Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

ԱՐԴՅՈՔ ԱՇԽԱՐՀԸ ԿԹԵՎԱԿՈԽԻ՞ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԵՎ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՆՈՐ ՓՈՒԼ

ԱՐԴՅՈՔ ԱՇԽԱՐՀԸ  ԿԹԵՎԱԿՈԽԻ՞ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ  ՄԻՋԵՎ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՆՈՐ ՓՈՒԼ
24.01.2012 | 00:00

Նոր տարվա առաջին ամիսը, ինչպես երբեք, հարուստ է համաշխարհային մասշտաբի քաղաքական իրադարձություններով։ Իսկ դա միարժեքորեն վկայում է, որ սկսված տարին կլինի նոր ճգնաժամերի ու հնարավորությունների տարի ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ նախկին խորհրդային տարածքի համար։ Ավելին, ներկայումս ամենից շատ արծարծվող համաշխարհային իրադարձություններում (Մերձավոր Արևելքի հեղափոխություններն ու իրանական ճգնաժամը, ամերիկյան ՀՀՊ-ի շուրջ չհանդարտվող տարաձայնությունները և Իրաքում ու Աֆղանստանում պատերազմական գործողությունների դադարեցումը) համապարփակ դիմակայության դրսևորումներ են նկատվում, այդ թվում` Ռուսաստան-Արևմուտք գծով։ Արդյոք աշխարհը կթևակոխի՞ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև «սառը պատերազմի» նոր փուլ, կերևա, ամենայն հավանականությամբ, ամենամոտ ապագայում, բայց որ նախկին խորհրդային ընդարձակ տարածությունում այն առաջիկայում իրական տեսք կստանա, բավականին շոշափելի հեռանկար է։ Առավել ևս, որ Կրեմլը, գործադիր իշխանությունում Ռագոզինի նման հավակնոտ քաղաքական գործչի հայտնվելու և Պուտինի վերադառնալու պարագայում, հազիվ թե դիմանա իրեն «մայր երկիր» երևակայելու գայթակղությանը։ Համապատասխանաբար, «կայսրապետական վսեմության վերածնության» հայեցակարգը դարձել է քաղաքական շրջանակների ու լրատվամիջոցների քննարկման առարկան և վերջին ամիսների ընթացքում «փարթամ ծաղկեփնջի» պես բացվել է Ռուսաստանում, ուր երկրի ու նրա ղեկավարների քաղաքական վարկանիշի փոփոխությունը վաղուց դրված է լավ կարգաբերված պետական ռելսերի վրա։ Սակայն փորձենք պարզել` արդյոք ամե՞ն ինչն է այդպես միագիծ։ Որքանո՞վ են ցանկությունները համապատասխանում հնարավորություններին։ Եվ, վերջին հաշվով, ի՞նչ կարող է լինել մեր գլխին գալիքը։
Եվ այսպես, չհավակնելով վերին ատյանի ճշմարտության, դիտարկենք մտորումների տեղիք տվող մի քանի փաստեր։ Բայց նախ վերհիշենք, որ դեռ անցած դարի 80-ականների սկզբին անգլիացի պատմաբան Փոլ Քենեդին իր «Մեծ տերությունների ծաղկումն ու անկումը» աշխատությունում հիանալի բացատրում էր, որ «մեծ հավակնություններ ունեցող պետության ճգնաժամը կախված է իր ցանկությունները մեծ տերությանը վայել հսկայական ծախսերի հետ ճիշտ համադրելու ընդունակությունից (կամ ան-ընդունակությունից)»։ Քենեդին այն ժամանակ պնդում էր, թե Խորհրդային Միությունը գտնվում է ողբալի վիճակում, որն ավարտվելու է կտրուկ անկմամբ։ Այդ բանաձևը լիովին համապատասխանում է այսօրվա Ռուսաստանին, քանի որ այնտեղ էլ հավակնությունները, ակնհայտորեն, գերազանցում են իրական տնտեսական հնարավորությունները` այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Տվյալ դեպքում տնտեսության թեման գլխավորը չէ, առավել ևս, որ Ռուսաստանում տարբեր մակարդակի քարոզիչները միանգամայն անկեղծորեն ու կանոնավորապես հայտարարում են` «հարցը միայն փողը չէ»։ Դե, արի ու մի ավելացրու` «այլև դրա քանակը»։ Դիմենք ռուսական կյանքի այսօրվա համընդգրկուն առանցքին` գազի գնին։ Եվ ահա մի հետաքրքիր հանգամանք. ինչպես գրում են համաշխարհային գործակալությունները, այսօրվա դրությամբ 1000 խմ գազի գինը ԱՄՆ-ում դարձել է ընդամենը 99 դոլար, և նվազման միտումը կայուն կլինի մոտ ապագայում։ Այնինչ, նույնիսկ ներռուսական շուկայում այն անցնում է 120 դոլարից` նույն ծավալի համար, էլ չենք խոսում արտաքին գների մասին։ Ի՞նչ եք կարծում, ռուսական գազի արտահանողների համբերությունը կբավարարի՞ արդյոք, և երկա՞ր կպահպանվի այս դրությունը։ Չէ՞ որ չի կարելի բացառել, որ «Գազպրոմի», համապատասխանաբար նաև Կրեմլի համար այդ աղետաբեր տարբերությունը կպահպանվի անգամ մերձավորարևելյան ճգնաժամի սաստկացման դեպքում։ Եվ ուրեմն, ինչպե՞ս վարվենք կայսերապետական մեծ ծրագրերի հետ։
ՈՒշադրություն դարձնենք երկու հետաքրքրական փաստի. օրերս Ղրղզստանի նախագահ Աթամբաևը Թուրքիայում առաջարկություն արեց Բիշքեկի մերձակա «Մանաս» օդանավակայանում գտնվող ամերիկյան տարանցիկ փոխադրումների կենտրոնը 2014-ից հետո վերակազմավորելու տարանցիկ փոխադրումների քաղաքացիական կենտրոնի։ Դա, փաստորեն, խաչ է քաշում նրա այն բոլոր նախընտրական խոստումների վրա, թե 2014 թ. ամերիկյան բազան կհանվի երկրի տարածքից։ Ճիշտ է, նա ծրագրին մասնակցելու հրավիրեց Ռուսաստանին ու Թուրքիային, ինչպես նաև այլ երկրների, որոնք միանալու ցանկություն կհայտնեն, բայց դա շատ բան չի փոխում։ Ավելին, թեև ՀԱՊԿ-ը, որի անդամ է նաև Ղրղզստանը, հավանություն է տվել տարածաշրջանում ռազմաբազաները միայն անդամ երկրների համաձայնությամբ տեղաբաշխելու արձանագրությանը, Բիշքեկում հավաստիացնում են, որ կանոնադրության նման լրացումը չի տարածվում ավելի վաղ կնքված համաձայնագրերի վրա։ Եվ սա դեռ ամենը չէ։ Նախորդ տարվա վերջին նոր նախագահը հայտարարեց, թե Մոսկվան չորս տարի Բիշքեկին չի վճարել ռազմակայանների տարածքների վարձավճարը։ Նկատենք, որ այսօր հանրապետությունը Ռուսաստանից պետք է ստանա տարեկան 4,5 մլն դոլար, բայց ղրղզները կցանկանային այդ գինը բարձրացնել առնվազն 4-5 անգամ։
Հիշեցնենք, մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող «Մանաս» օդանավակայանում տեղակայված ռազմաբազան բացվել է 2001 թվին` մեկ տարով, իսկ 2009-ից այն վերանվանվեց «տարանցիկ փոխադրումների կենտրոն», ու զգալիորեն բարձրացվեց վարձավճարը։ Բազայի հիմնական խնդիրը սպառազինությունների մատակարարումն է Աֆղանստանում ռազմական գործողություններ ծավալելու համար, սակայն ռուս փորձագետները հաղորդում են, որ այդտեղ տեղակայված է մի խոշորագույն ռազմական հանգույց, որը տարածաշրջանում ռադիոհետախուզություն է իրականացնում։
Նկատենք` «ռուսական ազդեցության» այդ գոտում ամերիկացիների ներկայությունը վաղուց արդեն «կարմիր լաթ» է դարձել Կրեմլի համար, և անգամ ասում են, թե հերթական «ղրղզական հեղափոխության» գլխավոր պատճառը եղել է այն, որ «քմահաճ Բակիևը» չի հասկացել «ակնարկները» և սկսել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել բազայի վարձակալման ժամկետի երկարացման ու նոր վարժական ռազմական բազայի կառուցման շուրջ, ընդ որում, երկրի հարավում, որտեղ ռուսները մտադիր էին բացել ՀԱՊԿ-ի բազա։ Այնպես որ, «նախադեպն» արդեն կար, ու թվում է, Աթամբաևը պետք է նման հապճեպ ելույթից առաջ մի լավ ծանրութեթև աներ։ ՈՒրեմն ինչո՞ւ է նա գնում իր նախորդի հետքով։
Վաղուց արդեն Կենտրոնական Ասիայի վերաբերյալ շատ փորձագիտական գնահատականների ու կանխատեսումների համար բազային և կայուն նմուշօրինակ է դարձել հայտնի ֆիլմի արտահայտությունը` «Արևելքը նուրբ բան է»։ Սակայն այս թևավոր խոսքն ինքնին քիչ պարզություն է մտցնում տարածաշրջանի բնակիչների ու ղեկավարների նկարագրում, մոտեցումներում ու արարքներում։ Իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, Կենտրոնական Ասիայի ներկա աշխարհաքաղաքական կառուցվածքում արագ փոխվում են համակրանքները, ձգողական կենտրոնները, արտաքին քաղաքականության կողմնորոշիչները` հանուն, առաջին հերթին, իրական ու շոշափելի շահի։ ՈՒ թեև Կրեմլը խրոխտ զեկուցում է տնտեսական ներմիավորման մասին, իսկ Ղրղզստանը ձգտում է մտնել Մաքսային միություն, այդ սկզբունքը եղե՛լ է, է՛ և հավանաբար դեռ երկա՛ր կլինի «քարոզչության գլխավոր եղանակը»։ Այնինչ Ռուսաստանը, նաև ներկա տնտեսական ճգնաժամի պատճառով, դուրս է մնում հուսալի հովանավորների թվից։ Այսօր Մոսկվայից դժվար է սպասել ոչ միայն խոշոր ու հավակնոտ ներդրումային նախագծեր, որոնց հետ քիչ հույսեր չէին կապվում, այլև վարկային խոստումների լիարժեք կատարում։ ՈՒստի հեռանկարում Ռուսաստանի համար ավելի ու ավելի դժվար կլինի դիմակայել Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաճուն ազդեցությանը։ Անգամ Աստանան, որն այսօր այստեղ Մոսկվայի հիմնական դաշնակիցն է, փորձագետների կանխատեսումների համաձայն, արդեն 5-10 տարում ավելի ու ավելի կներքաշվի ՉԺՀ-ի ու Արևմուտքի երկրների հետ խորացված տնտեսական համագործակցության ուղեծիր։ Բացի այդ, ձգտելով սահմանափակել Ռուսաստանի, միաժամանակ նաև կշիռ հավաքող Չինաստանի ազդեցությունը, Արևմուտքը զգալիորեն ցածրացրել է Կենտրոնասիական տարածաշրջանի երկրներին ներկայացվող «ժողովրդավարական» պահանջների նշաձողը, ինչը իշխանությունների համար պակաս գայթակղիչ չէ։ Թեև, չնայած ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի` այստեղ իրականացվող մոտեցումների որոշ տարբերությանը, այդ երկրների դիրքորոշումները Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի աշխարհառազմավարական ներկայության սահմանափակման առնչությամբ, զուգադիպում են։ Իսկ Մոսկվան, չնայած ողջ հռետորաբանությանն ու «եղբայրական անցյալի» կոչերին, ստիպված է հաշվի նստել այն իրողության հետ, որ «քաղաքականությունը հնարավորի արվեստ է», իսկ այն ամենը, ինչ իրականորեն ձեռք բերվածի սահմաններից դուրս է, մնում է սոսկ բարի ցանկություն։
Սակայն կա ևս մի քանի նրբություն։ Ռուսաստանում, նաև իշխանության միջանցքներում, շարունակ խոսակցություններ են պտտվում «Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ զարգացման նպատակով արտքաղաքական գործոնների արդյունավետ օգտագործման» մասին և որ «Մոսկվան չի ունենա ո՛չ բարեկամ, ո՛չ թշնամի, նա կունենա միայն տնտեսական շահեր»։ Պուտինն էլ հայտարարում է, թե մտադիր է ոչ թե խոսքով, այլ գործով վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կնպաստի առաջադրված խնդիրների լուծմանը` «Ռուսաստանի տնտեսության անհրաժեշտ արդիականացմանը»։ Չէ՞ որ տնտեսական ճգնաժամից հետո, երբ Ռուսաստանը, կարկատելով բյուջեի ճեղքերը, ծախսել է ֆինանսական պաշարների էական մասը, երկրին բացահայտորեն մի քանի հարյուր միլիարդ դոլար է պետք` անհրաժեշտ արդիականացման համար։ Միաժամանակ նախկին խորհրդային հանրապետությունների հետ փոխհարաբերությունների գնահատականներն աջակցում են ավելի բուռն տնտեսական ռազմավարությանը։ Մոսկվան արդեն օգտվում է համաշխարհային ճգնաժամից և նրանց ներդրումային գրավչության անկումից, նա լրջորեն զբաղված է Մերձբալթիկայում, Բելառուսում, ՈՒկրաինայում և Կենտրոնական Ասիայում, այսինքն այն բոլոր վայրերում արդյունաբերական և էներգետիկ ակտիվների ձեռքբերմամբ, ուր ռուսական ազդեցությունը ցավոտ քաղաքական հարց է։
Եվ էլի մեկ բան։ Թե՛ տարածաշրջանում, թե՛ Ռուսաստանում լավ են հասկանում, որ եթե չլիներ ՆԱՏՕ-ական պատնեշն Աֆղանստանում, ապա թալիբները կներխուժեին ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրներ, այլև ավելի հյուսիս։ Իսկ ռուսները կռվել չեն ուզում ամենևին։ Այնպես որ, «անիծյալ յանկիների» բազավորումը տարածաշրջանում, վայնասունի ու անեծքների ուղեկցությամբ, իրականում այնքան էլ վատ չէ։ Սակայն, միաժամանակ, առանց «Մոսկվայի օրհնության» և «Կրեմլի հավանության» ամերիկացիների գտնվելն ընդունվում է ծայրաստիճան նյարդայնորեն ու խանդոտ, և ո՛չ միայն Ղրղզստանում։
Այնպես որ, առաջվա նման, սկսած Պետրոս Մեծից և վերջացրած Լենինով, մարտավարական անհրաժեշտությունը կշարունակի գերակշռել հույզերի ու հավակնությունների նկատմամբ։ Թեկուզև միառժամանակ։ Սակայն երբ խոսքը Ռուսաստանի մասին է, որին «մտքով անհնար է հասկանալ» և «մի արշինով չի լինի չափել», ապա որևէ խելամիտ հաշվարկ տեղին չէ։ Թեև, եթե Ռուսաստանում «անգութ իրատեսության և ոգու հանդեպ մատերիայի հաղթանակի»` ներկայումս տարածված մոտեցումը դարձել է գործողության ուղեցույց, ապա թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում իրատեսությունը պակաս մոդայիկ բառ չէ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ