Ոչ ոք, կամ՝ բոլորը: Սպանությունից 50 տարի անց արխիվները մասամբ բացվեցին, որ հաստատեն նույն պատասխանը՝ հայտնի է՝ ո՞վ է քաշել ինքնաձիգի ձգանը, ո՞վ է կազմակերպել սպանությունը հայտնի չէ: «ՈՒ՞մ է ձեռնտու» դասական հարցի պատասխանը տարտղնված է: ՈՒ՞ր էին նախագահի անձնական անվտանգությունը, ՀԴԲ-ն, նույնպես անորոշ է: Մարդը սպանվեց բոլորի աչքի առաջ՝ սպանելով իր երկրի զարգացման որոշակի ուղղությունը: Ծրագիր, որ այլևս չէր կատարվելու: Փաստացի՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին, Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինին, Շվեդիայի վարչապետ ՈՒլոֆ Պալմեին, Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիային, Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանին սպանեց ժամանակը և նրանց ծրագիրը, որ առաջ էր անցել ժամանակից: Անկախ՝ Դալասում ընտրարշավի՞ էին, փողո՞ցն էին անցնում, կինոթատրոնից տու՞ն էին գնում, նարդի՞ էին խաղում, թե՞ ԱԺ-ում պաշտոնական պարտականություններն էին կատարում: Ժամանակը ներառում է արտաքին+ներքին շահեր և միշտ չէ, որ խաղում է այն խաղը, որի համար նետն արձակվել է աղեղից: Քաղաքական սրբադասման շանսերը նվազում են նրանց համար, որ ժամանակակիցն են եղել քաղաքական սպանությունների ու եղել են իշխանության մեջ: Պատմության դետոնատորը պայթեցնում է ռումբը իքս պահին, որ ոչ ոք չգիտի ու չի կարող հաշվարկել: Ծրագիրը շարունակվում է այլ դրսևորումներով, որովհետև ԾՐԱԳՐԵՐԸ հենց այնպես չեն տրվում:
Անցյալ շաբաթ Աժ-ն 70 կողմ, 19 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը և նշեց, որ սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի, կարող է փոխարինվել կարանտինով. 6-12 ամիս ժամկետով: Իմա՝ մեր կյանքում ոչինչ չի փոխվում, սոսկ ձևակերպումները, բովանդակությունը մնալու է նույնը: Եթե կառավարությունը կարանտին հայտարարի, իսկ կառավարությունը հայտարարելու է, կարող են կիրառվել ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման, կրթական հաստատությունների գործունեության, ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում սահմանափակումներ: Թվում էր, որ արդարադատության փոխնախարարից բացի ԱԺ-ում պետք է լինի առողջապահության փոխնախարարը և պատգամավորներին իրազեկի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող քայլերի, իրավիճակի մանրամասների ու հեռանկարների մասին: Արտակարգ դրության էլ, կարանտինի էլ պատճառը կորոնավիրուսն է, թե արտակարգ դրության, թե կարանտինի պայմաններն ու ժամկետը ուղիղ կախում ունեն վարակից, ոչ թե կառավարությունից կամ խորհրդարանից: Բայց ստացվեց, որ բնավ էլ այդպես չէ, կամ՝ կորոնավիրուսն այլևս մեր կեցության անբաժանելի ու անանց մասն է, որի մասին ոչինչ նոր իմանալու չկա: Փոխարենը՝ ԱԺ-ում քննարկումները քաղաքականացվեցին: Հարցը նոր տուգանքները չեն, երբ վերանում է պարետատունը, որ բացի սահմանափակումներից, ոչինչ չարեց վարակի տարածումը կանխելու համար, քննարկման բովանդակությունն է, երբ սեպտեմբերի 6-ին 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15108, մահացության ցուցանիշը՝ 303: Այս պայմաններում խորհրդարանում գլխավոր հարցը դարձել էր … օդային հաղորդակցության բացումը: Աժ արտահերթ նստաշրջանի նախօրեին կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտ բողոքի ակցիաներ են անում հայերը, որ չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան: Թե ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կցկտուր պատասխանները, թե ընդդիմադիր պատգամավորների խոստումները իրավական դաշտում ոչինչ են, Հայաստանը չի կարող ազդել Ռուսաստանի ներքին որոշումների վրա, եթե Ռուսաստանը որոշել է արգելել այլ երկրների քաղաքացիների մուտքը իր տարածք՝ ելնելով համաճարակային իրավիճակից։
Բացի իրավականից՝ կա բարոյական կողմը: Նրանք բոլորը երդվում են, որ Հայաստանն աշխարհի ամենալավ երկիրն է ու նետվում են Ռուսաստան, որ կարողանան ապրել, որովհետև հայրենիքը իրենց տուն ու աշխատանք չի ապահովում, իսկ կյանքը մի անգամ է տրվում, բոլորն ուզում են նորմալ ապրել: ՈՒ սա Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ պարտությունն է, որ ակնհայտ է դարձնում նրա կառավարության անկարողությունը: Արդեն չգիտեմ հակաճգնաժամային քանի փաթեթ գործարկած կառավարությունը դեֆակտո չի կարողանում լուծել հայրենադարձության խնդիրը, որի հիմքում աշխատատեղերն են: Կառավարության պոպուլիզմը շղթայական ռեակցիայով փոխանցվել է բողոքարկողներին՝ նրանք էլ իշխանությունից պահանջում են Ռուսաստանի ու Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվել, որ իրենք մեկնեն՝ ուր ցանկանում են՝ չմոռանալով շեշտել, որ իրենք են ընտրել իշխանությանը, ուրեմն իշխանությունը պիտի իրենց ծառայի: Հարկավ, իրավական գրագիտություն ու միջազգային իրավունքի խախտում է մեկ այլ սուվերեն երկրի ներքին գործ համարվող միգրացիոն քաղաքականության փոփոխության վրա ներգործելու պահանջը: Լավագույն դեպքում ՀՀ-ն կարող է տարբեր խողովակներով քննարկել տարբեր հարթակներում, թե երբ կարող են բացել սահմանները: Պահանջը պետք է ուղղվի ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը, որ ՌԴ պաշտոնական ներկայացուցչությունն է և կարող է գործել ՌԴ-ի անունից։ Բողոքի ակցիաները հաստատում են, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների ցանկալի հայրենիքը, այն քաղաքացիների, որ առաջնորդվում են «Որտեղ հաց՝ էնտեղ կաց» սկզբունքով: Եվ ՀՀ իշխանությունը նպաստում է, որ Ռուսաստանը Հայաստանում կոնսոլիդացնի ու ուղղորդի իրենից դժգոհ մարդկանց խմբերին: Կորոնավարակը այս հարցում դեր չունի: Սա մեծ քաղաքականություն է, որ փորձում են դնել փոքր մարդկանց ուսերին: ԾՐԱԳԻՐ:
ՀՀ պետական պարտքը հասնում է 8 մլրդ դոլարի՝ մեծ մասը արտաքին պարտքն է, տնտեսությունն իրականում չի աճում, վարկերը, արտաքին պարտավորությունները աճում են: Կառավարության վարկային ու տնտեսական քաղաքականությունը միտված է եղածը պահպանելուն, բայց ոչ զարգացնելուն: Մենք, օրինակ, ճանապարհ ենք կառուցում, որ ուղղակի արժեք չի ստեղծում: Եթե նոր արտադրանք, ոլորտներ, շուկաներ չձևավորենք, տնտեսության անկումը շարունակվելու է: Մենք տարեկան վերցնում ենք 1 մլրդ դոլար պարտք, դնում շրջանառության մեջ՝ ճանապարհների շինարարություն, պետական համակարգի աշխատավարձերի վճարում՝ պահպանում ենք եղած շուկան: Վերջ: Կառավարությունը խնդիր չի դնում նոր շուկաներ ձևավորելը՝ նոր արտադրանք ստեղծել ու արտահանելը նոր շուկաներ, կամ հին արտադրանքի համար նոր շուկաներ գտնելը: Կորոնավիրուսի հարուցած ճգնաժամը իբրև հնարավորություն օգտագործելու վարչապետի հայտարարությունները սոսկ մտադրություն են՝ պոպուլիզմ՝ ոչ մի կոնկրետ քայլ չի արվել կոնկրետ ոլորտում ու կոնկրետ ծրագրով:
Մեկ այլ ԾՐԱԳԻՐ էլ է իրագործվում ու շատ արագ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին ու անհանգստություն հայտնել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ռազմական համագործակցության հարցով: Միջերկրածովյան էներգակիրները դարձել են Պանդորայի արկղ, որի բացումը փորձում է կանխել նաև ՆԱՏՕ-ն: «Հունաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ իմ բանակցություններից հետո երկու դաշնակիցները պայմանավորվեցին տեխնիկական բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի հետ` հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ ստեղծելու նպատակով` Միջերկրական ծովի արևելքում միջադեպերի և վթարների ռիսկը նվազեցնելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը համաձայն է Թուրքիայի հետ քննարկել և կարգավորել Միջերկրական ծովում վտանգավոր վեճը, «որի համար թուրքերը պետք է դադարեցնեն սադրանքները»: Նա անդրադարձել է Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությանը: «Նախագահ Էրդողանի բազմաթիվ բոցաշունչ հայտարարություններից ես կառանձնացնեմ միայն մեկը, որ բանակցությունների մասին է: «Կտամ շատ պարզ արձագանք՝ վերջ տվեք սադրանքներին, և երկխոսությունը կսկսվի»,- ասել է Միցոտակիսը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է հիստերիայի մեջ՝ լիբիական և սիրիական հակամարտությունների զարգացման, Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճի պատճառով։ «Ո՞վ է հրահրում Հունաստանին Թուրքիայի դեմ։ Ֆրանսիան։ Բայց նա այլ օրակարգ ունի։ Երբ Սիրիայում ահաբեկչական պետություն ստեղծելու նրա ծրագրերը ձախողվեցին, նա հանդուգն դիրքորոշում ընդունեց Թուրքիայի հանդեպ։ Ես պետք է թույլտվությո՞ւն խնդրեմ Ֆրանսիայից, երբ ահաբեկչության դեմ պատերազմ եմ մղում»,- հայտարարել է Չավուշօղլուն, որ բացարձակ անհեթեթություն է: Ըստ Չավուշօղլուի՝ Ֆրանսիան ամենից շատն է Հունաստանին սադրում Արևելյան Միջերկրածովյան շրջանում։ Նա Փարիզին կոչ է արել Անկարայի հետ համագործակցել տարածաշրջանային կայունության համար: Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամություն է հայտնել, իսկ ՊՆ նախարար Հուլուսի Աքարը ողջունել է Թուրքիայի և Հունաստանի «տեխնիկական բանակցությունների» ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը, բայց շեշտել՝ Անկարան կպաշտպանի «իր շահերն ու իրավունքները»։ Բանակցությունները կլինեն, թե ոչ, հարց չեն լուծելու, Թուրքիան ունի իր ԾՐԱԳԻՐԸ: ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանը՝ ոչ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Կիպրոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. «Մենք պատրաստ ենք աջակցել Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, բայց, իհարկե, միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ շահագրգիռ լինեն և խնդրեն մեզ»,- ասել է Լավրովը: Նրանց ծրագրերը տարբեր են: Գազպրոմի կիսամյա շահույթը նվազել է 25 անգամ։ Մաքուր շահույթը 32,9 միլիարդ ռուբլի է, որ 25,4 անգամ քիչ է 2019-ի առաջին կիսամյակից՝ 836,5 միլիարդ ռուբլի։ Թուրքիան գրեթե դադարել է գազ գնել Ռուսաստանից՝ փոխարինելով ադրբեջանականով։ Ռուսաստանը միլիարդներ է ներդրել Թուրքիայի խողովակաշարերում։ Հիմա Թուրքիան ու Ադրբեջանն աշխատում են Մոսկվայի դեմ` փորձելով զրկել նավթի ու գազի ավանդական շուկաներից: Հավելեք Էրդողանի խորհրդականի` Ռուսաստանը փլուզելու սպառնալիքը 25 միլիոն մուսուլմանների միջոցով և …կստանաք մի մեծ ԾՐԱԳԻՐ, որի իրականացման դեմ թե ժամանակ կա, թե հնարավորություն, թե նպատակ: Ձևավորվում է Ֆրանսիա-Իտալիա-Հունաստան-Կիպրոս ալյանս ԵՄ-ում, որին կարող են միանալ Իսրայելը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն: Պահն է Էրդողանին հասկացնելու, որ ոչ թե Հայաստանն է Սևանը շփոթել Էգեյան ծովի հետ, այլ ինքն է իրեն դրել երեք փաշաների դերում, որոնց վախճանը հայտնի է: Պետք է արդարացնել Ալիևի վախը՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցությունից և Բաքու-Անկարա տանդեմից պաշտպանվել ԵՄ+արաբական աշխարհ կոալիցիայով, որ Ալիևն ու Էրդողանը հասկանան՝ Սևանը ի՞նչ կապ ունի Էգեյանի ու Միջերկրականի հետ: Իսկ հեռանկարում՝ ի՞նչ կապ ունի Ստեփանակերտը: Դա է իրական ԾՐԱԳԻՐԸ, որ կարող է ու պետք է աշխատի, եթե… աշխատենք մենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես՝ եզրակացությունն այն պահն է, երբ հոգնում ես մտածել: Կամ՝ գիտես՝ ո՞վ է սպանել Ջոն Ֆիցջերալդ Քենեդիին, բայց այլևս անիմաստ է: Ողջ լերուք: Բարի աշուն ձեզ: