Պաշտոնական կամ կիսապաշտոնական բնույթի ազգայնական, ռասիստաշովինիստական քարոզչությունը լրացուցիչ զորեղություն է ստանում ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն ինտեգրման գործում Վրաստանի ունեցած հաջողություններով, որոնք ապշեցնում են վրացիներին, սակայն բացի նրանցից, երևի, ուրիշ էլ ոչ ոքի։ Վրացական ղեկավարությունը սա չի կարող պաշտոնապես բացատրել համաշխարհային պատմության մեջ Վրաստանի «բացառիկ դերով» կամ վրաց ազգի «բարձրագույն կոչումով», քանի որ դա կնսեմացնի այժմյան ղեկավարության դերը, բայց վրացական քարոզչությունը հենց դա նկատի ունի։ Այսինքն, Արևմուտքը, իր պայքարը մղելով Ռուսաստանի դեմ, մշտապես խթանում է վրացական ռասիզմն ու շովինիզմը, վրացիների գերհավակնոտ պատկերացումներն իրենց «արտակարգության» մասին։ Այս ամենը հանգեցնում է մի վիճակի, երբ վրացիներն ամենևին չեն ընդունում որևէ փոխզիջում տարածաշրջանի ժողովուրդների հետ երկխոսելիս, իսկ երկրում թափ է առնում էթնիկ զտման, ազգային փոքրամասնությունների արտաքսման քաղաքականությունը։ Ազգային փոքրամասնությունների ձուլման կասկածները, ինչին միշտ ձգտել է Վրաստանը, արդեն զուրկ են որևէ հիմքից։ Վրացիները հասկացել են, որ լիակատար ձուլումը ոչ միայն անհնար է, այլև վտանգավոր, քանի որ դա վրացական պետականության տակ դրված «դանդաղ գործող ռումբ» է։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանի պետական քաղաքականությունը երկրից նրանց դուրս մղելու բազմապիսի` տնտեսական, սոցիալ-մշակութային, կրթական, լեզվական և կրոնական խտրականության եղանակների կիրառում է։ Այն պայմաններում, երբ Վրաստանի և Ռուսաստանի արևմտյան գործընկերներն անտարբեր են այդ քաղաքականության նկատմամբ, վրացական ղեկավարությունը ստացավ շովինիզմի ոգով դաստիարակված մտավորականության լիակատար պաշտպանությունը։
Վրաց հանրության շրջանում հասարակական-քաղաքական դիրքորոշման տվյալներն ունեն որոշակի պատճառներ ու պայմանավորող գործոններ։ Վրացիները ժողովրդագրական պատշաճ հեռանկարից զուրկ հատնող ազգ են։ Այդ, այսպես ասած, գործընթացն սկսվել է մի քանի տասնամյակ առաջ և սահմանափակվել միայն ձուլման քայլերով, երբ հարյուր հազարավոր այլազգիների հարկադրում էին վրացի գրվել։ Բայց դա հնարավոր էր միայն խորհրդային իշխանության պայմաններում։ Արդի պայմաններում, երբ, թվում է, ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել վրաց ազգի համախմբման համար, հակառակն է տեղի ունենում. այլազգիները հպարտանում են իրենց ազգային պատկանելությամբ, և վրաց ժողովրդին ազգային, մշակութային, սոցիալական և քաղաքական անկում է սպառնում։ Ազգային ժողովրդագրական անկումն ու սոցիալական խոր ճգնաժամը պատմականորեն զուգադիպում են ազգի գոյատևման շատ աննպաստ մի փուլի, երբ վրացիների տարբեր հատվածներ տարբերվում են հասարակական ու քաղաքական հավակնությունների մակարդակով։ Այդ գործոնների համադրությունը կանխորոշել է մի այնպիսի երևույթ, ինչպիսին է համընդհանուր խնամառությունը քաղաքական և սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում։ Վրաց հասարակությունը մեծ հաճույքով է ընդունում խնամառության պայմանները` այն համարելով իր ազգային բացառիկության պատշաճ գնահատանք։ Ընդհանուր առմամբ վրաց հասարակության համար ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցությունը ոչ թե ինչ-որ էական բան է, այլ, ավելի շուտ, հաջողության, անվտանգության, իսկ առաջին հերթին տնտեսական օգնության խորհրդանիշ։ Ռուսաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը վրաց հասարակությունը երբեք չի ընկալել որպես իրական սպառնալիք, իսկ հակամարտությունների գոտիներում ռուս խաղաղարարների դերն ընկալվում է որպես այդ խնդիրների առնչությամբ Վրաստանի անգործության արդարացման կարևոր պայման։ Վրաստանը կարող է հակամարտությունների գոտում ռազմական գործողություններ իրականացնել միայն այն դեպքում, եթե այդտեղ տեղաբաշխված լինեն ռուս խաղաղարարներ։ Թերևս, ռուսական զորքերի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի գրավումից հետո անգամ վրաց ժողովրդի մեջ Ռուսաստանի նկատմամբ ատելություն չկա։ Հնարավոր է, որ դա բացատրվում է Ռուսաստանում հարյուր հազարավոր արտագնա տնտեսական վտարանդիների առկայությամբ, որոնք Վրաստանի շատ ընտանիքների գոյության միջոցներն են ապահովում։ Թերևս Ռուսաստանում տարբեր ավազակախմբերի ու ազգայնականների կողմից «կովկասյան ազգության» անձանց վրա կատարվող հարձակումներն ավելի բացասական դեր են խաղում ռուսների հանդեպ վրացիների վերաբերմունքի հարցում, քան Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված իրավիճակը։ Գուցե դա բնորոշ է Կովկասի ու Կենտրոնական (Միջին) Ասիայի շատ ժողովուրդների, սակայն, այնուամենայնիվ, վրաց-ռուսական հակասություններն ունեն ավելի խոր բնույթ, և կարելի էր սպասել շատ ավելի խոր ատելություն։ Հավանաբար, տեղի է ունենում վրացիների կողմից քաղաքական իրադարձությունների ընկալման անհատականացում, երբ մարդն ազգային անվտանգության և տնտեսական հաջողության խնդիրները գնահատում է` ելնելով զուտ անձնական շահերից։ Դա թույլ է տալիս արտաքին շահագրգիռ կողմերի, օտարերկրյա ԶԼՄ-ների միջոցով բավականին հեշտորեն ազդել հասարակական տրամադրությունների վրա։ Որքան էլ տարօրինակ լինի, վրաց հասարակությունը գտնվում է արտաքին քարոզչության ազդեցության ներքո և այն համարում է ավելի ճշմարիտ ու հավաստի։ Դրա համար էլ վրացական իշխանությունները փակել են ռուսական հեռուստաալիքները և պայքարում են հարևան երկրների բոլոր լրատվամիջոցների դեմ։ Այս հանգամանքը չի դարձել քննարկման առարկա, դրան ուշադրություն չի դարձվել, բայց Վրաստանի տեղեկատվական քաղաքականությանը կարող է ամբողջատիրության նշաններ վերագրել։
Կորսված տարածքների խնդիրները, անկասկած, լինելով վրացական հասարակական-քաղաքական կյանքի ամենացավոտ հանգամանքը, այնուամենայնիվ, հասարակական ձգտումների ամենաառաջնային հարցը չեն։ Այս հետևությանը կարելի է հանգել վրաց փորձագետների ու քաղաքական գործիչների հետ բավական մանրամասն քննարկումների հիման վրա։ Նշված խնդիրների առաջնային չլինելը նորություն չէ վրաց հանրության համար, այդ տրամադրությունները ձևավորվել են դեռևս 90-ականների վերջին, երբ պարզ դարձան որոշ միջազգային իրողություններ։ Սակայն վրաց-ռուսական առճակատման վերջին փուլի (2004-2008 թթ.) կապակցությամբ արմատական փոփոխություններ տեղի ունեցան հնարավոր հեռանկարների մասին վրացիների պատկերացումներում, ինչը հետևյալ բովանդակությունն ունի. Արևմուտքին ինտեգրվելը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել այդ խնդիրների լուծմանը, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը չի դառնա խնդիրները հօգուտ Վրաստանի լուծելու պայման, ՆԱՏՕ-ի, ինչպես և ԵՄ-ի համար միանգամայն ընդունելի է Վրաստանի անդամակցությունն իր չլուծված խնդիրներով հանդերձ, անհնար է լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելը (Աբխազիան և Հրվ. Օսիան հետ բերելու նպատակով) առանց արևմտյան գործընկերների թույլտվության, իսկ նման թույլտվություն երբեք չի լինի, ԱՄՆ-ը և եվրոպական պետություններն իրենց շահերի շրջանակներում տեսնում են միայն նավթի ու ռազմական տարանցման հետ կապված սահմանափակ խնդիրներ։ Այս հանգամանքները երկար ժամանակ անմատչելի են եղել անգամ մտավորականներին, բայց հիմա հասկանալի են դարձել հանրության լայն շերտերին։ Այդուամենայնիվ, արևմտյան վեկտորն ավելի է ուժեղացել, քանի որ Արևմուտքին ինտեգրվելը վրաց ժողովրդին ավելի կարևոր է թվում, քան կորսված տարածքների վերադարձը։ Ավելին, տվյալ ուղղություններում լարվածության պահպանման պայմաններում ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելը դառնում է անարժեք այդ խնդիրների համեմատ։ Պարզվում է, որ Վրաստանի պաշտպանական միջոցառումները նպատակ են ունեցել ցուցադրելու վրացական քաղաքականության հաջողվածությունը և աբխազական ու հարավօսական ուղղություններում ՆԱՏՕ-ի հետ գործողությունների հնարավոր լինելը։ Վրացական ղեկավարությունն ու վրաց հանրությունը երբեք չեն պատկերացրել, թե միայնակ են ուժային պայքար մղելու կորսված տարածքների վերադարձման համար։ Պատրանքները ցրվեցին, և Վրաստանը հասկացավ, որ ավելի լավ է ունենալ մի մասը, քան կորցնել ամեն ինչ։ Սկսեցին ջանքեր գործադրվել որոշ շրջանակներում` Օսիայի հարավարևելյան մասում և Կոդորի կիրճում վրաց բնակչության բնակեցման և վրացական վերահսկողության հաստատման համար։ Բայց 2008-ի ամառը դարձավ մի սահմանագիծ, որից այս կողմ այդ քաղաքականությունն արդեն անհնարին եղավ։
Հարցումները ցույց են տալիս, որ իշխանությունների գործունեությանը տրվող դրական գնահատականները 38-40 տոկոսից չեն անցնում, բայց և նրանք էլ, ովքեր վատ կարծիքի են քաղաքական ղեկավարության աշխատանքի մասին, համարում են, որ ներկա վարչախումբը պետք է հեռանա իշխանության ղեկից։ Հասարակությունը, նախ, այլընտրանք չի տեսնում և չի համարում, թե կառավարող թիմի շրջափոխությունը շոշափելի արդյունք կտա, և երկրորդ` դեռևս ակնկալում է, որ հնարավոր է իրավիճակի բարելավում տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում։ Դրա հետ մեկտեղ, սոցիալական իրավիճակը դեռևս մնում է ոչ միայն բարդ, այլև շարունակաբար վատանում է։ Միջին խավը բազմամարդ չէ, առավել խոշոր ձեռնարկատերերը ո՛չ իրենց կերպարով, ո՛չ նպատակներով ու շահերով պատրաստ չեն իրականացնելու արտադրական ոլորտի հետ կապված տնտեսական խոշոր նախագծեր։ Էներգետիկ ենթակառուցվածքի սահմաններից դուրս խոշոր ներդրումների տեղադրման ոլորտ չկա, անգամ համընդհանուր սեփականաշնորհումից հետո։ Սաակաշվիլին առաջվա նման վայելում է ԱՄՆ-ի ու եվրոպացիների աջակցությունը, նա ընդունակ է ճկուն վերաբերվելու Արևմուտքի պահանջներին, ներառյալ կադրային քաղաքականությունը։ Օրինակ, պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Օքրուաշվիլու հեռացումն ի հայտ բերեց Սաակաշվիլու ընդունակությունը վճռական քայլեր կատարելու արմատականորեն տրամադրված քաղաքական գործիչների ու վարչական պաշտոնատար անձանց նկատմամբ։ Դա մեծ տպավորություն գործեց հանրության վրա, որը նախագահի այդ քայլն ընդունեց խիստ դրական, քանի որ երկյուղում էր ռազմաշունչ նախարարի հնարավոր կտրուկ գործողություններից։ Չնայած էկոնոմիկայի նախարար Կախա Բենդուկիձեի հասցեին իշխանամետ և ընդդիմադիր խմբավորումների բազմաթիվ մեղադրանքներին, Սաակաշվիլին երկար ժամանակ միջոցներ չէր ձեռնարկում նրա գործողությունները սահմանափակելու ուղղությամբ։ Անվտանգության նախարար Վանո Մերաբիշվիլու աշխատանքից հասարակության դժգոհությունը ևս նրա պաշտոնանկությանը չհանգեցրեց (ի դեպ, բազմաթիվ մանր ու միջին ձեռնարկատերեր ավելի շատ ատում են կառավարող կուսակցության առաջնորդ Բոկերիային, քան տնտեսական կամ իրավապահ բլոկների չինովնիկներից որևէ մեկին)։ Դա վկայում է, որ Սաակաշվիլին ընդունակ է չենթարկվելու հանրության ազդեցություններին, բայց խստիվ պահպանում է ԱՄՆ-ի ու եվրոպացիների հետ առնչությունների կանոնները։ Սաակաշվիլին լավ է կառավարում տեղեկատվական քաղաքականությունը, ստեղծել է քարոզչության կանոններ, որոնք ընդունել են մի շարք ազդեցիկ լրատվամիջոցներ։ Բայց գլխավորը, որը ներկայիս նախագահը կարողացել է ներշնչել հասարակությանը, այն է, որ հրեշավոր սոցիալական շերտավորումը լիովին օրինական է և պետք է ընկալվի որպես պատմական զարգացման կարևոր փուլ։ Այս բոլոր գործոններն առայժմ աշխատում են, բայց ավելի ու ավելի են կորցնում իրենց նշանակությունը, քանի որ հասարակության զգալի մասի համար էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ահագնանում է դժգոհությունը, և բնակչության զանգվածները, որոնք համակված են բողոքի տրամադրությամբ, հետզհետե ավելի ստվարաթիվ են դառնում։ Հատկապես ակտիվ են գավառները, որտեղ մարդկանց սոցիալական վիճակն ավելի ծանր է։ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի հետագա ինտեգրումը, անկասկած, կհանգեցնի կառավարող վարչախմբի ու անձամբ Սաակաշվիլու դիրքերի ամրապնդմանը, որպես մի նախագահի, որը Վրաստանն առաջնորդել է դեպի այդ կառույցներ և կարողացել է հաղթահարել 90-ականների միտումները, որոնք կհանգեցնեին երկրի մասնատման և ինքնուրույնության կորստյան։ Ամենատարօրինակը, ռուսների ընկալմամբ, այն է, որ 2008 թ. օգոստոսի իրադարձություններից հետո Վրաստանի նախագահը հասարակության կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Դա անհասկանալի է, անհասկանալի է ոչվրացիների համար, բայց դա իրողություն է։
Վրացական հանրությունը այն հետևությանն է հանգել, որ չարժե կտրուկ թռիչքներ սպասել տնտեսական ու սոցիալական բարեկեցության ճանապարհին, ավելի իրատեսական է աստիճանական զարգացումը, ճիշտ է, ռազմավարական ներդրումների բացակայությամբ, սակայն բավականաչափ կայունության առկայությամբ։ Ընդհանուր առմամբ վրաց հանրությունը ձգտում է ոչ թե քաղաքական հավակնությունների բավարարմանը, այլ ներքին կայունության, արտաքին անվտանգության պահպանմանն ու սոցիալական զարգացմանը։ Վրաստանն ունի երկրի մասնատվածության հաղթահարման հազարամյա փորձ, ունի հսկայական սոցիալ-մշակութային հնարավորություններ, երկիրը հրապուրիչ է շատերի համար, այցելություններն ակտիվ են, արտաքին շփումները` հարուստ։ Այդ երկրի ապագան հասկանալու համար չի կարելի սահմանափակվել պաշտոնական վերլուծությամբ` բավարարվելով թվերով ու փաստերով, նրանում ամեն ինչ խիստ հարաբերական է։
Վրաստանի քաղաքական ղեկավարությունը բավականին ժամանակ է հատկացնում արտաքին քաղաքականության իրականացման տարբեր վարկածների և մոտեցումների մշակման համար` կուտակելով շատ արժեքավոր և փորձով հաստատված տեղեկություններ, որոնք այժմյան արտգործնախարարը ձգտում է համակարգել ու ընդհանրացնել։ Ժամանակին արտգործնախարար Բեժուաշվիլին, նախագահ Սաակաշվիլու հանձնարարությամբ, նախարարությանն առընթեր ստեղծեց տեղեկությունների բանկ, որը ներառում էր ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտի փաստաթղթեր ու պաշտոնական տեքստեր, այլև մտահղացումներ ու առաջարկություններ։ Վրաստանի ԱԳՆ-ում կանոնավորապես անցկացվում են «ուղեղային գրոհ» հիշեցնող միջոցառումներ, ԱԳՆ առանձին ստորաբաժանումներ խորհրդակցություններ են անցկացնում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի մասնագետների հետ, որոնց մասնակցում են տարբեր պետությունների ներկայացուցիչներ։ Այսինքն, կատարվում է համակարգված աշխատանք, որը պետք է հանգեցնի ոչ միայն ընթացիկ, այլև սկզբունքային բնույթի հանձնարարականների մշակմանը, որի նպատակն արտաքին քաղաքականության երկարամյա ռազմավարության ձևավորումն է։ Անկասկած, Բեժուաշվիլին արտգործնախարարության գործունեության մեջ ներդրեց միանգամայն նոր մոտեցումներ, ինչը երկրի նախագահի կողմից համարվում է տարբեր ուղղություններով և կարևորագույն խնդիրների առնչությամբ արտաքին քաղաքականության ծավալման գործում առաջնայնությունների մշակման հնարավորություն։
Այսպիսով, Վրաստանի քաղաքական ղեկավարությունը, ունենալով աննպաստ տեղեկություններ և սպասելիքներ, շփոթության մեջ է և ձգտում է նոր նախաձեռնություններ հանդես բերել արտաքին քաղաքականության մեջ, որոնք ամենևին չեն համապատասխանում Վրաստանի հնարավորություններին և քաղաքական ռեսուրսներին։ Այդ նախաձեռնությունները չեն կարող լիովին համաձայնեցվել Վրաստանի արևմտյան գործընկերների հետ և ձախողումների կհանգեցնեն նրա արտաքին քաղաքականության մեջ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ