ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԵՐԲ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐԻ, ԹԵ ԹՈՒՐՔԵՐԸ ևՍ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԿՊՆԴԵՆ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԳՈՐԾԵԼ»

«ԵՐԲ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐԻ, ԹԵ ԹՈՒՐՔԵՐԸ ևՍ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԿՊՆԴԵՆ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԳՈՐԾԵԼ»
13.01.2012 | 00:00

ՀԱՅԵՐՍ ԱՅՍ ԿԵ՞ՐՊ ԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՅ ԴԱՏՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին տարիներին հաճախակիացել են Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից տարբեր դատարաններ, մասնավորապես, ամերիկյան, ընդդեմ Թուրքիայի Հանրապետության ու թուրքական խոշոր բանկերի ներկայացվող հայցերը` Հայոց ցեղասպանության պատճառով հայերից առգրավված գույքի, կալվածքների դիմաց փոխհատուցման պահանջով: Անշուշտ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից անցումն իրավական հարթություն ու հատուցման պահանջների ներկայացումը խիստ կարևոր քայլ է: Սակայն այս գործընթացն ունի նաև իր վտանգավոր կողմերը: Նախ, հարց է առաջանում, մենք` հայերս, այս կե՞րպ ենք պատկերացնում Հայ դատն ու հայոց պահանջատիրությունը, փոքր դատերով, հայոց ահռելի կորուստների դիմաց ընդամենը մի քանի միլիոն դոլար շահե՞լն է արդարացի փոխհատուցումը, գուցե մի քանի միլիոննե՞րն են ոգևորում մեր հայրենակիցներին, այն դեպքում, երբ ցեղասպանության պատճառով մեր ժողովրդի կրած նյութական կորուստների արժեքն անցնում է միլիարդավոր դոլարների սահմանը: Իսկ հայրենիքի կորո՞ւստը: Եվ վերջապես, մտավախություն չկա՞, որ նման գործընթացների արդյունքում Թուրքիան կարող է մի օր էլ հայտարարել, թե ինքն իր հասանելիքը տվել է հայերին ու հայոց պահանջատիրության հարցն այլևս փակված է:
Ամերիկյան դատարաններ ներկայացվող դատական հայցերին իր հրապարակումներում հաճախ անդրադարձող «Կալիֆոռնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց արտահայտված մտահոգությունը: «Դժբախտաբար, մեր դիվանագիտության բացակայության, թուլության պատճառով, մենք երբեք կազմակերպված ու ծրագրված չենք փորձել ներկայացնել մեր ազգային համընդհանուր պահանջը, այն է` Միջազգային դատարան դիմելը: Եվ դա մեր կոպիտ սխալն է, մեր լրջագույն բացթողումը»: Փաստորեն, մեր անկազմակերպվածության հետևանքն է այն իրավիճակը, որն առկա է այսօր: Սասունյանի փոխանցած տեղեկությունից պարզ դարձավ հետևյալ իրողությունը. օգտվելով հայերիս դիվանագիտական բացթողումներից, անփութությունից ու անկազմակերպվածությունից, հայտնվել են անհատ իրավաբաններ, ովքեր, գիտակցելով գործի շահավետությունը, փնտրել-գտնելով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին` մինչ Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում տուն, հող, սեփականություն, գույք ունեցած անձանց, փորձում են գլուխ բերել իրենց փաստաբանական բիզնեսը: Հարութ Սասունյանը նկատում է` որևէ մեկս չի կարող մեղադրել այդ փաստաբաններին, որոնք իրենց հաճախորդների դատը պաշտպանելով` փող են աշխատում: «Մենք չենք կարող նրանց ասել` մի՛ արեք»: Նման դատերի միջոցով որոշակի գումարներ շահելու հեռանկարը պակաս չի ոգևորել նաև հայցվոր հայերին:
Տասնամյակներ շարունակ Արևմուտքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ծառայեցրեց և շարունակում է ծառայեցնել իր քաղաքական, տնտեսական շահերին: Ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող քաղաքական շոուն կլանեց ու կլանում է հայության ֆինանսական, մարդկային ռեսուրսները: Այսօր էլ փորձ է արվում բիզնեսի վերածել Հայոց ցեղասպանության պատճառով հայ ժողովրդի կրած մշակութային, հոգևոր, նյութական հսկայական կորուստների հատուցման պահանջը:
Կիսելով մեր մտահոգությունները, Սասունյանը նկատում է, որ որպես ազգ, որպես պետություն ինքներս չզբաղվելով այդ կարևոր հարցով, այն թողել ենք ինչ-որ մարդկանց հույսին, դե, նրանք էլ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են: Իսկ եթե ուզում ենք, որ բիզնես շահերը մի կողմ մղվեն ու ինչ-որ անհատներ դադարեն փոքր դատերով ինչ-ինչ «հարցեր» լուծելուց, որ վաղը, Սասունյանի խոսքով` թուրքերը չգան մի քիչ փող տալով ասեն` վճարեցինք, հարցը վերջացավ, ուրեմն հայերս պետք է պետական մակարդակով կազմակերպենք այս ամենը. «չէ՞ որ այսօր պետություն ունենք, սփյուռքի մեջ հզոր կուսակցություններ ու հայտնի անձինք ունենք»:
Չնայած մեր ունեցած ներուժին, մեր իսկ անկազմակերպվածության պատճառով առայսօր չենք կարողացել անգամ գլուխ բերել կարևորագույն հարցերից մեկը` անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումը աշխարհի տարբեր երկրների արխիվներից: «Կալիֆոռնիա կուրիեր»-ի գլխավոր խմբագիրը կարծում է, որ նման աշխատանք հնարավոր է իրականացնել միայն միջազգային իրավաբանական կենտրոնի ստեղծմամբ, ուր տարբեր լեզուներով կթարգմանվեն հավաքված փաստաթղթերը, կվարձվեն միջազգային իրավաբաններ, ովքեր մանրամասնորեն կուսումնասիրեն փաթեթն ու կորոշեն, թե որ դատարանների միջոցով սկսել դատական գործընթացները: «Մենք միայն մասնագետների օգնությամբ պետք է պարզենք, թե որ հայցը որ դատարանին պետք է ներկայացնել, որպեսզի շահող դուրս գանք, քանի որ յուրաքանչյուր դատարան ունի իր յուրահատուկ միսիան»: Իսկ այս ամենն իրականացնելու համար առաջին հերթին պահանջվում է համախմբված, մասնագիտական աշխատանք, նաև անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ:
«Մի ամբողջ ժողովրդի դեմ ոճիր է իրագործվել, բնաջնջել են, քշել պապենական հողերից, խլել մեր հազարամյա մշակույթը, մենք հսկայական կորուստներ ենք ունեցել, և այսօր մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները, մենք պետք է հետապնդենք մեր դատը, պահանջենք հատուցում, այլ ուղղություններով մենք իրավունք չունենք վատնելու մեր ներուժը»:

«ԽՈՍՔԻ ՄԵՋ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԵՆՔ, ԳՈՐԾԻ ՄԵՋ` ԳՐԵԹԵ ԶՐՈ»
Այն, որ տարբեր պետություններ, անգամ անհատներ, փորձում են օգուտներ քաղել Հայոց հարցից, Սասունյանն առաջարկում է ոչ թե դրանից սրտնեղել, այլ հանգել ճշգրիտ հետևության: «Չպետք է մտահոգվենք, թե ինչու են օտար պետություններն իրենց շահերին ծառայեցնում մեր հարցերը, դա նորմալ է, նրանք իրենց շահն են հետապնդում: Ես անգամ մտահոգ չեմ, թե ինչ են անում ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը: Դժգոհում ենք, թե թուրքերն ու ադրբեջանցիները այս կամ այն քայլն են անում մեր դեմ, դա էլ իրենց շահն է, բայց մենք պետք է կարողանանք հակադարձել»: Փոխարենը քաղաքագետը մտահոգված է մեկ այլ հարցով. հայերս` ՀՀ-ում և սփյուռքում, լիովին գիտակցո՞ւմ ենք մեր ազգային շահը, ամեն ինչ անո՞ւմ ենք այն առաջ մղելու համար: «Ես դրան կասկածում եմ: Ո՞րն է պատճառը` ոչ թե այն, որ շատ կամ քիչ հայրենասեր ենք, ո՜չ, բոլորս էլ հայրենասեր ենք, բայց հայրենասիրությունը զգացմունքային մոտեցում է, և ես ուզում եմ դատել արված գործերով»: Ցավոք, չարվածն ավելի շատ է, քան արվածը: Իսկ ժամանակը փաստում է, որ հայրենազրկումից, մարդկային, մշակութային, նյութական ահռելի կորուստներ կրելուց 96 տարի անց էլ դեռ չենք կարողացել հստակեցնել մեր պահանջատիրության միասնական մարտավարությունը. «Պատճառը մեր դիվանագիտական թուլությունն է»։ Սասունյանը տարակուսում է. լինելով հանճարեղ ժողովուրդ, ամեն ոլորտում ունենալով տաղանդավոր մարդիկ, ինչպե՞ս է, որ դիվանագիտության մեջ այսչափ նահանջել ենք: «Մեր ամբողջ պատմության ընթացքում 5 մատի վրա կարող ենք հաշվել հայ դիվանագետներին: Եվ դա է պատճառը նաև, որ միշտ տուժել ենք, մեզ խաբել են, չկատարելով տրված և ոչ մի խոստում: Իզուր չէր ասում Խրիմյան Հայրիկը` մեր շերեփը թղթից էր, ինչի պատճառով հաջողության չենք հասել»:
Այսօր էլ, մեծ չարիքից տասնամյակներ անց, դարձյալ չենք կարողանում զատել մեր շահն ու անելիքը։ Ըստ Սասունյանի` այստեղ էլ մեզ խանգարում է այն, որ գործելու փոխարեն շատ ավելի զբաղված ենք խոսելով. «Խոսքի մեջ չեմպիոններ ենք, բայց գործի մեջ` գրեթե զրո: Խոսելիս ասում են` կյանքս կտամ Արցախի համար: Իսկ երբ ասում ես` դե, օգնիր, պատասխանում է` չէ՜, հիմա չեմ կարող, ձեռքս նեղն է, բայց ապագայում մեկ միլիոն կտամ: Իսկ ապագան այդպես էլ չի գալիս, ու ամեն ինչ մնում է իբրև խոսք»: Քաղաքագետը, դիմելով հայությանը, հորդորում է խոսքից գործի անցնել, ու ամեն հայ թող ոչ թե խոսքով մրցի, թե ինքը որքա՜ն հայրենասեր է, այլ գործով փաստի իր այդպիսին լինելը: «Եկեք նստենք, մտածենք, հստակեցնենք մեր շահը, հետո ծրագրենք մեր ընթացքն ու իրականացնենք այն»:
Հասունացել է պահը. հայոց պահանջատիրության բարձրաձայնումը միջազգային ատյաններում դարձել է անխուսափելի քայլ, իսկ հայերս պարտավոր ենք ինքներս տեր կանգնել մեր արդար դատին:
«Մենք պետք է դատարանում փաստենք, որ մեր դեմ իրականացվել է ոճրագործություն, և դատարանի միջոցով հետ ստանանք այն ամենը, ինչ մեզնից հափշտակել են թուրքերը` եկեղեցիներ, կալվածքներ, բանկային հաշիվներ, հողեր: Եթե գա այն օրը, երբ կվերադարձնենք մեր Արևմտյան Հայաստանը` մեր Աղթամարը, Վանը, ինձ ամենևին չի հետաքրքրի, թե դրանից հետո թուրքերը ևս քանի տարի կշարունակեն պնդել, որ իրենք ցեղասպանություն չեն իրականացրել հայերի նկատմամբ: Թող ասեն, մենք չենք կարող իրենց զոռբայությունը լռեցնել: Բայց մեզ համար կարևորը մեր իրավունքներին տեր կանգնելն է, ամբողջ աշխարհը, բնականաբար, կիմանա, որ այդ ամենը մենք կորցրել ենք ցեղասպանության պատճառով, և ոչ թե հայերը որպես զբոսաշրջիկներ են հայտնվել Սիրիայի անապատներում»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ