Որքան անողնաշար պիտի լինի կառավարությունը, որ 2 տարուց ավելի չկարողանա մի հարցի շուրջ հստակ դիրքորոշում որդեգրել ու ներկայացնել հանրությանը։ Ամուլսարի հարցի շուրջ իրավիճակը լավագույնս է ներկայացնում այս իշխանության դեմքը. հարցերին լուծում չտալու, որոշումներ կայացնելու անընդունակություն, ներդրումների իմիտացիա ստեղծել, իրենց իսկ ամպագոռգոռ հայտարարությունների տակից դուրս չգալ, չընդմիջվող շոուներ, էական հարցերի շրջանցում, հասարակական-քաղաքական օրակարգը անհեթեթ ֆոտոսեսիաներով, ընտանեկան անիմաստ լայվերով ուղղելու անլրջության` չափի զգացողության բացակայությամբ։ Չի կարելի մարդկանց ամեն վայրկյան քո կենցաղավարությանը, փիփերթ ուտելուն, գինի խմելուն ու գետնին պառկելուն, տորթի գույները «ուտելուն», ձիուց ընկնելուն ու շատ դիտելիություն ապահովող անիմաստ խոսքուզրույցին, տեսարաններին ներկա դարձնել։ Պետության ղեկավարին պատշաճությունն ու զսպվածությունն է գեղեցկացնում, բարեկրթության օրինակ ծառայելը, չէժանանալը։ Սա` ի միջի այլոց։
Իբր բացված, բայց իրականում չաշխատող գործարանների ֆոնին ինքնագովազդվող, «բոլորին սիրող» վարչապետը մի հանքի շահագործման հարցում արդեն 2 տարուց ավելի քաղաքացիներին մշտապես լարվածության մեջ է պահում։ Կառավարության ղեկավարի անվճռականության պատճառով գրեթե ամեն շաբաթ հանքի շահագործմանը դեմ և կողմ մարդիկ իրար են բախվում։ Երեկ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են հերթապահող քաղաքացիների վրա և ծեծել նրանց։ Հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս տեղեկությունը հերքող հայտարարություն տարածեց. «Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին»։ ՈՒ այս լարվածությունը տևական ժամանակ շարունակվում է, սակայն իշխանությունն անհաղորդ է խնդրին։
Նախարարները փոխարինում են միմյանց, սակայն նրանք ևս ոչ մի դիրքորոշում չունեն այս հարցում, բոլորի հայացքն ուղղված է Նիկոլ Փաշինյանին, իսկ նա ամեն անգամ անհասկանալի ձևով շրջանցում է հարցը։ Դժվար է պատկերացնել մի երկրի վարչապետի, որն անընդհատ հայտարարում է, թե խնդրահարույց հարցի վերաբերյալ դեռ չի կողմնորոշվել, կարծիք չունի։ Իսկ եթե երկրի ղեկավար կարգված մեկը չգիտի ինչպես լուծել այս թնջուկը, ո՞վ պետք է այս երկրում որոշումներ կայացնի։ Հայաստանի բախտը չի բերել այն հարցում, որ բարդ խնդիրներով հարուստ տարածաշրջանում է և շատ հաճախ է կանգնել ու կանգնելու ցավոտ խնդիրների առաջ։ Այս իրավիճակում մեծ շռայլություն չէ՞ որոշումներ կայացնելու անընդունակ ղեկավար ունենալը։ Ի դեպ, բարդ հարցերի սանդղակում Ամուլսարը հաստատ վերին հորիզոնականում չէ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ