Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ
17.01.2012 | 00:00

Պետք է պատշաճը մատուցել Վրաստանի գործող ղեկավարությանը, ինչպես նաև վրացական մտածող խավին, որոնք հասկանում և անհանգստություն են արտահայտում երկրի ապագայի առնչությամբ։ Ընդ որում, բերվում են հետևյալ փաստարկները. Վրաստանում իրագործվող ներկա տնտեսական նախագծերը թույլ կապ ունեն երկրի ընդհանուր տնտեսական զարգացման հետ, չեն հանգեցնում տնտեսության նոր նախագծերի իրականացմանը, հնարավորություն չեն ընձեռում արագ ու արդյունավետ բարձրացնելու սոցիալական չափանիշներն ու դրական փոփոխություններ մտցնելու տնտեսական կառուցվածքում։ Վրաստանի տնտեսության ներկա վիճակն այն խիստ կախման մեջ է դնում էներգետիկ և սպասարկման ոլորտում տեղի ունեցող տատանումներից, դարձնում շատ խոցելի, ընդ որում, ոչ միայն ընթացիկ, այլև հեռանկարային գործընթացներում։ Էներգետիկ նախագծերը կորցնում են իրենց նշանակալիությունը արևմտյան գործընկերների համար, ինչը հետևանք է էներգապաշարների միջտարածաշրջանային հոսքերում տեղի ունեցող փոփոխությունների և ճշգրտումների։ Վրաստանը չի կարող մոտ ժամանակներս ակնկալել զբոսաշրջային ոլորտի պատշաճ զարգացում, որն անհրաժեշտ է հաջող մրցակցության համար։ Նա գիտակցաբար է երկարաժամկետ առճակատման մեջ մտել Ռուսաստանի հետ, ինչը միարժեք պաշտպանություն չի գտել արևմտյան գործընկերների կողմից, ու հիմա պետք է զգալի քաղաքական ջանքեր գործադրել վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված գործուն առաջարկություններ չունի։ Հասարակությունը նույնպես չի կարող գործուն առաջարկություններով հանդես գալ և ստիպված է սպասել Ռուսաստանի նախաձեռնություններին, իսկ դրանք դեռ չկան։ Վրացական քաղաքական խավի շրջանում տարբեր կարծիքների ու գնահատականների գոյությունը թույլ չի տալիս հասարակական կարծիքը բերել ընդհանուր հայտարարի, ինչը կարող էր նպաստել շատ թե քիչ միասնական, իրատեսական դիրքորոշման ձևավորմանը։ Առճակատման քաղաքականության մշակման հեղինակները սեփական մոլորության գերին են դարձել, չկարողանալով հանրությանը բացատրել նման քաղաքականության արդյունավետությունը։ Վրաստանում աճում են երկյուղները Եվրասիայի և Ասիայի քաղաքական «ասպարեզում» երկրի հնարավոր շրջափակման առնչությամբ։ Մերձկասպյան-կենտրոնասիական հանածոների տարանցման եկամուտները բացահայտորեն բավարար չեն վրացական տնտեսության ակնկալվող զարգացման համար։ Վրաստանը կարիք ունի ներգրավվելու ավելի մեծածավալ տարանցման ու սպասարկման ոլորտում, ինչը կարող են առաջարկել Ասիայի տնտեսական զարգացման կենտրոններ հանդիսացող խոշոր պետությունները միայն։ Այդ երկրին անհանգստացնում է Ռուսաստանի հաջող քաղաքականությունը Կենտրոնական ու Հարավային Ասիայի, Հեռավոր ու Մերձավոր Արևելքի ուղղությամբ, ինչը կարող է հանգեցնել վրացական շահերի շրջափակման, անգամ այն նախագծերի խափանման, որոնց համար ենթակառուցվածքների կազմավորումն արդեն ավարտված է։
Ռուսաստանի քաղաքական և աշխարհատնտեսական ջանքերը, վրացի քաղգործիչների ու փորձագետների կարծիքով, նպատակ ունեն նաև շրջափակելու Վրաստանը, բացառելու նրա մասնակցությունը եվրասիական և ասիական նախագծերին։ Բայց եթե Ասիայում տեղի ունեցող լայնածավալ գործընթացների հետ կապված այդ երկյուղները բացատրվում են, ավելի շուտ, իրենց հեռատեսությունը (վրացիներին հատուկ) և ընդհանուր առմամբ վրացական արտաքին քաղաքականության նրբարվեստությունը ցուցադրելու վրացի քաղգործիչների ու փորձագետների ցանկությամբ, ապա ռուս-թրքական և ռուս-իրանական հարաբերությունների զարգացմանը Վրաստանում մեծ տագնապով են հետևում։ Վրացական լրատվական ծառայությունները մեծ ուշադրությամբ են հետևում բոլոր այն փաստերին և իրադարձություններին, որոնք կապված են Սև ծովի ավազանում հակասությունների սաստկացման, ինչպես նաև մերձկասպյան-կենտրոնասիական տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ուժեղացման հետ։ Այդ երկյուղների կապակցությամբ նախագահ Սաակաշվիլին պնդում է, որ շտկումներ ու լրացումներ կատարվեն «Ազգային անվտանգության ռազմավարություն» վերտառությամբ փաստաթղթում, որոնք պատասխան կտային մի շարք նոր հարցերի։
Այս ցանկությունը, երևի, ծնունդ է առել ոչ թե ժողովրդավարական նախապատվություններից ելնելով, այլ որ ղեկավարները չեն կարողանում իրենց վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը։ Եղած տեղեկությունների համաձայն, վերադառնալով Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական ուղևորությունից, 2007 թ. մայիսին անցկացված Անվտանգության խորհրդի նիստում Սաակաշվիլին արտահայտվեց այսպես. «Վրաստանը գտնվում է շատ բարդ վիճակում և շատ աննշան ռեսուրսներ ունի, ուստի այս պայմաններում արդարացի չի լինի երկրի ճակատագրի համար պատասխանատվությունը բարդել միայն բարձրագույն ղեկավարության ուսերին»։ Նահանգապետերի հետ խորհրդակցությունում էլ Սաակաշվիլին նշեց, որ իշխանության տեղական մարմինները «սովոր են աշխատելու հրահանգներով ու ցուցումներով, բայց հարկավոր է պատասխանատվության մեծ բաժին ստանձնել սովորել»։ Իսկ գործադիր իշխանությանը Սաակաշվիլին հանձնարարեց ավելի հաճախ հարցեր ու խնդիրներ քննարկման բերել խորհրդարան, պատգամավորների վրա մեծ պատասխանատվություն դնել` և ոչ միայն այն հարցերի առնչությամբ, որոնք խորհրդարանի իրավասության շրջանակներում են։ Տեղեկություններ կան, որ ՆԱՏՕ-ին անդամակցության առնչությամբ Սաակաշվիլին մտադիր է անպայման հանրաքվե անցկացնել։ Վրացական լրատվամիջոցները նկատել են, որ մեծ հրապարակայնություն են ստանում այս կամ այն նախարարության և գերատեսչության գործունեության քննարկումները` նշելով դրանց ղեկավարների անձնական պատասխանատվությունը։ Ավելի ու ավելի հաճախ են տարբեր հարցերի շուրջ հրապարակային ելույթներ ունենում արտաքին գործերի նախարարն ու դիվանագետները։ Ընդդիմության գնահատմամբ, Սաակաշվիլու և նրա մերձավոր շրջապատի նման վարքագծի պատճառը ոչ թե սեփական ժողովրդավարական կեցվածքն ու թափանցիկ գործելակերպն ընդգծելու ցանկությունն է, այլ շփոթվածությունն ու մոտ ապագայի մասին պատկերացում չունենալը։
Վրացական մամուլում գրեթե չկան շատ թե քիչ մանրամասն մեկնաբանություններ Եվրոպայի քաղաքական իրադարձությունների մասին` կապված ղեկավարների փոփոխության հետ։ Վրացի մեկնաբանները դեռևս անհրաժեշտ որակավորում չունեն նման վերլուծությունների ու ընդհանրացումների համար, բայց լրատվամիջոցները, այնուամենայնիվ, տպագրում են արտասահմանցի հեղինակների որոշ նյութեր, որոնք, նրանց կարծիքով, կարող են հետաքրքրել վրաց հանրությանը։ Դրանք վերաբերում են նոր ղեկավարների հնարավոր քաղաքականությանը Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, ինչպես, նաև ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը Վրաստանի հնարավոր անդամակցության առնչությամբ եղած կարծիքներին։ Դրան զուգընթաց, իշխանություններն ու իշխանամերձ մեկնաբանները, փաստորեն, չեն առաջարկում այդ գործընթացների առնչությամբ երկրի ղեկավարության թեկուզ հեռահար սպասելիքներ։ Ներկայումս Վրաստանում բավարար լավատեսություն չկա ՆԱՏՕ-ին երկրի սպասվող անդամակցության առնչությամբ։ Այս թեման սկսել են դիտավորյալ լռության մատնել, և նշաններ կան, որ քաղաքական ղեկավարությունն աշխատում է որոշակիորեն թուլացնել դրա սրությունն ու անգամ կարևորությունը։ Համենայն դեպս, տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները շահագրգռված չեն այդ նպատակը հասարակական բանավեճի շրջանակներում պահելու հարցով և ձգտում են խլացնել այն։
Սաակաշվիլին չի կարող չհասկանալ, որ իրեն վիճակված է նախագահի պաշտոնում վերընտրվել բավականին բարդ և անորոշ պայմաններում, երբ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության խնդիրը չի լուծվել և ձեռք չի բերել ավելի որոշակի բնույթ։ Հնարավոր է, որ հենց այդ նպաստավոր պայմանների բացակայությունն է ինչ-որ չափով ազդել ներքին և արտաքին քաղաքականության արդյունավետությունն ընդգծող այլ գործոններ աշխատեցնելու իշխանությունների փորձերի վրա։ Վրաստանի քաղաքական շրջանակներում լավ գիտեն, որ Սաակաշվիլին պաշտպանության նախարարին ցուցում է տվել ՆԱՏՕ-ին առաջարկելու ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության միանգամայն այլ մոտեցումներ և ուղղություններ, որոնք հնարավոր կլինի ներկայացնել որպես «արտապլանային» գործունեություն, ինչը Վրաստանն առանձնահատուկ վիճակի մեջ կդներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերն ընդունած այլ երկրների համեմատ։ Այդ առաջարկություններն արդեն մշակվել և քննարկման համար տրամադրվել են ՆԱՏՕ-ին, թեև առայժմ չկա դաշինքի անդամ որոշ պետությունների հետ նման առաջարկությունների քննարկման ընդունված կարգ։ Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ում և դաշինքի անդամ որոշ պետությունների ռազմական գերատեսչություններում, որոնց հետ վրացի զինվորականներն ու դիվանագետներն արդեն խորհրդակցություններ են անցկացրել, խիստ դրականորեն են արձագանքել այդ առաջարկություններին։ Հնարավոր է, որ խոսքն, իրոք, այլընտրանքային գործակցության մասին է, ի դեպ, եթե տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարն անորոշ մնա։ Որքան հայտնի է, այդ առաջարկությունները վերաբերել են անվտանգության ապահովման ոչ այնքան նշանակալի, բայց համազոր բնույթ ունեցող ցուցադրական միջոցառումներին։ Օրինակ, առաջարկվում են պետական սահմանների և ծովային նավահանգիստների պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ, ինչպես նաև բնակչության զանգվածային կուտակումների վայրերի, ասենք, առողջարանների և հանդիսությունների անվտանգության ապահովման փորձի մեծացում։ Բացի այդ, որպես այդ միջոցառումների երկրորդ փուլ, առաջարկվում է ՀՕՊ համակարգի լիակատար արդիականացում։
Բացի ՆԱՏՕ-ի խնդիրներից, իշխանություններն անհանգստացած են աբխազական և հարավօսական խնդիրների կարգավորման գործընթացների որևէ շոշափելի առաջընթացի բացակայությունից։ Վրաստանը միջազգային ասպարեզում առաջադրում է հարավօսական խնդրի կարգավորման իր ծրագիրը, որը միտված է հակամարտության գոտում լարվածության կառավարելի սրմանը, ցուցադրելով ուժային եղանակների կիրառման հնարավորությունը։ Այդ փորձերը բացահայտորեն չեն համապատասխանում կարգավորման տվյալ սխեմայի տրամաբանությանը։
Հարավային Օսիայում այլընտրանքային վարչական կազմավորում ստեղծելու նախագիծը կոչված է ոչ միայն վերացականը ներկայացնելու որպես իրական, այլև վրացական հանրությանը հնարավորություն ընձեռել ձևացնելու, թե հենց դա էլ խնդրի իրական լուծում է, թեկուզև մասնակի լուծում։ Կառավարող վարչակազմի ու հանրության այդ համաձայնությունը լիովին հնարավոր է։ Դա արվում է միանգամայն գիտակցորեն և շատ հարցերում պաշտպանություն գտնում երկրի իշխանամետ և անգամ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից։ Դրա հետ մեկտեղ, Հարավային Օսիայի այլընտրանքային կառավարությունն ու այլընտրանքային հանրապետությունը սոսկ ստեղծված պայմաններում են բազային լուծում հանդիսանում և ինքնըստինքյան ոչ միայն նպատակ, այլև եղանակ են` ցուցադրելու Արևմտյան ընկերակցությանը Հարավային Օսիայում «գոյակցության մեղմ հարկադրանքի» եղանակների կիրառման իրական հնարավորությունը։ «Մեղմ հարկադրանք» ասելով, երևի, ներգործության ուժային եղանակների ու բարի կամքի ցուցադրման զուգորդում պետք է հասկանալ։ Բայց քանի որ ցանկացած ուժային ներգործություն մերժվում և դիմադրության է հանդիպում Արևմուտքում, ապա Վրաստանը պետք է աջակցություն կանխապահովի նաև այս դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք կատարել Արևմուտքում, ընդ որում, ոչ միայն կառավարությունների, այլև խորհրդարանների, քաղաքական ուժերի, մասամբ և քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների հետ։ Դա շատ խոշորածավալ խնդիր է թվում, որը վրացական դիվանագիտությունը երբեք չի լուծել և անգամ մոտ չի եղել այդքան բարդ խնդիրների լուծմանը։
Սաակաշվիլին չի կարող չհասկանալ, որ, այսպես թե այնպես, հարկ կլինի լայնամասշտաբ պատերազմական գործողություն իրականացնել, ինչը հնարավորություն կտար գոնե կարևոր դիրքեր զբաղեցնելու հակամարտության գոտում։ Հարկ կլինի նաև Արևմուտքին բացատրել այդ ծրագրերի տրամաբանությունը և, բացի նման եղանակների կիրառման իրավունքից, նաև քաղաքական և մարդասիրական հարցերի վերաբերյալ պարտավորություններ ստանձնել։ Առաջին անգամ Սաակաշվիլին խնդիր է առաջադրում զուգորդելու քաղաքական տարբեր ռեսուրսներ, ներառյալ Արևմուտքի երկրներում վրացական սատարախմբերի (լոբբի) ստեղծումը։ Սատարախմբերի ստեղծման հարցը պատահականորեն չի ծագել, և արժե այն մանրամասնել։ Մինչև վերջերս պաշտոնական Թբիլիսին համոզված էր, որ Վրաստանի ամենահուսալի սատարորդներն արևմտյան պետությունների կառավարություններն ու միջազգային կազմակերպություններն են, մինչդեռ ԱՄՆ-ում սկսել են ավելի զուսպ վերաբերվել Վրաստանի քաղաքականությանը, իսկ Սենատում մշտական և «հավատարիմ» աջակից խմբի ստեղծման հույսերն այնքան էլ չարդարացան։ ԱՄՆ-ի վարչակազմն այնքան բարդ խնդիրների է հանդիպել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, որ Հարավային Կովկասի խնդիրն ամերիկացիներն այլևս չեն ուզում սրել։ Մեծ Բրիտանիան նույնպես շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածության մեծացմամբ։ Վրացի քաղգործիչները հասկացել են սա և գիտակցում են, որ անհրաժեշտ է այլ շահեր ու այլ գործընկերներ գտնել Արևմուտքի քաղաքական շրջանակներում, ինչն այնքան էլ հեշտ բան չէ, քանի որ միջազգային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն դրա համար։ Վրաստանի խնդիրներին քաջածանոթ փորձագետների կարծիքով, ոչ ազգային բնույթի վրացական սատարախմբի ստեղծումը հնարավոր չէ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։ ԱՄՆ-ի, Եվրամիության և եվրոպական առաջատար պետությունների քաղաքականությունը, չնայած քաղաքական կուրսերն արդիականացնելու թվացյալ ձգտմանը, իրականում շատ հստակ համաձայնեցված է և չի կարող լրջորեն սրբագրվել առանց համերաշխ որոշումների, ինչին, փաստորեն, անհնար է հասնել, առավել ևս այնպիսի աննշան պաշարներով, ինչպիսիք Վրաստանինն են։
Դրա հետ մեկտեղ կա մի հարց, որի առնչությամբ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում անհնար է համերաշխության հասնել վրաց հասարակության մեջ։ Դա Աբխազիայում և Հարավային Օսիայում կորսված հողերի հարցն է։ 2008 թ. սեպտեմբերին Սաակաշվիլին արեց լուրերի ընդհանուր հոսքում հազիվ նկատելի մի հայտարարություն, որն աննկատ մնաց, ինչը շատ տարօրինակ է։ Խոսքն այն արտահայտության մասին է, թե անհրաժեշտ է խոստովանել, որ Վրաստանը կորցրել է Աբխազիան և Հարավային Օսիան։ Թե ինչ է կանգնած այդ հայտարարության հետևում, դժվար է ասել, բայց կարելի է ենթադրել, որ Վրաստանն առաջնորդվում է ինչ-որ բրիտանական ծրագրով, որը ենթադրում է տարածքները փոխանակել հավակնությունների հետ։ Դա նշանակում է, որ եթե Վրաստանը հրաժարվի այդ տարածքներից կամ, ծայրահեղ դեպքում, դադարի պահանջելուց խնդրի այս կամ այն լուծումը, ապա կարող է մոտ հեռանկարում ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ակնկալիքներ ունենալ։ Հնարավոր է` Սաակաշվիլու նշված հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերադարձ Արևմուտքի հետ հարաբերությունների այդ մոդելին` կապված ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցության հետ։ Հենց այս հարցադրումն էլ Վրաստանում հասարակական համաձայնության հասնելու հնարավորության հիմքն է։ Պատրա՞ստ է, արդյոք, վրաց հասարակությունն այս գաղափարին։ Կարծում ենք` այո։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ