ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՈՎ ՏՆՕՐԻՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՆԱ ՏՆՕՐԻՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԸ»

«ՈՎ ՏՆՕՐԻՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՆԱ ՏՆՕՐԻՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԸ»
23.03.2012 | 00:00

Նախ կցանկանայի հիշեցնել նախկին երկու ականավոր քաղգործիչների արտահայտությունները, որոնց դիտարկումները չեն կորցրել արդիականությունը մինչ օրս։ ՈՒինսթոն Չերչիլ. «Ով տնօրինում է Հայաստանը, նա տնօրինում է Կովկասը»։ Օտտո ֆոն Բիսմարկ. «Հայաստանը Ռուսաստանի շղթայակապ շունն է Կովկասում»։
Այս երկու կարծիքները, որ հայտնվել են տարբեր ժամանակ և տարբեր հուզականությամբ ու (ան)նրբանկատությամբ, ըստ էության, մատնանշում են տարածաշրջանում և աշխարհում Հայաստանի աշխարհաքաղաքական տեղի բուն էությունը, Արևելք-Արևմուտք հաղորդակցական խաչմերուկի այդ կարևոր օղակի հանդեպ մեծ տերությունների նկրտումների էությունը։ Անհրաժեշտ է նշել, որ այդ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որը գերիշխող է երկրի պատմական ուղում և եղել է հայ ժողովրդի գլխին պայթած բազմաթիվ պատերազմների ու ողբերգությունների պատճառը, այսօր էլ ոչ միայն չի կորցրել իր նշանակությունը, այլև ստացել է առանձնահատուկ, ոչ պակաս վտանգավոր լիցք, քան նախկինում էր։ Ինչպես հայտնի է, Հայաստանի տարածքով կարող են անցնել վառելիքի փոխադրման առավել խնայողական երթուղիները և ուրիշ, ոչ պակաս կարևոր ճանապարհներ։ Բայց այս ամենին Կրեմլի չդադարող, ծայրաստիճան ակտիվ և ագրեսիվ դիմադրության պատճառով բոլոր ծրագրերը կա՛մ փակվում են, կա՛մ անորոշ ժամանակով հետաձգվում։ Բացի այդ, Հայաստանի կարգավիճակը` որպես «ռուսական ռազմակայան», խանգարում է Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի լիակատար վերակողմնորոշմանը, որի հաղորդակցական նշանակությունն ավելի ու ավելի է մեծանում։ Ակնհայտ է, որ Վրաստանի լիակատար վերակողմնորոշումը և նրան հատկացված ֆինանսական հսկայական միջոցները հարցը չլուծեցին, իսկ այս դեպքում «Հայաստանը տնօրինելը» և «շղթայակապ շան» նրա դերը պահպանելը ոչ միայն հույժ կարևոր է ռուսների համար, այլև նրանց հակառակորդներին դրդում է որոշակի գործողությունների։
Բավական է մի հայացք գցել արևմտյան պարբերականների վերլուծական հոդվածների վերնագրերին` համոզվելու համար, թե որքան անհանգստացած են Եվրոպան և ԱՄՆ-ը Ռուսաստանի ցանկությամբ` տնտեսապես զարգացած երկրները «նստեցնելու իր էներգետիկ ասեղի վրա», որքան է «էներգապաշարների խողովակը» որոշում երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ազդում ռուս ժողովրդի նկարագրի և ինքնազգացողության վրա։ Ռուսաստանի բոլոր ինովացիոն նախագծերով և տեխնոլոգիական առաջավոր երկրների շարքը դասվելու ջանքերով հանդերձ, այսօր, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ «էներգետիկ մահակը» նրա համար մեծ տերության կարգավիճակը պահպանելու և կարևորագույն աշխարհաքաղաքական բևեռ դառնալու միակ աշխատող գործոնն է։ Այսօր բոլոր հիմքերը կան պնդելու, որ Ռուսաստանի թուլացումը, նրան երրորդական կարգի երկրի դասին իջեցնելը եղել է, է՛ և տեսանելի հեռանկարում կլինի Վաշինգտոնի հիմնական խնդիրներից մեկը։ Դա ամրագրված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հայեցակարգում` ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների։ Այդ առաջադրանքի առաջին մասն արդեն իրականացված է. Ռուսաստանը զրկվել է համաշխարհային տերության կարգավիճակից։ Այժմ իրականացվում է առաջադրանքի երկրորդ մասը. Ռուսաստանի զրկումը տարածաշրջանային տերության կարգավիճակից` նրա սահմանների ողջ երկայնքով, այդ թվում նաև` Հարավային Կովկասում։ Եվ պատմական այդ «ռևիզիոնիզմին» հարկավոր է վերաբերվել ծայրաստիճան լրջորեն։ Թեև հաճախ գործողությունները, մասնավորապես Հայաստանում, կրում են ապագային միտված բնույթ և ոչ միշտ են երկյուղներ ծնում։
Այս կապակցությամբ նկատենք, որ նախկին խորհրդային տարածությունում ԱՄՆ-ի գործողություններին ընդհանուր առմամբ բնորոշ է երկու ուղղություն, որոնք տարբեր են իրականացման եղանակով ու տրամաբանությամբ, բայց լուծում են մեկ հիմնական խնդիր։ Առաջինը, և այսօրվա դրությամբ ոչ այնքան հրատապը, «գունավոր հեղափոխություններն» են։ Դրանք իրագործվեցին այնտեղ, ուր հանրության մեծ մասն արդեն հակառուսական տրամադրվածություն ուներ (Վրաստան, Մոլդովա), կամ էլ այնտեղ, որտեղ հանրությունը, նույն պատճառով, երկատված է (ՈՒկրաինա)։ Իսկ այն երկրների համար, ուր գերիշխում են ռուսամետ տրամադրությունները, նախատեսված է էվոլյուցիոն եղանակը։ Այդպիսի «սուբյեկտներից» են, մասնավորապես, Հայաստանը և Կենտրոնական Ասիան, վերջինս` իսլամական հակմամբ և Չինաստանի մոտիկությամբ պայմանավորված։ Այս կապակցությամբ հետաքրքրական է, որ վերջին ժամանակներս ամերիկյան փորձագիտական ընկերակցությունում գերիշխող է դարձել այն կարծիքը, թե այդ երկրները «ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն ուղի են բռնել», ինչն էլ նրանց կհասցնի ժողովրդավարության։ Եվ հենց դրա համար էլ, իբր, պետդեպարտամենտը նրանց նկատմամբ փոխել է իր քաղաքականությունը։ Նա այս երկրում մաքուր ընտրություններ չի սպասում արդեն, բայց ժողովրդավարացման ճանապարհին առաջադիմության ու զարգացման, «սահմանակարգային զարգացման վրա հիմնված կայունության լավ տարբերակի» հույս ունի։
Հարկ է նշել, որ, խոսելով պետական հիմնարկների կլանային վարչական կառուցվածք ունեցող երկրներում ժողովրդավարության «էվոլյուցիոն զարգացման» և կառավարման ավատատիրական-ամբողջատիրական եղանակների մասին, ամերիկյան վերլուծաբանները, քաղգործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, կարծես, խորամանկում են։ Համարձակվում ենք ենթադրել, որ նրանք «էվոլյուցիոն» ասելով հասկանում են հետևողականորեն, համակարգային կարգով կտրել այն բոլոր հիմնական երակները, որոնցից բաղկացած է Ռուսաստանի հետ նրանց կապող գլխավոր պորտալարը։ Սա նախատեսված է իրագործել` չնայած տեղական վերնախավերը հավաստիացնում են իրենց բարեհաճությունը Մոսկվայի շահերի հանդեպ, իսկ ռուս պաշտոնատար անձինք վստահեցնում են, որ Կրեմլը լիովին վերահսկում է գործընթացները։ Իսկ դրա համար ամերիկացիները սերտորեն աշխատում են այդ երկրների ամբողջ ակտիվ քաղաքական վերնախավի հետ և, ամենահետաքրքրականը` ձգտում են այն պահպանել հնարավորինս երկար։ Ամենայն հավանականությամբ, նրանք համարում են, թե քանի որ այդ վերնախավ ասվածը խոցելի է անցյալի մի շարք քաղաքական ու տնտեսական «մեղքերի» պատճառով, ապա առավել հարմար է ԱՄՆ-ի խնդիրների իրականացման համար։
Այդ ծրագիրը համակարգված, հետևողական և ժամանակատար է։ Այն արդեն բավականաչափ փորձարկվել է ներկայիս հայաստանյան իշխանական վարչակազմի վրա, որը, Կրեմլին ուղղված հավատարմության բոլոր ցույցերով հանդերձ, հեղափոխականորեն ընթանում է արևմտյան քաղաքականության հունով և հընթացս ձգտում է իրականացնել հայ ժողովրդի նկարագրի վերակողմնորոշում ու համապատասխան օրենսդրական բազայի ապահովում։ Այսպես, վերջին սոցհարցումները հաստատում են, որ Հայաստանի բնակչության մի զգալի հատված հանդես է գալիս Եվրամիությանը երկրի անդամակցության օգտին, իսկ ՆԱՏՕ-ի մեջ մտնելու կողմնակիցների թիվը թեև առայժմ մեծ չէ, բայց ունի առաջընթաց գրանցելու միտում։ Հայ հանրության «ռուսազերծման» լայն խնդրի լուծման համար խիստ հրատապ է երկու հանգամանք. նախ` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կանոնավոր հարաբերությունների հաստատումը և, երկրորդ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` սահմանների բացմամբ և դիվանագիտական ու տնտեսական բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ։ Միևնույն ժամանակ, այդ երկու կետերը, սակայն, սառեցման տեսակետից, Կրեմլի համար էլ են Հայաստանը Ռուսաստանի ծիրում պահելու կարևորագույն լծակներ, և այնտեղ հասկանում են, որ առանց դրանք նվազագույնի հասցնելու անհնար է լուծել երկրի վերակողմնորոշման խոշոր խնդիրը։
Այս պարագայում ուշադրության առնենք աշխարհաքաղաքական գործընթացների ևս մեկ, ոչ պակաս կարևոր հանգամանք։ Ցանկացած էթնոհոգեբան կասի, որ առավել բարդն ու, փաստորեն, անշտկելին ազգի այն զանգվածային կողմնորոշումներն են, որոնք կապված են ընդհանուր, խոր և բացասական պատմական փորձի հետ։ Ամբողջ հայոց պատմությունը պատերազմների, երկրի տևական վասալական վիճակի, պետականության կորստյան մի շարք է, և այդ ամենը հանգեցրել է նրան, որ ազգը, կայուն կարծրատիպի կապանքներում, երկրի ճակատագիրը գնահատում է «մեծ հովանավորների» և «բարեկամ երկրների» շահերի հայեցակետից։ Թե ինչի է դա հանգեցրել և ինչի կարող է հանգեցնել Հայաստանում, բոլորին է հայտնի, սակայն երկրի հավաքական քաղաքական միտքը թելադրում է արտքաղաքական կողմնորոշիչներով հստակորեն պայմանավորված վարքագիծ։ Անգամ անկախության ներկա պայմաններում հայկական քաղաքական վերնախավը` ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, մշտապես գործում է աչքն «այս աշխարհի հզորներին» հառած, ձգտում է իր ծրագրերի իրականացման համար ստանալ աշխարհաքաղաքական կենտրոնների տխրահռչակ հավանությունը։
Ակնհայտ է, որ այս բոլոր ուղղություններում հարցերը լուծվում են միահամուռ ձևով, և վաղ թե ուշ կարող են ձեռք բերվել որոշակի արդյունքներ։ Ինչ վերաբերում է հայկական քաղաքական վերնախավին, ապա կցանկանայինք ինչպես իշխանական, այնպես էլ իշխանության ձգտող ընդդիմադիր քաղգործիչների ուշադրությունը հրավիրել վերոհիշյալ հանգամանքի վրա։ Ավելին, հիշեցնել նրանց, որ տվյալ պարագայում իրենք աշխարհում որևէ մեկին կարող են հետաքրքրել միայն մեկ դեպքում` որպես քաղաքական իմաստով ինքնաբավ միավորներ, որոնք ինքնուրույն կլուծեն ներքին և արտաքին խնդիրները, կփորձեն հաշվի առնել իրողություններն ու իրենց ձգտումները համադրել համաշխարհային մարտահրավերների հետ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ