ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՓՈՂԸ ԿԵԿՈՆԵՆԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԻ՛ ՈՒՂԱՐԿԻՐ»

«ՓՈՂԸ ԿԵԿՈՆԵՆԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԻ՛ ՈՒՂԱՐԿԻՐ»
24.01.2012 | 00:00

Տարեսկզբին արեգակը Արարատյան դաշտավայրում գարնանային փայլով էր շողում և ջերմացնում մարդու մարմինը: Գյուղի փողոցները չոր էին ու փոշոտ: Միայն երկու փողոց էր անանցանելի, որովհետև խմելու ջրի վաթսունամյա (գյուղի մնացած ջրագծերը, մոտ 14 կմ, երեք տարում փոխվել էին) երկաթյա, շատ տեղերում տրաքած, խողովակներից ջուրն առատորեն հոսում էր արդեն իսկ ջրարբիացած փողոցներով: Անհանգիստ բնավորությամբ գյուղապետս որոշեցի օգտվել արեգակի ընձեռած հնարավորությունից և հունվարի 11-ին սկսեցի այդ երկու փողոցների նոր ջրատարների անցկացման աշխատանքները: Փողոցում շատերի հետ զբաղված էի աշխատանքներով, երբ մի կին ամաչելով մոտեցավ ինձ և վախվորած հարցրեց, թե պարոն գյուղապետ, ինչո՞ւ եք տարբերություն դնում գյուղացիների մեջ, մի մասին ստացած օգնությունը բաժանում եք, մյուս մասին` ոչ: Անկեղծ ասած, չհասկացա, թե ինչ էր ակնարկում այդ կինը, ես, որ ամբողջ կյանքում դեմ եմ եղել ողորմություն բաժանելուն, կտրուկ ասացի, թե չեմ հասկանում քեզ ու անցա գործի: «Ինչո՞ւ չեք հասկանում, բա ռետուզները ո՞վ է բաժանել»: Այնուամենայնիվ, ուշադրություն չդարձրի կնոջ խոսքերին: Չէր անցել մի տասնհինգ րոպե, երբ այս անգամ մի տղամարդ ասաց, թե պարոն գյուղապետ, ինչո՞ւ օգնություն ստացած օղին մասամբ եք բաժանում, իսկ գարեջուրն էլ ընդհանրապես չեք տալիս: Ահազանգը ստիպեց պարզել ինչն ինչոց է: Մինչ թղթին կհանձնեմ ինչոցի պատմությունը, հիշեցի տարիներ առաջ թերթում տպագրված մի հետաքրքիր պատմություն.
Դրամի կարիք ունեցող տասնամյա ֆինն պատանին նամակ է գրում Աստծուն և խնդրում 100 դոլարի օգնություն: Հետաքրքիր հասցեով նամակը փոստատարը հանձնում է Ֆինլանդիայի այն ժամանակվա կապի նախարար (հետագայում Ֆինլանդիայի նախագահ) ՈՒրխո Կալևա Կեկոնենին: Կեկոնենը շատ է ուրախանում երեխայի միամտության համար, 50 դոլար դնում է նամակի մեջ և ուղարկում հասցեատիրոջը: Մեկ շաբաթ անց փոստատարը նորից նույն հասցեով նամակը հանձնում է Կեկոնենին:
Երեխան գրել էր նամակում. «Տեր Աստված, անչափ շնորհակալ եմ քեզնից, որ լսեցիր խնդրանքս և օգնեցիր ինձ, բայց քեզ շատ եմ խնդրում, փողը Կեկոնենի միջոցով մի ուղարկիր: Նա անազնիվ մարդ է, քո ուղարկած 100 դոլարից 50-ը գողացել է»: Ինչ խոսք, Կեկոնենը գող չէր և ոչ էլ անազնիվ մարդ, և ոչ էլ գողացել էր Աստծու «ուղարկած» 50 դոլարը: Իմ համագյուղացիները թեպետ միամիտ երեխաներ չեն, բայց նրանց գիտակցաբար արդեն քսան տարի խաբում են արդի Հայաստանի քաղաքական լիդերները, կուսակցությունները: Չեմ ցանկանում անուններ տալ, քանզի ժողովրդական խոսքն ասում է` փայտը վերցնես, գող շունն իր բանը ջոկում է: Թե այս նախընտրական տարում ով որքան կարող է խաբել թարազուից ընկած մեր ժողովրդին, թողնենք իրենց խղճին: Ասում եմ` իրենց խղճին, որովհետև մի քանի հնամաշ ռետուզներ կամ մի քանի շիշ «Ռուսական լիմոն» օղի բաժանելով ոչ ժողովրդի կյանքը կբարգավաճի, և ոչ էլ օղին խմողը պիտի երկրի օրինավոր քաղաքացի դառնա: Ռետուզի «գործը» բացահայտվելուց հետո լուրեր տարածվեցին, թե մեռած նախկին գյուղապետի հոգու հանգստության համար մատաղ են բաժանել (խեղճ ժողովուրդ, ինչ օրի ես ընկել, որ որպես մատաղ ռետուզ ես ստանում, գուցե հնամաշ ռետուզները փոխվել էին ստացված այլ ապրանքով):
Հարցն ամենևին էլ ռետուզը կամ օղին չէ, քանզի կային մարդիկ, որոնք ասում էին` իսկ գարեջրի և ռետուզի հետ էլի ինչ-որ բաներն ո՞ւր են: Ո՞Ւր են: Դրա համար էլ ցանկանում եմ ասել` կուսակցական բոսեր, մի՛ հավատացեք ներքևում կանգնած ձեր ջեբկիրներին, նրանք Կեկոնեն չեն: Նրանք ձեր փոքր տեսակն են: Նրանք մարդիկ են, ձեզ նման մարդիկ, ովքեր ակտիվանում են չորս տարին, հինգ տարին մեկ և ձեր ուղարկածից մի բան գողանալով` իրենց մարդ են զգում:
Պարոնայք, խորհուրդ եմ տալիս, ձեր «բարեգործություն» ինքներդ բաժանեք առանց միջնորդների, գուցե դրանից ժողովրդի վիճակը, կես օրվա փոխարեն, մեկ օրով լավանա:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ