ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

1100 ԱՇԱԿԵՐՏ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

1100 ԱՇԱԿԵՐՏ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
06.10.2009 | 00:00

Կրթական ներառական մոդելն աստիճանաբար ընկալելի է դառնում հասարակությանը։ Տարեցտարի ներառական կրթության բնագավառում աշակերտների թիվն աճում է. այս տարվա տվյալներով` հանրապետությունում կա մոտ 1100 աշակերտ, ովքեր սովորում են ներառական դպրոցներում։
Ներառական կրթության գաղափարի կրողն ու Հայաստան ներմուծողը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանն է։ Հայաստանում ներառական կրթության առաջին քայլերն արվել են 2001 թվականին։ Երևանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն, այժմ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի համագործակցությամբ այն փորձարկվեց այդ դպրոցում։ Փորձը հետագայում դարձավ օրինաչափություն, և 2003-ից թիվ 27 դպրոցում կուտակված փորձը տարածվեց ևս չորս դպրոցներում։ «2005 թ. այս հինգ դպրոցի փորձն ուսումնասիրելով՝ մենք հասկացանք, որ եթե ուզում ենք, որ սա լոկ ծրագիր չկոչվի, միջազգային դոնորների շնորհիվ չծնվի ու չավարտվի, պետք է ունենա կայուն շարունակականություն և դառնա պետական քաղաքականություն։ Մշակվեց և ընդունվեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որտեղ ամրագրվեց ներառական կրթությունը որպես պետական քաղաքականություն։ 2005 թ. վերջին մշակվեց նաև ֆինանսավորման կարգը, որը շատ թերի է և բարելավվելու տեղ ունի։ 2006-ից այդ բոլոր 5 դպրոցները ԿԳ նախարարության կողմից ճանաչվեցին ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներ՝ ստանալով պետական ֆինանսավորում»,- ներկայացնում է Ս. Թադևոսյանը։ Նշենք, որ հատուկ և ներառական համակարգերի միջև հարաբերակցությունն աստիճանաբար փոխվում է դեպի ներառական կրթական համակարգ։
Ներառական դպրոցների բոլոր ուսուցչական կոլեկտիվներն անցնում են 7-8 ամսյա վերապատրաստման դասընթացներ, որոնք իրականացվում են կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ։ Այսօր արդեն Երևանում և մարզերում գործում է 49 ներառական դպրոց։ Ցավոք, նման կրթօջախներ կան ոչ բոլոր մարզերում։ Մասնավորապես այնպիսի խոցելի մարզում, ինչպիսին Շիրակն է, նման դպրոց առայժմ չի գործում։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ավելի քան 9 հազար հաշմանդամություն ունեցող երեխա կա, և դժվար է ասել` այդ երեխաների որ մասն է սովորում հատուկ դպրոցներում, որ մասը՝ տանը՝ դուրս մնացած կրթությունից, և որ մասը՝ ներառական կամ հանրակրթական դպրոցներում։ Ըստ Ս. Թադևոսյանի՝ ներառական կրթությունը նոր խոսք է բերել կրթական համակարգ, կրթությունը պետք է մատչելի լինի բոլորին, դպրոցը պետք է լինի բոլորի համար։ Ներառական կրթությունը նաև երեխայի կրթության իրավունքը բավարարելու միջոց է։ «Կրթության մասին օրենքը հստակ ամրագրել է, որ դպրոցի տեսակը՝ հատուկ, թե հանրակրթական, ընտրելու իրավունքը տրվում է ծնողին, անկախ երեխայի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու աստիճանից։ Հաճախ հեռավոր մարզերից երեխաներին բերում են Երևան՝ հատուկ դպրոցներում սովորելու։ Այսպիսով բավարարվում է երեխայի կրթություն ստանալու իրավունքը, սակայն մյուս հիմնարար իրավունքները, որ երեխան պետք է ապրի իր ընտանիքում, ծնողների հետ, ունենա համայնքում ինքնադրսևորվելու հնարավորություն, անտեսվում են։ Ստացվում է, որ հատուկ դպրոցում մենք կարողանում ենք երեխայի մեկ իրավունքը պաշտպանելու հաշվին անտեսել շատ կարևոր մի շարք իրավունքներ։ Ներառական կրթության պարագայում երեխան ապրում է իր ընտանիքում, իր քրոջ, եղբոր հետ հաճախում է նույն դպրոցը, գտնվում է սովորական միջավայրում, որտեղ ավելի մեծ հնարավորություններ կան զարգացման»,- ասում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահը։
Հաջողվե՞լ է վերացնել այն կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն հատուկ կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման հետ կապված: Հասարակությունը պատրա՞ստ է նրան, որ հատուկ կարիքներ ունեցող երեխան սովորի նույն դասարանում այլ աշակերտների հետ։ Ըստ Ս. Թադևոսյանի՝ կարծրատիպը հնարավոր է հաղթահարել միայն փորձով, կիրառմամբ, այլապես դրանք կլինեն միայն բառեր, որոնք մենք սերտում ենք, առանց իրականության մեջ տեսնելու և հավատալու. «Անկախության տարիներից ի վեր ինչքան բան է փոխվել մեր հասարակության մեջ, որ անհնար է պատկերացնել։ Դա նրանից է, որ մարդիկ տեսան, կիրառեցին, փորձեցին։ Յուրաքանչյուր նոր բան սկսվում է ինֆորմացիայից, իսկ երբ մարդն ինչ-որ բանի մասին գիտելիք ունի, հստակ վերաբերմունք է ձևավորում տվյալ երևույթի վերաբերյալ։ Այդ պահից համարժեք վարքագծի մղում է առաջանում։ Այսինքն՝ սկսվում է դրա կիրառումը։ Այդ վարքագիծն էլ ստեղծում է մեր արժեքային համակարգը։ Ինչպիսին մեր վարքագիծն է, այնպիսին էլ մեր արժեքային համակարգն է։ Ներառական դաշտում խնդիրը դիտարկելիս պետք է ասեմ, որ հասարակությունը բավականին շատ բան է շահել։ Հասարակության բաց, ժողովրդավար, հանդուրժող, բարի լինելը պայմանավորված է, առաջին հերթին, հաշմանդամների, ծերերի և երեխաների նկատմամբ վերաբերմունքով։ Ներառական կրթությունը հասարակության համար բարիանալու, մարդասեր դառնալու մեծ հնարավորություն է»։
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների հայտնաբերման համար «Հույսի կամուրջ» ՀԿ-ն դիմում է մանկական վերականգնողական կենտրոնին, կան ծնողական փոխօգնության խմբեր, որոնք համապատասխան տեղեկությունը տարածում են ծնողների շրջանում, համագործակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
«Կրթությունը մեկն է, որն ունի իր նպատակները, որոնք բոլորի համար ընդհանուր են,- ասում է Ս. Թադևոսյանը։- Մենք բոլորս էլ ուզում ենք այս երկրի քաղաքացին լինել, ապրել արժանապատվորեն, իսկ դրան հասնելու համար գիտելիքներ, հմտություններ են հարկավոր։ Եվ կրթությունն այնքան ճկուն մեխանիզմներ պետք է ունենա, որ հասանելի ու մատչելի լինի բոլորին»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2732

Մեկնաբանություններ