Ավելի ու ավելի է այն տպավորությունը ստեղծվում, որ Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխման ձգձգված պատմությունն իրականում ինչ-որ ամենազոր ձեռքի հրահրած բան է և լավ հղկված խաղ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, որտեղ կողմերից յուրաքանչյուրին «պատասխանատու դեր» է հատկացված։ Այդ խաղը կանոնավորապես ծավալվում է երկու երկրների հարաբերությունների ջերմացման շրջաններում, ընդ որում, միշտ ավարտվում է այնպես, ինչպես սկսվում է` Մոսկվայից բարձրացված հուզական աղմուկից հետո վրա է հասնում «բարեկամության ու փոխըմբռնման» հերթական ժամանակաշրջանը։ Եվ կարելի էր որոշակի հումորով վերաբերվել այդ բավական ալարկոտ լեզվակռվին, եթե բանը չվերաբերեր մի այնպիսի նրբին թեմայի, ինչպիսին ռազմական քաղաքականությունն է։ Հենց դրա համար էլ ակնհայտ է, որ ռումինական ռազմաօդային ուժերի բազայում ամերիկյան հակահրթիռային կայանքների տեղակայման շուրջ Նահանգների և Ռումինիայի միջև ձեռք բերված համաձայնությունը շոշափում է ամբողջ տարածաշրջանի շահերը, այդ թվում` մեր։
Տեղեկությունը, ինչպես և պետք էր ենթադրել, անհապաղ առաջ բերեց ռուսական պաշտոնյաների բողոքներն ու մտահոգությունը, և մեկ անգամ ևս ոգեշունչ հայրենասիրության ճողփյուն առաջացրեց ռուսական մամուլի էջերում։ Ըստ էության, Ռումինիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղաբաշխման որոշումն իրականում անակնկալ չէր։ Դեռ անցյալ տարի նախագահ Բեսեսկուն պատմել է, որ իր երկրի տարածքում տեղակայվելու է 24 արձակման կայանքներ ունեցող նոր համակարգի երեք մարտկոց։ Նա նաև նշել է, որ ռումինական իշխանությունները պատրաստ են տեղաբաշխելու «միջին հեռահարության վերգետնյա հակահրթիռային համակարգեր, որոնք մարտունակ վիճակում կլինեն 2015-ին»։ Ռուսների համար տհաճ անակնկալ, և այն էլ պատմական հիշողության ու ազգային կերպարի առումով, եղավ, թերևս, միայն այն, որ, պարզվում է, տեղաբաշխման վայրը դառնալու է Դևեսելու փոքր բնակավայրում գտնվող նախկին խորհրդային ռազմաբազան, որը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազայից ընդամենը 1,5 հազար կիլոմետր է հեռու։ Այնտեղ տեղավորվելու է մոտ 200 ամերիկյան զինծառայող, և անհրաժեշտության դեպքում նրանց թիվը կարող է հասցվել 500-ի։ Բացի այդ, այնտեղ կտեղակայեն «Իջիս» համալիրի ռադիոլոկացիոն կայան, հակահրթիռային պաշտպանության մարտկոցների օպերատիվ կառավարման կենտրոն և բուն դյուրաշարժ մարտկոցները` «Ստենդարդ-3» կանխորսիչ հրթիռներով։ Այդուամենայնիվ, այս ամենը լինելու է ռումինացիների հրամանատարության ներքո։ Համաձայնագրի նախագիծը նախատեսում է նաև օգտագործել (ամերիկացիների կողմից) Կոնստանցա քաղաքի օդանավակայանը` դեպի Իրաք ու Աֆղանստան և Իրաքից ու Աֆղանստանից զինվորների ու սարքավորումների տարանցման համար։ Բազայի ենթակառուցվածքների ստեղծման համար, ռումինական լրատվամիջոցների տվյալներով, ԱՄՆ-ը ծախսելու է 400 մլն դոլար, ընդ որում, ինչպես հայտնի է, այդ ռազմավարական օբյեկտի համար փող կհատկացվի, չնայած գալիք տարիներին ԱՄՆ-ի ռազմական բյուջեի լուրջ կրճատման մասին հայտարարություններին։
Ռուսաստանի արձագանքը, ինչպես լինում է նման իրավիճակներում, կտրուկ էր ու բազմապիսի` սկսած նեղացած հիշատակումներից, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները դեռ 2009-ին համաձայնության էին եկել, որ Վաշինգտոնը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը Եվրոպայում իր հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղաբաշխելիս, մինչև «Իսկանդեր» հրթիռային համալիրներ տեղաբաշխելու կարգի պատասխան միջոցների ձեռնարկման և այդ շրջան կործանիչ-ռմբակոծիչների նետման` արդեն ձանձրացրած սպառնալիքները։ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է. «Մենք անհնար ենք համարում մեր սահմանների մոտ օտար ռազմական ենթակառուցվածքի տեղաբաշխումը», և եթե միասնական համակարգ չլինի, ապա կարող են լուրջ տհաճություններ առաջանալ։ «Ռումինիայում հակահրթիռային համակարգերի մասին այդ երկրի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը երկյուղներ է առաջացնում Ռուսաստանում»,- հայտարարել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը։ «Դա խախտում է Եվրոպայում համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու ծրագրերի մասին Ռուսաստանի և ԱՄՆ-ի մշակած պայմանավորվածությունները»։ Ի դեպ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ջամպաոլո դի Պաոլան արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ընթացող բանակցություններում դժվարություններ կան` կապված Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տարածքային համակարգի ստեղծման նախագծի հետ, թեև ռուսներն արդեն հոգնել են, պնդելով, որ Ռուսաստանը բաց է միասնական եվրոպական համակարգի ստեղծման ցանկացած կառուցողական առաջարկություն քննարկելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն այն մասին, որ Մոսկվան ԱՄՆ-ից պահանջում է «իրավաբանական երաշխիքներ, որ Եվրոպայում ծավալվելիք հակահրթիռային համակարգն ուղղված չի լինելու Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի դեմ», և այդ հարցի լուծումը, նրա կարծիքով, պետք է արագացնել։
Մի խոսքով, ռուսական, փաստորեն, բոլոր զինվորական մասնագետները միաձայն պնդում են, որ նախքան մերժելը պետք է հասկանալ, թե հրթիռային ինչ համակարգ է այնտեղ տեղակայվելու։ Եվ եթե ենթադրվում է, որ դրանք լինելու են SM-3 հակահրթիռներ, ապա դրանք կարող են խոցել միայն փոքր և միջին հեռահարության հրթիռները, ինչպիսիք Ռուսաստանը չունի։ ՈՒրեմն և վերանում է սպառնալիքի վերաբերյալ հարցի առաջադրման բուն հիմքը, և այդ տեղադրվելիք համակարգը զուտ Իրանի կողմից սպառնացող վտանգի չեզոքացման քայլ է։ Այդ դեպքում, սակայն, ռուսներն ինչու շտապեցին, ինչպես իրենք են ասում, կատարելու ներկա «կանխարգելիչ քայլը»։ Մի օրինաչափ հարց է ծագում. արդյո՞ք Կրեմլի բռնած դիրքը գոնե փոքր-ինչ տրամաբանական բացատրություն ունի։
Նախ, թվում է, թե առաջին հերթին դա կապված է այն բանի հետ, որ ընտրողը տեսնի, որ իշխանության գլուխ կանգնած են մարդիկ, ովքեր օր ու գիշեր մտածում են երկրի անվտանգության մասին։ Երկրորդ, չպետք է մոռանալ նաև ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ չարագույժ սակարկությունները և այդ ճանապարհին Թբիլիսիի կողմից հարուցվող խոչընդոտները։ Բայց ամենագլխավորն այն է, որ Ռումինիայում ամերիկյան հակահրթիռների ի հայտ գալն անցում կնշանակի Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության ստեղծման ամերիկյան նախագծի երկրորդ փուլին։ Առաջինի իրացումը, հիշեցնենք, սկսվել էր տարեսկզբին, երբ «Մոնտերեյ» հածանավը ծովային բազավորման «Իջիս» բազմանպատակ զենիթահրթիռային համալիրով և SM-3 հրթիռներով սպառազինված ձեռնամուխ եղավ արևելյան միջերկրածովյան տարածքի պարեկմանը։ Հենց այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ խմբավորումը կմեծացվի և այդ շրջանում ծառայություն կիրականացնի մշտապես։ Բացառված չէ, որ «Իջիս» համակարգով սպառազինված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազմանավերը շուտով մշտական հյուր կդառնան Սև ծովում. առնվազն 2009-ին «Սթոուտ» էսկադրային ականակիրը վեցամսյա զորախաղերի ընթացքում արդեն եղել է Սև ծովում, և նրա վրա գտնվել են թուրք, ռումին և վրացի ծովայիններ։ Նախագծի երկրորդ փուլում, որը պետք է ավարտվի մինչև 2015 թվականը, կատարելագործված ռադիոլոկացիոն կայաններ և SM-3 հակահրթիռներ կծավալվեն Ռումինիայում... Երրորդ փուլը կիրականացվի մինչև 2018 թվականը. ԱՄՆ-ը SM-3 հակահրթիռների մարտկոցներ կտեղակայի տարբեր երկրներում, որոնցից մեկը կլինի Լեհաստանը։ Վերջապես չորրորդ փուլը Վաշինգտոնն ակնկալում է իրականացնել 2020-ին։ Վերջին հաշվով, մինչ այդ SM-3 հրթիռներն այնքան կկատարելագործվեն, որ կկարողանան արդյունավետորեն հակազդել միջին և մեծ հեռահարության հրթիռների սպառնալիքներին և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին։ Եվ պետք է նկատել, որ Միացյալ Նահանգներում նոր հնարավորություններով օժտված կանխորսիչ հրթիռների ստեղծումն ընթանում է ամբողջ թափով։ Այսպես, Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վերջերս հաջողությամբ անցկացրին հակահրթիռային պաշտպանության ստեղծվող համակարգի ամենաբարդ թռիչքային փորձարկումը։ Ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, «Օ՚Քեյն» ականակիրը, որը գտնվում էր Հավայան կղզիներից արևմուտք, «Իջիս» համալիրով հրթիռակոծել է միջին հեռահարության մի բալիստիկ թիրախ-հրթիռ։ Արձակումից 11 րոպե անց նպատակակետը ոչնչացվել է SM-3 կանխորսիչ հրթիռի միջոցով։
Մոսկվան, ըստ երևույթին, զգուշանում է երրորդ և չորրորդ փուլերից, և այն երկրներից, որտեղից կարելի է ոչնչացնել Տատիշչևոյից և Կոզելսկից արձակված ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Այդ երկրներն են Լեհաստանը և բալթյան երկրները։ Այսինքն, ռուսների կարծիքով, մոտ ապագայում, մի տասը տարի հետո, ամերիկացիները և նրանց դաշնակիցները տեսականորեն և գործնականորեն կարող են հարաբերությունների վատացման դեպքում հսկողության տակ առնել Ռուսաստանի ռազմավարական կարողության նշանակալի մասը։ Ինչպես արձանագրում է Դմիտրի Ռոգոզինը, «ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության կրակային ու տեղեկատվական համակարգերը, որոնց գործողության շառավիղը հասնում է մինչև ՈՒրալ, իրենց առկայությամբ խորհրդանշում են ՆԱՏՕ-ի ընթացքը դեպի Արևելք, ինչն էլ իրենից ներկայացնում է գործընկերոջ անվտանգության անտեսում»։
Սակայն, այս ամենով հանդերձ, Կրեմլում, անտարակույս, հրաշալի հասկանում են, որ չնայած «վերաբեռնմանը» և երկու նախագահների լավ հարաբերություններին, ամերիկացիները չեն հրաժարվի իրենց ծրագրից, քանի որ այն ընդունվել է ոչ թե ներկա վարչակազմի կողմից, այլ շատ ավելի վաղ, դեռ 2000-ականների սկզբներին, կրտսեր Բուշի օրոք։ Եվ եթե ինչ-որ տեղ ամերիկացիներն ինչ-որ բան փոխում կամ վերանայում են (ինչպես եղավ Լեհաստանում և Չեխիայում), ապա սոսկ տեխնիկական կամ քաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով, բայց, այդուամենայնիվ, նրանք իրենց ռազմավարական ծրագրերից չեն հրաժարվում։ Բացի այդ, Օբաման հազիվ թե մի ավելորդ անգամ «չարացնի սագերին»` ի դեմս հանրապետականների, հատկապես այն պայմաններում, երբ արդեն ընթացք է տվել նախագահական իր նոր ընտրարշավին։ Ակնհայտ է, որ Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության գծով ԱՄՆ-ի դաշնակիցները ևս, որոնց շատ շուտով կմիանա նաև Բուլղարիան, Ռուսաստանին աջակցություն չեն ցուցաբերի խնդրի լուծումն արագացնելու ձգտման հարցում։ Այսինքն, մեծ հաշվով, Մոսկվայի բողոքները ոչ ոքի չեն հետաքրքրում, առավել ևս, որ իրականում ռուսների համար մանևրի հնարավորություններն անշեղորեն նվազում են։ Իրականում չէ՞ որ Ռուսաստանը համաշխարհային պատերազմ չի սկսի, մանավանդ ատոմային։ Հնարավոր է, որ Մոսկվան նախկին սոցճամբարի երկրների վրա ներգործության ինչ-որ լծակներ գտնի, ասենք, մի երկու անգամ փակի գազի փականը կամ «ռուսների համար վնասակար» հայտարարի ռուսական շուկա նրանց մատակարարած մթերքը։ Հնարավոր է, ինչպես երկյուղում են ռումինները, ամերիկյան վահանի տեղակայումից հետո պետք է սպասել Մերձդնեստրում ռազմական ներկայության ուժեղացում, ուր «ռուսները կգրավեն ավելի կոշտ ու հստակ դիրք»։ Հնարավոր է, որ Կրեմլին հերթական անգամ «կզիջեն» նախկին խորհրդային տարածությունը, գոնե ժամանակավորապես։ Հնարավոր է, որ այլ սակարկություններ լինեն։ Իսկ ինչ վերաբերում է պահանջվող «իրավաբանական երաշխիքներին», ապա նման արձանագրությունների ստորագրումը մեկ օրվա բան չէ, այն նախատեսում է ամեն կարգի աշխատանքային խմբերի ստեղծում, որոնց մասին առայժմ խոսք չկա։ Ամեն դեպքում, թվում է, երաշխիքների հարցը լուծելու «ճշմարտության ժամը» կգա այս տարվա հունիսին, երբ պիտի կայանա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ կողմերը կներկայացնեն իրենց տեսակետները ապագա տարածաշրջանային հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ