Ամերիկա-իրանական հակասությունների հաղթահարման գաղափարը նոր չէ և ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս որոշ հետաքրքիր հեղինակների հրապարակումներում։ Ընդ որում, Արևմուտքի երկրներում աշխատող իրանցի հեղինակները, որպես կանոն, ավելի քիչ են արմատական դատողություններ անում այդ թեմայով, քան ամերիկացի հեղինակները։ Այժմ, երբ Մեծ Մերձավոր Արևելքը համակված է հեղափոխությունների շղթայական ռեակցիայով, ամերիկա-իրանական մերձեցման թեմայով դատողությունները դարձել են միանգամայն հրատապ։ Ամերիկացիներն ու իրանցիները վաղուց են հետևում միմյանց երկարաժամկետ շահերին, և «մերձեցման» նախաձեռնությունները կարող են առաջ գալ շատ անսպասելիորեն թե՛ Արևմտյան ընկերակցության, թե՛ Արևելքի երկրների համար։ Իսկ ինչ փաստարկներ և ակնկալիքներ կան ԱՄՆ-ի և Իրանի փոխընդունելի երկխոսություն գտնելու առումով։
Նախ, պետք է քննության առնել, թե ինչ է տեղի ունեցել վերջին տասը տարում փոխադարձ շահերը պարզելու ուղղությամբ։ Որքան էլ տարօրինակ լինի, իրանցիները ցնծության մեջ չէին «սեպտեմբերի 11-ի» առնչությամբ, քանի որ հասկանում էին` իսլամական աշխարհում առաջատարի դերը կարող են նվաճել Իրանի համար միանգամայն անընդունելի վերազգային կազմակերպությունները կամ այլ իսլամական երկրներ։ Իրանցիները շատ արագ արձագանքեցին և գրավեցին «Ալ Քաիդային» ձևաչափով ու ոճով համանման այլ իսլամական կազմակերպությունների նկատմամբ խորապես թշնամական դիրք։ Այս սյուժեն այնքան բարդ է և բազմակողմանի, որ դրան կարելի էր նվիրել մի մեծ վերլուծական աշխատանք, բայց փաստն այն է, որ ԱՄՆ-ը և Իրանը հայտնվեցին շահերի միասնական հարթությունում, ինչը շատ լավ հասկացան։ Հնարավոր է, որ հենց դրա համար էլ նախագահ Ջ. Բուշի վարչակազմը 2001 թ. աշնանը-ձմռանը «չեղյալ հայտարարեց» Իրանին հարվածելու մտադրությունը։ Ամերիկացիները միշտ էլ կարծել են, որ Իրանը ռազմավարության ծավալման ավարտուն պատմություն չէ, և այդ երկրի հետ կապված ակնկալիքներն ամենևին էլ սպառված չեն։ Հարկ է նշել ևս մեկ խիստ կարևոր հանգամանք. ԱՄՆ-ը, փաստորեն, հրաժարվել է Իրանի ազգային և կրոնական խմբերի շրջանում լուրջ քայքայիչ աշխատանք տանելուց։ Այդ հանգամանքը մի տեսակ առկախ է վերլուծական մեկնաբանություններում, բայց դա դեռ պետք է պարզել։ Այն վերլուծաբանները, ովքեր հնարավորություն են ունեցել աշխատելու անմիջականորեն ԱՄՆ-ում, կարող էին հաստատել, որ Իրաքի պատերազմի նախօրեին ամերիկյան քաղաքական նախագծերի հեղինակներն ամենևին ուշադրություն չէին դարձնում այն ժամանակ սպասվող պատերազմի հնարավոր հետևանքների ակնհայտությանը։ Խոսքն այնպիսի բաների մասին էր, ինչպիսին էր Սադամի և թալիբների վարչախմբերի տապալումը, որոնք Իրանի կատաղի թշնամիներն էին։ Եվ, վերջապես, ԱՄՆ-ի ներկա վարչակազմը միանգամայն համոզչորեն հասկացնում էր Իրանին, որ նրան մարտական հարվածներ չեն հասցվի, ինչը Օբամայի քաղաքականության մի քանի այլ քայլերի հետ մեկտեղ խիստ հիասթափություն առաջ բերեց Իսրայելում։
Իրանի հանդեպ քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ «իրանական խաղի» ասպարեզում ծավալվել են ամեն կարգի շահարկումներ մեծ ու փոքր պետությունների կողմից, ներառյալ Եվրոպայի առաջատար երկրները, Ռուսաստանը, Չինաստանը, արաբական պետություններն ու Թուրքիան։ Ընդ որում, մեկուսի վիճակում է հայտնվում ոչ միայն Իրանը, այլև ԱՄՆ-ը` դառնալով շահարկումների օբյեկտ։ Վաշինգտոնում հասկանում են, որ դա կարող է անվերջ շարունակվել, ուստի Իրանի հետ մերձեցման ծրագիր արդեն իսկ մշակված է։
Շատ կարևոր է այն, թե ինչի կհանգեցնեն հեղափոխությունները արաբական պետություններում։ Որոշ շփոթությունից և քիչ թե շատ համառ պայքարից հետո արաբական պետություններն ավելի պակաս կախյալ կդառնան և կփորձեն հարթել իրենց միջև եղած հակասությունները։ Հնարավոր է` արաբական պետությունները կամ արաբական մի խումբ պետություններ ստեղծեն ինչ-որ դաշինք, որը, պահպանելով ու զարգացնելով հարաբերությունները Արևմտյան ընկերակցության հետ, ավելի անկախ կլինի ԱՄՆ-ից և տարածաշրջանի խոշոր ոչ արաբական պետություններից։ Հնարավոր է, որ մշակվի ինչպես ԱՄՆ-ի ու Իրանի, այնպես էլ Թուրքիայի հավակնությունների կանխման հայեցակարգ։ Արաբական երկրներում չափազանց ծանրակշիռ են ամերիկամետ ուժերը, ինչը, անշուշտ, բավականին արդյունավետ կգործի, բայց, ի վերջո, ինչպես և ներկա հեղափոխական գործընթացներում, ապագայում հենց ամերիկամետ հասարակական-քաղաքական ուժը կհանգեցնի արաբական «բևեռի» կազմավորմանն ու զորեղացմանը, որը մինչև հիմա կազմավորված չէ։ Այդ դեպքում Իրանը հանդես կգա որպես արաբական պետությունների վրա ճնշում գործադրելու և արաբական «մեծապետականությունը» զսպելու կարևոր գործոն։ Իրանը ԱՄՆ-ին պակաս պետք չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Պետք է հասկանալ, որ որքան էլ մեծ լինեն Իրանի հավակնությունները, նա գտնվում է ռազմավարական խոր պաշտպանության մեջ, մինչդեռ Թուրքիան ծավալում է իր տարածաշրջանային նվաճողականությունը։ ԱՄՆ-ը, ըստ էության, կառուցել է Իրանի զսպման համակարգը և համոզվել, որ դա ստացվում է միանգամայն հաջողությամբ և բավական հեշտ։ ԱՄՆ-ի համար Թուրքիայի զսպումը միանգամայն այլ խնդիր է, որը կպահանջի ոչ միայն քաղաքական և տնտեսական խոշոր ռեսուրսներ, այլև անվտանգության հսկայական միջտարածաշրջանային համակարգի վերակառուցում։ Իրանի առնչությամբ ամերիկացիները, ամեն դեպքում, քիչ բան են կորցնում, իսկ Թուրքիայի առումով կորցնելու բան ունեն։ Իրանը չի կարող հավակնել ինչ-որ լայնամասշտաբ ազգային-կրոնական տարածության, ուր կարող է իր վերահսկողությունը հաստատել։ Թուրքիան հավակնում է ինտեգրվելու եվրասիական և նեոօսմանական տարածությանը` իր առաջնորդությամբ, և բացահայտորեն կայսերապետական հավակնություններ է դրսևորում։ Բացի այդ, ԱՄՆ-ը և Եվրոպան հիանալի են հասկանում, որ Թուրքիայի պատմության քեմալական ժամանակաշրջանը միայն փորձառական նշանակություն է ունեցել բավականին թույլ ու աղքատ Թուրքիայի պայմաններում, որն այժմ ձգտում է իր հեռանկարներն ընդլայնել հարձակողական բռնատիրության և ոչ իսլամական ժողովրդավարության նոր հիմքի վրա։ Իրանն աշխարհին առաջարկել է ժողովրդավարության իր ընկալումը, որը բաղկացած է երկու բաղադրիչից` քաղաքակրթորեն անվտանգ իրանական-շիական հանրապետականություն և սկզբունքորեն պաշտպանական աշխարհաքաղաքական դոկտրին։
Մեծ Բրիտանիան շատ լավ է հասկանում, որ Արևմտյան ընկերակցությունն այնքան շատ սխալներ է թույլ տվել արաբական աշխարհի նկատմամբ և անթույլատրելիորեն շատ զիջումներ է արել Թուրքիային, որ այլևս չի կարող ապագայում նրա հետ ռազմավարական գործընկերության հույս ունենալ։ Իրանի նկատմամբ նույնպես բավականին անբարյացակամ գործողություններ են իրականացվել, այդուամենայնիվ, միայն Իրանը կարող է դառնալ Արևմուտքի առավել հուսալի գործընկերը` Ասիայում դեռևս չգիտակցված սպառնալիքների պայմաններում։ Բրիտանացի քաղաքական գործիչներն ու քաղնախագծերի հեղինակները միշտ ձգտել են Իրանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել, դրանով իսկ ավելի ճկուն քաղաքականություն վարել ինչպես «դասական» Մերձավոր Արևելքում, այնպես էլ Թուրքիայի, Պակիստանի, Կենտրոնական Ասիայի, որոշակի հեռանկարով նաև Չինաստանի նկատմամբ։ Իրանը, անշուշտ, համապարփակ աշխարհաքաղաքական առումով գտնվում է անգլո-սաքսոնական աշխարհի մանրազնին ուշադրության կենտրոնում, և կասկած չկա, որ ներկայումս ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան առաջիկա 25 տարվա գործընկերություն են ակնկալում Իրանի հետ։ Առայժմ Մեծ Բրիտանիան հարկադրված է ընդունել Իրանի նկատմամբ իր քաղաքականության լիակատար ձախողումը, և դա կապվում է բրիտանական քաղաքականության էության հետ։ Պաշտոնական Լոնդոնն ի վիճակի չէ վարելու բազմակողմանի համագործակցության քաղաքականություն և ջանում է Ասիայում կառուցել իր ներկայության ու ազդեցության առանձին դրվագներ։ Բրիտանական քաղաքականությունը բավականաչափ ռեսուրսներ չունի խոշոր պետությունների վրա ազդեցություն գործելու համար և հարկադրված է իր հավակնությունները սահմանափակել ազդեցության «փոքր հարթակների» կազմավորմամբ, մայր ցամաքում կառուցել միայն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բնույթի «ջրանցքներ», «անցումներ», «կամուրջներ» և «շրջանցիկ ուղիներ»։
Իրանի վրա բրիտանական ազդեցությունը զրոյի է հավասար, և դա մի ամբողջ շարք բրիտանացի քաղաքական գործիչների ու դիվանագետների բերեց Անկարա, ներառյալ վարչապետ Դ. Քամերոնը, որը Թուրքիայում էր 2010-ի հուլիսին` Իրանի առնչությամբ բրիտանական քաղաքականության ձախողման պայմաններում։ ԱՄՆ-ը, որը Մեծ Բրիտանիայի համեմատ միանգամայն այլ մտադրություններ ու խնդիրներ ունեցող տերություն է, թեև նույնպես իրեն անհարմարավետ է զգում օվկիանոսներից հեռու, սակայն ստիպված է զբաղվել համապարփակ աշխարհաքաղաքականությամբ, նպատակ ունենալով զսպել իր այս կամ այն հակառակորդին և կանխել սպառնալիքները։ Վաշինգտոնը նպատակ ունի ավելի հուսալի դիրքեր ձեռք բերել Հարավային և Կենտրոնական Ասիայում, այսինքն` այն երկու տարածաշրջաններում, որոնք օբյեկտիվորեն դառնում են չինական լայնատարած էքսպանսիային դիմակայող «հարթակներ»։ Չինաստանը միանգամայն վստահորեն է կառուցում իր հարաբերությունները Կենտրոնական Ասիայի պետությունների և Պակիստանի հետ, շեշտը դնելով Աֆղանստանում իր ներկայությունն ուժեղացնելու վրա։ Պակիստանում և Աֆղանստանում տիրող իրադրությունն անհուսալի է թվում, և առայժմ ԱՄՆ-ը սոսկ զսպում է սպառնալիքները, սակայն ոչ մի հնարավորություն չունի վերացնելու դրանք։ ԱՄՆ-ը մեծ կախման մեջ է ընկել Թուրքիայից, Ռուսաստանից և Պակիստանից` Աֆղանստանի հետ կապուղիների առումով և այլ երթուղիներ չի կարողանում գտնել։ Այս բոլոր երեք պետությունները «լավ տեղավորվել» են և իրենց համար խիստ շահավետ դիրք են գրավում Աֆղանստանում և նրա շրջակա երկրներում ԱՄՆ-ի ունեցած դժվարությունների հետևանքով։ Մեծ հաշվով, Աֆղանստանից բխող գլխավոր սպառնալիքներն ուղղված են հենց Իրանի դեմ, որն իր հերթին ջանքեր է գործադրում այդ սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ։ Իրանը ջանքեր է գործադրում իր սահմաններն այն տարածքներից բաժանող բուֆերային գոտիներ ստեղծելու ուղղությամբ, ուր գերիշխում են թալիբական կառույցները, աջակցելով, օրինակ, Հերաթի իշխանություններին, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ ԱՄՆ-ը, հետևելով Իրանի այդ ջանքերին, ոչ մի կերպ չի խոչընդոտում նրան, գիտակցելով, որ Աֆղանստանի հարցում Թեհրանը դրական քաղաքականություն է վարում։ Իրանը նպատակ է հետապնդում իրանական երեք պետությունները, ներառյալ Աֆղանստանն ու Տաջիկստանը, միավորել գործընկերների մի դաշինքի մեջ, որը պետք է բացառի ագրեսիան և ապակառուցողականությունը, ինչը նույնպես ԱՄՆ-ի կողմից ամենևին էլ թշնամաբար չի ընդունվում։ ԱՄՆ-ը հասկանում է, որ այդ ընդարձակ տարածաշրջանում ցանկացած մարտավարական հաջողություն դատապարտված է լինելու ձախողման կամ ժամանակավոր բնույթ է կրելու, եթե աջակցություն չգտնի մայրցամաքային խոշոր պետության կողմից։ Պակիստանն ու Աֆղանստանը խոր թշնամանքի մեջ են միմյանց նկատմամբ։ Նրանց միջև անգամ քիչ թե շատ հաստատված պետական սահման չկա, փուշտու բնակչության (Աֆղանստանի պետականակազմ բնակչություն) մեծ մասն ապրում է Պակիստանում` լինելով այդ երկրի բավականին անհանգիստ և ակտիվ ազգային փոքրամասնությունը։ Կասկած չկա, որ փուշտուները վաղ թե ուշ կառաջադրեն ավելի որոշակի պահանջներ, ինչը կարագացնի Պակիստանի հնարավոր անկումը։ Ստվարաթիվ բելուջական բնակչությունն ավելի համակրում է փուշտուներին, քան Պակիստանի պետությանը։ Բայց բանն անգամ դա չէ։ Իրանի և Հնդկաստանի միջև ընկած տարածաշրջանում գտնվող պետությունները հուսալիորեն կանխատեսելի չեն, և այդ իրավիճակը հսկայական սպառնալիք է ներկայացնում Ասիայում։ Առավել խոցելի են Կենտրոնական Ասիայի պետություններն ու Հնդկաստանը, որոնք ավելի ու ավելի են զգում այդ սպառնալիքը։ Փաստորեն, միայն Իրանն է ընդունակ մասնակցելու աշխարհաքաղաքական նոր իրադրության կառուցմանը, այսինքն, սահմանների ուրվագծի փոփոխմանը` ԱՄՆ-ի, հնարավոր է նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ համատեղ։ Ամեն դեպքում, Իրանի դերն այս հարցում առավել քան նշանակալի կարող է լինել։ Երբ ավելի որոշակի տեղեկություններ ի հայտ եկան այն մասին, որ Պակիստանը միջուկային զենք ունի, Իրանը խիստ անհանգստացավ, և այդ երկյուղները ժամանակի ընթացքում մեծանում են, և, ըստ էության, իրանական միջուկային նախագիծը ոչ թե արևմտյան ընկերակցությանը զսպելու միջոց է, այլ առաջին հերթին Պակիստանին։
Իրաքը մեծագույն փորձություն դարձավ ԱՄՆ-ի համար, և ամենևին հասկանալի չէ, թե ինչի են հանգեցնելու այդ իրադարձությունները։ Արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունները, իհարկե, կնպաստեն, նախ, փլուզումից Իրաքին հեռու պահելու արաբների փորձերին, այնուամենայնիվ, շատ շուտով արաբ գործընկերները կնախընտրեն Իրաքի փլուզումը և ազգային-կրոնական հատկանիշների վրա հիմնված մի շարք պետությունների ստեղծումը։ Արաբական պետությունների գլխավոր խնդիրը կդառնա Մերձավոր Արևելքում Իրանի և Թուրքիայի ազդեցության զսպումը։ Իրանն ու Թուրքիան, ինչ խոսք, կպայքարեն Իրաքում ազդեցություն ունենալու համար, ինչը կդառնա ուժի երեք կենտրոնների` արաբական բլոկի, Թուրքիայի և Իրանի դիմակայության ասպարեզ։ Այդ պարագայում ո՞ւմ կընտրի ԱՄՆ-ը որպես գործընկեր աշխարհաքաղաքական այդ խաղում։ Արաբները հաշտ հարաբերություններ կպահպանեն ԱՄՆ-ի հետ, բայց արդեն որոշակի տարածության վրա, ինչը գնալով կընդարձակվի։ Արաբական աշխարհում, ամենայն հավանականությամբ, ավելի ընդունելի կլինի Եվրոպան` քաղաքականությամբ ու արժեքներով, իր սոցիալական առաջնայնություններով, քան ԱՄՆ-ը։ Թուրքիան կաշխատի օգտվել դրանից` իր ազդեցությունն ուժեղացնելու համար։ Հենց Թուրքիան` իր հռչակած կայսերապետական դոկտրիններով, կդառնա ավելի վտանգավոր գործոն ԱՄՆ-ի համար, քան Իրանը, որի հավակնություններն ավելի սահմանափակ են և ավելի շուտ ուղղված են Թուրքիային դիմակայելուն, քան արաբական պետություններին։ Դրա արդյունքում, այսպես կոչված, «շիական գոտին», որը ներառում է Իրանը, ինչպես նաև Հարավային Իրաքը, Սիրիան և Լիբանանը, գլխավոր հավասարակշռող ուժը կդառնա տարածաշրջանում և արաբական աշխարհում Թուրքիայի նվաճողական միտումների խոչընդոտը։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ը նախընտրի աջակցություն ցուցաբերել շիական դաշինքին և դառնա պատմական հեռանկարում շիական և սուննիական հանրություններն ու պետություններն առանձնազատելու նախաձեռնող։ Համենայն դեպս, դա ԱՄՆ-ին հույս է ներշնչում շարունակելու տարածաշրջանային խոշոր խաղը, որն ավելի ու ավելի է բարդանում։
Կարևոր ասպարեզներից մեկը, որտեղ ԱՄՆ-ի և Իրանի դիրքերը կարող են մերձենալ, Ռուսաստանի քաղաքականությունն ու շահերն են։ Եվրոպայի առաջատար պետությունները Դ. Մեդվեդևի վարչակազմը ներգրավել են Իրանի հանդեպ համատեղ գործունեության մեջ, ուր Ռուսաստանը ձևացնում է, թե քաղաքական հարաբերությունների այդ ձևաչափը, այսինքն` Իրանի հաշվին շահ կորզելու հնարավորությունը, խիստ օգտակար է իր նպատակների իրականացման համար։ Բուն Ռուսաստանում «իրանական թեման» շարունակում է մնալ «բանավեճի առարկա», և դրան մասնակցում են ոչ միայն Մեդվեդևի հակառակորդները, այլև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու Մոսկվայի վերլուծական ընկերակցության ծանրակշիռ մասը։ Ներկայումս հարցը դրված է հետևյալ կերպ. ո՞ր «ուժի կենտրոնը» կկարողանա օգտվել Ռուսաստանի շահերից ու դիրքից Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Արևմտյան ընկերակցությունը լավ է հասկանում, թե որքան ուժեղ կարող են լինել Արևմուտքի դիրքերն Իրանի առնչությամբ, եթե Ռուսաստանը «շաղկապված» է նրա ռազմավարությանը և մասնակցում է Իրանի հանդեպ արվող առնվազն մարտավարական քայլերին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ