2010-ի նոյեմբերին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ և 6-րդ դասարաններում գնահատման և թեստավորման կենտրոնն (ԳԹԿ) անցկացրել է արտաքին գնահատումներ։ Արտաքին ընթացիկ գնահատումն իրականացվել է հանրապետության 104 դպրոցներում` 5-րդ դասարանների 1502 և 6-րդ դասարանների 3027 աշակերտների շրջանում։
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, 5-րդ դասարանում ստուգվել են աշակերտների գիտելիքները մաթեմատիկայից և մայրենի լեզվից։ Մաթեմատիկայից միջին միավորը կազմել է 4,5 (10-բալանոց համակարգում), մայրենի լեզվից՝ 5,8։ «Համեմատելով երկու առարկաների արդյունքները ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացված գնահատման արդյունքների հետ, կտեսնենք, որ 5-րդ դասարանում միջին միավորն անհամեմատ բարձր է»,- տեղեկացրեց ԳԹԿ տնօրենը։ Հիշեցնենք, որ ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացված արտաքին գնահատումների արդյունքում «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայից միջին գնահատականը 4,2 է, «Մաթեմատիկա» առարկայից՝ 4։
6-րդ դասարաններում ստուգվել են աշակերտների գիտելիքներն «Օտար լեզու» առարկայից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)։ Պարզվում է՝ օտար լեզուներից մեր աշակերտները կաղում են. ռուսաց լեզվից միջին միավորը 4,8 է, անգլերենից՝ 4,2, գերմաներենից՝ 3,8, ֆրանսերենից՝ 3,1։
Եթե համեմատենք ավագ դպրոցում անցկացված արտաքին գնահատումների արդյունքների հետ, ապա ակնհայտ է, որ տարրական դպրոցում երեխաների կրթական մակարդակն անհամեմատ բարձր է։ Սակայն միջին դպրոցում այդ մակարդակը չի պահպանվում, և ավագ դպրոց աշակերտները մուտք են գործում գիտելիքների ոչ բավարար պաշարով։ Այս հանգամանքը Գուրգեն Խաչատրյանը բացատրում է հետևյալ կերպ. «Տարրական դպրոցում սովորող երեխաները, տարիքային առանձնահատկությունից ելնելով, հիմնականում տանն են լինում, և ծնողների վերահսկողությունը նրանց նկատմամբ շատ ավելի մեծ է, քան միջին դպրոցի աշակերտների։ Բացի այդ, տարրական դպրոցում հիմնականում մեկ մանկավարժ է զբաղվում աշակերտների հետ։ Երեք-չորս տարվա ընթացքում հասցնում են սիրել իրենց ուսուցչին, հարմարվում են նրա հոգեբանությանը, գիտելիքների մատուցման ձևին, իսկ եթե ուսուցչին սիրում են, ուրեմն նաև սովորում են։ Այդ է պատճառը, որ շատ զգույշ պետք է լինել տարրական դպրոցի ուսուցչի ընտրության հարցում, որովհետև նրանց դերն անգնահատելի է և ամբողջ կյանքում թողնում է իր հետքը երեխայի վրա։ Միջին դպրոցում նոր առարկաներ ու մանկավարժներ են, և երեխայի համար նոր դաշտ է ստեղծվում»։
ՈՒսումնասիրելով 5-րդ դասարանում արտաքին գնահատումների արդյունքները՝ պարզվեց, որ մայրենի լեզվից ամենաբարձր առաջադիմությունը Երևանում է (6,2 միավոր), այնուհետև՝ Շիրակում (6,1), Արմավիրի մարզում (5,9), Լոռիում (5,8), Սյունիքում (5,7)։ Ամենացածր առաջադիմությունը մայրենիից Տավուշում է. այստեղ միջին միավորը 5 է։
«Մաթեմատիկա» առարկայից բարձր միավորներ արձանագրվել են Արմավիրում և Լոռիում (4,9), ապա Երևանում (4,8), Սյունիքում (4,7)։ Ամենացածր միավորը մաթեմատիկայից դարձյալ Տավուշում է (3,9)։
Հետաքրքիր է, որ հատկապես լավ են սովորում հեռավոր, սահմանամերձ գյուղերի աշակերտները։
«ԳԹԿ-ն արտաքին գնահատումներն անցկացնում է ամենայն լրջությամբ՝ հաշվի առնելով երեխաների տարիքը, հոգեբանական առանձնահատկությունները։ Եթե որևէ մարզի կամ բնակավայրի ցուցանիշները կտրուկ տարբերվում են, մենք անմիջապես ուսումնասիրում ենք՝ պատճառները վեր հանելու համար»,- նշեց Գուրգեն Խաչատրյանը։
ԳԹԿ մշակումների և կազմակերպչական բաժնի պետ ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆԸ մեզ տեղեկացրեց, որ փետրվարից կվերսկսեն արտաքին գնահատումները կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող և հանրակրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների, ոչ պետական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում և առանձնահատուկ կրթություն իրականացնող վարժարաններում։ Այստեղ կստուգվեն աշակերտների գիտելիքները «Հայոց լեզու, հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից։ Մարտի կեսերին ԳԹԿ-ն 5-րդ դասարանում կանցկացնի արտաքին գնահատումներ օտար լեզվից, 6-րդում՝ մաթեմատիկայից և հայոց պատմությունից, 7-րդ և 8-րդ դասարաններում՝ բնագիտական առարկաներից։ Ապրիլին հանրապետության 150 դպրոցների 5-րդ և 9-րդ դասարաններում «Թիմս» միջազգային ծրագրով կանցկացվի գրավոր աշխատանք բնագիտական առարկաներից։ Ընդ որում, դպրոցներն ընտրել է «Թիմսի» ղեկավարությունը։ Մայիսին կստուգվեն ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների գիտելիքները «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկաներից՝ պարզելու 9 ամիսների ընթացքում նրանց յուրացրած գիտելիքների մակարդակը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ