՝ սիրում ենք մեր հայրենիքը՝ սանտիմետր առ սանտիմետր՝ ինչպես Վանո Սիրադեղյանն էր ուզում, մեր Մհերը դուրս է եկել քարանձավից՝ ինչպես Լևոն Խեչոյանն էր տեսել: Աստծո պայծառ երկնքի տակ այստեղ ու հիմա երկու պետություններով կռվում ենք համաշխարհային ահաբեկչության, միջազգային ցինիզմի դեմ, հանուն կյանքի ու արդարության, հանուն սիրո ու Աստծո, իսկ Աստծո զինվորները միշտ թիկունքին պահապան խաչ ունեն, ու երբեք չեն պարտվում: Նրանք այստեղ ու հիմա մինչև վերջ են կռվում իրենց կռիվը, որ Հայկին հայտարարել է Բելը: Գալիս է պահ, երբ 64-րդական նշանակություն ունեն նրանք, որ առաջնորդվում են մանրիկ ու ճղճիմ, ընթացիկ շահերով՝ տարածաշրջանում ու աշխարհում: Բոլոր հայտարարություն-մայտարարությունները, կոչեր-մոչերը այնքան են դատարկ ու երկրային, որ մնում են գետնին ու մեկ օրվա կյանք չունեն: Չեն ունենալու, քանի դեռ հայտարարություն ու կոչ անողների ուղեղներում չի ղողանջել զանգը, որ գուժում է իրենց մահը: Քանի դեռ կրակոցները չեն հնչել իրենց դռանը, ու թուրքը չի մտել իրենց տուն: Որ արդեն մտել է, բայց դեռ չի կրակել, նրանք վախենում են ընդունել: Իրենց նեղլիկ սրահներում կամ ընդարձակ դահլիճներում նրանք կայացնում են ԵՐԵԿՎԱ աշխարհի որոշումները, մենք մեր սարերում ու անտառներում կռվում ենք ԱՅՍՕՐՎԱ ու ՎԱՂՎԱ աշխարհի որոշումները մերը դարձնելու համար: ՈՒ մենք հաղթում ենք: Աստծո պայծառ երկնքի տակ ոչինչ ավելի կարևոր չէ հորիցդ, մորիցդ, զավակիցդ ու հայրենիքիցդ: ՈՒ մեկ էլ՝ հաղթողի ինքնագիտակցությունից: Նրանք մեր դեմ են հանում ամենահզոր զենքերը, որ ստեղծվել են ուժի իրավունքը հաստատելու, մենք խփում ենք՝ մեր ուժն ու հզորությունը տարածելով: Նրանք շատ են թվով, մենք անհամար ենք հողից ստացած ուժով ու մեր պատմությունից, որ նրանք այդպես էլ չհասկացան, որքան էլ փորձեցին սեփականել մեր պատմությունը, հուշարձանները, հարստությունը: Նրանցը շոշափելի նյութականն է, մերը՝ ոգին շոշափելի, նյութական դարձնելն է: Նրանց նյութականը ինչ-որ պահի սպառվելու է, ոգին անսպառ նյութ է ու տիեզերքից է մեզ հասնում: Մենք հաղթում ենք ելք ու ելքի փիլիսոփայություն ստեղծելով: Այստեղ ու հիմա մենք Նոյի նման նորից ենք ստեղծում աշխարհը: Մնացածը ընթացիկ է ու ընթացք է, որ զիգզագներ է անում, ինչպես օձը դրախտում:
…Մենք հաղթելու ենք: «Թշնամին նույն թշնամին է, մենք նույն մենք ենք»՝ Վազգեն Սարգսյանի մարտակոչը ուժի մեջ է, քանի դեռ հարցը ՎԵՐՋՆԱԿԱՆ լուծված չէ, քանի դեռ պատերազմ է, հայ ժողովուրդը միշտ գտնելու է իր մահապարտների գունդը, ու հաղթելու է:
…Ժամանակավոր նահանջը ուժերը հավաքելու համար է, մեր Դավիթը առաջին երկու զարկը կարող է բաշխել, երրորդ զարկով առաջին երկուսի տեղը հանում է:
…Ընթացիկ ու անցողիկ շահերը Աստծո պայծառ երկնքի տակ ապրում են կարճ: Հիմա կարևորը մեր ապրելն է: 1000 տեղից էլ 1000 անգամ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծեն, հայը իր տաճարում իր լեզվով աղոթելու է իր Աստծուն: Կառուցելու է նորից՝ ավելի հզոր, գեղեցիկ, հավերժական: Արցախում միշտ ապրել են հայեր՝ ռուսական կայսրություն է եղել, պարսկական, թե Ադրբեջանին են նվիրված եղել մեր երկիրը: Այսօր մենք կռվում ենք այն կռիվը, որ հետաձգվել էր 1994-ից: Իլհամ Ալիևի չկատարված երազն է մնալու, որ փախստականները վերադառնալու են «հայրենի օջախներ»: Նրանց հայրենի օջախները հաստատ Արցախում չեն, հյուր էին, իրենց հյուրի պես պահեին, չեն պահում՝ վտարում ենք:
…Ինչու՞ հրադադար չեղավ: Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ հայերը 30 տարի վայելել են իրենց «օկուպացիան»: Մենք 30 տարի, 300 տարի ու 3000 տարի վայելելու ենք: Անկարան իր աշխարհաքաղաքական նախագծերը ստիպված է վերանայել՝ երբեք մեր երկրի տարածքով թյուրքալեզու ժողովուրդներին չի համախմբելու:
Պանիսլամիզմ+պանթյուրքիզմը իր սահմանները որտեղ ուզում է, թող գծի: Էրդողանը թող գնա ու իր Օսմանյան կայսրությունը, եթե կարող է, վերականգնի որտեղ ուզում է, թյուրքալեզու ժողովուրդներին էլ միավորի որտեղ ուզում է, Հայաստանն ու Արցախը չի տեսնելու թուրքաբնակ ու պղծված:
…Էրդողանն ուզում է Ռուսաստանը ներքաշել կոնֆլիկտի մեջ, որ հայտարարի՝ հայերին չի պարտվել, ռուսները կանգնեցրին, բայց դա էլ իրեն չի փրկի: Նրան գահընկեց են անելու իր երկրում՝ այսօր իրեն աջակից նույն մոլեռանդ ազգայնականները, երբ սոված մնան: Նույն մոջահեդները, որոնց դիակները տուն չուղարկելու վախից լցնում են ծովը:
…20 օր շրջափակման պայմաններում գործող Հայաստանն ու Արցախը դիմակայել են աշխարհի ամենազինված երկու բանակներին ու ամենակատաղի մոջահեդներին: Ոչինչ չեն տվել, որ հնարավոր չէ վերադարձնել: Ահաբեկչությունը անվերջ դատապարտող աշխարհը հայտարարություններ է անում ու չի գիտակցում, որ խոսքով փամփուշտի ճանապարհը չես փակի, ինքնաձիգը պետք է խլես: Առիթով-չառիթով պատժամիջոցներ սահմանող ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեռ պատժամիջոցներ չեն սահմանել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ՝ իրենք իրենց նկատմամբ սահմանելով Թուրքիայի ու Ադրբեջանի պատժամիջոցները, որ վաղը խեղդելու են իրենց ժողովրդավարությունը, մարդու իրավունքներ-ազատությունները: Գուցե ԱՄՆ-ը այսօր Թուրքիան է համարում միակ երկիրը, որ կարող է միավորել իսլամական աշխարհը ու փակել Իրանի ճանապարհը: Վաշինգտոնում նստած՝ չեն հասկանում՝ ի՞նչ է իսլամական աշխարհը, ի՞նչ է սուննին ու ի՞նչ է շիան, ինչ վերաբերմունք կա Թուրքիայի նկատմամբ իսլամական աշխարհում: Թող գոնե իրենց դաշնակից Սաուդյան Արաբիայի հետ խորհրդակցեն: Չի կարող Թուրքիան՝ Իրանին հակակշիռ դարձնելով՝ Պարսից ծոցում կայունություն հաստատել, ոչ էլ Արևելյան Միջերկրականում, ոչ էլ թյուրքալեզու Ասիայում: Եթե Թուրքիայի էքսպանսիոնիզմը Ռուսաստանին զսպելու ԱՄՆ քաղաքականությունն է, իր լռությամբ Վաշինգտոնը մեծացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: «Այստեղով թուրքն է անցել», գրում էր Հյուգոն: Որտեղով անցնում է թուրքը, մնում են ավեր, պառակտում, պատերազմ: Էրդողանի հոբբին կոնֆլիկտներ արտահանելն է, հենց կոնֆլիկտները հակասեն ԱՄՆ-ի շահերին, Թուրքիայում հեղաշրջում է լինելու, որ ոչ միայն Էրդողանին է ռազմական տրիբունալ ուղարկելու, այլև երկիրն է մասնատելու:
…Էրդողանի էքսպանսիոնիզմի ճանապարհին Արցախը այսօր աշխարհի փրկության հենարանն է, էներգակիրների փոխադրման ճանապարհները սեփականաշնորհելու երթում կուլ տալով Ադրբեջանը՝ նա կանգ չի առնելու: Սիրիա, Լիբիա, Արևելյան Միջերկրական, Կովկաս, հետո Ռուսաստան, Եվրոպա, արաբական երկրներ: Էրդողանին հիմա ու այստեղ պետք է կանգնեցնել, ԳՈՐԾՈՎ: Բոլոր կոչերը նա ընկալում է խրախուսանք ու իրեն համարում ազատ՝ նոր «նախաձեռնությունների» համար: Հասկանալի ու անհասկանալի պատճառներով այսօր լռող կամ լոկ հայտարարություններ անող երկրները վաղը հարաբերվելու են նոր Հիտլերի ու 21-րդ դարի ֆաշիզմի հետ: Այսօր Ահեղ դատաստանի առաջ են բոլորը: Վատիկանից սկսած՝ մեծ ու փոքր պետությունները, որ իրենց համարում են մարդկայնության արժեքներ դավանող ու կրող, պիտի ճանաչեն Արցախի անկախությունը ու վերջ դնեն պատերազմին: Հայերն ու Հայաստանը այն ոսկորն են, որ միշտ մնացել են Թուրքիայի կոկորդին: Էրդողանն էլ չի կարողանալու կուլ տալ:
…Աստծո պայծառ երկնքի տակ լավագույն տղերքը կռվում են ու հաղթանակը կյանքով են փոխանցում մեզ՝ ապրողներիս, որ չնահանջենք, չհուսահատվենք, չնվնվանք, կյանքում գոնե մեկ անգամ մեր կռիվը մինչև վերջ կռվենք ու հաղթանակը ունենանք իբրև անհերքելի փաստ: Լավագույն տղերքը իրենց կյանքն են տալիս, որ Հայոց աշխարհում կյանքը երբեք կանգ չառնի: Նրանց սգալու ու հիշատակը պահելու միակ հնարավորությունը նրանց կյանքի գնով ձեռք բերածը պահելն ու գոյամարտը շահելն է: Սա ճակատագրական պատերազմ է: Մենք հաղթելու ենք մեր բոլոր բարեկամների հետ, որ այսօր մեր կողքին են: Իսկ նրանք քիչ չեն:
…ՈՒ նրանք, որ այս օրերին խոսում են սուբստանտիվ բանակցություններից, թող բացեն աչքերը ու նայեն պատերազմի դեմքին, թող գործով նախ խաղաղություն հաստատեն, հետո՝ վստահություն, հետո կայուն խաղաղություն ու կայուն վստահություն, որից հետո նոր միայն սուբստանտիվը հիշեն, եթե իմաստ ունենա:
…Հոկտեմբերի 14-ի երկար օրը՝ Արցախի նախագահի ու Հայաստանի վարչապետի տագնապալից ուղերձները, Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը, ՌԴ ԱԳ նախարարի «անկեղծությունը» լրագրողների հետ՝ 7 շրջանների վերադարձի ու խաղաղապահների մասին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի զրույցը նախ Թրամփի, հետո Էրդողանի հետ: Էրդողանի զանգը Պուտինին: Հայտնի ու անհայտ իրադարձությունների շղթան մղում է եզրակացնելու, որ ԱՄՆ-ը Արցախի հարցում լռության տաբուն խախտեց՝ ցույց տալու, որ Թուրքիային միայն ինքը կարող է զսպել, բայց դա Պոլիշինելի գաղտնիքը չէր: Գուցե ուզում էր, որ Պուտինն էլ համոզվի՞ ու արգելակները հանի՞ հարցի լուծման ճանապարհից: Իմա՝ ասպարեզում մնան մադրիդյան սկզբունքները, առանց Լավրովի պլանի: Այսինքն՝ ամեն ինչ սկսվելու է նորից՝ բացառելով «Տարածքներ` խաղաղության դիմացը», քննարկելով «Կարգավիճակ տարածքների դիմացը»: Եթե, իհարկե, Թուրքիան կանգ առնի, ու շրջաններից հետո Բաքուն չպահանջի Արցախը: Պատրա՞ստ ենք մենք փոխզիջումի: Ի տարբերություն 1994-ի պատերազմի, իրավիճակ է փոխվել: Մեր դեմ հիմա միայն Ադրբեջանը չէ, այլև՝ Թուրքիան: Կարո՞ղ ենք վստահել նրանց կամ կնքվելիք համաձայնագրի, որ խախտում են՝ երբ, որտեղ, ինչպես ուզում են:
…Հոկտեմբերի 15-ին մարտերը շարունակվեցին, իմա՝ հայտնի ու անհայտ հեռախոսազանգերը չդարձան հրադադարի հիմք: Մեր օրակարգում նույն խնդիրներն են.
1. Ռազմաճակատում հնարավորինս պահել դիրքերը:
2. Շարունակել բանակցել բոլոր երկրների հետ համաժամանակյա՝ հասնելու Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, ահաբեկիչներ բուծող և ահաբեկչության հովանավոր այդ երկրներին զենքի վաճառքի էմբարգո սահմանելու նպատակին:
3. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պահել օրակարգում ու բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառելով Թուրքիայի համանախագահ դառնալը: 1993-ից Հայաստանը շրջափակած ու պատերազմի մասնակից, ահաբեկիչ երկիրը չի կարող միջնորդ լինել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը, որ այս օրերին Հայաստանի ու Արցախի հետ համերաշխության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի ու ահաբեկչության դեմ բողոքի ցույցեր են անում, հանգանակություններ ու նվիրատվություններ, իրենց բոլոր ջանքերը պետք է ներդնեն մի նպատակի՝ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, հաղթանակը հիմա պատերազմի դաշտում է: ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է: Մնացածը հոդաբաշխ կամ անհոդաբաշխ խոսքեր են, մտադրություններ, կոչեր, ճիչեր… Մեր ցասումը մեր ուժի ու մեր հզորության հենարանն է: Մենք հաղթելու ենք: Աստծո պայծառ երկնքի տակ բացվելու է մեր ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈՆ, ինչպես բացվել է միշտ ու հավիտյանս հավիտենից: Եվ հետայսու ՀՀ պետական արարողակարգի մեջ Ծիծեռնակաբերդի հետ տեղ պիտի ունենա Եռաբլուրը: Ողջ լերուք: