Մինչ կոալիցիոն եռյակի մաս կազմող երկու կուսակցություններում բուռն քննարկումներ են ընթանում նախընտրական ցուցակները գլխավորողների շուրջ, եռյակում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ցուցակի առաջին երեք հորիզոնականների հարցը կարելի է փակված համարել: Մեր տեղեկություններով՝ ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահը, նրան կհաջորդեն վարչապետն ու ԱԺ նախագահը: Ասել է՝ ՀՀԿ-ն առաջնորդվելու է դասական սկզբունքով` ներկայանալի ցուցակ՝ օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող երեք առանցքային դեմքերով: Այս կազմի առնչությամբ, անշուշտ, դժգոհություններ կան. բա շտա՞բը՝ յուր պետով: Ասում են, Հովիկ Արգամիչին մխիթարել են՝ առաջին հնգյակում ամրագրելու հեռանկարով: Չնայած ցուցակը պաշտոնապես չի հրապարակվելու մինչև ՀՀԿ համագումար, սակայն հստակեցումների շրջանն սկսվել է: Միայն թե մեծ կռիվը դեռ առջևում է, երբ, այսպես կոչված, ՀՀԿ «թևերի» պարագլուխներն իրենց մարդկանց անցողիկ տեղերում «ամրագրելու» խնդիր կունենան:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ