Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում աշխատում են մեծ թվով փորձագետներ, որոնք կա՛մ ազգությամբ թուրք են, կա՛մ հետևողական թուրքամետ դիրքորոշում ունեն, ուստի Թուրքիայի Եվրամիություն մտնելու խնդրի առնչությամբ նրանց կարծիքն ու գնահատականները որոշակի հետաքրքրություն են ներկայացնում։ Նրանց գործունեության ոլորտն աշխարհաքաղաքական խնդիրներն են` կապված տարածաշրջանային զանազան մակրոտերությունների ազդեցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև իսլամական կազմակերպությունների գործունեության հետ։ Այդ փորձագետները խիստ զուսպ են արտահայտվում, պատկանում են թուրքամետ մտավորականների ազատական թևին, ունեն առանձնահատուկ և ինքնատիպ մտքեր։
Թուրքիայի նկատմամբ եվրոպացիների բացասական վերաբերմունքը բացատրվում է արևմտյան քրիստոնեական հասարակությունից երկրի սոցիալ-մշակութային ու կրոնական խորթությամբ, որին գումարվում են նաև Եվրամիություն մտնելու հետ կապված պահանջները, ինչպես նաև Թուրքիայի ձգտումը` նոր դիրքեր ձեռք բերելու աշխարհում ու տարածաշրջանում։ Փորձագետների կարծիքով` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուի ձևակերպած ներկա արտքաղաքական նպատակները պարունակում են նաև շատ հրապուրիչ, բայց և Արևմուտքի համար երկյուղալի հանգամանքներ, որոնք չեն կարող անտեսվել ամերիկացիների ու եվրոպացիների կողմից։ Թուրք քաղգործիչները հույս ունեին, թե իրենց արտաքին քաղաքականության հռչակած նպատակները բավարար են Արևմուտքի գործընկերների դրական վերաբերմունքին արժանանալու համար, բայց դա, իհարկե, տեղի չունեցավ և չէր էլ կարող ունենալ։
Արևմուտքի երկյուղներն առաջացել էին Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր դոկտրինի հռչակումից դեռ շատ առաջ` 90-ականներին, երբ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք պատճառ դարձան թուրք-ամերիկյան հարաբերությունների փչացման։ Դրա հիմնական պատճառը Խորհրդային Միության փլուզումն էր, որի հետևանքով ձևավորվեց աշխարհաքաղաքական մի նոր իրավիճակ, տարածաշրջանային մի շարք մակրոտերություններում հույսեր արթնացան ավելի ծանրակշիռ ու ազդեցիկ դիրքեր ձեռք բերելու աշխարհում։ ԱՄՆ-ն առանձնապես չէր էլ ձգտում Թուրքիային գրգռել Ռուսաստանի դեմ, քանի որ չէր ուզում, որ նա ուժեղ դիրքեր գրավի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, ինչը և լուրջ դժգոհություն առաջ բերեց Անկարայում։ Արևմուտքում երբեք լուրջ անհանգստություն չի եղել Թուրքիայի ու Ռուսաստանի հնարավոր սերտ համագործակցության առնչությամբ, որը կսպառնար վերածվելու դաշինքի։ Ռուսաստանը դիտարկվում է որպես մի պետություն, որը շահագրգռված է Սև ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում թուրքական քաղաքականության շրջափակմամբ։ Ներկայումս ծնունդ են առել հայացքներ, որոնք ենթադրում են երեք տերությունների` Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի մրցակցություն աշխարհաքաղաքական լայն ասպարեզում։ Համարվում է, որ դրա համար առաջացել են նպաստավոր պայմաններ, բայց դա հիմնականում տեղ է գտնում բրիտանական ու ամերիկյան վերլուծաբանների դատողություններում։
Այդ փորձագետները դրականորեն են վերաբերվում Մերձավոր Արևելքում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում Թուրքիայի վարած քաղաքականությանը։ Նրանց կարծիքով, ներկայումս միայն Թուրքիան` իր ներդաշնակ տնտեսական ու քաղաքական նորամուծություններով, կարող է տարածաշրջանի երկրներին առաջարկել կայունության, անվտանգության ու զարգացման ըմբռնելի պայմաններ։ Թուրքիան որոշակի «հեղափոխություն» է իրականացնում տարածաշրջանային հարաբերություններում, առաջարկելով վիճելի հարցերի լուծում, առճակատումների բացառում։ Սակայն շատ պետություններ դժգոհ են և երկյուղում են թուրքական քաղաքականությունից։ Բալկաններում, առավել ևս Մերձավոր Արևելքում, ոչ միայն կառավարող վարչակազմերը, այլև տարբեր կուսակցություններ ու մտավորական մարդիկ կասկածանքով են վերաբերվում Թուրքիայի նպատակներին ու մտադրություններին։ Փորձագետների գնահատմամբ` ԱՄՆ-ն աշխատում է պաշտպանել Մերձավոր Արևելքի տարբեր խմբերի, որոնք անվստահություն ունեն Թուրքիայի քաղաքականության հանդեպ։ Այդ կասկածներն ու դիմակայությունը քողարկված վիճակում են և ճանաչում չեն գտել հրապարակային քաղաքականության մեջ։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը խիստ կոշտ արտահայտություններ ու ձևակերպումներ է թույլ տալիս զրույցներում ու հայտարարություններում, և դա վնասում է թուրքական քաղաքականությանը, մինչդեռ պետք է օգտվել դիվանագիտական ձևակերպումներից, և այդ դեպքում ընդդիմախոսները փաստարկներ չեն ունենա Թուրքիայի մտադրությունների դեմ։ Արաբական երկրների ժողովրդական լայն զանգվածները ոգևորությամբ ու երախտագիտությամբ ընդունեցին Թուրքիայի հայտարարություններն ու դիրքորոշումը Իսրայելի առնչությամբ, բայց կառավարությունները երկյուղում են ոչ միայն Թուրքիայից, այլև նրա հանդեպ ժողովուրդների համակրանքից, և դա ևս որոշակի չափով Թուրքիայի հանդեպ արաբական երկրների կառավարող վարչախմբերի ճշմարիտ դիրքորոշման ազդեցության հետևանք է։ Տեղեկություններ կան, որ արաբ տիրակալներն արդեն սկսել են կարծիքների փոխանակությունը Մերձավոր Արևելքում թուրքական ազդեցության սահմանափակման առնչությամբ։ Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները խորհրդակցում են Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ղեկավարության հետ` ջանալով թույլ չտալ, որ այդ երկրները զարգացնեն հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ժամանակին ԱՄՆ-ը և Եվրամիությունը ոչ մի կերպ չպաշտպանեցին ՆԱՏՕ-ի գծով իրենց վաղեմի դաշնակից Թուրքիայի ջանքերը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, ուր Անկարայի քաղաքականությունը շատ ավելի անհաջող էր, քան կարելի էր պատկերացնել։ Նույն բանն է տեղի ունենում նաև Մերձավոր Արևելքում, որտեղ ԱՄՆ-ը տորպեդահարում է Թուրքիայի ջանքերն անվտանգության ու զարգացման պայմանների ամրապնդման ուղղությամբ։ Եվրոպայի առաջատար պետությունները նման քաղաքականություն չեն վարում, սակայն վերջիններիս համակրանքն ԱՄՆ-ի կողմն է, նրանք պաշտպանում են ամերիկյան քաղաքականությունը։ Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ը շատ զուսպ և անվստահ քաղաքականություն է վարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, քանի որ շահագրգռված է «Հայկական հարցի» ծավալմամբ` այդ խնդիրը համարելով կարևոր գործոն քաղաքականության մեջ։
Բրիտանացի առաջատար քաղաքագետներից մեկը` Լոնդոնի միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարկ Լեոնարդը, սերտորեն կապված է թուրքական քաղաքական ու փորձագիտական շրջանակների հետ, թուրքական սատարորդ (լոբբիստ) է Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայի այլ երկրներում։ Նա լիովին ժխտում է որևէ ապակառուցողական քայլ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, կասկածի է ենթարկում Թուրքիայի կայսերապետական նկրտումները տարածաշրջանների հանդեպ, համարում է, որ Թուրքիան լուրջ խնդիրներ չունի ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների հետ, շիտակ քաղաքականություն է վարում Մերձավոր Արևելքում, Բալկաններում ու Աֆղանստանում, և, ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքականությունը համախմբող նշանակություն ունի աշխարհի շատ պետությունների ու ժողովուրդների համար։
Բրյուսելի եվրոպական հետազոտությունների կենտրոնի արևելաեվրոպական բաժնի ղեկավար Մայքլ Էմերսոնը ձգտում է արտահայտել համաեվրոպական կարծիքներ ու հայացքներ` քողարկվելով ազատական արտահայտություններով. իրականում նա ծայրաստիճան հետադիմական հայացքների տեր է և հետամուտ է թուրքական շահերին։ Այս փորձագետի կարծիքով, Եվրոպան աններելի սխալ է գործել` Թուրքիային չընդունելով Եվրամիություն ու հիմա հատուցում է դրա համար։ Թուրքիան Արևմտյան ընկերակցության մեջ իր տեղի ու դերի, իր շահերի անտեսմանն ի պատասխան ընտրել է Ասիայի հեղինակավոր և ամբողջատիրական պետությունների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի, արաբական վարչակազմերի հետ մերձեցման վտանգավոր ու անկանխատեսելի ուղին։ Թուրքերը նշանակալի դեր են խաղացել եվրոպական տնտեսության զարգացման գործում, բայց ի պատասխան արժանացել են ապերախտ վերաբերմունքի։ Նայեք Ռուսաստանին, որը, ուսումնասիրելով Եվրոպայի փորձը, հասկանալով Թուրքիային արհամարհելու վտանգավորությունը, նրա հետ մերձեցումը նախընտրեց որևէ առճակատումից, ու հիմա հաջողությամբ զարգացնում է իր տնտեսությունը, օգտվելով նրա հետ գործընկերությունից։ Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցում է երեք տարածաշրջաններում, ուր պայմանականորեն միշտ էլ մրցակցություն է եղել` Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու Պովոլժիեում։ Իրանն ու արաբական պետությունները, ինչպես նաև Չինաստանը Թուրքիայի հետ համագործակցում են տնտեսության, էներգետիկայի ու անվտանգության ոլորտներում, ինչի շնորհիվ նոր դիրքեր են նվաճում աշխարհում։ Դրան զուգընթաց, Եվրոպան շարունակում է հեռու մնալ Թուրքիայից և անգամ ընդունակ չէ հասկանալու, թե ինչ է լինելու այն տարածաշրջաններում, ուր նա նոր դիրքեր է ձեռք բերում, այսինքն` Բալկաններում, Եվրասիայում, Մերձավոր Արևելքում։
Թուրքիան շարունակում է լինել Արևմուտքի գործընկերը, մասնակցում է Արևմուտքի շահերի պաշտպանությանը և մտադիր չէ սահմանափակելու իր գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` որպես անվտանգության խոշոր համակարգի հիմքի։ Արաբական պետությունները Թուրքիան ընկալում են արդեն որպես հուսալի գործընկերոջ և նրա նախաձեռնությունները համարում են միանգամայն կառուցողական։ Իսրայելի հետ ծագած դժվարություններն այնքան էլ խորարմատ չեն ու ժամանակի ընթացքում կհարթվեն։ Այսպիսով, Թուրքիայի հետ հարաբերություններում Եվրամիությունը խոշոր պարտություն կրեց, և հարկ է վերականգնել նախկին հարաբերությունները։ Եվրոպական քաղգործիչներն ու լրատվամիջոցները ջանում են ձևացնել, թե իրենց քիչ է հուզում Թուրքիայի հարցը, և ամեն կերպ անտեսում են այդ խնդիրը հրապարակային ենթատեքստում։ Իրականում այդպես չէ. եվրոպական քաղշրջանակներին ծայրաստիճան անհանգստացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր կուրսը, և աշխատում են իրենց համար պարզել, թե ինչպիսիք կլինեն ապագա գերակայությունները։
Եվրոպական քաղգործիչները, նախ և առաջ ֆրանսիացիներն ու գերմանացիները, ձևացնում են, թե շահագրգռված չեն ամերիկացիների հետ խորհրդակցելով «թուրքական թեմայով»։ Ամերիկացիներն իրենք շահագրգռված չեն եվրոպացիներին տեղեկացնելու Թուրքիայի առնչությամբ սեփական մտադրությունների մասին, ամերիկյան և եվրոպական փորձագետների միջև «թուրքական թեմայով» կարծիքների պատշաճ փոխանակություն մինչև օրս չկա։ Եվրոպացիները միայն գուշակություններ են անում ամերիկացիների մտադրությունների մասին։ Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ը ձգտում է պատժել եվրոպացիներին այն բանի համար, որ նրանք ոչ մի կերպ չեն հասկանում, թե իրենց առջև ինչ խնդիրներ են օբյեկտիվորեն ծառանում թուրքական խնդրի առնչությամբ։ Այդուամենայնիվ, եվրոպացիները, ընկալելով Թուրքիայի հանդեպ ամերիկյան մտադրությունները, ըմբռնումով են մոտենում և անգամ որոշակիորեն երախտապարտ են ԱՄՆ-ին այն ակտիվ դերի համար, որ նա խաղում է Թուրքիան հսկողության տակ պահելու և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությանը դիմակայելու ուղղությամբ։
Ներկայումս Եվրոպայում «թուրքական թեմայի» քննարկումն ակտիվացել է, ինչը հանգեցրել է, ցավոք, ոչ միայն Ֆրանսիայի և Գերմանիայի, այլև Մեծ Բրիտանիայի դիրքորոշման կոշտացմանը։ Պետք է հասկանալ, որ Թուրքիային հնարավորություն ընձեռելով իր արտքաղաքական դոկտրինը ծավալելու Մերձավոր Արևելքում և Բալկաններում, Արևմուտքը կարող է նրա աջակցությունն ստանալ Ռուսաստանի նվաճողամտությանը դիմակայելու գործում։ Փորձագետը համոզված է, թե Թուրքիան արդեն հասկացրել է, որ իր համակրանքն Իրանի նկատմամբ այնքան էլ նշանակալի չի լինի, և որոշում է ընդունել սահմանափակելու իր նախաձեռնությունները Իրանի առնչությամբ։ Փորձագետի կարծիքով, Թուրքիայի ներկա կառավարությունը բարեփոխիչների մի թիմ է, որը ձգտում է փոխել Թուրքիայի ներքին սոցիալական և արտաքին վարկանիշը, հասարակությունը դարձնել ավելի բաց թե՛ իր, թե՛ արտաքին աշխարհի համար։ Եվ սա պետք է գնահատել։ Միաժամանակ, Ֆրանսիայի առաջատար ինստիտուտներում ու կենտրոններում թուրքական հասարակության դիրքորոշումը ներկայացնող փորձագետներն իրատեսորեն են գնահատում այն գործոնները, որոնք պայմանավորում են եվրոպացիների վերաբերմունքը Եվրամիության մեջ մտնելու Թուրքիայի ձգտման նկատմամբ։
Այդ փորձագետների կարծիքով, ճգնաժամային երևույթներից ու դրանց հետևանքներից հոգնած Եվրոպան դեռ շատ երկար պատրաստ չի լինի ընդլայնման, և հազիվ թե, առհասարակ, տեղի ունենա Եվրամիության շատ թե քիչ էական ընդլայնում։ Միաժամանակ, Եվրամիությունը մտադիր է վարել ներամփոփ քաղաքականություն, հուսալով հնարավորինս շուտ գլուխ հանել սեփական դժվարություններից` դրանց չգումարելով նոր խնդրահարույց թեմաներ։ Բացի այն, որ Թուրքիան կորցրել է Եվրամիություն մտնելու բոլոր հույսերը, նրան դժվարություններ են սպասում նաև Եվրամիության հետ տնտեսական համագործակցության առումով` ներառյալ վարկային ու առևտրային քաղաքականությունը, սոցիալական ծրագրերի ընդլայնումը։ Նա կարող է ժամանակի ընթացքում ափսոսալ, որ անտեսել է գլխավորապես Ֆրանսիայի առաջարկած «Միջերկրածովային գործակցության» նախագիծը` որպես Թուրքիային «անվայել» ծրագիր։
Թուրքիան մնում է որպես եվրոպական քաղաքականության «խնդրակույտ»։ Եվրոպացիները շատ երկար երեսպաշտություն արեցին, բայց, ի վերջո, սպանեցին Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի հույսերը։ «Թուրքական թեման» գտնվում է համաեվրոպական բանավեճի կիզակետում։ Եվրոպական քաղաքական վերնախավը, ըստ էության, պատշաճորեն չի քննարկել «թուրքական թեման», որպեսզի հնարավոր լինի խոսել ծավալուն ու, առավել ևս, համընդգրկուն առաջարկությունների մշակման մասին։ Փորձագետների կարծիքով, եվրոպացիները դեռևս չգիտեն ինչպես վարվել Թուրքիայի հետ, ինչպես պատասխանել նրա մարտակոչերին։ Մոտ ժամանակներս արմատական լուծումներ չեն լինի, եթե նկատի ունենանք, որ թուրքական խնդիրներ են հասունանում նաև Եվրամիությանը նրա անդամակցության սահմաններից դուրս։ ՈՒստի պետք է ենթադրել, որ եվրոպացիները կպաշտպանեն Թուրքիային «զսպելու» ԱՄՆ-ի ցանկացած քաղաքական քայլ, ընդ որում, ոչինչ չառաջարկելով որպես աշխարհաքաղաքական այդ ուղղությունում ԱՄՆ-ի գործընկերներ։ Դա միանգամայն ձեռնտու կլինի ամերիկացիներին, որոնք շահագրգռված չեն իրենց գործերին եվրոպացիների միջամտությամբ, հատկապես «թուրքական թեմայով»։ Ամերիկացիներն իրաքյան ռազմարշավին եվրոպացիների մասնակցության, ավելի ճիշտ` չմասնակցության փորձ ունեն ու չէին ցանկանա ցուցադրել եվրոպացիների անվստահությունը թուրքական խնդրի առնչությամբ ևս։ Ամերիկացիներին լիովին բավարարում է Եվրոպայի դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում։ Այսինքն, եվրոպական խաղը, որը ենթադրում է ամեն կերպ ձգձգել հարցի լուծումը, լիովին համահունչ է ամերիկյան խաղին, որը ներառում է Թուրքիայի «ընդունման» անհրաժեշտության մասին ամբոխավարական հայտարարություններ։
Ներգաղթի ու համահարթեցման հարցերի մասնագետները, որոնք զբաղվում են թուրքական քաղաքականության խնդիրներով, նշում են, որ Եվրոպայում ահագնանում է առճակատումը ներգաղթի կապակցությամբ, ու եվրոպական պետությունները կանգնած են այդ հարցի վերաբերյալ սկզբունքորեն նոր օրենսդրության մշակման շեմին։ Դրա հետ մեկտեղ, հենց Թուրքիան է առավել կոշտ դիրք գրավելու Եվրոպայի հանդեպ, այդ հարցն օգտագործելով քաղաքական ու տնտեսական պահանջներ առաջադրելու համար։
Ներկայումս արևմտյան պետությունների լայն դաշնախմբին պատկանել նշանակում է համապատասխանել բոլոր պահանջներին և պաշտպանել այն երկրների շահերը, որոնք մասնակցում են անդրատլանտյան հարաբերություններին։ Արտառոց է, որ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ և սերտորեն շաղկապված լինելով ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ, այդուամենայնիվ, լիարժեք արևմտյան պետություն չի համարվում։ Արևմուտքն ավելի շոշափելի է ընկալում Թուրքիայի օտարվածությունը, որը դառնում է արևմտյան լայնընդգրկուն խաղի ավելորդ մասնակից։ Փորձագետների կարծիքով, հանգուցալուծումը պետք է տեղի ունենա, և Արևմուտքն ու Թուրքիան երկյուղով հետաձգում են այն որպես խիստ տհաճ մի բան։ Թուրքիան վաղուց է սպառել այն գործառույթները, որոնք նրան դարձնում էին Արևմտյան «ակումբի» անդամ։ Ամբողջ հարցն այն է, թե երբ է տեղի ունենալու հանգուցալուծումը, և ինչ տեղ է գրավելու Թուրքիան արդի աշխարհում։ Իսկ առայժմ Թուրքիան փորձում է ահաբեկել Արևմուտքին, ինչը կարծես հաջողվում է նրան։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ