Հերթական մի բաժակ ջրի փոթորիկն է բարձրացվել Ազգային ժողովի աշխատակազմի վերաբերյալ, որ իրավական խնդիր լինելով` փորձ է արվում քաղաքական հարթություն տեղափոխել:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու հանգամանքներն ու իրավական հիմքերն անթաքույց ներկայացված են, և ԱԺ նախագահի ընդունած որոշումը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը: Այս կետից սկսվում են հարցերը, որոնք իրավիճակը տեղափոխում են տարբեր հարթություններ:
Երբ բողոքում է Գոհար Պողոսյանը, նրան պետք է հասկանալ, տասնամյակներով անբասիր աշխատանք և ահա 1-2 օրվա բացակայություն, որ պատժվում է, իր կարծիքով, անիրավաչափ: Բայց նախ, ինչպես ներկայացվում է թերթերում, Գոհար Պողոսյանը (և ընդհանրապես որևէ պետական ծառայող Հայաստանի Հանրապետությունում) չէր կարող քաղծառայողի 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալ այն պարզ պատճառով, որ քաղաքացիական ծառայության մասին օրենքն ընդունվել է 2001 թ., իսկ ԱԺ աշխատակազմում պետական ծառայողի մասին օրենքը` քաղաքացիական ծառայության մասին օրենքի ընդունումից հետո միայն: Ինչ վերաբերում է անբասիր աշխատանքին, ապա սա Գոհար Պողոսյանի երկրորդ նույնատիպ «հրաժեշտն» է խորհրդարանին. առաջինը եղել է Գերագույն խորհրդի օրոք` ոչ այնքան «անբասիր» աշխատանքի համար:
Երբ Գոհար Պողոսյանի իրավունքների պաշտպանության համար հանդես են գալիս լրագրողները, առաջին հայացքից ազնիվ ու արդարացի քայլ է: Ազնիվ ու արդարացի, որովհետև տարիներ շարունակ Գոհար Պողոսյանը նրանցից ոմանց փոխանցել է ոչ միայն պաշտոնական տեղեկություն, այլև ոչ պաշտոնական, ինչը որոշ շրջանակներում շատ ավելի բարձր է գնահատվում (ուղղակի ու փոխաբերական առումներով), քան օրենսդրական տաղտուկ առօրյան իր մանրամասներով: Բայց դա չէ գլխավորը: Այս պարագայում գլխավորն իրենք` լրագրողներն են, որ քաղաքական գործիչներին հաճախ են ներկայացնում բարոյական ու մարդկային, մասնագիտական ու քաղաքացիական նկարագրի համապատասխանության պահանջ, իսկ երբ հարցն իրենց է առնչվում, պարզվում է, որ այդ համապատասխանությունը չափանիշ չունեցող հասկացություն է, որովհետև այլ կերպ չես բացատրի նրանց կեցվածքը` մի ձեռքով ստորագրում են ու համարյա թե պատմական արդարության վերականգնում են պահանջում, մյուս ձեռքով հեռախոսահամար են հավաքում, որ հավաստիացնեն, ում պետք է, թե համաձայն են կայացված որոշմանն ու ամեն ինչ շատ էլ ճիշտ է, ուշացած էլ է: Որքան էլ հակաբարոյական, իրականության մեջ այս կեցվածքը շատ էլ լավ աշխատում է` երկու կողմի համար էլ յուրային ես դառնում, որովհետև կոնֆլիկտի մեջ իրենց ես պաշտպանում, մեծ աշխարհ է, պետք կգա: Այլ տարբերակ էլ կա` մեկից մյուսին տեղեկություն ես փոխանցում ու ավելի մեծ յուրային ես դառնում: Երրորդ տարբերակն էլ կա` ուրիշների հաշվին քեզ, քո անձը, քո սկզբունքայնությունը, քո բարոյական վեհ կերպարն ես հաստատում: Մեծ աշխարհ է, դա էլ պետք կգա:
Եվ իրադարձության զարգացման ինչ-որ փուլից մոռացվում է ամբողջ պատմությունը, գլխավորը դառնում է սեփական ինքնահաստատումն ու սեփական շահերի առաջմղումը, ուրիշի կարկանդակից մի կտոր սեփականելը:
Ինչ-ինչ, իր գիտակցական կյանքը, համենայն դեպս, այդ կյանքի 20 տարիները պետությանը ծառայելուն նվիրած ու իր երկիրը սիրող, թատերագետ Գոհար Պողոսյանը, որ հիանալի գիտի տեղեկատվական դաշտը, գիտի նաև, որ այդ դաշտում հերոսները մի քանի օրվա կյանք են ունենում. կյանքը շարունակվում է, ու նոր իրադարձություններն են դառնում օրվա գլխավոր թեման: Օրինաչափորեն: ՈՒստի օրվա հերոս դառնալը ոչ մի խելամիտ, փորձառու ու նույնիսկ հայրենասեր մարդու համար խնդիր չի կարող լինել:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը վարչության պետին աշխատանքից ազատելու հրաման ստորագրելով, փաստորեն, գնահատել է ոչ միայն նրա` աշխատանքից անհարգելի բացակայելու և այդ բացակայությունը հարգելի ներկայացնելու քայլը, այլև մասնագիտական ու մարդկային նկարագիրը: Այս դեպքում արդեն ոչ մի իրավաբան, ոչ մի դատարան չի կարող օգնել: Գոհար Պողոսյանին Հովիկ Աբրահամյանի զոհ ներկայացնելու փորձերն էլ, ի վերջո, դատապարտված են, որովհետև եթե նա զոհ է, զոհն է սեփական սխալի ու սեփական ամբիցիաների: Թեպետ երբեք ուշ չէ կյանքը նորից սկսելը` լրագրողական աշխատանքի այդքան փորձ, հմտություն ու կարողություն կուտակած, այդքան բազմաշնորհ ոչ մի մասնագետ չի կարող կյանքում իր տեղը չգտնել: Իսկ եթե Ազգային ժողովը օդ ու ջրի պես անհրաժեշտություն է, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, եթե ոչ համամասնական, ապա մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու և սեփական հավակնություններն ընտրվելու փաստով հաստատելու հիանալի հնարավորություն կա արդեն 2012-ի մայիսին:
Ի դեպ, անկողմնակալ, արդարամիտ ու ճշմարտության ջատագով լրագրողները ժամանակին կարող էին պարզել` ինչո՞ւ է ուռճացվում ԱԺ աշխատակազմը, ովքե՞ր, ի՞նչ իրավասություններով ու ի՞նչ լիազորություններով, ի՞նչ կրթությամբ ու աշխատանքային ի՞նչ կենսագրությամբ, ի՞նչ նպատակով ու ո՞ւմ հրամանով են հայտնվում Ազգային ժողովում: Եթե նրանց չէր հետաքրքրում, թե հարկատուների հարկերն ինչպես են ծախսվում Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի նախագահության ժամանակ, Սամվել Նիկոյանի նախագահության օրոք էլ չպիտի հետաքրքրի` ինչու են նրանք աշխատանքից ազատվում: Եվ դեռ քանիսն են ազատվելու: Այս պարագայում «խորհրդականներ» բոլորովին պետք չեն ու զոհեր էլ չկան, կան միանշանակ շահածներ, որ իրենց կենսագրության մեջ ԱԺ աշխատակազմում աշխատելու, առանց որոշակի զբաղմունքի աշխատավարձ ստանալու, որոշ դեպքերում էլ` զբոսաշրջության հարուստ փորձ են կուտակել:
Մի բաժակ ջրի այս պատմությունը նույնքան արագ մոռացվելու է, որքան սկսվել է ու, այդ պատճառով էլ, կրկնվելու է: Ցավոք:
«Իրատես de facto»