Հայաստանի հարևաններն են ոչ միայն թշնամական Թուրքիան և «Ապշերոնյան խանությունը», այլև Վրաստանն ու հզոր Իրանը։ Եվ չտեսնել, որ Իրանն ուժեղ թափով պատրաստվում է տարածաշրջանի ինչ-որ կտրուկ փոփոխությունների, կնշանակի շատ հեռու լինել քաղաքականությունից։ Մենք ամեն ինչ չենք կարող ընդգրկել, բայց Իրանի ներկայիս արտաքին քաղաքականության հիմնական դրույթները բոլորս պետք է նկատի ունենանք։ Հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կհամաձայնի մեր եզրակացություններին։
Ամռանը գրել էինք, որ Իրանը Չինաստանի հետ 25-ամյա ժամկետով ռազմավարական պայմանագիր է կնքել, ինչպես նաև երկարաձգել է նույնատիպ պայմանագիրը Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ը դժգոհություն ու մտահոգություն է արտահայտել Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի այդ որոշումների կապակցությամբ։ Բայց պարզվել է, որ ամենավախեցածն այժմ Իսրայելն է։ Իսրայելական «Ջերուզալեմ փոստ» թերթն Իրանի և Չինաստանի համապարփակ համագործակցության մասին պայմանագրի կնքումը վատ նորություն է համարել սիոնական վարչակարգի համար, ավելացնելով, որ այդ համաձայնագիրը չեզոքացնում է Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշման արդյունավետությունը։ Այո, Միացյալ Նահանգները և նույնիսկ նրա որոշ եվրոպական գործընկերներ փորձում են հակահեղափոխական որոշ ԶԼՄ-ների (Իրանից դուրս գործող) ստիպել, որ վիժեցնեն Իրանի և Չինաստանի համապարփակ պայմանագիրը և օգտագործեն իրանցիների հայրենասիրական զգացմունքները՝ խանգարելու համար Եվրասիայի երկու հսկա պետությունների ռազմավարական համագործակցությանը։ Իրանցի վերլուծաբան-փորձագետ Մոհսեն Ահադին «Մեհր նյուզ» գործակալության համար վերլուծություն է արել, թե ինչու է Իսրայելն այդպես վախեցած ու տառացիորեն տագնապ է հնչեցնում։
Իսկապես, բոլորին պարզ է, որ 1979 թ. Իսլամական հեղափոխությունն Իրանը դուրս հանեց Արևմուտքի դաշնակիցների ու «ստրուկների» ոլորտից դեպի սեփական անկախ քաղաքականության ոլորտ։ Հիշեցնենք՝ տնտեսության նավթի և գազի արդյունահանման ոլորտներն ազգայնացվել են։ Ահա թե Իրանին ինչը չեն կարող «ներել» հրեաները։ Իսկ ԱՄՆ-ը վերջին 42 տարում ամեն տեսակի պատժամիջոցներ է կիրառել Իրանի կառավարության ու ժողովրդի դեմ։ 2015 թ. իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ը փորձում էր առաջ տանել Իրանի առավելագույն ճնշման ու մեկուսացման իր քաղաքականությունը։ Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հասկացրել է, որ Իրանը երկու տարբերակ ունի. կամ պայմանավորվել, այսինքն՝ հանձնվել, կամ սպասել իր փլուզմանը։ Պարզ է, որ Իրանն ընդունել է ամերիկացիների ու սիոնիստների մարտահրավերը։
Ահա թե ինչու, երբ Իրանն ու Չինաստանն սկսեցին երկարաժամկետ համագործակցության ռազմավարական փաստաթղթի կնքման բանակցությունները, դա գործնականում նկատվեց որպես Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-ի քաղաքականության տապալման նշան։ Այդ առնչությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հեյլին գրել է «Թվիթերում». «Չինաստանը համագործակցում է Իրանի հետ՝ վերջ դնելով Իրանի միջազգային մեկուսացմանը»։ Իրանի առավելագույն ճնշման իր արշավի տապալումը կանխելու համար ԱՄՆ-ը փորձում է բորբոքել Իրանի ժողովրդի հայրենասիրական զգացմունքները և իրանա-չինական պայմանագիրը համեմատում է Իրանի և Ռուսաստանի միջև 1828 թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրի հետ, որով Իրանից պոկվեցին կովկասյան վերջին տարածքները։ ԱՄՆ-ի քարոզչության յուրօրինակ նրբերանգ է, այնպես չէ՞։ Վաշինգտոնի համար խնդիրն այն է, որ այսօր XXI դարն է, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը ոչ թե Իրանի մրցակիցներն են, այլ գործընկերները միջազգային ասպարեզում։ «Նյու Յորք թայմս» թերթը հուլիսի 11-ի «ԱՄՆ-ի հակազդեցությունը Չինաստանին և Իրանին առևտրի և ռազմական գործընկերության ոլորտում» հոդվածում իրանա-չինական պայմանագիրը բացահայտորեն սպառնալիք է համարել Ամերիկայի համար։ Բայց չէ՞ որ Վաշինգտոնը հակամարտության մեջ է պայմանագրի մյուս կողմի՝ Չինաստանի հետ և ցանկացած հնարավորություն օգտագործում է Պեկինի քաղաքական ու տնտեսական շահերին հարված հասցնելու համար։ Արդեն գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունն ուժեղացել է վերջին տարիներին, և նրա օբյեկտիվ դրսևորումը կարելի է նկատել երկու երկրների առևտրային առճակատման մեջ, որը հայտնի է որպես «սակագնային պատերազմ»։ Վերլուծաբան Մոհսեն Ահադին դա բացատրում է՝ հաշվի առնելով Թեհրանի ու Պեկինի հատուկ հարաբերությունները։
«Միացյալ Նահանգները վաղուց գիտի, որ նախկին աշխարհակարգը, երբ ԱՄՆ-ը, որպես գերտերություն, ձգտում էր բոլոր միջազգային հարաբերությունները փոխելու ի շահ իրեն, փլուզվում է։ Այդ նույն ժամանակ Չինաստանը կարողացավ աստիճանաբար հաստատվել որպես մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսություն՝ վարելով տնտեսական ճիշտ քաղաքականություն, և այժմ դարձել է ԱՄՆ-ի տնտեսական գերիշխանության մրցակիցը։ Շատ փորձագետների կարծիքով՝ Չինաստանի արտաքին առևտրի ծավալն այժմ նույնիսկ գերազանցում է ԱՄՆ-ի նույն ցուցանիշը։ Այդ պատճառով շատ վերլուծաբաններ կարծում են, որ 2035 թ. Չինաստանը կդառնա աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունեցող երկիրը։ Տեխնոլոգիաների ապշեցուցիչ աճի շնորհիվ Չինաստանն առաջին անգամ արտոնագրերի թվով գերազանցել է ԱՄՆ-ին։ Տեխնոլոգիական այդ առաջընթացը եվրոպական շատ երկրների ստիպել է դիմելու չինական ընկերություններին՝ խնդրելով նորացնելու իրենց համացանցը մինչև 5G»,- ասել է Ահադին։
Իրանա-չինական առևտրի պալատի նախագահ Մաջիդ Ռեզա Խաբիրին համոզված է, որ Չինաստանում 6G համացանցի գծով տեսական հետազոտություններն արդեն ավարտված են, և երկիրը շահագործման է պատրաստում 6G համացանցը, մինչդեռ Արևմուտքում այդպիսի ուսումնասիրություններ դեռ չեն արվել։ ԱՄՆ-ը ցանկացած հնարավորություն օգտագործում է Չինաստանը քայքայելու համար, և քանի որ սովոր է ահաբեկելու և իր զորությունը չարաշահելու մարտավարությանը, փորձում է չինական ընկերությունները մրցակցությունից հեռու պահել պատժամիջոցների կամ դատական գործընթացների միջոցով։ Վաշինգտոնը փորձում է Պեկինի վրա քաղաքական ճնշումն ուժեղացնել նաև այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հոնկոնգի կամ Տիբեթի խնդիրները։ «ՈՒոլ սթրիթ ջոռնելը» հուլիսի 11-ի հոդվածում գրել էր, որ «Իրանն ու Չինաստանը ձգտում են ամրապնդելու լայնամասշտաբ գործընկերությունը, որը հետ կմղի ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը և կթուլացնի Թեհրանի համընդհանուր մեկուսացումը»։ Ահա թե ինչու Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության փաստաթղթի ստորագրման մասին բանակցությունների ավարտից և Իրանի ու Չինաստանի վրա ազդելու լծակների կորստից հետո ԱՄՆ-ի ջանքերը նոր փուլ են մտել՝ ասում է փորձագետ Ահադին։
Քաղաքական բոլոր առաջատար և անկախ փորձագետները համոզված են, որ Իրանը բարձր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքեր է զբաղեցնում Արևմտյան Ասիայում, և միջազգային բարձրագույն տնտեսություն մուտք գործելու համար ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունում ցանկացած երկիր, որը կարող է հատուկ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ հաստատել Իրանի հետ, նույնպես ներգրավվելու է ապագա աշխարհի կոշտ մրցակցության մեջ։ Եվ ահա առաջատար թերթերից մեկը, ըստ էության՝ Իսրայելի իշխանությունների խոսափող «Ջերուզալեմ փոստը», նույնպես բացահայտորեն միացել է ԱՄՆ-ի և սիոնիզմի հակաիրանական «արշավին»։ Իսրայելցիները նշում են, որ Իրանում չինական ներդրումները մեծ նշանակություն կունենան առավելագույն ճնշման ամերիկյան «արշավի» ոչնչացման գործում։ «Իսրայելի համար այդ պայմանագրից բխող կորուստն ակնհայտ է»,- գրում է թերթը։ Չինաստանում Իրանի նախկին դեսպան Ջավադ Մանսուրին «Մեհր նյուզի» հետ հարցազրույցում հայտարարել է. «Իրանի և Չինաստանի՝ որպես երկու անկախ պետությունների, սերտ հարաբերություններն ակնհայտ սպառնալիք են ԱՄՆ-ի գերիշխանությանն ու համաշխարհային մեծամտությանը, և նրա այսօրվա հակազդեցությունը պայմանավորված է հենց այդ անհանգստությամբ ու երկյուղներով»։ Իսկ փորձագետ Մոհսեն Ահադին համոզված է. «ԱՄՆ-ը գիտի, որ Իրանի և Չինաստանի ռազմավարական մերձավորությունը, հաշվի առնելով Արևմտյան Ասիայում Թեհրանի աշխարհաքաղաքական դիրքը, ինչպես նաև Պեկինի տնտեսական հզորությունը, օգուտ են բերում մեր երկրներին, իրական սպառնալիք ստեղծում սիոնիստական վարչակարգի համար և արագացնում ԱՄՆ-ի անկումը։ Ահա թե ինչու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վերջին միջոցառումները հարկ է դիտարկել որպես ճահճում խեղդվող մարդու գործողություններ»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ