Ինչու են Սնացականյանին կանչել ԱՄՆ
25.09.2020 | 00:19
Դիմակի «մասին» իր սրբազան զբաղմունքը Նիկոլը կրկին կփոխարինի 100 «ձեռքբերումների» մասին տրակտատով. նա այլ անելիք չունի:
Բայց դա առաջին հայացքից: Ճիշտ ժամանակն է, որ նոյեմբերի 3-ից` իր տերերի երկրում, սորոսենց ամերիկյան ընտրություններից ժամեր առաջ նա ներկայացնի Հայաստանը ոտքից գլուխ քաոսի, քանդման, արժեհամակարգային էրոզիայի ենթարկելու, հոգիները մսխելու, մատաղ սերնդին հայելային արտացոլմամբ զոհաբերման ենթարկելու, կորոնավիրուսյան դասապրոցեսն սկսելու (այս դեպքում ևս ոչ ոք չի իմանալու` քանի երեխա-ուսուցիչ հիվանդացավ, որովհետև տվյալների բազային միայն երկու հոգի «доступ» ունեն` ինքն ու դոկտոր մահ-ը) դիվային իր ծրագրի ամփոփիչ ասքը։
Փոքրիկ պաուզա այս թեմայով, ու անցնենք գեոանալիզին: Այո, սրանք սկսում են Covid-19-ի 2-րդ ալիքի մեծ ռանդևուն` մատղաշ սերնդի «վրայով»: ՈՒղտին իսկ հասկանալի է՝ վերահսկողության այն մակարդակը, որն առկա է Հայաստանում Covid-ի հետ կապված, անպայմանորեն իր արտածումն է ունենալու մատղաշ սերնդի վրա. շատ մեծ «սրիկա» պետք է լինես, որ, որպես աշխարհում առաջանցիկներից մեկը Covid-ով վարակվածների, մահերի թվով, գնաս ոչ թե հեռավար ուսուցման, այլ փնթի կազմակերպմամբ դասապրոցեսի, ինչը կրթական համակարգը հիմնովին քանդած Հարությունյան Արայիկի դպրոցի մատաղացման վերջին արարը կլինի, որի կողքին Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիաներն առ ոչինչ կարող են համարվել:
Կարծում ենք, առաջիկա 100 «ձեռքբերումների» մեջ Հայաստանի թիվ մեկ խորոված անողը Covid-19-ի դեմ դպրոցական պայքարը կհամարի իր «մեծագույն» ձեռքբերումը` դպրոցի, եկեղեցու, ՍԴ-ի, տնտեսության, խորհրդարանի, Ամուլսարի, ազատ խոսքի կազմաքանդման կողքին…. իր տերերի` սորոսենց համար:
Ընդ որում, այդ ամենը Զոհրապ Մնացականյանի` ԱՄՆ այցից հինգ րոպե անց, երբ իշխանությունների դուռն արդեն թակում է Ղարաբաղյան խնդիրը, Ալիևն էլ հանդես է գալիս «վերելակային» խոր բացահայտումներով` ռազմատենչ-պատերազմական հայտարարություններով:
Հիշենք, որ մինչ օրս ո՛չ Փաշինյան Նիկոլը, ո՛չ Մնացականյան Զոհրապը չեն հանդիպել ամերիկացի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, ինչը թավշյա-ժողովրդավար (ա՜խ) համարված «հեղափոխության» համար նոնսենս է: Չնայած այն այն հանգամանքին, որ թե՛ Նիկոլը, թե՛ յուր կոմուֆլյաժավոր, զենքերից զարդեր ձուլող, ականջներից կախող, գետնին սողացող տիկինն ի խորոց սրտի ամեն ինչ անում են` վասն ամերիկյան խաղաղասիրության, ադրբեջանական ժողովրդի հետ կոնսոլիդացվելու, վասն մեր եկեղեցում հատուկ ծառայության ազերի դիվերսանտի պաշտպանության, թե` հայերը Խոջալուում «ցեղասպանություն» են իրականացրել:
Ոչինչ չօգնեց Նիկոլին, որպեսզի անգամ նման դրսևորումներից հետո իր իրական տերերը բանի տեղ դնեն իրեն, գոնե Պոմպեոյի մակարդակով հանդիպում ունենան (Բուշ-կրտսերը ժամանակին եկավ Վրաստան, վրացիքի կենտրոնական հրապարակում «Կենտաուրի» պարեց Միխոյի հետ):
Ի տեղի ձգենք պաուզան` ծանոթանալու Հայաստանի ղեկավարների ամերիկյան «տուռնեների» հետ. առաջին նախագահ ԼՏՊ-ն, իր կաբինետի առաջին ԱԳ նախարար, ամերիկահայ Րաֆֆի Հովհաննիսյանի ու վերջինիս հայրիկի լոբբիստական խոր ջանքերով, 91-ին հաջողեցրել էր հանդիպել Բուշ-ավագի, 94-ին` Բիլ Քլինթոնի հետ:
Քոչարյանն իր պաշտոնավարման սկզբնամասում` Հայ դատի ու հայկական համայնքի բուռն ջանքերի շնորհիվ հանդիպել էր պաշտոնին հրաժեշտ տվող «կաղ բադիկ» Բիլ Քլինթոնին` ընդամենը ճանաչողական մոտիվներով: 2001-ին` Քի ՈՒեսթում Ղարաբաղյան պայմանագրի ստորագրման մեկնած, հանց կասեր Վանոն` «քարտեզ նայելու» գնացած, Ալիև-ավագի հետ պայմանագրի ստորագրումը «իգնոր» արած Քոչարյանը «мимолетный» հանդիպում էր ունեցել Բուշ-կրտսերի հետ:
Սերժ Սարգսյանի ամերիկյան «տուռնեները» սկսվել են, երբ նա երկրի երկրորդ դեմք` վարչապետ էր. 2007-ի աշնանը հանդիպել էր Պետդեպի «երկաթյա լեդի» Քոնդոլիզա Ռայսի հետ (Նիկոլը ցայսօր չի կարողացել անգամ Պոմպեոյի հետ հանդիպել), նախագահ եղած ժամանակ քանիցս հանդիպումներ է ունեցել Բարաք Օբամայի հետ: Ի դեպ, Սերժի ժամանակ է ԱՄՆ-ի բարձաստիճան պաշտոնյան` պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ժամանել Հայաստան։
ՈՒ հիմա շատ ծիծաղելի, եթե չասենք՝ զավեշտական է, որ Փաշինյան Նիկոլի վայ-լոբբիստները մի քանի ժամով Հայաստան ժամանած, ընդամենը Թրամփի խորհրդական, «Արմնյուզին» հարցազրույց տվող, Նիկոլից ահավոր հիասթափված Բոլթոնին համարում են ամերիկյան «ամենբարձրաստիճան» պաշտոնյա, որի հետ տեսակցել է մեր թավշյա «Գանդին», իսկ Նիկոլի ու Թրամփի վայրկյանանոց նկարը համարել «աշխատանքային» հանդիպում:
Այնուհանդերձ, ռիսկ անենք, խմենք շամպայն, ասելու` Զոհրապ Մնացականյանը այս անգամ գուցե և հանդիպի Պոմպեոյին: Ինչու՞: Շատ պարզ. ԱՄՆ-ը Բալկանների ու Մերձավոր Արևելքի մերձեցման երեկոներ է անցկացնում, վասն Մերձավոր Արևելքում իր ներուժ Իսրայելի ամրակայման` Պաղեստինում սպասվող Իսրայելի տարածքների ապագա «խաղաղասիրական» օկուպացման: Եվ իհարկե` ընդդեմ Իրանի: Թրամփի գեոփեսա Քուշները իսրայելական հզոր «մարշ-բրասոկն» իրականացնում է վասն յուր աներոջ ընտրությունների, որոնց ֆոնին կնքվեցին համաձայնագրերը Բահրեյն-էմիրություններ-Իսրայել, Կոսովո-Սերբիա` խիստ խաղաղասիրական, զենքից ականջօղեր պատրաստելու մատրիցայով՝ Վուչիչին «մեղադրյալի» աթոռի մատուցմամբ:
Որին, ի դեպ, որքան էլ պարադոքսալ, Ռուսաստանն այնքան էլ դեմ չէր և Լավրովի ու Պուտինի մակարդակով ներողություն խնդրեց Զախարովայի փոխարեն (ուշադիր լինենք` հազար ու մի պատճառով):
ՈՒ հիմա, Զոհրապ Սնացականյանի այցով, կարծես հերթը հասնում է Հարավային Կովկասին: Կոնկրետ դեպքում՝ Ղարաբաղին: ՈՒ թե տեղի ունենա Պոմպեո-Սնացականյան հանդիպումը, կարելի է հիմնովին հասկանալ, թե ինչու է իր հարցազրույցներում վերջինս շրջանցում Արցախի ինքնիշխանության նորմը, շեշտադրում անվտանգության ու լավ մոռացված, Սերժ Սարգսյանի ժամանակ արդեն իսկ ձեռք բերված Վիեննա, Սանկտ Պետերբուրգ-Ժնև մոնիթորինգի մեխանիզմի անհրաժեշտությունը, որն ինքն ու յուր պատրոն Նիկոլը խիստ սահուն մոռացան Դուշանբեի վերելակում, ինչպես «մոռանում» են Արցախի կարգավիճակի հարցն ու Մադրիդյան սկզբունքները:
Միով բանիվ` ԱՄՆ-ը փորձում է Արցախի հարցում առաջ անցնել Ռուսաստանից: Բայց դա` առաջին հայացքից, զի Ռուսաստանը ևս լրջորեն վերադասավորվում է. հոկտեմբերի 12-16-ին սպասվում են ՀԱՊԿ զորավարժություններ` Բելառուսի տարածքում, ինչը խիստ նշանային է` տավուշյան դեպքերի ֆոնին.:
Տավուշը լուրջ տրանսֆորմացիա էր Ղարաբաղյան հակամարտության` Հայաստան-Ադրբեջան սահուն անցման, ի անհրաժետություն` ՀԱՊԿ բավականին նրբագեղ ներգրավման. մատրիցա` ապագա զարգացումների, ԱՄՆ-ի «խաղաղասիրական» բանալի` Տավուշում ի պիտո պտտելու:
Մնում է հասկանալ` Զոհրապ Սնացականյանը ԱՄՆ-ում (Պոմպեոյի առաջ) կնստի «ա լյա երկրորդ նկա՞ր», իմա՝ Շերոն Սթոուն (Զախարովայի նշած), թե՞ նրան անգամ աթոռ չեն տա, որ նստի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ