Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ՊԱԿԱՍ ՈՒՏՈՊԻԱԿԱՆ ՉԷ, ՔԱՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՄՈՒՆԻԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԱՂԱՓԱՐԸ

«ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ՊԱԿԱՍ ՈՒՏՈՊԻԱԿԱՆ ՉԷ, ՔԱՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՄՈՒՆԻԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԱՂԱՓԱՐԸ
13.01.2012 | 00:00

2011-ի որևէ առավել նշանակալի իրադարձություն ընտրելը, անշուշտ, ոչ միայն բարդ, այլև անշնորհակալ գործ է։ Տնտեսական ճգնաժամի նոր ալիք, եվրոյի գոտիներ, Եվրոպայի թագավորական ընտանիքներում ճոխ հարսանիքների շարք, ռուսաստանյան խայտառակ ընտրություններ, Իրաքի պատերազմի ավարտ, երկրաշարժ Ճապոնիայում և հերթական վիճաբանություններն իրանական միջուկային ծրագրերի շուրջ... Բոլորը չես թվարկի։ Բայց, թերթելով արխիվս, նկատեցի մի ուշագրավ հանգամանք. անցած տարվա առաջին հոդվածներս Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների մասին են եղել։ Սակայն այժմ էլ` մեկ տարի անց, աշխարհի նորությունների առաջին տողերը պատմում են այդ տարածաշրջանում չդադարող արյունալի իրադարձությունների, դրանցից բխող սպառնալիքների, աշխարհի քարտեզի աշխարհաքաղաքական վերաձևման մասին։ Ամեն կարգի քաղգործիչներն ու փորձագետները չեն հոգնում վիճելուց, թե որքանով է այդ ամենը հրահրվել ինչ-որ «մութ ուժերի» կողմից, և, վերջին հաշվով, այդ փոփոխություններն ինչ ազդեցություն կգործեն ապագայի վրա։ Ընդ որում, շատերն այն կարծիքին են, որ ահավոր կլինի պատկերացնել, թե ինչ կլինի, եթե փխրուն հավասարակշռությունն Արևելքում վերջնականորեն փուլ գա, «մարդկության օրրան» գան նոր տիրակալներ ու նոր կարգեր հաստատեն։
Այն ժամանակ հունվարին գրել էի, որ Եգիպտոսից հեռարձակվող կադրերի վերաբերյալ իմ առաջին արձագանքը խիստ հեռու է քաղաքական վերլուծություն համարվելուց, և որ ինձ ամենից շատ սարսափեցրել են Ազգային թանգարանի մոտ մոլեգնած հրդեհի կադրերը, ուր պահպանվում են փարավոնների գանձերը, թանգարանի փշրված ցուցափեղկերի, ոչնչացված մումիաների թևաթափող տեսարանները։ Իսկ հիմա` մեկ տարի անց, ստիպված եմ վերհիշել այդ ամենը։ Դեռ այն ժամանակ էր հասկանալի դարձել, որ եգիպտոսյան հեղափոխությունից հետո մշակութային կորուստներն անչափելի են, շատ եգիպտագետներ դրանք անգամ աղետալի էին համարում։ Այն ժամանակ թալանչիների համար հեշտ ավար դարձան համաշխարհային մշակույթի անգին գանձերը, կողոպտվեցին ու ոչնչացվեցին հարյուրավոր թանգարաններ ու արժեքավոր դամբարանադաշտեր, ուր աշխատում էին մոտ 30 միջազգային հնագիտական պեղումնախմբեր, իսկ անհետացած հնածո իրերի քանակն ուղղակի անհաշվելի էր։ Այն ժամանակ արդեն պարզ էր, որ վանդալիզմը միանգամայն գիտակցաբար խրախուսվում է, որ մահմեդական բնակչության հսկայական մասի համար նախաիսլամական մասունքները ոչ կրոնական և մշակութային արժեք չեն, այլ սոսկ իրեր են, որոնք լավ գին ունեն Արևմուտքում։ ՈՒ թեև Եգիպտոսը համաշխարհային մշակույթի ոսկե ֆոնդ է, իսկ ամբողջ Մերձավոր Արևելքը` մարդկային քաղաքականության դասական օրրան, և պատմական արժեքների կորուստը, անկասկած, ողբերգություն է ամբողջ մարդկության համար, աշխարհում չգիտես ինչու նախընտրեցին խոսել միայն այդ երկրներում բռնատիրությունների ու բռնապետերի ոչնչացման մասին։
ՈՒ ահա հիմա` Նոր տարվա շեմին, մենք նորից կարդում ենք, որ Կահիրեի կենտրոնում կանոնավոր բանակի ու ապստամբների բախման հետևանքով հրկիզվել ու ոչնչացվել է Եգիպտոսի ինստիտուտի շենքը, որը եղել է կռիվների էպիկենտրոնում, և մոլեգնած ամբոխը «Մոլոտովի կոկտեյլներ» է նետել ներս, որից հետո հինավուրց շենքն արագորեն հրո ճարակ է դարձել, իսկ գրադարանը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Ինստիտուտի եզակի հավաքածուները, փաստորեն, մոխրացել են, այդ թվում` Եգիպտոսի հնամյա նկարագրության բնօրինակը, ինչպես նաև անգին քարտեզներ և պատմագրական ձեռագրեր։ Նաև հայտնի է դարձել, որ Աբու Սիրում բնակիչները հայտարարել են, թե մեռելներին թաղելու են Հին Եգիպտոսի հնադարյան դամբարանադաշտերից մեկում։ Նրանք նույնիսկ սկսել են շտապ մզկիթ կառուցել, կարծես թաղման համար այլ վայրեր չկան։
Մասնագետները նշում են, որ Մեծ Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանը` Լիբիայից մինչև Աֆղանստան, արդեն կարելի է համարել «կորուսյալ գոտի», որ մշակութային կորուստների ցուցակն առաջիկա տարիներին միայն կմեծանա, և միայն երկար տարիներ հետո կարելի կլինի գնահատել քաղաքակրթության այդ եզակի խաչմերուկի կրած աղետի իսկական չափերը։ Իհարկե, այդ երկրներում կան ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր կատարվածը համարում են ազգային աղետ և, որքան կարող են, աշխատում են փոխել իրավիճակը, բայց, ավաղ, նրանց շատ բան չի հաջողվում անել։ Արաբական հեղափոխությունների «շքերթն» ընդլայնվում է, տարածաշրջանում պատերազմը շարունակվում է, և այս իրավիճակում միջազգային կարծիքն այսօր ավելի շատ հարցեր է առաջադրում, քան պատասխաններ տալիս։
Սակայն հույզերից անցնենք քաղաքական իրողություններին և փորձենք պարզել, թե «արաբական գարունն» ինչ կբերի տարածաշրջանի ու աշխարհի գլխին։ Նշենք, որ, բացի տարբերություններից ու տեղի առանձնահատկություններից, կան որոշ հանգամանքներ, որոնք լիովին համապատասխանում են ընդհանուր կանոններին, ուստի փորձենք հասկանալ, թե ինչ են իրենց հետ բերում այդ «ժողովրդավարական գործընթացները»։ Ավելին, թեև մենք արդեն քանիցս անդրադարձել ենք դրանց, ու թեև, իհարկե, ոչ ոք չի շտապում արդյունքներն ամփոփել, բոլորի համար ընդհանուր որոշ օրինաչափություններ արդեն իսկ երևում են, և հետևաբար, որոշ դիտարկումներ, թվում է, չէր խանգարի կրկնել։
Այսօրվա դրությամբ ակնհայտ է այն փաստը, որ «համընդհանուր ժողովրդավարության» գաղափարը ողջ աշխարհում կոմունիզմի հաղթանակի գաղափարից պակաս ուտոպիական չէ։ Ճիշտ է, եթե վերջինը փորձում էին իրականացնել «կրեմլյան երազողները», իսկ անցած դարի սկզբին ֆինանսավորում էին գերմանական գլխավոր շտաբի ռազմավարները, ապա այսօր նոր պատրանքը գրգռում է «վաշինգտոնյան երազողների» միտքը։ Իսկ փողը համաշխարհային հեղափոխության համար, ասում են, գալիս է «ընդհանուր մեկենասի»` Ջորջ Սորոսի գրպանից։ Ընդ որում, այդ բոլոր վայ-ռազմավարներին, կարծես, բնավ չի հետաքրքրում, որ «ժողովրդավարությունը»` ժողովրդի իշխանությունը, տարբեր երկրներում, տարբեր մշակույթների պայմաններում միանգամայն տարբեր կերպ է ընկալվում։ «Բռնատիրությունից ազատագրված պետություններում» կայացող ընտրություններում հաղթում են իսլամիստական կուսակցությունները։ Մարոկկոյում իշխանության է եկել չափավոր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Թունիսում` «Վերածնություն» կուսակցությունը, որը խոստացել է կառուցել թրքական տիպի պետություն։ Առաջին հայացքից բացառություն չէ նաև Եգիպտոսը։ Նոյեմբերի վերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Մահմեդական եղբայրների» գլխավորած բլոկը, որը հանդես է գալիս «Ազատություն և արդարություն» անվամբ։ Այնպես որ, ընտրությունների արդյունքները երկիրը մոտեցրել են արդեն այն հեռանկարի իրականացմանը, որ դեռ մեկ տարի առաջ անհավանական էր թվում, այն է` Եգիպտոսում կլինի մի կառավարություն, որը կգլխավորի Հոսնի Մուբարաքի ժամանակ արգելված շարժումը։ Հիմա «Եղբայրների» կարգախոսն է` «Իսլամը լուծում է», սակայն նրանք խոստացել են պահպանել աշխարհիկ ավանդույթները։
Սակայն նկատենք, Եգիպտոսում իսլամական գաղափարախոսության կրողն աղքատ խավն է, որի բարձրացրած վայնասունը հեղափոխության հենց սկզբից խլացնում էր միջին խավի նոսր շերտի ձայները։ Իսկ նա պահանջում է ոչ այնքան զարգացում ու ժողովրդավարական ազատություններ, որքան արդարություն, ազգային հարստությունների հավասար բաշխում, ազգայնացում։ Երկրի բնակչության զգալի մասը հանդես է գալիս շարիաթի օրենքների ընդունման օգտին, ներառյալ քարկոծումն ու կռնատումը։ Հարցման ենթարկված բնակիչների կեսից ավելին հանդես է եկել անգամ ընդդեմ այն բանի, որ տղամարդիկ ու կանայք աշխատեն միասին։ Բացի այդ, տհաճ անակնկալ եղավ նաև այն, որ չափավոր իսլամականներին հետևում են արմատական իսլամականները` սալաֆական «Ան-Նուր» («Լույս») կուսակցությունը։ Այդ կուսակցության պարագլուխը` մահմեդական հայտնի քարոզիչ շեյխ Աբու-Իշակ ալ-Խուվայնիեն, վերջերս հայտնի դարձավ մի զավեշտալի պատմությամբ. հոտին համոզելով, որ անհրաժեշտ է կնոջ դեմքը լրիվ փակել փարաջայով, նա կնոջ դեմքը համեմատել էր սեռական օրգանի հետ (այդ մասին հոդված է զետեղվել եգիպտական «Էլաֆ» կայքում և տպագրվել աշխարհի շատ ԶԼՄ-ներում)։ Ալ-Իշակը «փառաբանվել» է նաև մի արտահայտությամբ, ուր արդարացվում են կողոպուտը, բռնաբարությունն ու «անհավատների» ստրկացումը։ Եվ այս ամենը, հնարավոր է, սոսկ առաջին ծիլերն են։
Փորձագետները կարծում են, որ ընտրությունների հետագա փուլերի ընթացքում իսլամականները կմեծացնեն իրենց ներկայությունն իշխանության մեջ։ Այնպես որ, տարեսկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հնչեցրած նախազգուշացումը, թե չի կարելի թույլ տալ, որ «Եղբայրությունը» դառնա «հզոր ուժ», երևի բարի ցանկությունից այն կողմ չի անցել, ինչպես և այն հույսերը, թե արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն իսլամական հեղափոխություն չեն։ Այստեղ հիշեցնենք` ժամանակին Ջիմի Քարտերը (ի դեպ, ամերիկացիների կարծիքով, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ նախագահը) խիստ ակտիվորեն պաշտպանում էր 1979 թ. իրանական հեղափոխությունը։ Ամերիկացիները չեն սիրում այս մասին հիշել, բայց, երևում է, նրանք նորից են ուզում նույն սխալը թույլ տալ։ Ամեն դեպքում, շատ փորձագետներ համակարծիք են, որ այսուհետ արդեն Ամերիկան չէ, որ իր կամքը տիրաբար թելադրելու է տարածաշրջանին։ Ընդհակառակը, այժմ ԱՄՆ-ը, ավելի շուտ, ստիպված կլինի ամեն կերպ քծնել ու սիրաշահել նոր վարչակազմերին։ Ավելին, թեև շատերն աշխարհում, մասնավորապես ռուսական քաղաքական վերնախավը և իրանական իշխանություններն ամեն ինչում «ամերիկյան որոգայթներ» են տեսնում, Մերձավոր Արևելքի իրադարձությունները ցույց տվեցին, որ այսօր Սպիտակ տանը ոչ միշտ է հաջողվում ժամանակին և համարժեք արձագանքել կատարվող իրադարձություններին։ Հենց այս հանգամանքն է հանգեցրել այն բանին, որ Օբամայի առանց այն էլ ոչ շատ ուժեղ դիրքերը է՛լ ավելի երերուն են դարձել։ Ինչպես ցույց է տվել ԱՄՆ-ում անցկացված հասարակական կարծիքի հարցումը, «յանկիների» 58 տոկոսը համարում է, որ Վաշինգտոնը պետք է մեծ զգուշություն դրսևորի մերձավորարևելյան երկրների քաղաքականությանը միջամտելիս։
Բացի այդ, արաբական փորձը (Լիբիայի, Սիրիայի իրադարձությունները, ցուցարարների և բանակի վերջին ընդհարումները Եգիպտոսում), ի վերջո, սկսել է խարխլել դեռ վերջերս անսասան թվացող այն կարծիքը, թե այդտեղ ամեն ինչ կանխորոշում է բանակը, որ Արևելքում «պետությունը զինվորականների համար է»։ Այնպես որ, ավելի շուտ, զինվորականներն էլ, որոնց երկար տարիներ սնուցել ու զինել է Արևմուտքը, շուտով հարկադրված են լինելու կա՛մ հանձնել իրենց դիրքերը, կա՛մ իսլամական մորուք պահել։ Իսկ արաբական հեղափոխություններին բանակի մասնակցության առնչությամբ կարելի է եզրահանգել, որ իրատեսությունն ամենևին էլ խորթ չէ նրանց։
Մեկ անգամ էլ ուշադրություն դարձնենք, թերևս, գլխավոր օրինաչափությանը։ Վերջին տարին վերստին հաստատեց, որ բոլոր հեղափոխությունները, անկախ գաղափարախոսությունից ու կրոնական երանգից, մեծ հաշվով, «ամբոխի տոն են»։ Ինչպես հեղափոխական Փարիզում էին ավերում ու թալանում պալատները, ինչպես Ձմեռայինում էին «կարմիր» նավաստիներն անգին սկահակներն օգտագործում որպես զուգարանակոնքեր, այնպես էլ բոլոր արաբական երկրներում չկարողացան խուսափել կորուստներից, ընդ որում, համաշխարհային մակարդակի։ Ամենայն հավանականությամբ, ժամանակն էլ, աշխարհագրությունն էլ շատ քիչ բան են փոխում ամբոխի դատողության մեջ ու գործողություններում։
Դե, իսկ վերջում կցանկանայի մեջբերել Վիկտոր Հյուգոյի խոսքերը. «Հեղափոխություններն արվում են աղքատությունից դրդված, բայց հասցնում են է՛լ ավելի մեծ աղքատության»։ Եվ թվում է, Մերձավոր Արևելքի հարյուրմիլիոնավոր բնակչությունը, ինչպես և ամեն տարի այստեղ ծնվող տասնյակ միլիոնավոր երեխաները, բացառություն չեն լինելու։ Իսկ առայժմ զբոսաշրջիկները խույս են տալիս բուրգերի երկրից, եգիպտացի «քաղգործիչները» խոսում են կին զբոսաշրջիկների հագուկապի, առանձնացված լողափերի մասին, իսկ Հուրգադում տեղի են ունենում խոշոր ցույցեր, որոնց մասնակիցներն իշխանություններից պահանջում են արգելել զբոսաշրջիկներին փողոցներում երևալ շորտերով ու կարճ «փեշերով»։ Եվ ակնհայտ է, որ «Մահմեդական եղբայրները» ոչ մի չափավոր իսլամական պետություն չեն կառուցելու, թեև խոստանում են։ Ոչ այն պատճառով, որ չեն ուզում, այլ պարզապես չեն կարող։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ