Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ, ՄՈՒՏՔԸ` ԿԱՄԱՎՈՐ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ

ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ, ՄՈՒՏՔԸ` ԿԱՄԱՎՈՐ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ
25.11.2011 | 00:00

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիրը և եվրասիական տնտեսական հանձնաժողովի` մաքսային միության բարձրագույն օրգանի, և միասնական տնտեսական տարածքի ստեղծման մասին պայմանագիրը: Կողմերը պատրաստ են Մաքսային միության ստեղծումից հետո անցնելու միասնական տնտեսական տարածքի ձևավորմանը: Երեք երկրների նախագահները բարձրաձայնում են հետագա ինտեգրման համապատասխանությունն իրենց երկրների ազգային շահերին, նրանք այն կարծիքին են, որ ինտեգրման խորացումը հնարավորություն կտա բարձրացնելու բնակչության կենսամակարդակը և կյանքի որակը, հասնելու սոցիալ-տնտեսական կայուն զարգացման, կնպաստի ազգային տնտեսությունների համակողմանի նորացմանը և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակության ամրապնդմանը:
Հռչակագիրը հաստատում է, որ տնտեսական և քաղաքական հարցերում պահպանվելու են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման արժանացած նորմերը` իրավական և ժողովրդավարական պետության, շուկայական տնտեսության: Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը մտադիր են միասնական տնտեսական տարածքը կառուցել Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներով, և հաստատում են ԱՀԿ-ին անդամակցելու ձգտումը, պատրաստ են համագործակցության միջազգային այլ կառույցների, այդ թվում` Եվրամիության հետ: Կառույցը բաց է նոր անդամների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ չորս տարով կդառնա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն: Հանձնաժողովի աշխատանքը կսկսվի 2012 թ. հունվարի 1-ից: ԵՏՀ-ի ազդեցության դաշտում են մաքսային, մակրոտնտեսական, մրցակցային, էներգետիկ և տարադրամային քաղաքականության, պետական գնումների և աշխատանքային միգրացիայի խնդիրները: Եվրասիական միության ստեղծումը նախատեսվում է 2015 թ., նոր միության մայրաքաղաքը կլինի Մոսկվան: Նոյեմբերի 22-ին ՌԴ Պետական դուման արդեն վավերացրեց ԵՏՀ-ի ստեղծման պայմանագիրը: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման տվյալներով` ռուսների մեծամասնությունը (48 տոկոս), աջակցում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միության ստեղծմանը: Նախատեսվում է, որ միասնական տնտեսական տարածքի միասնական տարադրամը կլինի ռուբլին:
Այսքանը` պաշտոնական տեղեկատվությունից: Իսկ եթե փորձենք ավելի խորանալ իրադարձության և նրա հետևանքների, գնահատականների և հեռանկարների մեջ, ստանալու ենք բոլորովին ոչ այսքան հարթ ու հմայիչ, այլ անհաստատ ու հակասական պատկեր: Մի կողմից` այո, տնտեսական ինտեգրման ամեն մի գործընթաց, եթե համապատասխանում է իր հռչակած նպատակներին և ունի դրանք կենսագործելու մեխանիզմներ, դրական երևույթ է և կարող է իսկապես նպաստել տնտեսության զարգացմանը: Իսկ մյուս կողմից` փաստի արձագանքների մեջ արդեն իսկ հնչել են բազում գնահատականներ, որոնց առաջացրած հարցերի պատասխանները կամ չկան, կամ համոզիչ չեն, կամ ավելորդ են: Ղազախները, հասկանալի պատճառներով, առանձնապես խնդիրներ չեն տեսնում և միակ չլուծված հարցը համարում են միավորման գործընթացների մասին լիարժեք տեղեկության պակասը, «մեծ երկիր» և «ընդհանուր երկիր» հասկացությունների բացատրության անհրաժեշտությունը: Սա` հրապարակավ, իսկ ենթատեքստում հին ու մեծ հարևանի օգնությամբ փորձում են կանխել նոր ու մեծ հարևանի` Չինաստանի տնտեսական ագրեսիան: Ավելի ծանր խնդիրներ ունեն բելառուսները` ռուս-բելառուսական հարաբերությունների օրակարգում կան տասնյակ հարցեր, որոնք ուղղակի կախված են օդում` Մոսկվան բարեհաջող խուսափում է վարկերի, ինտեգրացիոն զեղչերի խնդրանքներին արձագանքելուց, մինչև հիմա չկան պայմանավորվածություններ 2012 թ. գազի ու նավթի վաճառքի գների վերաբերյալ, պարզ չէ «Բելտրանսգազի» վաճառքի հարցը, անպատասխան են մնացել խնայբանկին և ԲՏԲ բանկին վարկերի տրամադրման խնդրանքները և այլն, և այլն: Չի բացառվում, որ եթե բոլոր այդ հարցերը դրական կամ բացասական լուծումներն արդեն ստացած լինեին, Բատկան հազիվ թե համաձայներ համաձայնագիր ստորագրել: Որևէ: Այն էլ` ռուսների հետ: Գուցե հետաքրքիր, ավելի շատ խոսուն զուգադիպություն է, որ համաձայնագրի ստորագրման օրը ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու հարցը:
Թե նոր կազմակերպության անդամ երկրներն իրենց ներսում ինչ խնդիրներ ունեն, շատ կարևոր հարց է իր հիմքում և զարգացումների տեսակետից, բայց կան և այլ հարցեր, որ առավել հետաքրքիր ու կարևոր են հետխորհրդային տարածքի մյուս երկրների համար: Օրինակ.
1. Ի՞նչ եղավ ԱՊՀ-ն: Ամբողջ կառույցից միակ գործող մաս մնում է ՀԱՊԿ-ը կամ ՄԽՎ-ն, թե՞ ամեն ինչ դեռ առջևում է: Նույն տարածքում նույն նպատակներով ինչքա՞ն նոր կառույցներ կարող են դեռ ստեղծվել:
2. ԱՊՀ-ի հավասար անդամների միջից ընտրվել են եվրասիական միության առավե՞լ հավասար անդամները, թե՞ ապագա Եվրասիական միությունը փոխարինելու է նախկին ԱՊՀ-ին:
3. Ի՞նչ եղավ Ռուսաստան-Բելառուս դաշինքը, եթե կայացավ, ո՞ր երկրում, եթե ոչ` ինչո՞ւ:
4. Նոյեմբերի 18-ին կնքված պայմանագիրը միայն և միայն նախընտրական ակցիա՞ է, որ ՌԴ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո բարեհաջող համալրելու է անկենսագործելի գաղափարների զինանոցը, թե՞ դեռ որոշ ժամանակ կջատագովվի իբրև երեք երկրների համար փոխշահավետ և օդ ու ջրի պես անհրաժեշտ միություն:
5. Ռուսաստանի ինչի՞ն է պետք նախկին ԽՍՀՄ-ը հնարավորինս վերականգնելը` կայսերապետական նկրտումներին որքա՞ն են համապատասխանում քաղաքական ու տնտեսական ներկա ռեսուրսները:
6. Եվրասիական միությունը երեք երկրում էլ առկա տնտեսական ու ֆինանսական խնդիրների լուծմանը նպաստելո՞ւ, թե՞ խանգարելու է:
7. Ի վերջո, եթե 2015-ին միությունը ստեղծվի, ի՞նչ հարաբերությունների մեջ է լինելու միջազգային այլ կառույցների հետ:
8. Իրո՞ք կամավոր է Եվրասիական միությունը, թե՞ քաղաքական շահերի թելադրանքով կառույցի կամավոր անդամակցությունը պարտադիր է դառնալու հետխորհրդային տարածքի պետությունների համար: Իհարկե` ոչ բոլորի, բայց` համենայն դեպս:
9. Նոր միության ձևավորման առնչությամբ հաճախ է հիշատակվում Եվրամիությունը, բայց բարեհաջող շրջանցվում է այն իրողությունը, որ ԵՄ անդամ երկրներում բոլորովին այլ որակ ու մակարդակ ունի ժողովրդավարությունը: Ե՞րբ է հետխորհրդային տարածքում գիտակցվելու, որ անկախությունը կարող է կայանալ և քաղաքական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական, պատմամշակութային բովանդակություն ստանալ միայն մի պայմանով` ժողովրդավարության գոնե նվազագույն նորմերի առկայությամբ: Թե ինչ մակարդակի է ժողովրդավարությունը Ղազախստանում ու Բելառուսում, վկայում են նրանց անփոփոխ ու հավերժական նախագահները, դե իսկ Ռուսաստանում այդ թեմայով վաղուց ընդունված չէ խոսել, ինչպես կախվածի տանը չեն խոսում պարանի մասին:
10. Ոչ վերջին, բայց հայերիս համար հիմնական հարցը` ինչպե՞ս խուսափել անցանկալի անդամությունից, եթե դա մեր ազգային շահերից չի բխում, և ինչպե՞ս դառնալ անդամ, եթե դա բխում է մեր, այլ ոչ թե միության շահերից:
Վերջին հարցը ոչ միայն հիմնականն է, այլև շատ վիճահարույց, որովհետև անցած 20 տարիներին Հայաստանը քանիցս ապացուցել է, որ ավելի նախանձախնդիր է ռուսական, քան սեփական շահերի պաշտպանությանը: Տարբեր պատճառներով: Անձնական նախաձեռնությամբ կամ հարկադրված: Ապացույց` գույքի հանձնումը պարտքի դիմաց, որ այնքան էլ աստղաբաշխական չէր ու այնքան էլ կենսական չէր, անհետաձգելի ու անհապաղ մարում չէր պահանջում և չէր պահանջում հենց այդ տեսքով` երկրի արդյունաբերական պոտենցիալի կարևորագույն մասի փոշիացումով: Իհարկե, ապացույցների թիվը կարելի է բազմապատկել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, եթե չփոխվի քննարկման սկզբունքը` հավասարների մեջ ավելի կամ նվազ հավասարներ չեն լինում, իսկ եթե լինում են, հավասարությունը վերածվում է անհավասարության: Մեղմ ասած: Շատ մեղմ:
Ի դեպ, նոր միության նախակարապետներն արդեն իսկ հայտարարում են, որ իրենց կառույցը կարող է գործել ոչ թե 2015-ից, այլ արդեն 2013-ից: Այսինքն` Ռոմանովների դինաստիայի 400-ամյակի տոնակատարությանը զուգահեռ, եթե, իհարկե, ցարական ընտանիքի հոբելյանին հարկ համարվի անդրադառնալ ժողովրդավարական նոր Ռուսաստանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ