«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՄԿՈԱԱԿ) հիմնադրամը ստեղծվել է 2008-ին։ Մասնագիտական կրթության ոլորտում գործունեություն ծավալող այս նոր հաստատությունը բուհերում, քոլեջներում և ուսումնարաններում իրականացնում է կրթության որակի ապահովման գործընթացներ, որոնք նպաստում են որակի շարունակական բարելավմանը։ Մասնավորապես, ՄԿՈԱԱԿ-ն իրականացնում է մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների որակի փորձաքննություն և հավատարմագրում։
Այս պահին կենտրոնը մի քանի բուհերում (և՛ պետական, և՛ ոչ պետական) իրականացնում է ինստիտուցիոնալ փորձաքննության փորձնական ծրագիր, որի նպատակը ինստիտուցիոնալ փորձաքննության մշակված չափորոշիչների գործունակության ստուգումն է։
Խոսելով բարձրագույն կրթական համակարգում առկա վիճակի մասին՝ ՄԿՈԱԱԿ-ի տնօրեն ՌՈՒԲԵՆ ԹՈՓՉՅԱՆԸ նշում է, որ հավատարմագրման նախորդ գործընթացներից հետո անհամասեռ դաշտ է ստեղծվել։ Մասնագիտական ուսումնական հաստատություններում տարբեր են ինչպես բարեփոխումների ընկալումները, այնպես էլ առաջընթացի մակարդակը։ Տարբեր են նաև մոտեցումները կրթական ծրագրերի իրականացման ու միջազգայնացման հարցերում։ Լուրջ խնդիր կա կրթական ծրագրերի առումով, քանի որ ամբողջ դաշտի համար, որպես չափանիշ, ըստ էության, օգտագործվում են պետական բուհերի ներկայացրած մասնագիտական ծրագրերը, որոնց համար մշակված չափորոշիչները ևս կորցրել են արդիականությունը։ «Չափորոշիչ ստեղծելը միայն բուհի խնդիրը չէ, այն պետք է ստեղծվի և ընդունվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»,- ասում է Ռուբեն Թոփչյանը։ Ըստ նրա` ընդհանրապես 2000-2007 թթ. հավատարմագրման մեխանիզմներն ու գործիքները սպառել են իրենց։ Գիտելիքահենք տնտեսությունը բուհերին նոր խնդիրներ է պարտադրում. անհրաժեշտ է վերանայել ուսուցման և ուսումնառության առկա սկզբունքները, ուսանողի գնահատման և ուսումնական գործընթացի կառավարման մեթոդները։
Մինչ այժմ ոչ պետական բուհերում մասնագիտությունների հավատարմագրումը եղել է անժամկետ, իսկ պետական բուհերն ընդհանրապես չեն հավատարմագրվել։ «Եթե բուհն անժամկետ հավատարմագրված է, այն իր ընթացիկ գործունեությունն է ծավալում և չի մտածում զարգացման մասին: Սա է հիմնական խնդիրը, որը պետք է հաղթահարենք»,- ասում է ՄԿՈԱԱԿ-ի տնօրենը:
Որպես ելք ՄԿՈԱԱԿ-ն առաջարկում է սահմանել անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում, սերտորեն համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, անհրաժեշտ է ձևավորել իրավահավասար դաշտ, որակի տարածք և որակի մշակույթ ձևավորելու համար էլ ընդհանրապես պետք է վերանայել հավատարմագրման գաղափարն ու սկզբունքները։ Որակի պատասխանատուն բուհերն են, և իրենց խնդիրները լուծելու համար նրանք նախ պետք է հոգ տանեն որակի ապահովման, ինչպես նաև ինքնագնահատման հստակ գործող համակարգ ունենալու մասին, համակողմանի վերլուծեն կրթական միջավայրը, կանխատեսեն հնարավոր խնդիրները։
Համակարգի հիմնախնդիրների լուծման համար ՄԿՈԱԱԿ-ը կարևորում է ուսուցման և ուսումնառության նոր տեխնոլոգիաների ներդրումը։ «Որակի համակարգի «կույր» ներմուծումից խուսափելու առումով չափազանց կարևոր է ազգային փորձագետների բազայի ձևավորումը։ Մի գործընթաց, որը ՄԿՈԱԱԿ-ն արդեն սկսել է»,- ասում է Ռուբեն Թոփչյանը։ Կենտրոնն առաջարկում է ստեղծել նաև հավատարմագրված ծրագրերի գրանցամատյան, որը հնարավորություն կտա բոլոր հետաքրքրվողներին ճշգրիտ տեղեկություններ ստանալու հավատարմագրված ծրագրերի ու որակյալ կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատությունների մասին։ Դա հնարավորություն կընձեռի խուսափելու մի շարք խնդիրներից, ինչպես, օրինակ, պետական կամ ոչ պետական նմուշի վկայականի ճանաչումը։
Մասնագիտական ուսումնական հաստատություններում ե՞րբ կսկսեն իրականացվել որոշակի գործընթացներ՝ ենթակառուցվածքային փորձաքննություն կամ կրթական ծրագրերի հավատարմագրում։ Կենտրոնի տնօրենի խոսքով` ՄԿՈԱԱԿ փորձագետների օգնությամբ, որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, արդեն 2011 թվականին մի քանի հաստատություններում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային փորձաքննություն, իսկ 2013 թվականին՝ նաև կրթական ծրագրերի հավատարմագրում։ «Իսկ մինչ այդ, ուսանողներին հարվածի տակ չդնելու համար, առաջարկում ենք պետական ուսումնական հաստատությունների և ոչ պետականների բոլոր հավատարմագրված կրթական ծրագրերին տալ ժամանակավոր հավատարմագրվածի կարգավիճակ ու գրանցել նոր ստեղծվելիք պետական գրանցամատյանում՝ ռեգիստրում:
Պետական ու ոչ պետական հաստատություններին մենք լիովին հավասար մոտեցում ենք ցուցաբերում։ Կարծում ենք՝ որակի ապահովումն ակնթարթային չի լինում, այն շրջափուլային ու տևական գործընթաց է և պետք է լինի կառավարելի։ Եթե այսօր հաստատությունը ցույց է տալիս, որ պլանավորելու, վերլուծելու և բարելավելու շրջափուլերը հստակ իրականացնում է, վաղը նրանից կարելի է լավ արդյունք ակնկալել: Սա է մեր մոտեցումը, որը թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերում միանշանակ կիրառելի է։ Նրանք պետք է աշխատեն ու կանոնակարգեն իրենց գործունեությունը՝ հստակորեն կառավարելով բոլոր փուլերը, գործեն թափանցիկ, հրապարակային և հաշվետու լինեն հասարակությանը»,- ասում է ՄԿՈԱԱԿ-ի տնօրենը։ Այլապես, ըստ նրա, սպասել, որ հենց վաղը մեր բուհերը կդառնան որակյալ, իրատեսական չէ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ