Աստծո անցած յոթ օրում նշանակալից իրադարձությունների պակաս չկար, ու ամեն ինչ իր հունով էր գնում, բայց չեղավ որևէ իրադարձություն, որ պատմության համար արժանահիշատակ դառնար:
ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի հրաժարականի իրական ու անիրական պատճառների մեջ թվարկվում է, որ ԲՀԿ նախագահը նրան չէր համարում իր մարդը: Տրամաբանական է, բայց այդ պատճառաբանությամբ ԲՀԿ-ական որևէ պաշտոնյա չպիտի լինի, եթե հաշվի առնենք` ինչպես են Հայաստանում ստեղծվում կուսակցություններն ու կազմվում նախընտրական ցուցակները: Տարօրինակ է հնչում նաև այն բացատրությունը, թե Գագիկ Ծառուկյանը «շատ դժգոհ է եղել նրա աշխատանքից» կամ անգործությունից: Իսկ ի՞նչ է արել կամ ձախողել 2007-2010 թթ. պաշտոնավարելիս Արևիկ Պետրոսյանը, որ Հրանուշ Հակոբյանին գերազանցող կոմերիտջանադրությամբ ամեն ինչ «համաձայնեցնում էր ում հետ հարկն է»: Նույնիսկ այն տեսակետը, թե Արևիկ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի կադրն է, նրա պաշտոնանկությունն այս պահին չի բացատրում: Ռոբերտ Քոչարյանի հարյուրավոր «կադրեր» բարեհաջող ու երջանիկ պաշտոնավարում են: Բացահայտորեն խնդիրն աշխատանքը չէ, այլ անձը: Արևիկ Պետրոսյանին համարել այնքան վառ անհատականություն, որ իր հաստատուն բնավորության բուռն դրսևորումներով կարող էր ինչ-որ մեկին լրջորեն հակադրվել կամ խանգարել, անիմաստ է: Եթե ինքնատիպության ինչ-ինչ դրսևորումներ եղել են, միայն ենթակաների, բնավ երբեք գործընկերների ու առավել ևս` ղեկավարության առնչությամբ: «Ինչո՞ւ հրաժարական պարտադրեցին ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Արևիկ Պետրոսյանին» հարցի պատասխանը կարող է տալ նրա իրավահաջորդը: Նաիրա Զոհրաբյանի պարագայում ամեն ինչ ակնհայտ կդառնա առանց մեկնաբանությունների, Արմեն Մելիքյանի պարագան սակավ հավանական է, Արամ Սաֆարյանինը` գրեթե անհավանական, նկատի ունենալով քրեաօլիգարխիկ ժառանգության իսպառ բացակայությունը, իսկ Սամվել Բալասանյանի պարագան ակնհայտ կդարձնի, որ Գագիկ Ծառուկյանին տրված է ջնջել ու գրել ճակատագիրը: Թեկուզ մի մարդու` Սամվել Բալասանյանի, ով ՕԵԿ-ին հնարավորը տալով ու ՕԵԿ-ից հնարավորը քամելուց հետո հեռատեսորեն որոշեց «բարգավաճել» և կարող է հասնել գարեջրագործի իր կարիերայի գագաթնակետին խորհրդարանում: Գուցե իմաստ ունի հրաժարվել ոչ միայն պաշտոնավարողից, այլև պաշտոնի՞ց: Ընտրություններին նախապատրաստվելու ենթատեքստում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները: Դավութօղլուն հույս ունի, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Ճիշտ է, Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունից հետո: Հայ-թուրքական գործընթացը (փաստորեն, Լեռնային Ղարաբաղի հարցը) տիկին Քլինթոնը քննարկել է նաև Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Քալմի-Ռեյի հետ` նկատի ունենալով առկա լարվածությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը և ՌԴ պաշտպանության նախարար Վիտալի Սերդյուկովը ևս քննարկել են Ղարաբաղի հարցը: Ռոբերտ Գեյթսն անհրաժեշտ է համարել կանխել բռնության դեպքերը Ղարաբաղում, կարևորել է Կովկասում 2008-ին կնքված զինադադարի պահպանումը և ռուսական կողմի գործունեության թափանցիկությունը:
«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով անցկացվել է սոցիոլոգիական հարցում` «Ի՞նչ կարող է անել Եվրամիությունը, որպեսզի Արևելյան Եվրոպայում առկա Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը չբորբոքվի` 2008 թ. վրաստանյան պատերազմի նման» հարցին պատասխանել է Եվրախորհրդարանի 100 պատգամավոր: Նրանց մեծ մասը` 47 տոկոսը, համոզված է, որ Ղարաբաղում զինադադարի պահպանման լավագույն տարբերակը շփման գծում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն է և ժողովրդավարական կառույցների ամրապնդումը: 39 տոկոսը կողմ է շփման գծից դիպուկահարների հեռացմանը և տեղում միջազգային դիտորդներ տեղակայելուն: 20 տոկոսը նախընտրում է ռազմական ուժերի տեղակայումը: Զինադադարի ամրապնդմանը նպաստելու ամենաանհավանական տարբերակը պատգամավորները համարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումը և այլ ձևաչափի հաստատումը:
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամին կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, չկարողանալով որևէ առաջընթացի հասնել 19 տարվա ընթացքում, ավելի բարդացրեց հակամարտությունը: Դեսպանը ոչ դիվանագիտական «նրբանկատությամբ» նկատել է. «Մինսկի խումբն ընդհանրապես ջանքեր չի գործադրում խնդրի արդար կարգավորման ուղղությամբ և ընդունակ չէ դա անելու»: Մուհամեդ Բագիր Բահրամին ասել է. «Օկուպացված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայումը պաշտոնապես կնշանակի Ղարաբաղի անջատում Ադրբեջանից: Իրանը պնդում է, որ միջազգային սահմանները մնան անփոփոխ: Իրանը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին»: Դեսպանը համարում է, որ Իրանը միակ հարևանն է, որ տուժել է հակամարտությունից. «Այդ հակամարտությունը փոփոխություն է մտցրել Իրանի և Ադրբեջանի միջև սահմանների աշխարհագրական համակարգում: Իրանի` Ադրբեջանի հետ 618 կմ սահմանից 120 կմ-ը գտնվում է անջատականների վերահսկողության տակ: Այդ պատճառով ղարաբաղյան հակամարտությունն ուղղակի առնչվում է ԻԻՀ ազգային անվտանգությանն ու ազգային շահերին»:
Սեպտեմբերի 16-ին Ստամբուլում, թուրքալեզու երկրների 10-րդ համաժողովում ելույթ ունենալով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Ժողովուրդների ինքնորոշման ցանկությունը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը: Այս երկու հասկացությունների միջև չպետք է հակասություն ստեղծվի: Միջազգային պրակտիկան և միջազգային իրավունքը պաշտպանում են այս տեսակետը»: Իլհամ Ալիևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն ու ադրբեջանցիները, որոնք կվերադառնան Լեռնային Ղարաբաղ, պետք է ապրեն միասնական ադրբեջանական պետության մեջ` այն սկզբունքների հիման վրա, որոնք բարձր ինքնավարության հնարավորություն են տալիս: Համաժողովի մասնակիցներին Ալիևը պատմել է, որ ղարաբաղյան հակամարտության հաղթահարման գործում չկան արդյունքներ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Մենք ուզում ենք այդ հարցը լուծել որքան հնարավոր է շուտ, խաղաղ ճանապարհով, բանակցություններով: Ադրբեջանը բազմազգ պետություն է: Ադրբեջանում տարբեր ազգությունների ու կրոնների ներկայացուցիչներն ապրում են մեկ ընտանիքի նման: Ադրբեջանում երբեք չեն եղել կոնֆլիկտներ ու հակամարտություններ կրոնական կամ ազգային հողի վրա: Ադրբեջանում պաշտպանվում են բոլոր ժողովուրդների իրավունքները: Իհարկե, հայ ժողովուրդն ապրել է ադրբեջանական հողերում, ապրում է և այսօր: Նրանց իրավունքները ևս պաշտպանվում են»: Ադրբեջանի նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ձգտի հակամարտության արագ հաղթահարմանը ոչ միայն բանաձևերով ու որոշումներով, այլև գործնական քայլերով: Նա թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչներին հավաստել է. «Մենք հետագայում էլ հարցը մշտապես օրակարգում ենք պահելու, նաև բոլոր միջազգային կառույցների օրակարգում»:
Սեպտեմբերի 17-ին սեզոնային առաջին հանրահավաքն էր հրավիրել ՀԱԿ-ը: Լևոն Տեր-Պետրոսյանը լրացուցիչ պարզաբանումներ տվեց ՀՀՇ համագումարում իր իսկ ելույթին, որ «թյուրընկալումների և նենգափոխումների» առիթ էր հանդիսացել, և սահուն անցավ իրավիճակի գնահատականին. «Մենք մշտապես պնդել և այսօր էլ համարում ենք, որ երկու վճռական քայլ կարող է կտրուկ փոխել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի անբարենպաստ զարգացումը.
1. Հայաստանի ներքին կյանքի ազատականացումը` ժողովրդավարության սահմանափակումների վերացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և ներազգային համերաշխության հաստատումը.
2. Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության լիիրավ կողմի, ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակի վերականգնումը»: Արձանագրելով, որ Սերժ Սարգսյանը ո՛չ մեկն է անում, ո՛չ մյուսը, ՀԱԿ-ի անունից Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց. «1. Թեև մենք կողմ ենք Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանը, բայց վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում ԼՂՀ-ն ներկայացված չէ որպես հակամարտության կողմ, ինչպես և ցանկացած համաձայնագրի, որի տակ չի լինի վերջինիս ներկայացուցչի ստորագրությունը:
2. Մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ և թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը:
3. Մենք պահանջելու ենք նաև, որ ղարաբաղյան հարցի կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, ինչն արտառոց չպետք է համարել, քանի որ ժամանակին նման գաղափար եղել է Մինսկի խմբի համանախագահության առաջարկներում»: ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը հոկտեմբերի 15-ին է: Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նվիրված է լինելու կոռուպցիային. հոկտեմբերը հակակոռուպցիոն պայքարի ամիս է, երևի:
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ թանգարան-եկեղեցում պատարագ մատուցվեց Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանի ձեռամբ: Վանում հայերը շատ չէին, շուրջ 1000 մարդ: Պատարագը հոգևոր արարողությունից վերածվեց քաղաքականի: Եվ, ինչպես միշտ, թե՛ հոգևոր, թե՛ քաղաքական հարթության մեջ հայերը երկպառակտված էին ու միմյանցից տարբեր էին պատկերացնում նույն հարցի պատասխանը: Իսկ գուցե արժեր Վանում, Սուրբ խաչի անխաչ կամարների տակ, ի հեճուկս թուրքերի, միասնական լինել գոնե մե՞կ հարցում` երթա՞լ, չերթա՞լ: Ավաղ:
Միջազգային անվտանգության ինստիտուտի ռուսական ու ասիական ծրագրերի կենտրոնի տնօրեն Նիկոլայ Զլոբինը համոզված է, որ «քաղաքականությունը չի կարող կառուցվել պատմության վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցի դեպքում»: Նա հայտարարել է. «Հայաստանը սեփական պատմության պատանդն է: Այնպիսի դեպքերում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, ամենավատը ժողովրդի հույզերն օգտագործելն ու քաղաքական կարիերա կառուցելն է, այլ ոչ թե հարցեր լուծելը»: Ասուլիսում նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ևս: Նրա դիտարկմամբ` Երևանի անգործությունն Անկարայի հետ հարաբերությունների բարելավման հարցում Հայաստանի համար ինքնասպանություն է: «Չի կարելի նման իրավիճակներ ստեղծել, երբ բոլոր դռները փակ են. ամբողջ գլոբալացումը կատարվում է Ռուսաստանի միջոցով, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի տերն է, և երկիրը պարզապես այլընտրանք չունի», անկեղծացել է քաղաքագետը: Նրա խոսքով` քաղաքականությունը չի կարող կառուցվել պատմության վրա, որովհետև պատմությունը սուբյեկտիվ է, և յուրաքանչյուր ժողովուրդ ունի պատմական իրադարձությունների իր ազգային վարկածը: «Հայերը հաճախ են բողոքում, որ իրենց նեղացրել են: Բոլորին են նեղացրել, ժողովուրդներ կան, որ ընդհանրապես ջնջվել են երկրի երեսից»,- ասել է Զլոբինը: Նա պնդում է, որ անիմաստ է ամբողջ կյանքում ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելը: Լավագույն փաստարկն ու ապացույցն ընդդիմախոսներից լավ ապրելն է։ «Իսկ քաղաքական գործիչները, որոնք անընդհատ խոսում են պատմության մասին, պետք է հեռանան քաղաքականությունից և պատմություն դասավանդեն»:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձն էր, ոչ աշխատանքային օր, տոնի երթուղին նույնն էր` Եռաբլուրից մարզահամերգային համալիր, Հանրապետության հրապարակով: Երգեցին, պարեցին, ելույթներ, բաժակաճառեր, գնահատականներ, խոստումներ, շնորհավորանքներ: Օրն անցավ:
Լոնդոնում հրապարակվող Global Financial Centers Index վարկանիշային աղյուսակում համաշխարհային ֆինանսական առաջին երեք կենտրոններ են համարվել Լոնդոնը, Նյու Յորքը, Հոնկոնգը: Վարկանիշային աղյուսակը կազմվում է ֆինանսական ընկերությունների հարցման արդյունքում, չափորոշիչներն են գործարար մթնոլորտը, անձնակազմի որակավորումը, ենթակառուցվածքների զարգացման մակարդակը: Չորրորդը Սինգապուրն է: Լավագույն տասնյակում են Տոկիոն, Շանհայը, Չիկագոն, Ցյուրիխը, Ժնևը, Սիդնեյը: Դիլիջանի մասին խոսք չկար:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ