ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԷԱԿԱՆ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔԵՐ ԵՆ ԴՐՎԵԼ

ԷԱԿԱՆ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔԵՐ ԵՆ ԴՐՎԵԼ
13.05.2011 | 00:00

Հայ տեսակին ճանաչողներից մեկը մի օր էսպիսի բան ասաց. ինչ կուլ տանք` կուլ տանք, որբ երեխաներին բնակարանով ապահովելու, մեկ էլ էդ եկեղեցիները ավերելու խնդիրներն էս ժողովուրդը երբեք կուլ չի տալու:
Խոսքը ՎՊ-ի ստուգումների կասկադին էր վերաբերում. այդ ոլորտներում հայտնաբերվել էին չարաշահումներ (մեղմ ասած), որոնք հայ կյանքի ու մենթալ պլանի հետ խիստ «անհամատեղելի» էին:
Առաջին դեպքում` որբի գլուխ դարձած ու բոլորից խուզված բնակարանները «պատրաստվել» էին նկուղների «փոր ու փոսերից», տանիքների «ավելցուկից», այլ կերպ` առանց դույզն-ինչ խղճի խայթի, «լափվել» էր որբի բաժինը` մանկատան շրջանավարտներին թողնելով նույնքան որբ: Եվ դա այն դեպքում, երբ պետությունը պատշաճ միջոցներ էր տրամադրել ամեն բան մարդավարի կազմակերպելու համար:
ՈՒ թե այս ոլորտում ՎՊ-ի ստուգումների արդյունքում որոշակի, գուցե ոչ բավարար, տեղաշարժ եղավ («Սոկոլ» ՍՊԸ-ի գործն ուղարկվեց դատախազություն, գումարները վերականգնվեցին), ապա վերը նշված` «վերանորոգված», իրականում «Պըլըպուղու» կարկատաններով մոդեռնիզացված եկեղեցիներն առայսօր կանգուն են պատմության ու սերունդների դեմ հանդիման` մերկացնելու ագահության այն ամոթույքը, որ բաժին հասավ այս սերնդին, առավել ստույգ` այն վերականգնող կառույցներին ու պատասխանատուներին, որոնք առայսօր անպատիժ են:
Ոլորտը մնաց եզակին, ուր ՎՊ-ի ստուգումներից հետո շարժ այդպես էլ չեղավ` եկեղեցիների ոգեղեն տեսքը վերականգնելու մասով: ՈՒ թե «որևէ շարժ» համարենք այն, որ պատասխանատուներից ընդամենը մեկը` պարոն Գյուրջյանը, այլ աշխատանքի տեղափոխվեց ու գումարային հավելագրումները վերականգնվեցին, ապա դա երբեք բավարար ու մխիթարական չի կարող լինել կատարված ավերածության կողքին: Մնում է մխիթարվել, որ գոնե ՎՊ-ի ջանքերով ավերածության իրական ծավալները «լույսի մեջ եկան»: Մնացած բոլոր դեպքերում, ՎՊ-ի իրականացրած վերահսկողության արդյունքում եթե ոչ հեղափոխական, ապա էական, ոլորտային բարեփոխումների հիմքեր են դրվել, որոնց ինստիտուցիոնացվելու անհրաժեշտությունը, որպես անցումային այս փուլի սոցիոլոգիա, մի օր կառաջանա:
Պարզապես Վազգեն Խաչիկյանի թեման ահագին մոդայիկ ստացվեց ու մի տեսակ անկյուն մղեց կարևոր, այդ թվում և` սոցիալական ոլորտներում տեղի ունեցած շարժերը, որոնց իրական «մեղավորը» կրկին ՎՊ-ն էր: Չնայած Վազգեն Խաչիկյանի դեպքը հատկանշական էր նրանով, որ հաճելին ու օգտակարը շատ արագ միակցվեցին: Այն է` ոլորտային և հատկապես սոցիալական խնդիրները (Մերձավոր Արևելքը չհիշել) առավել արդիական դարձան հազար ու մի պատճառով:
«Խաչիկյանի» դեպքը նաև նրանով էր հատկանշական, որ, ի տարբերություն այլ ոլորտների, այս դեպքում բարեփոխումներն ու վերանայումները եղան ոչ միայն արագ ու տեսանելի, այլև գլոբալ, և «տյունինգի» կանգնեցրին ողջ համակարգը:
«Դեպքը» հետաքրքիր էր նաև սկսվող նախընտրական մարաթոնների պատճառով, ու հիմա ՎՊ-ն ինչին ձեռք տա, «տակից» ընտրությունների ականջներն են երևալու, երբ «բանն» այնքան էլ «ի սկզբանե» և նախընտրական չէ: Ոչ այն պատճառով, որ ՎՊ-ն ապաքաղաքական «տարր» է, այլ որ սոցիալական (և ոչ միայն) թեմաներն այսօր չէ, որ կիզակետ են վերջինիս համար:
Նույն նպաստների ոլորտը: Ցանկացած մարզի, համայնքի վերահսկողության ժամանակ ասվել է` համակարգը թերի է (մեղմ ասած), չարաշահումներն ահավոր են ոչ միայն մարդկային գործոնի ու անբարեխղճության (մեղմ ասած), այլև օրենսդրական բացերի և մի շարք այլ պատճառներով: ՎՊ-ի ստուգումների, հայտնաբերված չարաշահումերի հանրագումարի արդյունքում առաջացավ ոլորտը «վերանայելու» անհրաժեշտությունը: Դեռ մեկ տարի առաջ:
Վերահսկողության ցանկացած թեմայից հետո նման բարեփոխումների լոկալ ընթացք է եղել գրեթե մշտապես, ու ահագին բան էլ արվել է: ՈՒ այնպես չէ, որ մի օր բոլորը ելան, գնացին Սևան ու որոշեցին` սկսում են լայնամասշտաբ (իբր` երրորդ սերնդի) բարեփոխումները: Օրինակի նախասկիզբն էլ դարձավ «խեղճ Խաչիկյանը»:
Նման բարեփոխումների տրամաբանությունն է դրված եղել ՎՊ-ի վերջին երեք տարվա վերահսկողական գործառույթների հիմքում, և այս փաստի հետ դժվար է չհամաձայնելը:
Այլ հարց է, թե փոխկապակցված կառույցները որքանով են տեղավորվել նույն այդ տրամաբանության մեջ: Որովհետև, որքան էլ ցավալի է, շատ դեպքերում ՎՊ-ի պահանջած «շարժերը», ժամանակակից լեզվով` բարեփոխումները, եղել են մեխանիկական, երբեմն էլ` ոչ հետևողական:
Ասենք, նույն նպաստների հետ կապված ՎՊ դիտարկումներից հետո սոցապնախարարությունը հայտարարեց` պարզեցրել է նպաստ ստանալու կարգը:
Հիշենք, մինչ այդ նպաստառուն մինչև երեք տասնյակ փաստաթուղթ էր հավաքում` հազար ու մի չինովնիկական դռնից ու մի քանի «մանեթի» համար ծեծում հազար դուռ: Է՛լ ավելին` ոլորտը չուներ մեն-միակ պատասխանատու, ու երբ պատասխանատվության հարց էր առաջանում, այն կրողը չէր գտնվում:
Դեռ մի կողմ թողնենք մարդկային արժանապատվության տարրական հարցը: Մի կողմ թողնենք անարդարության այն «նոմինացիաները», որոնց պատճառով նպաստառու էին դառնում հաստատ ոչ այն մարդիկ, ովքեր ունեին դրա կարիքը: Այդ ամենից զատ, կա նաև օրենքի հստակեցման խնդիր` պնդում ու պնդում էր ՎՊ-ն:
Մի խոսքով. նախարարության «պարզեցրած» կարգից հետո էլ առաջացան նոր խնդիրներ. մի քանի «մանեթի» հույսին մնացածները հիմա էլ պետք է այդ նոր «մարտահրավերները» հաղթահարեին:
Նոր նրբությունները էլի կհայտնաբերի ՎՊ-ն (առաջիկայում այն վերահսկողություն է իրականացնելու Երևան քաղաքի սոցծառայություններում, ինչն էլ խոստանում է շատ հետաքրքիր լինել մի շարք, բայց առաջին հերթին «ուրբանիզացված տիկնանց»` մինի նախարարությունների ստեղծման պատճառով. «տիկնայք» իսկապես շատ խոր անհանգստություն ունեն այդ ստուգումների առիթով, որովհետև իրենցից լավ ոչ ոք չգիտի, թե որտեղ են իրենք թաքցրել շան գլուխը, և հետո` ոլորտի նկատմամբ մինչ այժմ այս կարգի «ուշադրություն» և հետևողականություն չի դրսևորվել):
Հուսանք` նպաստների ոլորտը «տիկնանցից» հետո մեկընդմիշտ ու վերջնական բարեփոխման կենթարկվի ու կփակի բոլոր բաց սողանցքները:
Նույն կարգի կիսաքայլեր եղան նաև գնագոյացման ՊՈԱԿ-ի դեպքում:
Այս դեպքում ևս կարելի է կոռուպցիայի դասական ու դիդակտիկ նյութ պատրաստել այն առումով, որ բոլոր թեմաների, բոլոր կառույցների վերահսկողության ժամանակ գործ ես ունենում գնագոյացման հետ, ուր տան «բազարը» երբեք չէր համապատասխանել շուկայի բազարին: ՎՊ-ն այնքան խոսեց այդ մասին, որ ցաված ականջների արդյունքում քաղաքաշինության նախարարությունից վերջինիս տրանզիտ արեցին էկոնոմիկայի նախարարություն:
Ասե՞նք` ինչ եղավ, երբ քաղշինի շաքարամանից պակասեց սույն շաքարը` լցվելով էկոնոմիկայի շաքարաման: Արժե՞ որ: Տե՛ս նույնը, ինչ մինչ այդ ասվել է այդ ՊՈԱԿ-ի մասին` գումարած-հանած կադրային նոր տեղաշարժեր:
Մի խոսքով, այդ դեպքում ևս բարեփոխումները կրելու են փուլային բնույթ` սպասելով ՎՊ-ի նոր ստուգումներին ու առաջարկներին, որոնք կարծես արդեն արվել են (նախարար Տիգրան Դավթյանն ասաց, թե սույն խնդրով արդեն իսկ դիմել են եվրոպացիքին` մեր մասնագետների հետ ձեռնարկելու կտրուկ քայլեր` իրավիճակը շտկելու ուղղությամբ):
Իսկ երեկ արդեն կառավարության նիստում ՎՊ-ի ստուգումների արդյունքում բարեփոխվեց «վարկային համակարգը»։ Որոշվեց վարկային միջոցների հաշվին այլևս տեխնիկական աջակցություն չտրամադրել, որովհետև գումարները նպատակային չեն ծախսվում։
Բա դե` տեսնո՞ւմ եք:
Բոլոր դեպքերում, քաղաքական այն ընդհանուր կամքը, որն այսօր դրսևորվում է հատվածականից դեպ շարունակական փոփոխություններ, կարծում ենք` նախընտրական փուլի ավարտն իր հետ չի տանի, ու կրկին չի առաջանա անհրաժեշտություն, որ այլոց «չարածները» ՎՊ-ն մի հատ էլ «անի»:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ