ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ
18.01.2011 | 00:00

Մոսկվայի ներկայիս քաղաքական գործիչներն անչափ լրջորեն են ընկալել բազմապիսի «գունավոր հեղափոխությունները», զգացել իր ավանդական ազդեցության գոտիներից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան հանրակցության զանազան փորձերը, ինչը հանգեցրել է գործընկերների «դավաճանության» և սպառնալիքի ակնկալման յուրատեսակ տևական համախտանիշի։ Եթե խոսելու լինենք դավաճանության մասին, ապա դա ինչ-որ չափով ընդունելի կլիներ ցեղակից երկրների՝ Բելառուսի և ՈՒկրաինայի քաղաքականության առումով։ Բայց Մոսկվայի կողմից նույն կերպ է ընկալվում նաև կովկասյան երկրների վարքագիծը։
Այդ տրամադրությունները Մոսկվայում փորձում են ներկայացնել իբրև սպառնալիքի շատ լուրջ ազդանշաններ հարավային ռազմավարական ուղղությամբ, ինչը հարուցված է ավելի շուտ ոչ թե մանրամասն վերլուծությամբ, այլ, հավանաբար, կցկտուր մեկնաբանությունների շատ մակերեսային քննարկմամբ, որոնք ներկայացնում են ամենից հաճախ ԶԼՄ-ներ մուտք գործած «երթևեկող քաղաքագետները», ովքեր, ի դեպ, մեծ մասամբ կրթություն են ստացել Ռուսաստանում։ Եթե ՆԱՏՕ-ի կազմում Հայաստանի ընդգրկվելու հարցն արդեն «քաղաքացիության իրավունք» ստանար, ապա առարկայական բանավեճ տեղի կունենար։ Ըստ ընդունված չափորոշիչների` Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացում գերադասություն կունենար իր հարևանների հանդեպ, քանզի այդ դաշինքի մեջ են կառավարման և զինված ուժերի վիճակի ակնհայտորեն անհամարժեք պարամետրերով պետություններ։ Բայց ակներև է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնելու հարցի լուծումը բացարձակապես կախված է Հարավային Կովկասի քաղաքական խնդիրներից, որոնք առայժմ հեռու են կարգավորված լինելուց։ Սակայն Հարավային Կովկասի երկրները ՆԱՏՕ-ի մեջ ներառելու նախագիծն ամենից քիչ է կախված բուն տարածաշրջանի իրավիճակից։ Այդ հարցը կախված է շատ կոնկրետ խնդիրներից՝ կապված Սև ծովում ԱՄՆ-ի նպատակների, ՈՒկրաինայում աշխարհաքաղաքական կողմնորոշումների, թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարի, ինչպես նաև արևմտյան հանրակցության տարածական, ժամանակային և ինստիտուցիոնալ սահմաններին առնչվող առավել սկզբունքային հարցերի հետ, հանրակցություն, որի մեջ կարող էին մտնել Թուրքիան և Ռուսաստանը որպես այդ գերդաշինքի առավել արևելյան մասնակիցներ։ Արդ, արժե՞ արդյոք այսքան վաղ խուճապ բարձրացնել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության խնդրի շուրջ։
Մոսկվայում տվյալ իրարանցման առավել ճշմարտանման վարկածը Հայաստանի ներքաղաքական շահերն են։ Հայաստանում քաղաքական պայքարը շատ վտանգավոր և անկանխատեսելի բնույթ է ձեռք բերում, ինչը մեծ հետաքրքրություն է հարուցել արտասահմանի քաղաքական, դիվանագիտական և վերլուծաբանական շրջանակներում։ Համարվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեծապես կախված կլինեն Հարավային Կովկասում տեղի ունեցող հետագա գործընթացներից և տարածաշրջանում Ռուսաստանի դերից։ Այդ ամենն է՛լ ավելի է ուժեղացնում Մոսկվայի հետաքրքրությունը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Մոսկվայում ճանապարհներ են որոնում, թե ինչ կերպ ազդեն ընտրությունների ելքի վրա, և, ըստ երևույթին, որոշ քաղաքական տեխնոլոգներ, որոնց թվում քիչ չեն Հայաստանի անկեղծ բարեկամները, այլ բան չեն գտել, քան ՆԱՏՕ-ի խնդիրը դարձնել հանգուցային։ Ընդ որում, տվյալ հարցի քննարկման համար ընտրված է ոչ թե ինտերնետի ինչ-որ թվացյալ «դաշտ», այլ կոնկրետ աշխարհագրական վայր՝ Մոսկվան։ Բայց եթե այդ «դաշտում» քննարկվել են իշխանությունների և ընդդիմության միջև առկա ներհակությունները որպես շատ լուրջ ու սկզբունքային պայքար, ապա զարմանալի է միանգամայն այլ բան. այն, որ քաղաքական երկու խմբավորումները միանգամայն հաճույքով ընդունեցին իրենց պայքարի քննարկման այդ կանոնները կամ սխեման։ Բայց եթե Սերժ Սարգսյանը, որը վայելում է Մոսկվայի հովանավորությունը, փաստորեն, չարձագանքեց քաղաքական տեխնոլոգիայի տվյալ եղանակին, ապա նրա ընդդիմախոսները որոշեցին, որ իրադարձություններն անչափ վտանգավոր են ծավալվում իրենց համար, և անցան հարձակման՝ երկյուղ կրելով մոռացության մատնվելուց, ինչի մասին է վկայում ընդդիմության վարկանիշի կտրուկ անկումը։ Տվյալ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ այժմ խաղաթղթերը բաց են, և «անթոլոգիական հակառակորդներին»՝ ամերիկացիներին, ցույց տվեցին, թե ով ում հետ է և ով ուր է միտվում։ Ակներև է, որ Ս. Սարգսյանին վերածում էին արևմտամետ ուղղության այլընտրանքային կամ ավելի ճիշտ ոչ այլընտրանքային քաղաքական դեմքի, և նա շատ գիտակցաբար է ընդունում այդ խաղը, որը ձեռնտու է իրեն։ Բայց այս իրավիճակում պետք է վերհիշել ու նշել բոլոր նրանց, ովքեր այցելել էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կամ Պենտագոն՝ փորձելով կանխապահովել այդ երկու «սրբազան» հաստատությունների աջակցությունը։ Հենց Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին տարիներին հետնապահ դարձավ Հայաստանի քաղաքականության ատլանտյան վեկտորում, թեև այդ ամենը, անշուշտ, սարքովի է, անպայման հարմարեցված արտաքին պահանջներին ու շահերին։ Չնայած ամերիկացիների հետ իր «նոր» հարաբերություններին, Սերժ Սարգսյանը միանշանակ կմնա բացառապես ռուսաստանամետ ձգողականության ոլորտում, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը դատապարտված է միանշանակ «ամերիկամետության»։
Այս խաղային իրավիճակից կշահի՞ արդյոք Ռուսաստանը, և ի՞նչ հեռանկարով նա կարող է շահել։ Ստացվում է, որ Ռուսաստանը ձգտում է հստակության, կանխատեսելիության և միաչափության Հայաստանում և ջանքեր է գործադրում ատլանտյան «կուսակցություն» ստեղծելու ուղղությամբ՝ շեշտը դնելով բնավ ժողովրդականություն չվայելող եղանակների վրա։ Իսկ ինչո՞վ է զբաղված ԱՄՆ-ը ստեղծված իրավիճակում։ Ամերիկացիները գերադասում են աշխատել Հայաստանի նախագահի հետ, քանզի կարծում են, որ նա առայժմ պահպանում է իշխանության լծակները և միանգամայն ընդունակ է ընտրություններն անցկացնելու հարաբերական ազատության ռեժիմով և հասնելու ներկայացուցչական ու գործադիր իշխանության շրջափոխման։ Առայժմ Հայաստանում իրականացվում է ամերիկյան, ոչ թե ռուսական նախաձեռնությունների տրամաբանությունը։ ԱՄՆ-ը նպատակ ունի օգտագործելու հայկական գործոնը՝ որպես Թուրքիային զսպելու լծակ։ ԱՄՆ-ը թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կառուցում է ոչ միայն Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունները զսպելու, այլև Հայաստանն այդ գործընթացին ու խնդիրներին մասնակից դարձնելու նպատակով, ինչը նշանակում է նրան դուրս բերել Ռուսաստանի ազդեցության ոլորտից։
Սակայն Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդելու ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ռուսաստանյան ջանքերը չեն կարող հանգեցնել հայ հասարակության կողմից երկու տերությունների քաղաքականության նախապատվելիության ուժեղացմանը։ Այն պետությունը, որը շահագրգռված է Հայաստանում իր ազդեցության ուժեղացմամբ, չպետք է պնդի, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվի ոչ իրատեսական սխեմաների շրջանակներում, որոնք լավ հայտնի են։ Անհնար է Հայաստանից խլել տնտեսական և անվտանգության խնդիրներում ընտրություն կատարելու իրավունքը։ Արտաքին կողմերի ներքաղաքական նախապատվությունները անառարկելիորեն կհանգեցնեն կտրուկ հակազդեցության և ոչ մի արդյունք չեն տա։ Գործընկերը, հատկապես ռազմավարական գործընկերը, չպետք է շարունակ կասկածի տակ դնի գործընկերոջ «նվիրվածությունը» և սահմանափակի նրա արտաքին հնարավորությունները։
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «ռուսական նախագիծը», որը հակամարտության կողմերին առաջարկվեց 2008 թվականի աշնանը, իրենից ներկայացնում է այն պետության քաղաքականության «դասական» օրինակ, որն այդպես էլ տարածաշրջանների նկատմամբ քաղաքականություն չի մշակել կամ ընդունակ չէ լուծելու տարածաշրջանային շատ հիմնախնդիրներ։ Սակայն ռուսաստանյան քաղաքական ղեկավարության բնույթը, այն հանգամանքներն ու պայմանները, որոնցում մշակվում է արտաքին քաղաքականությունը, թեպետ և շատ կարևոր նշանակություն ունեն, բայց, այնուամենայնիվ, երկրորդական են` քաղաքական ուղեգծեր իրականացնելիս։ Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է վերանայել արտաքին քաղաքականության առաջնայնությունները՝ ելնելով աշխարհում և տարածաշրջաններում առկա նոր միտումներից։ Ըստ երևույթին, Մոսկվայում քաղաքական շատ գործիչների թվում է, թե աշխարհում և տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են գոյացել այն պետությունների հետ նոր հարաբերություններ կառուցելու համար, որոնք նախկինում երբեք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցը չեն եղել։ Զորօրինակ, Թուրքիան։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններ կարող են նորից կառուցվել միայն փոխադարձ զիջումների կարգով, և այդ հեռանկարում ակներև է դառնում Հայաստանի շահերը զիջելու գայթակղությունը։ Ընդ որում՝ նրա արմատական ազգային շահերը։ Արդեն այժմ հասկանալի է դառնում, որ Թուրքիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատելն այնքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ փոխադարձ շահագրգռվածության դեպքում։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է բազմաբարդ և կախված է այլևայլ հանգամանքներից, տարբեր գործընկերների խաչվող շահերից։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Մոսկվայում ստորագրված բանաձևը Հայաստանի շահերն անտեսելու փորձի ձախողման օրինակ հանդիսացավ, բայց դեռևս անհասկանալի է մնում, թե Ռուսաստանը որքանով է պարզել իր հայացքների արատավորությունը։ Սակայն սրանք սոսկ առանձին դրվագներ են, իսկ ընդհանրապես Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները ձեռք չեն բերել այն ռազմավարական հատկությունները, ինչի հույսն ունեին Մոսկվայում։ Տվյալ իրադարձությունները, անտարակույս, Ռուսաստանի հետ Հայաստանի նոր հարաբերությունների ձևավորման մեկնակետ հանդիսացան, որոնք արդեն դժվար կլինի անվանել դաշնակցային, առավել ևս՝ ռազմավարական։ Այստեղից էլ Մոսկվայի մտահոգվածությունը Հայաստանի արտաքին քաղաքականության և նախապատվությունների առնչությամբ։
Եթե Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի ներկայիս ծրագրերն իրականացվեն, այսինքն՝ այդ տարածաշրջաններում «երրորդ ուժ» առաջանա, ապա արտաքին քաղաքական նախապատվությունները շտկելու Հայաստանի և հայ հասարակության փորձերն է՛լ ավելի հաստատակամ կդառնան։ Առայժմ Հայաստանը փորձում է վարել, այսպես կոչված, բազմաճյուղ քաղաքականություն, որն այդպես է ընկալվում միայն դիվանագիտական համատեքստում, բայց ոչ բնավ իրական քաղաքականության մեջ։ Այն հանգամանքը, թե ԱՄՆ-ը իբր Հայաստանի վրա ուժեղ ճնշում է գործադրում, աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիրների, և հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայկական իշխանությունների հորինած կեղծիք։ ԱՄՆ-ը իրականում քիչ թե շատ զգալի ճնշում չի գործադրում։ Ճնշում չկա նաև ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրվելու առնչությամբ, և ոչ միայն հարկադրման միջոցի դիմել չցանկանալու պատճառով։ ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի կազմի գործառույթների և պատասխանատվության գոտու ընդլայնումը նույնքան խնդրահարույց է, որքան նրա եվրոպական գործընկերների համար։ ԱՄՆ-ը դեռևս որոշումներ չի ընդունել և շարունակում է գնահատել աշխարհառազմավարական հեռանկարը։ ԱՄՆ-ը միշտ էլ գերադասել է առանձին պետությունների հետ գործ ունենալ անմիջականորեն, քան ՆԱՏՕ-ի շրջանակներում հարաբերվելու միջոցով։ ԱՄՆ-ը Հայաստանը դիտում է որպես պահեստային պետություն, որը կօգտագործվի լիովին և միանգամայն համարժեքորեն Հարավային Կովկասի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո։ Ավելորդ իրարանցման ի՞նչ կարիք կա։ Եթե ընդունված է խոսել այն մասին, որ Ռուսաստանը լիովին մշակված ծրագիր չունի Հարավային Կովկասի վերաբերյալ, ապա նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի մասին, որի շահերն այդ տարածաշրջանում խիստ սահմանափակ են և հանգում են բացառապես նավթի հանույթին ու փոխադրմանը։ Մնացած ամեն ինչ ենթարկված է այդ նպատակին։ 2010 թվականը վճռական դարձավ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների տրամաբանությունն ու գործընկերության ձևաչափը սահմանելիս։ Ռուսաստանը գերադասեց Հարավային Կովկասում զուգակշիռ քաղաքականություն վարելու փորձ իրականացնել, ինչը կհանգեցնի Հայաստանի հետ հարաբերությունների կազմալուծման։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ