«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

ԱՆՏԵՍԵԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՐԾԻՔՆ ՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՏԵՍԵԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՐԾԻՔՆ ՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
11.03.2011 | 00:00

Եվրամիությունը միանգամայն որոշակի մտադրություն ունի Հարավային Կովկասի պետություններն ինտեգրելու իր կառույցներին։ Այդ պետություններն անդամություն ունեն Եվրոպայի խորհրդում, ներառված են «Մերձավոր հարևան» և «Արևելյան գործընկերության» ծրագրերի մեջ, ինչն արդեն նշանակալի փոփոխությունների է հանգեցրել արտաքին և ներքին քաղաքականության մեջ։ Եվրոպական ընկերակցությունն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է գործում ընտրությունների անցկացման, օրենսդրության բարեփոխման, քաղաքացիական հասարակության զարգացման, մասամբ էլ տվյալ պետությունների տնտեսությունների վրա։ Դրա հետ մեկտեղ, Հարավային Կովկասի վրա Եվրամիության ազդեցությունն առայժմ արմատական նշանակություն չունի` նախ և առաջ անվտանգության, հակամարտությունների կարգավորման և արտաքին քաղաքականության հարցերի գծով։ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության առավել կարևոր հարցերի առնչությամբ Հարավային Կովկասի պետություններն առաջվա նման անտեսում են Եվրոպայի կարծիքն ու դիրքորոշումը։
2004-ի մայիսի 12-ին Եվրամիության ղեկավարությունը դիմեց Հարավային Կովկասի երեք պետություններին, հույս հայտնելով, որ կշարունակվի հետագա գործակցությունը տնտեսական աճի ցուցանիշների բարձրացման և ապօրինի ներգաղթի ու կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի ընդլայնման ուղղությամբ։ Եվրահանձնաժողովի կարծիքով, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է ստանան «մերձավոր հարևանների» առանձնահատուկ կարգավիճակ, ինչը հետագայում կարող է հանգեցնել արտաքին առևտրի ազատության վերաբերյալ համաձայնագրի կնքման։ Դա կարող է այդ պետությունների համար շատ կարևոր խթան դառնալ Եվրամիության քաղաքական պայմանների ընդունման գործում։ Եվրոպացի քաղաքական գործիչները, որոնք Հարավային Կովկասը, մասամբ նաև Կենտրոնական Ասիան համարում են աշխարհաքաղաքական մի գոտի, որտեղ որոշակի մրցակցություն է տեղի ունենում ԱՄՆ-ի, Եվրոպայի առաջատար պետությունների, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև, կարծում են, որ Եվրոպական Միությունն առավել արդյունավետ լծակներ ունի Հարավային Կովկասի վրա ազդելու համար։ Նրանք Հարավային Կովկասը համարում են քաղաքական Եվրոպայի մաս, որ շատ է շահագրգռված Հին աշխարհի հետ տնտեսական և քաղաքական ինտեգրմամբ։ Ընդ որում, շատ կարևոր են ինտեգրման սահմանակարգային հիմքերը, որպիսիք չկան ԱՄՆ-ի հետ Հարավային Կովկասի հարաբերություններում, և որոնք թուլանում են Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Դրա հետ մեկտեղ, եվրոպացիները բացահայտորեն գերագնահատում են իրենց դերը Հարավային Կովկասի զարգացման, ինչպես նաև այդ պետությունների քաղաքականության վրա ազդեցության ասպարեզում։ Անվտանգության և հակամարտությունների կարգավորման ոլորտում Եվրամիության նախաձեռնությունների և առաջարկությունների, ինչպես նաև ժողովրդավարացման հարցերում Հարավային Կովկասի արձագանքն ունի, ավելի շուտ, ցուցադրական բնույթ։ 2008 թ. Լեհաստանն ու Շվեդիան հանդես եկան «Արևելյան գործընկերությանը» նվիրված մի նախաձեռնությամբ, որը խիստ անբարեհաճ ընդունեցին Ֆրանսիան ու Գերմանիան` որպես ամերիկյան «միջուկով» նախագիծ, և դրա պատճառով Ռուսաստանն այդ նախաձեռնությունն անվանեց իր շահերի հանդեպ թշնամական։
Եվրոպայի քաղաքական գործիչները կցանկանային Հարավային Կովկասը տեսնել Եվրոպայի ազդեցության և եվրոպական քաղաքականության ոլորտում։ Այդ տարածաշրջանն իրենից ներկայացնում է մի բուֆեր Եվրոպայի և Առաջավոր Ասիայի միջև, ունի էներգետիկ և այլ հումքային պաշարներ, Եվրոպան Կենտրոնական Ասիային կապող կամուրջ, հանգստի բարենպաստ վայր է։ Կարևոր նշանակություն ունի նաև այն, որ երկու երկրներ` Վրաստանն ու Հայաստանը, քրիստոնյա են, ընդ որում, քրիստոնեական առավել հին ավանդույթներ կրող են։ Այդ երկրները, գտնվելով ռուսական, այնուհետև խորհրդային մշակույթի տևական ազդեցության ներքո, հաղորդակցվել են եվրոպական մշակույթի արժեքներին ու նորմերին, հանրությունը մեծ մասամբ ձևավորվել է ըստ եվրոպական աշխարհայացքի։ Այս հանգամանքները զգալիորեն հեշտացնում են Եվրոպական ընկերակցությանը Հարավային Կովկասի ինտեգրումը։ Սակայն աշխարհատնտեսական և սոցիալ-մշակութային գործոնները երկրորդական դեր են խաղում եվրոպական քաղաքականությունը ձևավորող առաջատար եվրոպական տերությունների քաղաքականության մեջ։ Հարավային Կովկասը կարևոր աշխարհաքաղաքական տարածաշրջան է, և նրա վերահսկողությունն ապահովում է Ռուսաստանի մեկուսացումը Մերձավոր Արևելքից և որոշակի չափով Իրանից, անմիջական կապը Կասպից ծովի ու Կենտրոնական Ասիայի հետ։ Եվրոպացիները հույս ունեն, որ Հարավային Կովկասը, լինելով ոչ մեծ տարածաշրջան, ունենալով բնակչության ոչ մեծ թիվ (բնակչության իրական թիվը չի անցնում 12,2 մլն-ից), կարող է ինտեգրվել և ներդաշնակորեն հարմարվել Եվրոպային առանց որևէ դժվարության։ Առավել ևս, որ Ադրբեջանն ունի եկամտի հուսալի աղբյուր` նավթ, իսկ Հայաստանն արդեն ցույց է տվել, որ ընդունակ է արագորեն ու արդյունավետորեն զարգանալու` տարակերպված տնտեսության մոդելի հիման վրա, Վրաստանն էլ տարանցիկ երկիր է դարձել։
Մոտավորապես 2002-ից ԱՄՆ-ը շահագրգռություն հանդես բերեց Հարավային Կովկասի խնդիրների լուծման գործին Եվրամիության մասնակցության հարցում։ Այդ շահագրգռությունն ուժեղացավ իրաքյան պատերազմի հետ կապված հանգամանքների պատճառով։ ԱՄՆ-ը չկարողացավ մշակել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետություններում իր ռազմական ներկայության հստակ նպատակներն ու խնդիրները։ Տարածաշրջաններում էներգափոխադրման նախագծերը հաջողությամբ իրականացվում են, և դրանց անվտանգության ապահովումն ԱՄՆ-ի պարտադիր ռազմական ներկայություն չի պահանջում։ ԱՄՆ-ը բավարարվում է մի քանի օդանավակայաններ տարանցման նպատակով օգտագործելու հնարավորությամբ և ակտիվորեն զբաղվում է Վրաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում անվտանգության համապատասխան ուժերի ստեղծմամբ։ ԱՄՆ-ի անմիջական ռազմական ներկայությունը հանգեցնում է առճակատման սաստկացման, ընդ որում, ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի ու այլ պետությունների, այլև տվյալ տարածաշրջանների պետությունների միջև։ Բացի այդ, մշտական ռազմական լուրջ բազավորումը նշանակալի միջոցներ է պահանջում։ Հարկ է նշել նաև, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում այդ պատասխանատվությունը տարածել Հարավային Կովկասի վրա։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կսահմանափակվի Բալկաններով և Սև ծովի արևմտյան ափով։ Հարավային պետություններին կառաջարկվի «ՆԱՏՕ-ից դուրս, բայց ՆԱՏՕ-ի հետ» կարգավիճակը։ Այս պայմաններում ԱՄՆ-ը որոշել է Հարավային Կովկասի համար պատասխանատվության մի մասը դնել Եվրամիության վրա։ Ամերիկյան փորձագետները` պաշտոնաթող գեներալներ ու դիվանագետներ, ակտիվորեն տարածում են այն գաղափարները, թե Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն ունի ժամանակավոր բնույթ, նրա տեղը պետք է զբաղեցնի Եվրամիությունը, ներառյալ նրա քաղաքական և ռազմական կառույցները։
ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների քաղաքական գործիչներն ու քաղաքագետները Հարավային Կովկասին աշխարհաքաղաքական տեղ են հատկացրել եվրոպական քաղաքական և սոցիալ-մշակութային տարածությունում։ Այսինքն, Հարավային Կովկասը պատկերացվում է Մերձավոր Արևելքից ու Ռուսաստանից զգալիորեն մեկուսացած։ Նրան վերապահվում է լուսանցային տարածաշրջանի դեր, որտեղ տիրող իրավիճակից մեծապես կախված կլինի Եվրոպական ընկերակցության անվտանգությունը, այդ թվում առնչությունը Կենտրոնական Եվրասիայի էներգետիկ և բնական պաշարների հետ։ Եվրոպական ընկերակցության հետ Հարավային Կովկասի ինտեգրմամբ շահագրգիռ են բոլոր առաջատար եվրոպական պետությունները։ Նրանք ձգտում են իրենց աշխարհառազմավարության զարգացման նախնական փուլում լուծել «նվազագույն ծրագրի» խնդիրները, այսինքն, սահմանակարգային եղանակով տարածաշրջանի պետությունները ներառել եվրոպական քաղաքական տարածության մեջ։ Հետագայում տարածաշրջանը կդառնա ազդեցության համար Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մրցակցային պայքարի ասպարեզ։ Տարածաշրջանում առավել մեծ ակտիվություն է ցուցաբերում Մեծ Բրիտանիան, որն այստեղ ներկայացված է խոշոր աշխարհատնտեսական նախագծերով և Հարավային Կովկասը համարում է իր ավանդական ազդեցության գոտի։ Ֆրանսիան, ըստ էության, ազդեցություն ունի միայն Հայաստանում։ Հեռանկարում կմեծանա Գերմանիայի դերը, որը ձգտում է լուրջ նախադրյալներ ստեղծել դրա համար։
Սակայն Եվրոպական ընկերակցությանը Հարավային Կովկասի ինտեգրումը ենթադրում է մի քանի լուրջ խնդիրների լուծում. որոշակի տնտեսական ստանդարտների ձեռքբերում, համապատասխան օրենսդրության ընդունում և կենսագործում, տարածաշրջանի բոլոր երկրներից ռուսական զորքերի և ռազմական օբյեկտների լիակատար դուրսբերում, տեղային հակամարտությունների կարգավորում։ Հարավային Կովկասի պետությունների կողմից սոցիալ-տնտեսական ոլորտների և օրենսդրական ստանդարտների գծով պարտավորությունները շատ թե քիչ հաջողությամբ կատարվում են։ Թեև ինտեգրման այս կողմն առավել քննարկվողն ու իրագործվողն է, սակայն տվյալ ուղղության հետ կապված խնդիրները չեն կարող դիտարկվել որպես անհաղթահարելի խոչընդոտ ինտեգրման ընթացքում։ Այդ ուղղությունը դառնում է առավել իրագործելին` անգամ իշխանության ավտորիտարիզմի պայմաններում։ Նախկինում թվում էր, թե ինտեգրման ճանապարհին առավել լուրջ խոչընդոտը տեղային ազգային-քաղաքական և միջպետական հակամարտությունների առկայությունն է։ Այդ դրույթը մշտապես ընկած էր եվրոպական ընկերակցությանը Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման առավել էական խնդիրների հիմքում։ Եվրոպացի վերլուծաբանների և քաղաքագետների մեծ մասը նույնպես չէր առարկում, որ այդ հակամարտությունները լուրջ խոչընդոտ են ինտեգրման գործընթացի համար։
Եվրոպական կառույցները որոշ ժամանակ ջանում էին ԱՄՆ-ին ապացուցել, թե իրենք ընդունակ են ավելի արդյունավետ ազդեցություն գործելու Հարավային Կովկասի պետությունների, նախ և առաջ Հայաստանի ու Ադրբեջանի վրա, համարելով, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրամիությունն ունի մի այնպիսի հզոր խթան, ինչպիսին է ինտեգրումը Եվրոպական ընկերակցությանը։ Սակայն այդ կարծիքը Եվրամիության կառույցներում ընդամենը երկու տարի պահպանվեց։ 2004-ի կեսերին Եվրոպայում տեղի ունեցավ Հարավային Կովկասում առկա տեղային հակամարտությունների կարգավորման հեռանկարների վերաիմաստավորում։ Հետևյալ կարծիքն է ձևավորվել. մարտական գործողությունների բացակայության վիճակն ինքնին կարևոր է, և անթույլատրելի է պատերազմական գործողություններն սկսել անգամ իրավաբանական իրավունքների ձեռքբերման համար, պետական ինքնիշխանությունը, որը ձևավորվել է մեծ մասամբ խորհրդային ամբողջատիրական վարչակարգի պայմաններում, առաջնային նշանակություն չունի, տեղը զիջելով այնպիսի արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը և սոցիալական զարգացումը (այդ խնդիրների լուծման գործում առաջնային պետք է մնան հումանիտար հարցերը, այդ թվում` փախստականների), անհրաժեշտ է հասնել հակամարտության գոտիների լիակատար ապառազմականացմանը։ Ընդ որում, քանի որ Եվրամիությունն առավել մանրամասնորեն է զբաղվել ղարաբաղյան խնդրով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու պաշտոնյաների զեկույցներում այդ խնդիրն արտացոլված է ավելի առարկայորեն։ Վեհաժողովում կայուն կարծիք է առաջացել, որ անհնար է Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տեղեկություններ կան, որ Եվրոպայի քաղաքական գործիչները Վրաստանի քաղաքական ղեկավարությանն առաջարկել են քաղաքական անկախություն տրամադրել Աբխազիային` նրա անկախության միջազգային ճանաչումը մերժելու դիմաց։
Ընդհանուր առմամբ եվրոպական պետությունները տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության խնդիրները համարում են ոչ այնքան խնդիր ԱՄՆ-ի համար, որքան խնդիր իրենց համար։ ԱՄՆ-ի համար այդ խնդիրն ավելի շուտ կրում է միջնաժամկետ բնույթ, քանի որ ԱՄՆ-ը առայժմ Եվրասիայում իր ռազմավարությունն է մշակել և հետամուտ է իր աշխարհատնտեսական շահերին։ ԱՄՆ-ը շահագրգիռ է Ռուսաստանի քաղաքական չեզոքացմամբ, բայց ոչ նրա հետ առճակատմամբ։ Այդ մասին բազմիցս հայտարարել են ամերիկյան գեներալները, որոնք ներկայացնում են Եվրոպայում տեղաբաշխված ամերիկյան զորքերի հրամանատարությունը։ Ավելի գործնական ծրագրերի շրջանակներում ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում Ռուսաստանին լիովին զրկել կասպյան նավթի արդյունահանումն ու առաքումը վերահսկելու հնարավորությունից։ Օրինակ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի և նավթային ընկերությունների, ԱՄՆ-ը բացասաբար է վերաբերվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ռուսական նավթ մղելու հնարավորությանը։ Պահպանելով անվիճելի շահագրգռությունը Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերմամբ, ԱՄՆ-ը հնարավոր էր համարում ռազմավարական հարցերին նվիրված բանակցությունները Ռուսաստանի հետ, այդ թվում ռազմավարական հրթիռային պաշտպանության շուրջ, որոնցում Հարավային Կովկասում գտնվող ռուսական բազաները քաղաքական սակարկության փաստարկներ և առարկա կարող էին դառնալ։ Դրա հետ մեկտեղ, եվրոպական պետությունները շատ ավելի են շահագրգիռ ռուսական զորքերի լրիվ դուրսբերմամբ և այդ հարցում անզիջում դիրք են գրավում։
Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության հարցում Ֆրանսիան առավել անորոշ դիրք է գրավում, ինչը պայմանավորված է հետևյալ գործոններով։ Որպես առաջատար եվրոպական տերություն, որի արտաքին քաղաքականությունը զգալիորեն արտացոլում է եվրոպական միաբան դիրքորոշումը, պետք է հետևողականությամբ վարի մի կուրս, որը սահմանված է, այսպես կոչված, եվրոպական քաղաքականությամբ և եվրոպական շահերով։ Թվում է, թե Ֆրանսիան ուրիշներից ավելի կպնդեր ռուսական բազաների դուրսբերումը, այդ թվում` Աբխազիայից և Հարավային Օսիայից։ Սակայն ռուսական բազաների դուրսբերումն ամենևին էլ չի արտացոլում Ֆրանսիայի ազգային շահերը, որը խնդիր է դնում սահմանափակել ԱՄՆ-ի (ինչպես նաև Մեծ Բրիտանիայի) ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումը միայն կուժեղացնի Ֆրանսիայի հակառակորդների դիրքերը։
Եվրոպայի անվտանգության խնդիրներով զբաղվող վերլուծաբանների ու քաղաքագետների կարծիքով, Գերմանիան առավել է շահագրգռված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից Ռուսաստանի դուրսմղմամբ։ Գերմանիան փուլ առ փուլ, հետևողականորեն թափանցում է եվրոպական ու եվրասիական տարածաշրջաններ` հենվելով իր հսկայական տնտեսական հնարավորությունների վրա։ Գերմանիան, որի համար դժվար է դիրքեր ձեռք բերել Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ազդեցության գոտիներում, ձգտում է ստեղծել իր ազդեցության մայրցամաքային, եվրասիական գոտին։ Ընդ որում, Ռուսաստանին այդ գերնախագծում տրվում է ոչ թե ռազմավարական գործընկերոջ, այլ էներգահումքային գավառի դեր։ Եթե 90-ականների սկզբներին ռուսական, նույնիսկ գերմանական քաղաքագետների միջավայրում հույսեր կային ռազմավարական համագործակցության, ապա ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գերմանիան Ռուսաստանի հետ քաղաքական գործընկերության կարիք չունի։ Նրան հետաքրքրում է միայն Ռուսաստանի մասնակցությունն իր հաղորդուղիների նախագծերին, որոնք կապահովեին ապրանքի երաշխավորված փոխադրումը Կենտրոնական Ասիայից ու Ղազախստանից, ինչպես նաև բուն Ռուսաստանից։ Սակայն դա դժվար է դասել քաղաքական ռազմավարության խնդիրների կարգին։ Գերմանիան շատ ավելի է շահագրգռված Եվրասիայի, հատկապես Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի «ռուսաթափմամբ», քան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Գերմանիան անհրաժեշտություն չունի պահանջելու ռուսական զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից։ Այդ գործընթացի արագացումը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացմանը` որպես մրցակից երկրների։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ